Jul 30 2009

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը. նրանց պապերից եկած երազանքները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Economist

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Թուրքիայի ճարպիկ արտգործնախարարն ամեն հարցում հետամուտ է նուրբ դիվանագիտության

Երբ անցյալ ամիս հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրության վիճահարույց արդյունքները, Թուրքիան առաջին երկրներից էր, որ շնորհավորեց Մահմուդ Ահմադինեջադին: Հաշվի առնելով փողոց դուրս եկած բողոքարար իրանցիների նկատմամբ կիրառված բռնաճնշումները (և մահվան դեպքերը)` Թուրքիայի այս քայլը զարմացրեց եվրոպացիներին ու ամերիկացիներին: Այն նույնիսկ վեր հանեց այն հին ու ծեծված հարցը, թե արդյո՞ք Թուրքիան երես է թեքում Արևմուտքից:

«Մարդիկ այս հարցի միայն մի կողմն են տեսնում»,- մի հարցազրույցի ժամանակ գանգատվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` չմանրամասնելով իր միտքը: Սակայն իսլամական այդ հանրապետության հետ Թուրքիայի բարեկամությունը նաև օգտակար է եղել Արևմուտքի համար: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հետկուլիսային միջնորդությամբ վերջերս ապահովել Թեհրանում բրիտանական դեսպանության աշխատակիցների ազատ արձակումը: Այդ բարեկամությունն օգտակար է նաև Իրանի համար. հինգ իրանցի դիվանագետներին, որոնց ամերիկացիները ձերբակալել էին 2007թ.-ին Իրաքում, ազատ արձակեցին այս ամսվա սկզբին` Թուրքիայի հորդորով:

Տարբեր աշխարհների հետ (լինեն դրանք արաբներ, թե հրեաներ, մահմեդականներ, թե եվրոպացիներ) հեշտությամբ լեզու գտնելու Թուրքիայի հմտության պատճառով է, որ Հիլարի Քլինթոնն այդ երկիրն անվանեց «ծագող համաշխարհային գերտերություն»: Իսրայելի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար էլ. դա պարզ դարձավ, երբ այդ հարաբերություններն սառեցին հունվարին, Գազայի վրա [Իսրայելի] հարձակման ժամանակ: Նորերս էր, որ Թուրքիան պետական բարձր մակարդակով վեճ ունեցավ Չինաստանի հետ այն պատճառով, թե ինչպես է վերջինս վարվել Սինցզյան նահանգի ույղուրների հետ, որոնց թուրքերը ցեղակից են համարում: Հասկանալի է, թե ինչու Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, ուր այցելեց Բարաք Օբաման որպես նախագահ:

Հաջողությունների դափնին մասամբ պատկանում է պրն Դավութօղլուին, որը, նախքան մայիսին արտգործնախարար դառնալը, յոթ տարի շարունակ եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղակական հարցերով խորհրդականը: Գիտական ասպարեզից եկած այս ակտիվ մարդը ճարտարապետն է Թուրքիայի «փափուկ ուժի», որ մեկտեղում է «ռեալպոլիտիկն» ու կատաղի հպարտությունը: Բարեպաշտ մահմեդական և բարոյական սկզբունքներով առաջնորդվելուն հակված Դավութօղլուն Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենաազդեցիկ արտգործնախարարներից է:

Նրա [քաղաքական] մոտեցման երկու հենասյուներն են` «զրո խնդիրներ» հարևանների հետ, որոնցից շատերը կա՛մ իրենք խնդիրներ ունեն, կա՛մ հարուցում են խնդիրներ: Մյուսը` «ռազմավարական խորքն է». սրա հիմքում ընկած գաղափարը Թուրքիայի` քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտու ստեղծումն է, առաջին հերթին` հարևանների շրջանում (որոնց մեծ մասը նախկինում Օսմանյան կայսրության հպատակ է եղել)` Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:

Դավութօղլուն ասում է, որ այս մոտեցումներից ոչ մեկը չի շեղում Թուրքիային Եվրամիությանը միանալու իր մտադրությունից: Հակառակը` դրանք խթանում են Թուրքիայի անդամակցության հայտը: Նա անդրդվելի է թվում Ֆրանսիայից ու Գերմանիայից հնչող ոչ բարեկամական աղմուկի նկատմամբ: Ե՛վ Նիկոլա Սարկոզին, և՛ Անգելա Մերկելը լոբբինգ են անում Թուրքիային «արտոնյալ կարգավիճակ», այլ ոչ թե լիիրավ անդամություն շնորհելու համար: Դավութօղլուն ասում է, որ նրանք պարզապես հաճոյանում են իրենց ընտրազանգվածներին: «Բողոքելու, բարկանալու փոխարեն` մենք պետք է աշխատենք միասին»,- ասում է նա: Թուրքիայի մասով դա նշանակում է` կենդանություն տալ բարեփոխումների մարող գործընթացին, որի շնորհիվ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկ տրվեց 2005թ.-ին: Պրն Դավութօղլուն հույս ունի, օրինակ, որ Ստամբուլին մերձակա Հալկի կղզու վրա գտնվող հունական ուղղափառ ճեմարանը շուտով կվերաբացվի:

Սակայն Եվրամիության դիվանագետներն ասում են, որ այդ միջոցառումներից և ոչ մեկը չի կարող Թուրքիային ազատել Կիպրոսի խնդրից: Դավութօղլուն համաձայն է այն մտքի հետ, որ խաղաղության հաստատման համար Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև տասնամյակներ ձգվող բանակցություններն անժամկետ չպետք է լինեն: Իրոք անհրաժեշտ է համաձայնության գալ մինչև այս տարվա վերջ: Որպեսզի դա տեղի ունենա, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է լրջության կոչեն կիպրացի հույներին (թեև, վերջիններս արդեն ԵՄ անդամ լինելով` համագործակցելու մեծ շահագրգռվածություն չունեն): Կարգավորումը կկանխեր Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններում հնարավոր «վթարը», որը, հակառակ դեպքում, թերևս անխուսափելի լինի դեկտեմբերին: Տեսականորեն, Թուրքիան մինչ այդ պետք է բացի Կիպրոսի հունական հատվածի օդային և ծովային կայանները, սակայն հրաժարվում է անել դա, մինչև ԵՄ-ն չվերացնի առևտրային սահմանափակումները Թուրքիայի կողմից վերահսկվող Կիպրոսի հյուսիսային հատվածի նկատմամբ:

Հնարավո՞ր է արդյոք, որ Ֆրանսիան և Թուրքիայի մյուս թշնամիները սա որպես պատրվակ օգտագործեն` ԵՄ անդամակցության բանակցություններն ամբողջությամբ սառեցնելու համար (ութ ուղղությամբ դրանք արդեն իսկ սառեցվել են): Թուրքիայի առաջնորդներն ուզում են հավատալ, որ Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան` Եվրոպայինը: Նա է՛լ ավելի կարևոր է դարձել որպես պոտենցիալ տարանցիկ երկիր` էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Իրաքից (և ի վերջո նաև` Իրանից) դեպի Եվրոպա գնալիք բնական գազի համար: Պրն Դավութօղլուն հպարտորեն մատնանշում է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի միջև «Նաբուկո» գազատարի նախագծի շուրջ վերջերս կնքված պայմանագիրը, որի համաձայն գազը հոսելու է նշված երկրների տարածքով` նվազեցնելով Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:

Այնուամենայնիվ, կան կարծիքներ, թե Թուրքիան գերագնահատում է իր ազդեցիկ դիրքը: Նրա էներգետիկ երազանքներն սերտորեն կապված են իր էթնիկ զարմիկների՝ ադրբեջանցիների հետ: Այս երկու թյուրք դաշնակիցների միջև հարաբերություններն անկում ապրեցին ապրիլին, երբ Թուրքիան գաղտնազերծեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու շուրջ պայմանագրի նախագիծը: Այս կտրուկ շրջադարձի ընթացքում Թուրքիան նույնիսկ ետ կանգնեց իր բազմամյա նախապայմանից, թե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն այն տարածքներից, որ բռնազավթել է մեծ մասամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար 1990-ականներին Ադրբեջանի դեմ մղած պատերազմի արդյունքում:

Զայրացած Ադրբեջանն անմիջապես սպառնաց շրջվել դեպի Ռուսաստան: Հունիսին նա պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ՝ վերջինիս 2010 թվականից սկսած գազ վաճառելու վերաբերյալ: Այդ պատճառով Թուրքիան ևս մեկ շրջադարձ կատարեց. պրն Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ բարեկամանալն այլևս անհնար կլինի, մինչև վերջինս դուրս չգա Լեռնային Ղարաբաղից: Պրն Դավութօղլուն պնդում է, թե Թուրքիան խաղաղություն է ուզում Հայաստանի հետ: Սակայն արևմտյան մի դիվանագետ ասում է, որ «Հայաստանի հետ մերձեցման գործընթացը տապալման եզրին է»:

Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացրել Թուրքիայի և նրա ամենահզոր դաշնակից Ամերիկայի միջև վեճի ուրվականը: Ամերիկահայերը ցանկանում են, որպեսզի պրն Օբաման հարգի իր նախընտրական խոստումը և պնդի, որ 1915թ.-ին օսմանյան ուժերի կողմից իրենց [հայերի-ԱՌԿ խմբ.] ավելի քան մեկ միլիոն նախնիների կոտորածը ցեղասպանություն է եղել: Անհեթեթությունը, որ տեղի ունեցավ ապրիլին, այն էր, որ պրն Օբաման ասաց, թե հարցի նկատմամբ իր տեսակետները չեն փոխվել, սակայն նա ընդամենը օգտագործեց հայերեն Մեծ Եղեռն արտահայտությունը: Նա չցանկացավ ցեղասպանություն բառի գործածմամբ խափանել թուրք-հայկական մերձեցումը:

Թուրքիայի ռազմավարական դիրքը ևս մեկ անգամ վճռորոշ դեր ունեցավ: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո, Թուրքիան ցանկանում է կասեցնել արաբների և քրդերի միջև (հատկապես վիճահարույց Քիրքուք քաղաքի համար) ահագնացող հակամարտությունը: 2005թ.-ին Թուրքիան հորդորել էր Իրաքի սուննի մահմեդականներին չբոյկոտել ընտրությունները: Դավութօղլուն դարձյալ լոբբինգ է անում, որպեսզի Իրաքում ապահովվի բոլոր խմբերի մասնակցությունը 2010թ.-ի հունվարին կայանալիք խորհրդարանական ընտություններին: «Մենք բոլոր մակարդակներում գերազանց հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ», – ասում է նա: Իսկ արևմտյան մի պաշտոնյա նշում է. «Երբ հարցը վերաբերում է Թուրքիային և Հայաստանին, Թուրքիան ամեն անգամ հաղթող է դուրս գալիս»:

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 30 Հուլիս 2009թ.-ին, ժամը 09:24

    Սա բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» շաբաթաթերթի հերթական թուրքամետ հրապարակումն է, ավելի շուտ՝ հերթական հիվանդագին ձոնը Թուրքիային, նրա արտաքին քաղաքականությանն ու անձամբ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին։ Հրապարակումն այնքան ակնհայտորեն դրական է ներկայացնում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, որ նրա անանուն հեղինակը («Էկոնոմիստ»-ի հեղինակների անձը, որպես կանոն, չի բացահայտվում) կարող է լինել նաև Լոնդոնում Թուրքիայի դեսպանության քաղաքական բաժինը։ Պարզվում է, օրինակ, որ Թուրքիան անկայուն տարածաշրջանում ներքին խնդիրներ չունեցող մի երկիր է, կայունության մի պատվար, իսկ նրա հարևաններից «շատերը կա՛մ իրենք խնդիրներ ունեն, կա՛մ հարուցում են խնդիրներ»: Իսկ Թուրքիան բոլորին միայն օգուտ է բերում, ուղղակի խաղաղարար առաքելությամբ է տարված։

    «Խաղաղության աղավնու» կերպարի մեջ Թուրքիան դնելուց հետու, «Էկոնոմիստ»-ն արդեն չի զլանում որպես միանգամայն ընդունելի սցենար ներկայացնել Թուրքիայի ծավալապաշտական, նոր (նեո) օսմանյան նպատակը՝ ստեղծել իր համար «ռազմավարական խորք», պարզ ասած՝ «քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտի Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում»։ «Էկոնոմիստ»-ին բոլորովին չի հուզում, որ «Թուրքիայի հարևանների մեծ մասը նախկինում Օսմանյան կայսրության հպատակ է եղել»։ Բնականաբար, հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, որ Օսմանյան կայսրությունն իրականացրել է (և այժմ էլ ժխտում է), «Էկոնոմիստ»-ի համար պարզապես անկարևոր մանրուք են, ինչպես և այդ ժողովուրդների կարծիքն ու անհանգստությունը՝ ժխտողական ու ծավալապաշտ Թուրքիայի նկատմամբ:

    «Էկոնոմիստ»-ը չի պարզաբանում, որ Դավութօղլուի իր հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու սկզբունքը նշանակում է, որ եղած խնդիրները պետք է լուծվեն միայն Թուրքիայի պատկերացրած կերպով և, եթե հարկ լինի, նույնիսկ ռազմական ճանապարհով։ Դավութօղլուն այդ մասին գրել է նաև իր գրքում։

    «Էկոնոմիստ»-ի կողմնակալությունը պարզ երևում է թեկուզ նրանից, որ Արցախի ազատագրումը անվանվում է «բռնազավթում», մինչդեռ Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի հյուսիսային մասը չեզոք և քաղաքավարի տերմինով՝ «Թուրքիայի կողմից վերահսկվող» տարածք (Turkish-controlled north Cyprus)։

    Ադրբեջան-Թուրքիա «գժտության» խաղին «Էկոնոմիստ»-ը հավատում է անվերապահորեն, այդպիսով, փաստորեն, արդարացնելով Հայաստանի բազմամյա շրջափակումը։ Սա նույնպես թուրք-ադրբեջանական քարոզչության տարր է։

    Հոդվածը գրեթե ամբողջովին շրջանցում է Թուրքիայի ներքին ու արտաքին սուր խնդիրներն ու խոցելի կողմերը։ Ստացվում է, որ Թուրքիայի գրեթե միակ գլխացավանքը Հայաստանն է, իսկ «Երբ հարցը վերաբերում է Թուրքիային և Հայաստանին, Թուրքիան ամեն անգամ հաղթող է դուրս գալիս»։ Սա էլ սպառնալից մի վերջնահանգում` ի լուր հայերի…

    Գոնե այս նախազգուշացումն ի գիտություն ընդունեն Հայաստանի իշխանությունները՝ հայ-թուրքական «հարաբերություններ» կառուցելու ֆուտբոլային մոլուցքում…

  2. Արամէգրել է 03 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 03:29

    Բրիտանական մամուլում այսպիսի հոդվածների հայտնվելու դրդապատճառները կարող են լինել մի քանիսը:
    Ամենապարզ բացատրությունը դա ֆինանսական շահն է: Գաղտնիք չի որ թուրքական կազմակերպությունը բավականին առատաձեռն են արևմտյան մամուլին վճարելու ու կաշառելու գործում:
    Բայց իհարկե միայն փողը չէ որ շարժառիթ է: «Էկոնոմիստ»-ի նման պարբերականը չեր տպի երբեք այնպիսի հոդված որը կհակասեր իրենց քաղաքական գծին թեկուզ եթե լավ վարձատրվեր:
    Այսինքն Թուրքիայի ներկայիս նեո-օսմանյան ծավալապաշտությունը խրախուսվում է անգլո-ամերիկյան շրջանակների կողմից:
    Իհարկե միայն արտաքին խրախուսմամբ բացատրելը սխալ կլինի: Թուրքիան ապրում է դեմոգրաֆիական արագ աճ, բնակչությունը աճում է, երիտասարդ է, դաստիարակված է ագրեսիվ ազգայնամոլական դպրոցով, իհարկե նման հասարակությունը չի կարող հանիգստ նստել տեղում այլ ձգտելու է ծավալապաշտության բոլոր ուղղություններով: Ընդ որում Եվրոպա մտնելը թուրքերը դիտարկում են հենց զավթողական տեսակետից այլ ոչ թե ինչ որ եվրո-արժեքներ ընդունելու տեսակետից: Ակնհայտ է որ նման Թուրքիան ձեռնտու չի Եվրոպայի, ձեռնտու չի նաև Ռուսաստանին, և՜ այլ հարակից պետություններին, բայց փաստացի ձեռտնու է անգլո-ամերիկյան դաշինքին այն առումով որ այս ագրեսիվ տարրը ստեղծելու է Եվրազիայի կենտրոնում մշտական լարվածության օջախ:

    Այլ կերպ բացատրել անգլո-ամերիկյան հրահրիչ քաղաքականությունը հնարավոր չէ: Սա շատ նման է նրան թե ինչպես էր 30-ականներին Բրիտանիան հրահրում հիտլերյան Գերմանիային:

    Այնպես որ Հայությունը չպետք է սին հույսեր փայփայի թե ամերիկյան պետդեպարտամենտի դեղատոմսերով տրված լուծումները բերելու են ինչ որ կայունություն:

  3. Bagradգրել է 07 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 18:06

    Absolutely spot on analysis Armen and Arame. The Economist is the mouthpiece of the most reactionary Turkophils in the British establishment who have never given up their Crimean War objectives, even after 160 years! Turkey is the instrument for Anglo American conspiracies against Europe and against Russia.
    France and Germany, it can be convincingly assumed, are well aware of this and will never allow the conspiracy to succeed as far as EU/European interests are concerned. Turkey will never become an EU member.
    However what is Russia doing to counter this Anglo-American nuisance?
    Nothing!
    If the US or Britain had such a reliable and militarily capable “strategic ally” as Armenia they would have certainly financed, trained and equipped it with the best 100 to 150 thousand army AND AIR FORCE which would have dominated and secured the entire Caucasus and large parts of the Middle East against Turkish state terrorism, in the interests of Russia, Europe and Iran.
    Alas the Russian bear is yet as asleep as ever, as the Georgian half measure in August of last year clearly demonstrates! Sarkozy was able to run rings round both Medvedev and Putin who stopped the Russian military before they had sealed off the Georgian borders against Turkish state terrorism. The result: a year on, the terrorists are infiltrating back into Chechnya and even Ingushetia now.
    Looks like we have to wait for another Tsar Alexander and Loris Melikov partnership before Russia’s interests are properly assessed and protected in the region.

  4. Аrmenianգրել է 07 Նոյեմբեր 2009թ.-ին, ժամը 16:57

    Հայ

    Բաց սահմանները Թուրքիան, անկասկած, կփորձի օգտագործել ոչ միայն զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու, այլև Հայաստանի Հանրապետությանը վնասելու համար` այս անգամ արդեն տնտեսության ու ժողովրդագրության ճակատներում: Թուրք մասնագետներն արդեն իսկ ուսումնասիրում են մեր տնտեսության առանձնահատկությունները հետագա տնտեսական գրոհները կազմակերպելու համար:

    ——————————————————————————–
    Անկարան ու Բաքուն նույն խաղի շրջանակներում կատարել են դերերի հստակ բաժանում: Եվրամիություն մտնելու համար Անկարան ավելի քաղաքակիրթ կեցվածք է ընդունել` հարձակողական նախաձեռնությունների, թշնամանքի ու անհանդուրժողականության բաժինը թողնելով Բաքվին, որն իր կեցվածքն ու վարքը արդարացնում է ՀՀ կողմից ադրբեջանական տարածքների զավթման մասին իրավաբանորեն բացահայտ կեղծ փաստարկով:

    ——————————————————————————–
    Եվ վերջապես, մյուս կարևոր հանգամանքը, որ մենք դարձյալ իրավունք չունենք անտեսելու: Թուրքիան ոչ Ստամբուլն է, ոչ էլ Անկարան: Մենք չգիտենք, թե իր զանգվածի մեջ թուրքը որքան է հեռացել անցյալ դարասկզբի թուրքից: Անձնական շփումների փորձ է պետք անկողմնակալ ձևով գնահատելու, թե մարդկության դեմ ծանրագույն հանցանք գործելուց հետո անցած գրեթե մեկ հարյուրամյակի ընթացքում փոխվե՞լ է, արդյոք, այդ ժողովրդի ընդհանուր նկարագիրը, շարժվե՞լ է, արդյոք, նրա խիղճը դեպի զղջում ու ապաշխարում: Թե՞ մի չնչին առիթ է պետք, որպեսզի խորքում նիրհող քարանձավային տարերքը նորից հորդա դուրս: Բոլոր տարբերակներին պետք է պատրաստ լինել:

    ——————————————————————————–
    Անկարան` տարածաշրջանային իր կշռի ու դերակատարության կարևորության բարձրացման հետ է կապում նաև Ռուսատանին և Իրանին տարածաշրջանից դուրս մղելն ու Անդրկովկասյան գործերում գլխավոր դերակատար դառնալը: Ահա այս կետում է, որ Անկարան Բաքվին խորհուրդ է տալիս համբերությամբ լցվել և սպասել մինչև Հայաստանը տնտեսական ու քաղաքական այնպիսի կախման մեջ կնկնի Թուրքիայից, որ ավելի փոքր ու աննշան արգելք կլինի իրենց համատեղ ծրագրերում, քան այժմ ինքը է` փակ սահմանի դեպքում: http://armar.am/

  5. Viagra Canadaգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:22

    որոնց թուրքերը ցեղակից են համարում: Հասկանալի է, թե ինչու Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, ուր այցելեց Բարաք Օբաման որպես նախագահ