Հուն 03 2009

Ղարաբաղն ինչպե՞ս է սպառնում թուրք-հայկական մերձեցմանը…

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ալ-Ահրամ», 13 ապրիլի, 2009թ.

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ստամբուլից մեկնելուց անմիջապես հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ռուսական «Վեստի» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց հայ-թուրքական` 15 տարուց ի վեր փակ սահմանը մինչև առաջիկա հոկտեմբերի 7-ը վերաբացելու մասին: Նա նաև նշեց, որ Երևանն ու Անկարան մոտ են առանց նախապայմանների բանակցությունների վերջնական փուլին: Նրա ենթադրությունները հնչում են այն ժամանակ, երբ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, և սահմանը փակ է 1993թ.-ից` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20%-ի զավթված լինելու պատճառով: Սա նախկին ԽՍՀՄ-ի սառեցված հակամարտություններից է և հայտնի է «Լեռնային Ղարաբաղ» անվամբ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` մինչ Անկարա այցելելը, Օբաման նամակ է հղել «Արդարության» առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, տեղեկացնելով, որ ինքն ամերիկահայերին խոստացել է ճանաչել նրանց հատուկ պահանջը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը 1915 թվականին: Ուրեմն, դուք, թուրքերդ, պետք է լրջորեն աշխատեք այս հարցի շուրջ մինչև այս ամսվա 24-ը: Հետո Թուրքիայում կրկնել է իր կոչն անկեղծորեն և հրապարակավ` հաստատելով Հայաստանի հետ կասեցված հարաբերությունների վերականգնման, սահմանների վերաբացման և [երկու երկրների միջև հարաբերությունների] բնականոնացման կարևորությունը:

Սույն թվականի ապրիլի 6-ից 7-ն իր այցի ընթացքում Օբամայի` Թուրքիային ներկայացված պահանջը ճգնաժամ առաջացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Ադրբեջանն իր անհանգստությունն ու խոր վրդովմունքն արտահայտեց նման քայլից` նշելով, որ դա 15 տարուց ի վեր Հայաստանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի շրջանի հարցում վնասելու է Ադրբեջանի շահերին, նաև տապալելու է Թուրքիայի հետ համագործակցությունն ու ռազմավարական դաշնակցությունը, և կոչ արեց վերջինիս` ամերիկյան պահանջները չիրագործել` փոխադարձ հարաբերություններն ու շահերը պահպանելու համար:

Չնայած Թուրքիայի «Արդարության» կառավարությունն այս ուղղությամբ մինչև այս պահը որևէ գործնական քայլ չի ձեռնարկել, եթե հաշվի չառնենք երկու պետությունների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումները, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցը Երևան ու Հայաստանի արտգործնախարարի վերջերս Անկարա կատարած այցը, այնուամենայնիվ, հայ-թուրքական նման մերձեցումը հավանության չարժանացավ Ադրբեջանի կողմից, որը 1993թ.-ից ի վեր ապրում է Լեռնային Ղարաբաղի շրջանը` Ռուսաստանի և Արևմուտքի օժանդակությամբ հայկական զորքերի գրաված իր տարածքի 20%-ը վերադարձնելու հույսով:

Թուրքիայի հանդեպ ադրբեջանական վրդովմունքի ծիրում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիային ներկայացրած Օբամայի պահանջին պատասխանեց ապրիլի 6-7-ին Ստամբուլում անցկացված քաղաքակրթությունների միջև երկխոսության համաժողովին մասնակցելուց հրաժարվելով` նշելով, որ Թուրքիայի կողմից այդ քայլը սխալ կլինի` հիշատակելով Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեբ Սեզերի հետ իր հոր` 2000թ. կնքած ռազմավարական համաձայնագիրը, որով կողմերը պարտավորվում են համակարգել իրենց դիմակայությունը հայկական լոբբիի գործողություններին Եվրոպայում և Ամերիկայում: Ալիևը Թուրքիայից պահանջեց բանի տեղ չդնել Օբամայի պահանջը` մինչև Հայաստանը հստակորեն չպարտավորվի Լեռնային Ղարաբաղի շրջանը վերադարձնել Ադրբեջանին:

Ադրբեջանը Թուրքիային տարեկան 300մլն դոլար է տրամադրում և ֆինանսավորելու է Ռուսաստանի ճանապարհով իր նավթի արտահանումը արտաքին աշխարհ: Դա մղեց Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանին փարատելու Ադրբեջանի մտավախությունները` հրապարակայնորեն հայտարարելով, թե անհնար է որևէ վերջնական համաձայնագրի կնքումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի վերաբացման վերաբերյալ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինիս և Ադրբեջանի միջև առկախ Ղարաբաղի հարցը մնում է չլուծված: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները պաշտպանեցին Էրդողանի դիրքորոշումը, շեշտելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը կախված է Ղարաբաղյան խնդրի լուծումից: Օրինակ, Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդի Հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը պնդեց, որ սահմանները պետք է բացել մեկ պայմանի պարագայում` այն երաշխիքների դեպքում, որ Հայաստանը վերջ է դնելու ադրբեջանական տարածքների մի մասի բռնազավթմանը: Մեծությամբ երկրորդ` Ազգային շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին շեշտեց «մեկ ժողովուրդ` երկու պետություններում» հայեցակետից չհրաժարելու անհրաժեշտությունը:

Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման գաղափարը ներկայումս Անկարայի օրակարգի առաջնահերթություններից է և նպատակ է հետապնդում ձերբազատել Թուրքիային մի այնպիսի պատմական ժառանգությունից, որն իր դժգույն ստվերներն է գցել Թուրքիայի վրա, մասնավորապես ԱՄՆ կոնգրեսի` ապրիլի 24-ից առաջ ակնկալվող նիստի կայացումից, որը նվիրված է լինելու Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցին: Սակայն Թուրքիան բախվում է այն խոր անհանգստությանը, որ ունի Ադրբեջանը, և որը հստակորեն հայտարարեց Թուրքիայի կողմից նման քայլ կատարելու վերաբերյալ իր անհամաձայնության մասին:

Այս բոլորից հետո դեռևս հարց է մնում, թե թուրքական դիվանագիտությանն ինչպե‍‍‍‍‍‍‍‍՞ս է հաջողվելու լուծել այս փաթեթը, երբ ինքը մնում է ԱՄՆ կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչման վտանգի սալի և Ադրբեջանի վրդովմունքի ու դրանից բխող` Ադրբեջանի մտավախությունների նկատմամբ խուլ ձևանալու մուրճի միջև, մանավանդ, որ ընդդիմադիր կուսակցությունները միասնաբար կարող են ներքին [քաղաքական] դաշտը շուռ տալ իշխող «Արդարություն» կուսակցության դեմ, որը տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններում չկարողացավ պահպանել նախորդ 7 տարիների իր ժողովրդականության ցուցանիշները:

Սակայն «Հյուրրիյեթ» օրաթերթը գրում է Մոսկվայում ս. թ. ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որը տեղի է ունենալու ամերիկյան կոնգրեսի նիստից առաջ, ընդգծելով, որ հանդիպումը կենտրոնանալու է գրավված Ղարաբաղի շրջանի վերաբերյալ Հայաստանի հետ հակամարտության վրա: Օրաթերթը պնդում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նույն օրը Մոսկվայում է գտնվելու, դրանով հասկացնելով, թե այս հանդիպումը կարող է մի երկարատև ճգնաժամի լուծման հույս ներշնչել:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 03 Հունիս 2009թ.-ին, ժամը 01:04

    Ս.թ. մայիսի վերջին Դամասկոսում կայացած Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների 36-րդ հավաքն ընդունել է հակահայկական բանաձևեր։ Այս փաստը վկայում է, մի կողմից, Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող դիվանագիտական գրոհի, մյուս կողմից՝ հայկական դիվանագիտության ապակողմնորոշվածության մասին։

    Թարգմանաբար ներկայացնելով արաբական աշխարհում, թերևս, ամենահեղինակավոր «Ալ-Ահրամ» օրաթերթում ս.թ. ապրիլի 13-ին լույս տեսած հոդվածը, ցավով նկատում ենք, որ ադրբեջանա-թուրքական քարոզչությունն այստեղ էլ է մեծ նվաճումներ արձանագրել։ Հատկապես, նկատելի են այն հանրաճանաչ կեղծիքները, ըստ որոնց Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի մոտ 20%-ը և իբր Թուրքիան այդ պատճառով է փակել Հայաստանի հետ սահմանը։

    Հայաստանի Հանրապետությունը պետք է կտրուկ աշխուժացնի իր դիվանագիտական աշխատանքը Մերձավոր Արևելքում՝ քանի դեռ չի կորցրել այնտեղ իր վերջին դաշնակիցներին։

  2. Edmonգրել է 04 Հունիս 2009թ.-ին, ժամը 05:59

    Դեռ 1979թ-ի Փարիզում կայացածԱռաջին Համահայկական Համագումարը շեշտել է իր բանձևերում արաբ հասարակության կարծիքի առաջնահերթությունը հայերիս համար և այս առումով մենք մեծ գործ ունենք անելու.
    Թուրք-ազերիները լավագույնս կարողանում են շահագործել արաբական աշխարհի կրոնական զգացմունքները,չնայաց նրան ,որ արաբները ևս բազմիցս տուժել են թուրանցի «հավատակիցներիծ».
    Հանճարեղ Հայ Հայկ Աստարյանը դիպուկ է նկատել ,որ եթե արաբները ու պարսիկները իսլամ ընդունելով աշխարհին նվիրեցին անվճելի հզոր քաղաքակրթություներ,ապա թուրքերը արատավորեցին իսլամի համբավը ամենսրբապիղծ ու հակաստվածային ոճիրներով.
    Միթե՞ Արշավիր Շիրակյանի կողմից զգետնված հայակեր բորենի Բեհեդին Շաքիրը չեր հայհոյում Մուհամեդ Մարգարեին հոխորտալով թե «եթե՞ Մուհամեդի նման որբը համաշխարհային կոն հիմնեց մենք ուսյալ թուրքերս չպիտի կարողանանք Թուրանի կրոն հիմնել».
    Միթե՞ թուրքերի կուռք Քեմալ Աթաթուրքը արմատախիլ չարեց ավանդապաշտ իսլամը Թուրքիայում.
    Միթե՞ Թուրքիային արաբների ամենամեծ ոսոխ Իսրաելի դաշնակիցը չե.
    Թուրք-արաբական բազմաթիվ կնճռոտ հարցեր կան և դրանցից անհրաժեշտ է հնարավորինս օգտվել զորաշարժելով տեղի հայ համայնքերը.

    Սակայն ամենակարևոր քայլը պիտի անի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը չե ,որ օտարները խորամուխ չեն լինում մեր հարցերի մեջ և շատ դեպքերում մակերեսորեն եզրակացություների են հանգում.
    Այդ ամենի ամենամեծ մեղավորը մենք ենք քանզի այս հոդվածի ողջ տրամաբանությունը մեր որդեգրած դիրքից է բխում.
    Համոզված եմ հայկական թերթերն էլ նման ոչ ճիշտ եզրահանգման կհանգեին եթե Սիրիան կամ Լիբանաը հայտարարեին Իսրաելի հետ առանց նախապայմաների բանակցելու և սահման բացելու մասին.

  3. zakգրել է 13 Հուլիս 2009թ.-ին, ժամը 08:22

    Ցավոք մեր խղճուկ պետության,խղճուկ ու գաճաճիկ կառավարությունը ոչ Լիբանանի կառավարություն է և ոչ էլ Սիրիաի: Մենք նման ենք այն կալանավորին,որը լինելով գաղութում սահմանափակ ազատության մեջ,ցանկացավ գաղութի ադմինիստրցիայից կորզել ազատություն և գաղութի տարածքի մի մասը: Այդ ամենը ադմինիստրացիան համարեց դավաճանություն,քցեց քացու տակ,ջարդեց ու փակեց ավելի նեղ ու անհարմար խցում,որը ուներ չորս դուռ դեպի արտաքին աշխարհ,որոնցից երկուսը փակ են(Թուրքիա,Ադրբեջան),կախովի մեց կողպեքներով,այն մի դռնով բերում են սահմանափակ քանակությամբ անհրաժեշտ պաշար(Վրաստան),ահավոր թանկ հաճույք դարձնելով բռնավորի համար,բայց դա չի օգնում լուծել այդ բռնավորի բոլոր պրոբլեմները:Այն մյուս դուռն ել նման է փրկության դռան(Իրան),բայց դեռ հուսալի չէ և ամբողջովին բռնավորին տալ ազատություն նա չի կարող,և այստեղ բռնավորին մնում է գիտակցել իր աննախանձելի իրավիճակը ու խնդրել բացել ամենակենսունակ դուռը,նսեմանալով ամբողջ բռնավորների աչքին,աղաչելով ադմինիստրացիային անհապաղ բացել դուռը առանց նախապայմանների:Երբ բացելուց հետո նա կգտնվի ազատության մեջ, այդ ժամանակ էլ կպայմանավորվեն նախապայմանների շուրջ:Դուռ բացող փակողն էլ ասում է,որ դու այստեղ հայտնվելուց առաջ գրավել ես նախկինում իմ եղբորը պատկանող մանկապարտեզն իր տարածքներով (Լեռնային Ղարաբաղ),ու պիտի հետ տաս,հետո ես կմտածեմ բացե՞մ,թե՞ փակ թողնեմ դուռը:Ու հիմա բռնավորը մտածում է ի՞նչ անի,կամ ի՞նչ ասի,չէ՞ որ այդ մանկապարտեզի երեխաները մեծացել են ու ունեն իրենց շահերը և թքած ունեն թե’ դռան բացող փակողի վրա,թե’ բռնավորի ազատության վրա…