Nov 27 2009

Մուսոլինին` թուրքերի աշակերտ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ», 19 նոյեմբեր 2009թ.
Աղբյուրը` Economist

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Մուսոլինիի սիրուհու օրագրից պարզվում է, որ նա մոլեգին հակահրեա էր
(իտալական ֆաշիզմի պատմությունից)

«Այս զզվելի հրեաները, ես պետք է ոչնչացնեմ նրանց բոլորին»։ Արդյո՞ք սա Ադոլֆ Հիտլերի ընթրիքի ժամանակ հնչած խոսակցությունից է։ Ոչ, սա այն մի քանի հակահրեական արտահայտություններից մեկն է, որոնք վերագրում է Իտալիայի ֆաշիստ ղեկավար Բենիտո Մուսոլինիին նրա սիրուհի Կլարա Պետաչին։ Պարտիզանները երկուսին էլ մահապատժի ենթարկեցին երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Առավել քան հիսուն տարի պետական դիվաններում պահվելուց հետո «Կլարետտայի» օրագրերը որպես գիրք («Մուսոլինիի գաղտնիքը») հրապարակվեցին նոյեմբերի 18-ին։ Դրանք հարված են շատ իտալացիների այն ինքնամխիթարական տեսակետներին, ըստ որոնց՝ «Դուչեին»1 որպես ղեկավար մոլորեցրել էր նրա դաշնակից Հիտլերը։ Մուսոլինիի հեղինակությունը դեռևս նշանակություն ունի այս երկրում, որի վերջին ութ տարվա կառավարություններում ընդգրկվել են նրա «հետ-ֆաշիստական» ժառանգորդները:

2004թ-ին նրա որդին՝ Ռոմանոն հրատարակեց «Իմ հայր Դուչեն» վերնագրով հուշեր, որտեղ Մուսսոլինին ներկայացված է որպես ընտանիքի հոգատար հայր, մեծապես անտեսելով այդ առաջնորդի մութ կողմերը. նա էր, որ 1935-36թթ. գրավեց Եթովպիան և Հիտլերի խամաճիկ եղած վերջին տարիներին հազարավոր հրեաների ուղարկեց նացիստական մահվան ճամբարներ։ 2007թ-ին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մտերիմ խորհրդական Մարչելո Դել-Ուտրին հայտարարեց, որ գտել է Մուսոլինիի օրագրերը։ Պատմաբաններ մեծ մասը պնդեց, որ դրանք կեղծիք են, սակայն մինչ այդ իտալացիներին պատմեցին դրանց բովանդակությունը, որը, ըստ Ռոմանոյի աղջիկ Ալեսանդրա Մուսոլինիի, բացահայտում է «պապուս` պատերազմից խուսափելու բոլոր ջանքերը»։

Իտալական հեռուստատեսային վավերագրական նյութերը նույնպես սովորաբար չափավոր են քննադատում Դուչեին` հաճախ արտահայտելով այն կարծիքը, թե 1938թ-ին նրա կառավարության ընդունած հակահրեական «ռասայական օրենքները» սովորական ուղուց մի շեղում էին։ 2003 թ-ին տված մի հարցազրույցի ժամանակ պր. Բերլուսկոնին անձնամբ այն կարծիքն է հայտնել, որ Մուսոլինին «երբեք որևէ մեկի չի սպանել»։

Այսպիսով, շատ իտալացիներ ցնցվում են, կարդալով, թե ինչպես է Դուչեն պարծենում, թե «ես ռասիստ եմ եղել սկսած 1921-ից»։ Նրա սիրուհին նույնիսկ գրառել է 1938թ-ին Մուսոլինիի արտահայտությունը, որով նա կանխատեսում էր [հրեաների] Վերջնական Լուծումը. «Ես կոտորած եմ իրականացնելու այնպես, ինչպես դա արեցին թուրքերը», որով նա պարզորեն ակնարկում էր 1915 թ-ի հայերի զանգվածային ջարդերը։

«Մարդիկ միշտ կարծում էին, որ ռասայական օրենքները եղել են քաղաքական գործիք, այլ ոչ նրա կողմից սրտանց որդեգրված քաղաքականության մաս։ Այս օրագրերը հուշում են միանգամայն հակառակը», – նշում է Սիենայի Համալսարանի եվրոպական պատմության պրոֆեսոր Պոլ Կորները։ Որպես սիրուհու պատմություն, օրագրերին պետք է, հարկավ, վերաբերվել զգուշությամբ, ասում է Սերժո Լուզատոն, Թուրինի Համալսարանից մի պատմաբան։ «Սակայն այդ օրագրերն ահազանգի պես մի բան են։ Դրանք մերկացնում են Մուսոլինիի իրական դեմքը և նենգությունը»։

  1. Դուչե – Բենիտո Մուսոլինին 1925 թվականին ինքն իրեն կոչել է «Իլ Դուչե», որն իտալերեն նշանակում է ղեկավար։ Այդ բառեզրն այժմ չի գործածվում, քանի որ այն կապվում է ֆաշիզմի հետ։

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 27 Նոյեմբեր 2009թ.-ին, ժամը 10:58

    «Ես կոտորած եմ իրականացնելու այնպես, ինչպես դա արեցին թուրքերը»։ 1922-1943 թթ. Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի 1938 թվականին արած այս հայտարարությունը մեջբերված է դուչեի վերջին կնոջ՝ Կլարա Պետաչիի ս.թ. նոյեմբերի 18-ին առաջին անգամ հրապարակված հուշերում։ «Էկոնոմիստ»-ի թղթակիցն իրավացիորեն նկատում է, որ Մուսոլինին նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը (թեև, պահպանելով այդ հետևողականորեն թուրքամետ բրիտանական հանդեսի ավանդույթները, ցեղասպանություն տերմինի փոխարեն օգտագործում է «1915 թ. զանգվածային կոտորածներ» արտահայտությունը)։

    Եվրոպայի ֆաշիստական առաջին կուսակցության ղեկավարի այս հայտարարությունը որևէ մեկին չպետք է զարմացնի։ Մուսոլինին, ինչպես նաև Մեծ Եղեռնին ժամանակակից եվրոպացի քաղաքական գործիչները, բոլորն էլ հրաշալիորեն տեղյակ էին Օսմանյան կայսրությունում իրականացվող հայերի սպանդին։ Նրանցից ոմանց համար մարդկության դեմ այդ ոճրագործությունը օրինակ և դաս հանդիսացավ։ Այս նորահայտ տեղեկությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու ժամանակին այս առթիվ արված մեր դիտարկումները, որոնք տեղին ենք համարում հատվածաբար մեջբերել.

    «1923 թ. Սևրի հաշտության դաշնագրի փոխարինումը Լոզանի պայմանագրով երկու առումով նպաստեց 1920-1930-ական թթ. ֆաշիզմի առաջացմանը և Եվրոպայի սրտում արդեն զանգվածային բնաջնջումների կիրառմանը:

    Նախ, Սևրի տապալմամբ հրապարակավ արդարացվեց ֆաշիզմի պրակտիկան` ցեղասպանության ու էթնիկական զտումների միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու սովորությունը: Սևրի դաշնագրի վիժեցումը միջազգային քաղաքականության մեջ անբարոյականությունն անպատիժ կերպով կիրառելու մեծագույն քարոզ էր, որը շատ չուշացրեց իր վրեժը լուծել նաև այդ քարոզը կարդացած եվրոպական պետություններից: Ե՛վ Ա. Հիտլերն ու նրա ստահակները, և՛ մեծագույն ոճրագործ Ի. Ստալինը, քաջատեղյակ լինելով հայոց ցեղասպանության մանրամասներին, իրենց համար համապատասխան «դասեր» էին քաղել, որոնք հետագայում բերեցին միլիոնավոր մարդկանց ոչնչացմանը: 1939 թ. Հիտլերի արտասանած հռետորական հայտնի հարցը` «ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը», վերաբերում էր, նախ և առաջ, Սևրի վիժեցմանը և Լոզանով նրա տեղակալմանը:

    Երկրորդ, բոլոր հիմքերը կան պնդելու, որ Սևրի պայմանագրի վիժեցմամբ Եվրոպայի մատույցներում ստեղծվեց առաջին ֆաշիստական պետությունը` Թուրքիայի Հանրապետությունը: Վերջինս ուներ ավելի ուշ Իտալիայում, Գերմանիայում և այլուր առաջացած ֆաշիզմի գլխավոր բնորոշ գծերը` ամբողջատիրությունը, ծայրահեղ շովինիզմը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ դաժան բռնամիջոցների, ընդհուպ մինչև զանգվածային ոչնչացում ու տեղահանում (Թուրքիայում բնաջնջման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլև հույներն ու ասորիները, իսկ քրդերի նկատմամբ զանգվածային բռնամիջոցների արդյունքում, օրինակ, 1980-ական թթ. տեղահանվել է ավելի քան 2,000 քրդական գյուղ), քաղաքական մտքի լիակատար վերահսկողությունը, անհատի լիակատար հնազանդությունը պետությանը, առաջնորդի պաշտամունքը (Աթաթուրքի պաշտամունքը մինչև այսօր էլ ուժի մեջ է), հասարակական կյանքի բոլոր ոլորտների ռազմականացումը, ագրեսիան (Թուրքիան դիմել է ագրեսիայի Սիրիայի, Կիպրոսի, Իրաքի դեմ, ագրեսիայի ձև է նաև Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը` շրջափակում, դիվանագիտական հարաբերություններից հրաժարում, սպառնալիքներ, Ադրբեջանին պատերազմի մղում, ցեղասպանության ժխտում): Այն, որ խորհրդային և արևմտյան պատմաբաններն ու քաղաքագետները նման գնահատական Թուրքիայի պետական կառուցվածքին չեն տվել, շատ պարզ բացատրություն ունի. ԽՍՀՄ-ում անհնար էր «ֆաշիստ» անվանել Աթաթուրքին, որի հետ Լենինը եղբայրության դաշինք էր կնքել, իսկ արևմուտքում նույն բնութագրումը չէին տալիս, որովհետև Թուրքիան դիտվում էր որպես Ռուսաստանի դեմ պատվար ու առանցքային դաշնակից, ինչը ձևակերպվեց ՆԱՏՕ-ին անդամակցումով» (Ա. Այվազյան, Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար, Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը, Երևան, «Լուսակն», 2006, էջ 84-85, http://ararat-center.org/upload/files/Liberated_08.pdf. տե´ս նաև Республика Турция – первое в истории фашистское государство

    Ինչ վերաբերում է իտալական, մասնավորապես, Վատիկանի արխիվներին, ապա Հայոց ցեղասպանության մասին այնտեղ պահպանվող ահռելի քանակությամբ նյութերը դեռևս սպասում են իրենց անաչառ հետազոտողներին։

  2. milaniգրել է 05 Մարտ 2010թ.-ին, ժամը 03:05

    Mussolinii ajd xosqery hertakn angam mijazgajin hanrutyan@ apacucum en anjxteli pasty.Parzapes menq petq e lavaguyns ogtagortcenq nman pastagrakan nyutery mer dirqery amrapndelu ev mer ardar chshmartutyuny araj tanelu hamar.