- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը

«Յուրեժիանեթ.օրգ», 27 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Eurasianet.org)
Սթիվեն Բլանկ (Stephen Blank)
«Յուրեժիանեթ»-ի մեկնաբանությունը

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Նույն թեմայով նախորդ մեկնաբանությունը

Քրդական հարցը, մասնավորապես, քրդերի համար հայրենիք ստեղծելու խնդիրը, խոչընդոտում է Իրաքում իրավիճակը կայունացնելու ջանքերին: Այժմ էլ միջազգային փորձագետների շրջանում աճում է անհանգստությունն առ այն, որ քրդական հարցը կարող է լարվածության և, հավանաբար, հակամարտության աղբյուր դառնալ Հարավային Կովկասում:

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` քուրդ զինյալները, մասնավորապես, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) հարող գրոհայինները, սկսել են հաստատվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի կողմից գրավված ադրբեջանական տարածքներում` Հայաստանի կառավարության լուռ աջակցությամբ: Հայտնում են, որ այդ քրդերից շատերը վերահաստատվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքում (մի նեղ հողակտոր, որն այժմ գրավել է Հայաստանը, իսկ նախկինում Ադրբեջանի մաս էր կազմում): Լաչինի վերահսկողության հարցը ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտներից մեկն է: [Մանրամասները տե՛ս «Յուրեժիա ինսայթ» արխիվում ]:

Ղարաբաղյան հակամարտությունից առաջ Լաչինում մեծ թվով քրդեր էին բնակվում, և 1920-ական թվականներին այն Քրդական ինքնավար շրջանի մի մասն էր Խորհրդային Միությունում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ քրդական բնակչության մեծ մասը հեռացավ այդտեղից: Սակայն փաստն այն է, որ Լաչինում քրդերի ներկայությունը պատմական նախադեպ ունի: Այդուհանդերձ, նրանց վերաբնակությունն այսօր սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, մանավանդ եթե վերաբնակների շրջանում PKK-ի զինյալների մասին տեղեկությունները ճիշտ են:

Վերջերս թուրքական ու ադրբեջանական մամուլում տեղ են գտել ակնհայտորեն չափազանցված հաղորդագրություններ, որոնք ահազանգում են քրդական սպառնալիքի, ինչպես նաև Հայաստանի` քրդերի վերաբնակեցմանն աջակցող ենթադրյալ դերի մասին: Ըստ այդ հաղորդագրությունների, քուրդ զինյալներն իբր ռազմական մարզաբազաներ են հիմնել Ղարաբաղում ու նրա հարակից շրջաններում, և իբր հայկական իշխանությունները քրդերին պետական եթերից օգտվելու հնարավորություն են տվել: Նրանք հայտարարում են նաև, թե Հայաստանի քաղաքական կուսակցությունները, օրինակ` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ակտիվորեն աջակցում են քրդերին` նրանց դիտելով որպես հայերի դիրքերը Ղարաբաղում ամրապնդելու միջոց: Բացի այդ, թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները շեշտում են, որ և’ Անկարան, և’ Բաքուն PKK–ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Ստամբուլում լույս տեսնող «Յենի Սաֆակ» թերթում (որը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հավատարիմ աջակիցն է) մայիսի 14-ին տպագրված մեկնաբանության մեջ նշվում է, որ PKK-ի ղեկավարությունն, իրեն անվտանգ չզգալով հյուսիսային Իրաքում, քննարկում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու հարցը: Այս հաղորդագրությունն այլ աղբյուրներով ստուգել հնարավոր չէ::

Հայ պաշտոնատար անձինք վճռականորեն հերքել են թե’ Հայաստանում և թե’ Ղարաբաղում PKK-ի ներկայության մասին հաղորդագրությունները: «Այն անհիմն լուրերը, թե Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) մտադիր է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ կամ վերահսկվող տարածքներ, չի կարելի կոչել ոչ այլ ինչ, եթե ոչ հերթական սադրանք»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը1:

Գուցե գայթակղիչ է այս լուրերը չկարևորելը` համարելով դրանք թուրքական ու ադրբեջանական քարոզչություն` ուղղված իրենց վաղեմի թշնամու` Հայաստանի դեմ: Սակայն թուրքական և ադրբեջանական կողմերի պնդումներն ու անհանգստությունն անտեսելը կարող է վտանգավոր լինել: Դրանք պահանջում են հետաքննություն:

Վտանգ կա, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել` օգտագործելով քրդական սպառնալիքը որպես Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու առիթ: Փետրվար ամսին Բաքվի «Էխո» թերթում տպագրված մեկնաբանության մեջ քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմադօղլուն ասել է, թե երկրի քաղաքական ղեկավարությունը կարող է ստիպված լինել ուժ գործադրել քրդական խնդրի լուծման համար: «Եթե Հայաստանը շարունակի այսպես գործել, ապա Ադրբեջանը կուժեղացնի իր դիմակայությունը, և ոչ միայն դիվանագիտական մակարդակով»,- մեջբերում է թերթը Ահմադօղլուի խոսքերը: «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է իրական ռազմական գործողություններ սկսել: Ես պաշտոնյաներ գիտեմ, որոնք վերջերս այս կապակցությամբ արտահայտվել են, և ես այդ տպավորությունն ունեմ»: Օրինակ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Բաքուն կարող է քննարկել ռազմական գործողություններ իրականացնելու հարցը` քուրդ զինյալներին ոչնչացնելու համար:

Բացի այդ, Թուրքիայի ռազմական ղեկավարները, որոնք վերջին ամիսներին կարգադրել են ռազմական գործողություններ իրականացնել հյուսիսային Իրաքում PKK-ի հենակետերը ոչնչացնելու համար, ակնարկել են, որ կքննարկեն քուրդ զինյալներին հարվածելու հարցը, որտեղ էլ որ նրանք լինեն: Սա ենթադրությունների տեղիք է տվել, թե Թուրքիան նույնպես կարող է քննարկել Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի վրա հարձակվելու հարցը:

Միայն այն փաստը, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհում են Ղարաբաղում քուրդ զինյալների ներկայությունից, պետք է միջազգային հանրությանը որոշակի գործողությունների դրդի, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահներին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային: Խիստ անհրաժեշտ է կրկնապատկել ղարաբաղյան բանակցությունները հունի մեջ գցելու ջանքերը` դեպքերի հնարավոր կործանարար ընթացքը բացառելու կամ գոնե թուլացնելու համար:

Խմբագրի ծանոթագրությունը. Սթիվեն Բլանկը US Army War College-ի դասախոս է: Հոդվածում ներկայացված տեսակետները չեն արտահայտում ԱՄՆ բանակի, Պաշտպանության դեպարտամենտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

————————

  1. Պետք է լիներ` «ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը»: («Արարատ» ՌԿ-ի կողմից)