- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայաստանի վիշտը

«Ֆայնենշլ Թայմզ», 26 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` Financial Times

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի միջև «ճանապարհային քարտեզի» շուրջ ձեռք բերված համաձայնությունը շատ լավ նորություն է: Նրանց պատմական թշնամանքը` սկսած փլուզվող Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի սպանդից և զանգվածային տեղահանումից, ապակայունացրել է տարածաշրջանը, թունավորել ներքին քաղաքականությունը, մեկուսացրել և աղքատության մատնել Հայաստանը և ստվերել Եվրոպայի ու Ամերիկայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այսօր վերքերն ապաքինել սկսելու հնարավորություն կա:

Բայց նախ` մի նախազգուշացում: Անցած շաբաթ արված հայտարարությունում ոչինչ չի ասվում համաձայնագրի կոնկրետ պայմանների կամ դրանց ժամանակացույցի վերաբերյալ: Թվում է, թե հայտարարությունն արվել է հապճեպ, որպեսզի այն հնարավորություն տա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 1915թ. կոտորածները հիշատակող հայտարարություն անել` չօգտագործելով «ցեղասպանություն» բառը: Սա խելամիտ նահանջ էր նախընտրական արշավում նրա բռնած դիրքորոշումից, որ արվեց Թուրքիային չօտարելու նպատակով:

Թուրք-հայկական հաշտության պարգևն արժե դրան, սակայն գործընթացը շարունակում է մնալ փխրուն և չարչրկված` անվստահության պատճառով: Երկու կողմերն էլ դեռ շատ փոքր քայլերով են առաջ շարժվում և երկուսն էլ ընդհանրապես որևէ զիջում անելու հարցում ուժեղ դիմակայության են հանդիպում իրենց երկրներում:

Համաձայնագիրը ենթադրում է դիվանագիտական ճանաչում և սահմանի վերաբացում, որը Թուրքիան փակեց 1993թ., երբ էթնիկ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին հարևան Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Երկու քայլերն էլ պետք է իրականացվեն աստիճանաբար` վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դա խելամիտ է:

Այդուհանդերձ, երկու կարևոր հարցի շուրջ դեռևս անորոշություն կա: Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` հետաքննելու 1915թ. իրադարձությունները: Ինչպե՞ս պետք է ձևավորվի և ինչպե՞ս պետք է գործի այն: Եթե այն որոշի, որ կոտորածներն իսկապես ցեղասպանություն են եղել, կամ` չեն եղել, որոշումն ամեն դեպքում քաղաքականապես պայթունավտանգ կլինի, մինչև կողմերը համաձայնության չգան արդյունքներն ընդունելու վերաբերյալ: Երկրորդ, ի՞նչ առաջընթաց պետք է գրանցվի Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որպեսզի Թուրքիան ամբողջությամբ վերաբացի սահմանը:

Թվում է` և՛ Անկարան, և՛ Երևանը լրջորեն մտադրված են առաջընթաց գրանցել` չնայած գոյություն ունեցող ընդդիմությանը, այդ թվում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցիկ հայկական Սփյուռքի կողմից: Սակայն նրանց վրա Վաշինգտոնի, Բրյուսելի և, ամենակարևորը, Մոսկվայի գործադրած ճնշումը` ավելի մեծ առաջընթացի հասնելու և հստակ ժամանակացույց սահմանելու պահանջով, շարունակում է մնալ շատ կարևոր:

Միակ երկիրը, որը կարող է փորձել տապալել առաջընթացը, Ադբեջանն է, որը մտավախություն ունի, որ սահմանի վերաբացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի հարցով համաձայնագիր կնքելու կամ գոնե բուֆերային գոտուց (որտեղ 500,000 ադրբեջանցի փախստական էր ապրում) դուրս գալու պարտադրանքից: Սակայն 19 տարվա փակ սահմանը ոչ մի կերպ չի արագացրել այդ հարցի շուրջ համաձայնագրի կնքումը: Հակամարտության բոլոր կողմերին էլ ձեռնտու է ոչ թե առճակատումը, այլ` հաշտությունը: