May 06 2009

Հայաստանի վիշտը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ֆայնենշլ Թայմզ», 26 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` Financial Times

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի միջև «ճանապարհային քարտեզի» շուրջ ձեռք բերված համաձայնությունը շատ լավ նորություն է: Նրանց պատմական թշնամանքը` սկսած փլուզվող Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի սպանդից և զանգվածային տեղահանումից, ապակայունացրել է տարածաշրջանը, թունավորել ներքին քաղաքականությունը, մեկուսացրել և աղքատության մատնել Հայաստանը և ստվերել Եվրոպայի ու Ամերիկայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այսօր վերքերն ապաքինել սկսելու հնարավորություն կա:

Բայց նախ` մի նախազգուշացում: Անցած շաբաթ արված հայտարարությունում ոչինչ չի ասվում համաձայնագրի կոնկրետ պայմանների կամ դրանց ժամանակացույցի վերաբերյալ: Թվում է, թե հայտարարությունն արվել է հապճեպ, որպեսզի այն հնարավորություն տա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 1915թ. կոտորածները հիշատակող հայտարարություն անել` չօգտագործելով «ցեղասպանություն» բառը: Սա խելամիտ նահանջ էր նախընտրական արշավում նրա բռնած դիրքորոշումից, որ արվեց Թուրքիային չօտարելու նպատակով:

Թուրք-հայկական հաշտության պարգևն արժե դրան, սակայն գործընթացը շարունակում է մնալ փխրուն և չարչրկված` անվստահության պատճառով: Երկու կողմերն էլ դեռ շատ փոքր քայլերով են առաջ շարժվում և երկուսն էլ ընդհանրապես որևէ զիջում անելու հարցում ուժեղ դիմակայության են հանդիպում իրենց երկրներում:

Համաձայնագիրը ենթադրում է դիվանագիտական ճանաչում և սահմանի վերաբացում, որը Թուրքիան փակեց 1993թ., երբ էթնիկ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին հարևան Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Երկու քայլերն էլ պետք է իրականացվեն աստիճանաբար` վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դա խելամիտ է:

Այդուհանդերձ, երկու կարևոր հարցի շուրջ դեռևս անորոշություն կա: Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` հետաքննելու 1915թ. իրադարձությունները: Ինչպե՞ս պետք է ձևավորվի և ինչպե՞ս պետք է գործի այն: Եթե այն որոշի, որ կոտորածներն իսկապես ցեղասպանություն են եղել, կամ` չեն եղել, որոշումն ամեն դեպքում քաղաքականապես պայթունավտանգ կլինի, մինչև կողմերը համաձայնության չգան արդյունքներն ընդունելու վերաբերյալ: Երկրորդ, ի՞նչ առաջընթաց պետք է գրանցվի Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որպեսզի Թուրքիան ամբողջությամբ վերաբացի սահմանը:

Թվում է` և՛ Անկարան, և՛ Երևանը լրջորեն մտադրված են առաջընթաց գրանցել` չնայած գոյություն ունեցող ընդդիմությանը, այդ թվում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցիկ հայկական Սփյուռքի կողմից: Սակայն նրանց վրա Վաշինգտոնի, Բրյուսելի և, ամենակարևորը, Մոսկվայի գործադրած ճնշումը` ավելի մեծ առաջընթացի հասնելու և հստակ ժամանակացույց սահմանելու պահանջով, շարունակում է մնալ շատ կարևոր:

Միակ երկիրը, որը կարող է փորձել տապալել առաջընթացը, Ադբեջանն է, որը մտավախություն ունի, որ սահմանի վերաբացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի հարցով համաձայնագիր կնքելու կամ գոնե բուֆերային գոտուց (որտեղ 500,000 ադրբեջանցի փախստական էր ապրում) դուրս գալու պարտադրանքից: Սակայն 19 տարվա փակ սահմանը ոչ մի կերպ չի արագացրել այդ հարցի շուրջ համաձայնագրի կնքումը: Հակամարտության բոլոր կողմերին էլ ձեռնտու է ոչ թե առճակատումը, այլ` հաշտությունը:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 06 Մայիս 2009թ.-ին, ժամը 13:59

    Հեղինակավոր «Ֆայնենշլ Թայմզ»-ում հրապարակված այս հոդվածի ոգին խիստ թուրքամետ է. այն ծառայեցված է որպես հարթակ` թուրք-ադրբեջանական թեզերը երկրորդելու և ՀՀ-ին ներկայացվող նրանց աննահանջ ու ագրեսիվ նախապայմաններն իբրև կնճռոտ հարցերի լուծման միակ և «փոխզիջումային տարբերակներ» քարոզելու նպատակով: Ցեղասպանության և Արցախյան հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ զիջումներ կատարելու մասին «Ֆայնենշլ Թայմզ»-ի հորդորները և գրեթե բացահայտ պահանջներն ու նույնիսկ` սադրանքներն ուղղված են միմիայն հայկական կողմին։ Ոչինչ չի ասվում այն մասին, թե Թուրքիան ու Ադրբեջանն ի՞նչ իրական զիջումների են պատրաստ գնալու, և թե անվտանգության ի՞նչ իրական, առարկայական երաշխիքներ են առաջարկվում հայկական կողմին` վերջինիս անհիմն, պարտվողական զիջումների գնալու պատրաստակամության, հիմա արդեն նույնիսկ` համաձայնության դիմաց: Սա վկայում է այն մասին, որ այդպիսի պատրաստակամություն ու երաշխիքներ, ինչպես նաև` երրորդ կողմից Թուրքիային ու Ադրբեջանին ներկայացվող այդպիսի պահանջներ գոյություն չունեն:
    Հոդվածում դարձյալ խիստ կողմնակալ ու թռուցիկ անդրադարձ է արվում Արցախյան հիմնահարցի էությանը, պատճառներին ու պատմությանը` անուղղակի արդարացնելով Հայաստանի` ներառյալ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմատնտեսական համակարգված ագրեսիան: Նշվում է միայն պատերազմական գործողությունների ընթացքում տեղահանված ադրբեջանցիների և Ադրբեջանի իբր կորցրած տարածքների մասին` առանց վկայակոչելու Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու, Ադրբեջանում և Արցախում հայերի կազմակերպված ջարդերի, Արցախից բռնագաղթված բազմահազար հայ փախստականների և հայկական հողերի` Ադրբեջանի կողմից բռնազավթման փաստերը:
    Խոսելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին` «Ֆայնենշլ Թայմզ»-ը գրում է. «Եթե այն [հանձնաժողովը] որոշի, որ կոտորածներն իսկապես ցեղասպանություն են եղել, կամ` չեն եղել, որոշումն ամեն դեպքում քաղաքականապես պայթունավտանգ կլինի, մինչև կողմերը համաձայնության չգան արդյունքներն ընդունելու վերաբերյալ»:

    Փաստորեն, Հայկական հարցում վաղուց արդեն Թուրքիայի խոսափող դարձաձ հերթական արևմտյան լրատվամիջոցը հայկական կողմին ակնարկում է այն մասին, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի նախապայմանն ընդունելը դեռ բավարար չէ, Հայաստանը պետք է նաև նախապես համաձայնություն տա, որ կընդունի այդ հանձնաժովի վերջնական եզրակացություններն ու որոշումները, նույնիսկ եթե դրանք հերքեն Ցեղասպանության իրողությունը։ Սա էլ հե՛նց այդ հանձնաժողովը ստեղծելու գլխավոր նպատակն է: Այս հորդորը կարելի է թերևս որակել Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող լրացուցիչ նախապայման` որպես պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախապայմանի մաս:

    «Ֆայնենշլ Թայմզ»-ը թերևս սադրում է հայկական կողմին, երբ հայ-թուրքական «սահմանի բացումը» (ինչը հոդվածում պետք է որակվեր առնվազն որպես Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում) կապում է Արցախյան հարցում միակողմանի զիջումներ կատարելու Հայաստանի պատրաստակամության դրսևորման հետ: Աղբյուրը գրում է. «…ի՞նչ առաջընթաց պետք է գրանցվի Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, որպեսզի Թուրքիան ամբողջությամբ վերաբացի սահմանը»:

    Սա ևս մեկ վկայություն է այն մասին, որ Արցախյան հարցում «առաջընթաց» գրանցելու (ասել է թե` միակողմանի կործանարար զիջումներ կատարելու)` հայկական կողմին ներկայացվող նախապայմանը հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի օրակարգային խնդիր է` իրողություն, որը ոչ համոզիչ կերպով հերքում է միայն հայկական կողմը, մինչդեռ որի մասին փաստում են բոլոր մյուս կողմերը` ներառյալ թուրք-արևմտյան լրատվական-վերլուծական աղբյուրները: Այս մասին առավել մանրամասն ընթերցեք Ա. Այվազյանի` «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին ելույթում (30 ապրիլի 2009թ.):

  2. Վաղարշակգրել է 08 Մայիս 2009թ.-ին, ժամը 07:31

    «Ֆայնենշլ Թայմզ»-ը, հանրաճանաչ է դառցել հենց իրեն բնորոշող “ֆայնենշլ” մտաճելակերպով․․․ Օրինակի համար Մեծ Բրիտանիայում, գեղարվեստի գործերը գնահատվում են նրանց ֆիզիկական չապսերի ներկայությամբ, այլ ոչ թե հոգեբանական կամ էստետիկական սկզբունքներից ելնելով, աիսինքն ծավալքային նկատառումով, էլ չեմ ասում բարոյակա՜ն հիմքերից․․․ Սակայն, երբ հարցը վերաբերվում է իրենց նեքին հարցերին, ապա թեկուզ և, ձևականորեն, առաջին հերդին ընդգծվում է բարոյական հատվածը․․․ Թուրքիայի կշիռը չափազանց մեծ է իհամեմատ մեզ և շատ էժան է, որպես աշխատանքային ուժ․․․ Իսկ ամենա կարևորը արդեն ընթացքի մեջ է, – կարիք չունեն նորից սկսելու, այլ միայն շարունակելու են․․․ Իրենք իրենց ավելորդ ծախսի տակ հո չեն քցելու․․․ Գործում են որ շահեն, այլ ոչ թե կորցնեն․․․ Ինչպես տեսնում ենք, մեր շահերն չեն համընկնում․․․

  3. Minas Kojayanգրել է 02 Հունիս 2009թ.-ին, ժամը 16:36

    “Finacial Times” is the mouthpiece of the ruling finacial tycoons in US. The mega-huge corporations are only after their greedy financial gains for which they are ready to sacrifice everything and anything. Their are no values and virtues for these corporations. Aren’t the same peaople who made this country (USA) go into astronomical debts? So, we have to be more vigilant very critical and unbinding against these corporations and agianst those people who sign such article. Aren’t they the same people who have destroyed the Amazon forests, the oceans, the seas, the ozon layer, Africa, the human soul…

    Minas Kojayan
    Teacher/Lecturee, Los Angeles