Հուլ 15 2009

Ադրբեջանի նախագահը դեմ է Ղարաբաղի անկախությանը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռոյթերզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Քեյթ Վեյր (Keith Weir)

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրն ասել է, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու հեռանկարներ չկան:

Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցելու նպատակով հանդիպելու են Ռուսաստանում. դիվանագետները հույս ունեն, որ հանդիպումը նոր էջ կբացի այս սառեցված հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում:

Ալիևն ասել է, թե բանակցությունների ընթացքն «ավելի խոստումնալից է», սակայն կոչ է արել դուրս բերել հայկական զինված ուժերն այդ տարածքից, որտեղ շփման գծում տեղակայված երկու կողմերի զորքերն էլ 1990-ական թթ. տեղի ունեցած պատերազմից ի վեր փոխհրաձգության պատճառով կորուստներ են կրում: Այդ պատերազմը խլել է 35,000 մարդու կյանք։

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչվի որպես անկախ երկիր: Դա ակնկալելը պարզապես անհեթեթություն է»,- ասել է Ալիևը Լոնդոնում, «Չաթմ Հաուս» (Chatham House) կազմակերպության արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետներին:

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղում բնակվողներին շնորհել ամենաբարձր մակարդակի ինքնավարություն` ինքնիշխան Ադրբեջան պետության սահմաններում»,- ասել է նա:

Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, 1990-ականների սկզբին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, պատերազմ մղեցին` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը տապալելու նպատակով:

Շլացուցիչ գեղեցկությամբ այս տարածքը` Լեռնային Ղարաբաղը, չափազանց կարևոր է և՛ քրիստոնիա հայերի, և՛ մահմեդական ադրբեջանցիների համար: Այն նաև ընկած է Արևելք-Արևմուտք խաչմերուկներում, որտեղ մեծ տերությունները մրցակցության մեջ են եղել դարեր շարունակ, և որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են Կենտրոնական Ասիայից եկող նավթի ու գազի ուղիների վրա վերահսկողություն հաստատելու համար` դժվարացնելով խաղաղության հաստատման ջանքերը:

«Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքները` տարածքի 20%-ը, պետք է ազատվեն հայկական կողմի բռնազավթումից»,- ասել է Ալիևը: «Հայաստանի իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,- ավելացրել է նա:

Խաղաղության պայմանագիր երբեք չի կնքվել, իսկ նավթարդյունահանող Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն, պատերազմից ի վեր, ուռճացել է Արևմուտքին վաճառվող նավթի ու գազի շնորհիվ, հրաժարվում է բացառել այդ տարածքն ուժով ետ վերցնելու տարբերակը:

«Մենք վաղուց արդեն բանակցությունների գործընթացի մեջ ենք, և դա լավագույնս է արտացոլում մեր քաղաքականությունը»,- ասել է Ալիևը: «Սակայն ես չեմ կարող բացառել ռազմական տարբերակը, քանի որ Ադրբեջանն իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու և վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»:

«Հենց որ բանակցություններում շրջադարձ գրանցվի, ուժի կիրառումը կբացառվի, բայց եթե դա հիմա արվի (իմա՝ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի – ԱՌԿ-ի խմբ.), Հայաստանն ի՞նչ խթան կունենա այլևս»:

6 responses so far

6 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 15 Հուլիս 2009թ.-ին, ժամը 10:16

    «Ռոյթերզ» հեղինակավոր լրատվական ծառայության` Արցախյան հակամարտությանն առնչվող այս հրապարակումը խիստ կողմնակալ է: Կրկին շրջանառվում են Արցախյան հակամարտության վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ներում ավանդույթ դարձած կեղծ թեզերն ու հակամարտության պատճառների և պատմության մասին ապատեղեկատվությունը։ Արցախի բնակչությանը «անջատողական» պիտակն է փակցվում։ Ասվում է, թե իբր պատերազմն սկսել է հայկական կողմը: «Մեկ միլիոն» ադրբեջանցի փախստականների և Ադրբեջանի տարածքի «20%-ի բռնազավթման» մասին Ալիևի ոչ ստույգ, ուռճացված գնահատականները մեջբերվում են առանց վերստուգման։ Իհարկե, չեն հիշատակվում հարյուր հազարավոր հայ փախստականները, Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման փաստը, Արցախի բռնազավթված տարածքները (Շահումյան, Գետաշեն, Մարտակերտի և Մարտունու շրջանների հատվածներ և այլն):

    Ալիևի անզիջում, քամահրական ու սպառնալից հայտարարությունները հոդվածագիրը թողնում է առանց մեկնաբանությունների: Այսպես` Արցախի ազատ ինքնորոշման հարցում Ալիևի միանշանակ մերժողական դիրքորոշումը որևէ գնահատականի չի արժանանում` անտեսելով այն փաստը, որ առնվազն բանավոր ելույթներում հակամարտության միջնորդ կողմերն, Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ, առաջ են քաշում նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն աղճատելով ի նպաստ Ադրբեջանի և չդատապարտելով Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության` ռազմական ուժի դիմելու հավանականության մասին պաշտոնական հայտարարություններն ու սպառնալիքները` արևմտյան լրատվամիջոցներում հաճախացած այսպիսի հրապարակումները, փաստորեն, արդարացնում են արցախահայությանը բնաջնջելու և Արցախը բռնազավթելու նպատակով Ադրբեջանի` 1990-ականներին սանձազերծած պատերազմը, ինչպես նաև` արդարացնում և խրախուսում են ապագայում նույն նպատակներով սանձազերծելիք հնարավոր պատերազմները: (Տե՛ս նաև «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները հետևյալ հրապարակումներին՝ «Ագրեսիվ Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի», «Բանակցություններ սև անցքի շուրջ», «Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ», «Մռնչում է հյուսիսային հարևանը, և Ադրբեջանը վերագնահատում է իր հնարավորությունները», «Պատերազմի սպասումո՞վ», «Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.»

    Ադրբեջանի նախագահ Ալիևը նման անընդունելի հայտարարություններ է անում փաստորեն հուլիսի 17-ին Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստանում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին: Նա կրկին պաշտոնապես հաստատում է, որ երբեք չի ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե Ալիևն հերթական անգամ այսպիսի անզիջում դիրքերից է գնում հանդիպման, ապա ինչի՞ շուրջ պետք է նախագահ Սարգսյանը բանակցի նրա հետ, եթե հայկական կողմն, իհարկե, անընդունելի է համարում Արցախի վերադարձն Ադրբեջանին: Եվ իրոք, հանդիպումից հաշված օրեր առաջ պաշտոնական Բաքվի անզիջում հրապարակային դիրքորոշումը ևս կասկած չի թողնում, որ վերջերս բացահայտված «մադրիդյան սկզբունքներն» խիստ պարտվողական «լուծումներ» են պարտադրում հայկական կողմին:

    Պաշտոնական Երևանը մինչ օրս չի դատապարտել Ալիևի` հուլիսի 13-ի այս հայտարարությունը: Փոխարենը, հուլիսի 14-ին իշխանական կոալիցիայի իշխող գործընկեր` Հայաստանի Հանրապետական Կուսակցության մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովը չհիմնավորված լավատեսությամբ հայտարարել է, թե «բացահայտելով Մադրիդյան սկզբունքները՝ համանախագահներն ապացուցեցին, որ այդ հայտարարությունը բխում է հայկական կողմի շահերից»:

  2. Arevikգրել է 22 Հուլիս 2009թ.-ին, ժամը 11:24

    Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի», «Բանակցություններ սև անցքի շուրջ», «Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ», «Մռնչում է հյուսիսային հարևանը, և Ադրբեջանը վերագնահատում է իր հնարավորությունները», «Պատերազմի սպասումո՞վ», «Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.»)։

  3. Աննագրել է 24 Հուլիս 2009թ.-ին, ժամը 06:07

    Ինչպես ցույց է տվել դառը փորձը, հայերը, ամեն անգամ վստահելով թուրքերի և ադրբեջանցիների խոստումներին, կանգնել են փաստի առաջ: Լեռնային Ղարաբաղը մեծ կարևորություն ունի և’ մեր, և’ ադրբեջանցիների համար: Սակայն Արցախը պաշտպանելու համար պետք է միահամուռ և միասնական ուժ: Իսկ այսօր մի ստվար զանգվածի մոտ նկատվում է <> և<> տարբերակումը, որը միանշանակ բացասական է ազդում արտաքին հարաբերությունների վրա: Մեր ղեկավարությունը ևս իրազեկ չի պահում ժողովրդին և համակերպվում է Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների գնալու փաստի հետ: Կարծես անլրջություն են ցուցաբերում այս հարցի շուրջ:
    Մենք պետք է միասին պայքարենք մեր տարածքի համար: Եթե այդ տարածքը հանձնվի թշնամուն, ապա հաջորդ օրը ամբողջ Հայաստանը կլինի օտարի տիրապետության տակ` ի կատար ածելով թշնամու երազանքը` ետևում թողնելով հայերին` իրենց երազանքների և նպատակների հետ միասին:

  4. Աննագրել է 24 Հուլիս 2009թ.-ին, ժամը 06:10

    Ինչպես ցույց է տվել դառը փորձը, հայերը, ամեն անգամ վստահելով թուրքերի և ադրբեջանցիների խոստումներին, կանգնել են փաստի առաջ: Լեռնային Ղարաբաղը մեծ կարևորություն ունի և’ մեր, և’ ադրբեջանցիների համար: Սակայն Արցախը պաշտպանելու համար պետք է միահամուռ և միասնական ուժ: Իսկ այսօր մի ստվար զանգվածի մոտ նկատվում է ” հայաստանցի” և ”ղարաբաղցի” տարբերակումը, որը միանշանակ բացասական է ազդում արտաքին հարաբերությունների վրա: Մեր ղեկավարությունը ևս իրազեկ չի պահում ժողովրդին և համակերպվում է Թուրքիայի հետ հարաբերություններում փոխզիջումների գնալու փաստի հետ: Կարծես անլրջություն են ցուցաբերում այս հարցի շուրջ:
    Մենք պետք է միասին պայքարենք մեր տարածքի համար: Եթե այդ տարածքը հանձնվի թշնամուն, ապա հաջորդ օրը ամբողջ Հայաստանը կլինի օտարի տիրապետության տակ` ի կատար ածելով թշնամու երազանքը` ետևում թողնելով հայերին` իրենց երազանքների և նպատակների հետ միասին:

  5. online pharmacyգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:17

    Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, 1990-ականների սկզբին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, պատերազմ մղեցին` Լեռնային

  6. kdl46ex500գրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:51

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=289 […]…