Mar 13 2009

Ցեղասպանության շուրջ մեկ միլիոն զոհ` քողարկված հիշողության կորստի մեջ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Նյու Յորք Թայմս», 8-ը մարտի, 2009թ.
Աղբյուրը` (The New York Times)
Սաբրինա Տավերնիս (Sabrina Tavernise)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Այս թիվը պետք է որ շշմեցուցիչ նորություն լիներ Թուրքիայի համար:

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությանը պատկանած և երկար ժամանակ թաքցված մի փաստաթղթի համաձայն` 1915-1916թթ. ընթացքում Օսմանյան կայսրության 972,000 հայեր անհետացել են մարդահամարի պաշտոնական տվյալներից:

Թուրքիայում հասարակական զայրույթի մեծ ալիք կարող է բարձրացնել որևէ քննարկում այն մասին, թե ինչ է պատահել Օսմանյան Թուրքիայի հայերին: Սակայն հունվարից ի վեր, երբ փաստաթուղթը հրապարակվեց մի գրքում, այս թիվը (ինչպես նաև դրա օսմանյան աղբյուրը) փաստորեն որևէ արձագանք չգտավ: Թերթերը գրեթե չգրեցին դրա մասին: Հեռուստատեսային շոուներն էլ չքննարկեցին այն:

«Ոչ մի բան»,- ասում է թուրք հեղինակ և սյունակագիր Մուրատ Բարդակչին, որը կազմել է գիրքը:

«Լռությունը կարող է միայն մի բան նշանակել,- ասում է նա: – Իմ թվերը չափազանց մեծ են շարքային քաղաքացիների համար: Հնարավոր է, որ մարդիկ դեռ պատրաստ չեն խոսել դրա մասին»:

Սերնդեսերունդ, թուրքերի մեծ մասը ոչինչ չի իմացել 1915-1918թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մանրամասների մասին. այդ ընթացքում, Օսմանյան Թուրքիայի կառավարության իրականացրած բնակչության զտման հետևանքով, ավելի քան մեկ միլիոն հայ սպանվեց: Թուրքիան տեսադաշտից հեռու կողպեց իր անցյալի ամենատգեղ էջերը` սովետական ոճով` մոռացության մատնելու իր ագրեսիվ քաղաքականության շրջանակներում դպրոցական դասագրքերից և պաշտոնական նյութերից բացառելով դեպքերի որևէ հիշատակում:

Սակայն վերջին տասը տարիներին, այստեղ քաղաքացիական հասարակության ծաղկմանը զուգընթաց` թուրք հասարակության որոշ հատվածներ բացեիբաց կասկածի տակ են առնում կատարվածի մասին պետական վարկածը: 2008թ. դեկտեմբերին մտավորականների մի խումբ շրջանառության մեջ դրեց խնդրագիր, որում ներողություն էին խնդրում կոտորածները հերքելու համար: Մոտ 29 հազար մարդ է ստորագրել խնդրագիրը:
Բարդակչուն, իր` «Թալեաթ փաշայի մնացած փաստաթղթերը» գրքով, ակամա այս խմորման մասն է դարձել: Գիրքը փաստաթղթերի և գրառումների հավաքածու է, որոնք ժամանակին պատկանել են հայերի տեղահանման գլխավոր ճարտարապետ Մեհմետ փաշային` հայտնի որպես Թալեաթ փաշա:

Այս փաստաթղթերը Բարդակչիին է հանձնել Թալեաթի այրին` Հայրիեն, 1983թ., իր մահից առաջ: Դրանք ընդգրկում են բնակչության թվաքանակի ցուցակներ: Փաստաթղթերի համաձայն` մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,256,000 հայ էր բնակվում: Բարդակչին ասում է, որ երկու տարի հետո այդ թիվը նվազել է` հասնելով 284,157-ի:

Չվարժված ականջի համար սա պարզապես տխուր վիճակագրություն է: Սակայն խնդրին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ այս թվերը թեժ վիճաբանության առարկա են: Տեղահանվածների կամ զոհերի կոնկրետ թիվ Թուրքիան երբեք չի ընդունել: Կիրակի օրը, Թուրքիայի արտգործնախարարն զգուշացրեց, որ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերի ջարդերը ճանաչի որպես «ցեղասպանություն», դա կարող է վատացնել հարաբերությունները` մինչ հաջորդ ամսիս Թուրքիա կատարելիք նրա այցը:

Թուրքական կողմը պատճառաբանում է, որ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքն արյունոտ էր, իսկ մահացածներն այդ քաոսի զոհերն էին:

Պրն Բարդակչին հարում է այդ տեսակետին: Նա ասում է, որ թվերը ցույց են տալիս ոչ թե մահացածների թիվը, այլ միայն` տեղահանումից հետո հայ բնակչության թվաքանակի անկման արդյունքը: Բարդակչին ամենևին համաձայն չէ, որ ջարդերը հավասարազոր էին ցեղասպանության, և նշում է, որ Թուրքիան ստիպված էր հայերի դեմ գործողություններ ձեռնարկել, քանի որ Ռուսաստանի` Օսմանյան կայսրության դեմ պատերազմում հայերը բացահայտորեն աջակցում էին ռուսներին:

«Դա նացիստական քաղաքականություն կամ Ողջակիզում չէր,- ասում է նա: -Շատ ծանր ժամանակներ էին: Դա շատ դժվար որոշում էր: Սակայն տեղահանումը շատ արյունոտ իրադարձությունների հետևանքն էր: Կառավարությանն անհրաժեշտ էր տեղահանել հայ բնակչությանը»:

Գիտնականների մեծ մասը մերժում է այս փաստարկը. նրանք վստահ են, որ փոքրաթիվ հայ ապստամբները լուրջ սպառնալիք չէին ներկայացնում Օսմանյան կայսրությանը, և որ այդ քաղաքականությունն ավելի արդյունք է այն ընկալման, թե հայերը, որոնք մահմեդական չէին և, հետևաբար, համարվում էին անվստահելի, խնդրահարույց բնակիչներ էին:

Հայոց Ցեղասպանության հարցերով փորձագետ, պատմաբան Հիլմար Քայզերն ասել է, որ գրքում տպագրված տվյալները հենց օսմանյան իշխանության հիմնավոր, եզրափակիչ վկայությունն են այն մասին, որ այն հայերին բնաջնջելու կանխամտածված քաղաքականություն է վարել: «Հանկարծ թվերը հաստատող մեկ էջանոց փաստաթուղթ ես գտնում,- ասել է նա: -Դա նույնն էր, ասես ինչ-որ մեկը մահակով հարվածեր գլխիդ»:

Պրն Քայզերի խոսքով` այդ իրադարձություններից առաջ և դրանցից հետո գրանցված թվերի միջև տարբերությունը կազմում է «զոհերի քանակը»:

«Այս փաստաթուղթն այլ կերպ դիտել հնարավոր չէ: Չես կարող մեկ միլիոն մարդու պարզապես թաքցնել»,- ասել է նա:

Այլ գիտնականների կարծիքով` այս թիվն օգտակար լրացում է պատմական տվյալներին, սակայն իրադարձությունների նոր վարկած այն չի ներկայացնում:

«Սա փաստերով հիմնավորում է այն, ինչը մենք արդեն գիտեինք»,- ասել է Դոնալդ Բլոքսհամը` «Ցեղասպանության մեծ խաղը. իմպերիալիզմը, ազգայնականությունը և հայերի բնաջնջումն Օսմանյան Թուրքիայում» գրքի հեղինակը:

Պրն Բարդակչին պատմության սիրահար է: Նա օսմաներեն գրել-կարդալ սովորել է իր տատիկից: Դա նրան հնարավորություն է տվել ուսումնասիրել Թուրքիայի գրավոր անցյալը` մի բան, որ թուրքերի մեծ մասն ի վիճակի չէ անել: Նա նվագում է տանբուր (ավանդական լարային գործիք): Նրա հայրը և պրն Թալեաթը նույն քաղաքական կուսակցության անդամ են եղել, և նրա ընտանիքը Թուրքիայի հիմնադիր քաղաքական կարևոր գործիչներից շատերին է ճանաչել:

«Տանը մենք հսկայական գրադարան ունեինք: Նրանք միշտ խոսում էին պատմության և անցյալի մասին»,- ասում է նա:

Թեև Բարդակչին միանշանակորեն ցանկանում էր, որ այդ թվերը հրապարակվեն, սակայն նա համառորեն հրաժարվում է դրանք մեկնաբանելուց: Գրքում Բարդակչին որևէ վերլուծություն չի անում. այնտեղ փաստորեն որևէ տեքստ չկա, բացի Թալեաթի այրու հետ հարցազրույցից և բնօրինակ փաստաթղթերից:

«Ես չէի ցանկանում մեկնաբանել: Ուզում եմ, որ ընթերցողն ինքը որոշի»,- ասում է նա:

Նրա կարծիքով` դա լավագույնս կարելի է անել կոնկրետ, հիմնավոր փաստեր օգտագործելով, որոնք կարող են պատռել տարիներ շարունակ խնդիրը շղարշած զգայական հայտարարությունների շերտերը:

«Կարծում եմ` Թուրքիայում մենք փաստաթղթերի կարիք ունենք: Սա է ամենակարևորը»,- ասել է նա:

Սակայն թուրք հասարակությունն ուսումնասիրողներից ոմանք ասում են, որ լռությունը խոսում է այն մասին, թե դեռևս որքան արգելված է այդ թեման Թուրքիայում: «Գրքի կարևորությունը փաստվում է նրանով, որ բացի «Միլլիյեթից», որևէ այլ թերթ ոչ մի տող չի գրել այդ մասին,- հունվարին ազատական «Թարաֆ» թերթում նշել է թուրք գիտնական Մուրատ Բելգեն:

Այդուամենայնիվ, փաստը, որ գիրքն ընդհանրապես տպագրվել է Թուրքիայում, երկրի ժողովրդավարական հասունության չափանիշ է: Բարդակչին ասել է, որ ինքը փաստաթղթերն այդքան երկար է պահել (27 տարի), քանի որ սպասում էր, մինչև Թուրքիան կհասնի այն կետին, երբ դրանց հրապարակումը կատաղություն չէր առաջացնի:

Պետությունը հիմա նույնիսկ ինքնապաշտպանվելու կարիք է զգում: Անցած ամառ, թուրք զինվորականության պատրաստած` հայերի մասին քարոզչական մի ֆիլմ ուղարկվեց տարրական դպրոցներ: Սակայն դադարեցվեց հասարակության բողոքից հետո:

«Տասը տարի առաջ ես ոչ մի դեպքում չէի կարող տպագրել այդ գիրքը: Ինձ դավաճան կանվանեին»,- ասում է Բարդակչին:

«Հոգեկերտվածքը փոխվել է»,- ավելացնում է նա:

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 13 Մարտ 2009թ.-ին, ժամը 04:48

    Առաջին հայացքից «Նյու-Յորք Թայմս»-ի այս հոդվածում բերված նոր տվյալները գալիս են հաստատելու Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն խնդիրը ներկայացված է այնչափ լղոզված ու անհստակ, կարծես հենց այսպիսի նորահայտ տվյալների միջոցով է հնարավոր լինելու մի ինչ-որ վերջնական եզրահանգման գալ։ Այնինչ, Հայոց ցեղասպանությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի. ամեն ինչ հաստատված է ինչպես հազարավոր բազմալեզու փաստաթղթերով ու կոթողային աշխատություններով, այնպես էլ միայն այն փաստով, որ 1915-1922 թթ. հետո Հայաստանի արևմտյան մասում հայություն այլևս չի մնացել։
    Չի կարելի համաձայնվել նաև այն տեղեկության հետ, թե իբր այդ նորահայտ փաստաթղթերի համաձայն` «մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,256,000 հայ էր բնակվում»։ Սա առնվազն երկու անգամ նվազեցնում է այդ պահին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի թիվը [1]։ Մյուս կողմից, 1915 թվականի տվյալները որպես Արևմտյան Հայաստանի նախացեղասպանական շրջանի ժողովրդագրական հաշվարկ ընդունել չի կարելի, քանի որ Հայոց ցեղասպանության առաջին խոշոր փուլի ընթացքում՝ 1890-ական թթ., ոչնչացվել, բռնի մահմեդականացվել և երկրից դուրս էին մղվել հարյուր հազարավոր հայեր: Այդպիսով՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը նրանց թիվն արդեն իսկ մեծապես նվազեցվել էր։ Ավելին՝ թուրքական պաշտոնական մարդահամարների տվյալները ևս չի կարելի ընդունել իբրև Արևմտյան Հայաստանի պատմական ժողովրդագրությունը բացահայտող արժանահավատ աղբյուր, ինչպես անում են արևմտյան թուրքամետ հեղինակները: Ինչպես ժամանակին խոստովանել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, դեռևս Սուլթան Աբդուլ-Համիդն էր հատուկ հրահանգ իջեցրել մարդահամար անցկացնողներին՝ «դիտավորյալ (kasden) պակաս ցույց տալ հայերի թվաքանակը» և «մենք պակասեցրեցինք հայկական բնակչության թվերը, որպեսզի ձևացնենք, թե հայերը գոյություն չունեն»: Մեկ այլ էջում էլ նույն հեղինակը ընդունում է, որ «թուրքական տարրը քանակային փոքրամասնություն էր այն նահանգներում, որոնք բնակեցված էին հայերով և քրդերով»[2] :
    Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե թարգմանաբար հրապարակվող այս հոդվածում թուրքական այս նորահայտ աղբյուրի տվյլաները համեմատվեին հայկական և ոչ-թուրքական այլ սկզբնաղբյուրների հետ ու նաև մեկնաբանվեին Հայոց ցեղասպանության խոշոր մասնագետների, հենց թեկուզ նույն Նյու-Յորքի նահանգում ապրող պրոֆեսոր Վահագն Դադրյանի կողմից։ Սակայն, ցավոք, այդպիսի անաչառությունը չի մտնում «Նյու-Յորք Թայմս»-ի խմբագրության ծրագրերի մեջ…

    ——–
    [1] Հայերի իրական կորուստների մասին տե՜ս վերջերս հրապարակված մի ուշագրավ հոդված՝ Արդյոք ցեղասպանության ենթարկված հայերը մեկ և կես միլիո՞ն էին, «Ազգ», 13.12.2008
    [2] Seyh Muhsin Sani [Huseyin Kazim Kadri], 10 Temmuz Inkilabi ve Netayici [Հուլիսի 10-ի հեղափոխությունը և նրա հետևանքները], Ստամբուլ, «Օրհանիյե», 1336 [1920], էջ 116, 121, 123. բնագիրն օսմաներեն է. – Հղումը տե՛ս Vahakn N. Dadrian, “Ottoman Archives and Denial of the Armenian Genocide,” in The Armenian Genocide: History, Politics, Ethics, ed. by Richard G. Hovannisian (New York: St. Martins Press, 1992), pp. 294, 308 (notes 45, 46).