May 20 2009
Թուրքիան փորձում է մեղմել ադրբեջանցիների անհանգստությունը` Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ
Տպել այս հոդվածը«Ռոյթերս», 13 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Աֆեթ Մեհթիևա (Afet Mehtiyeva)
Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը խոստացավ մահմեդական դաշնակից Ադրբեջանին, որ Անկարան չի բացի Հայաստանի հետ իր սահմանը, մինչև Հայաստանը չդադարեցնի իր ազդեցիկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղի անկլավի համար վեճում:
Էրդողանը Բաքու էր այցելել` մեղմելու Թուրքիայի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող թշնամանքին վերջ դնելուն ուղղված հաշտեցման քայլերի շուրջ Ադրբեջանի անհանգստությունները: Դրանք խուճապ են առաջացրել Ադրբեջանում, որը ցանկանում է նախ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` տարածք, որի համար 1990-ականներին պատերազմել է էթնիկ հայ անջատականների դեմ:
Թուրքիան հույս է հայտնել, որ Հայաստանի (որն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմին) հետ հարաբերությունները բարելավելու քայլերը չեն վնասի Ադրբեջանի հետ ծրագրած էներգետիկ նախագծերին:
Դրանց թվում է Եվրամիության կողմից հովանավորվող Նաբուկո գազատարի ծրագիրը, որի նպատակը Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կրճատելն է:
«Այստեղ պատճառահետևանքային կապ կա: Ղարաբաղի բռնազավթումը պատճառն է, իսկ սահմանի փակումը` դրա հետևանքը: Մենք անհնար ենք համարում սահմանի բացումը, մինչև չվերացվի բռնազավթումը»,- հայտնել է Էրդողանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Սա Էրդողանի առաջին այցն էր Ադրբեջանի մայրաքաղաք` անցյալ ամիս Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով «ճանապարհային քարտեզի» մասին համատեղ հայտարարությունից հետո: Այդ «Ճանապարհային քարտեզի» մաս կարող է կազմել 1993 թվականին փակված սահմանի վերաբացումը:
Անկարան և Երևանը մի քանի ամիս ներգրավված էին բարձր մակարդակի բանակցություններում` այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անցյալ տարի դարձավ Հայաստան այցելած առաջին թուրք պաշտոնյան:
Երկարատև վեճ
Ձնհալը երկու հարևանների հարաբերություններում, հարևաններ, որոնց միջև վեճը վերագրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածներին, կնպաստեր Կովկասում կայունության հաստատմանը: Թուրքերը նշում են, որ սպանվել են նաև մեծ թվով մահմեդականներ և հերքում են ցեղասպանությունը:
Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանն` ի նշան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի հետ համերաշխության: Ադրբեջանը լեզվական և մշակութային կապեր ունի Թուրքիայի հետ և անհանգստանում է, որ սահմանի վերաբացումը կարող է թուլացնել իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:
Էրդողանը հորդորել է այսպես կոչված Մինսկի խմբին, որը ստեղծվել է 1992 թվականին և որի համանախագահներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, նոր լիցքեր հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրենց ջանքերին:
Էրդողանը, որ Բաքու էր այցելել Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի և այլ նախարարների ուղեկցությամբ, հայտնել է, որ երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են Ադրբեջանից գնվող բնական գազի գինը:
2007 թվականին, Ադրբեջանի Շահ-Դենիզ հանքավայրից սկիզբ առնող գազատարի շահագործումից ի վեր, Թուրքիան տարեկան շուրջ 6 միլիարդ կուբամետր բնական գազ է գնում Կասպիական ավազանից: Այդ գազի որոշ մասը, որ Թուրքիան գնում է զեղչով, հոսում է դեպի Հունաստան: Թուրքիան ցանկանում է ևս 8 միլիարդ կուբամետր գազ ստանալ Ադրբեջանից:
7,9 միլիարդ եվրո արժեցող Նաբուկո նախագծի գործընկերները, որոնց նպատակն է կրճատել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից, ցանկանում են, որ 2013 թվականին, Նաբուկոյի բացվելուց հետո, ադրբեջանական գազը հոսի այդ խողովակով:
Ի վերջո, Նաբուկոն Կասպիական ավազանից և Մերձավոր Արևելքից կփոխադրի շուրջ 30 միլիարդ կուբամետր գազ, որը կբավարարի Եվրոպայի գազի պահանջարկի շուրջ 5 տոկոսը:
1 մեկնաբանություն
Ռոյթերս միջազգային լրատվական գործակալության` հայ-թուրքական միջպետական վերջին զարգացումներին վերաբերող այս հրապարակումը ծառայում է միայն թուրք-ադրբեջանական թյուր տեսակետներն ու պետական կեղծ քարոզչությունը տարածելուն: Այն միակողմանի և խեղված է ներկայացնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտության էությունը, պատմությունն ու ընթացքը:
Արծարծվող խնդիրների վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական կամ ոչ պաշտոնական որևէ տեսակետ կամ դիրքորոշում ի սպառ բացակայում է: Արցախյան հիմնախնդրի և Ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրք-ադրբեջանական համաձայնեցված քաղաքականությունն ու քարոզչությունը ներկայացված են որպես Ռոյթերսի թղթակցի` այդ խնդիրները «լուսաբանող» շարադրանքներ:
Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը ներկայացնելով որպես սահմանի փակում` «ի նշան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի հետ համերաշխության»` հոդվածագիրը բառացիորեն արդարացնում է Թուրքիայի` միջազգային նորմերը խախտող ապօրինի վարքը, ինչն ընթերցողի մոտ կարող է բնականոն, օրինավոր և արդարացված քայլի տպավորություն ստեղծել:
Հետևյալ պարբերությունն այս հրապարակման առավել ուշագրավ հատվածներից է.
«Ձնհալը երկու հարևանների հարաբերություններում, հարևաններ, որոնց միջև վեճը վերագրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածներին, կնպաստեր Կովկասում կայունության հաստատմանը: Թուրքերը նշում են, որ սպանվել են նաև մեծ թվով մահմեդականներ և հերքում են ցեղասպանությունը»:
Այստեղ հայ-թուրքական հակամարտության էությունն ու պատմությունը, ասել է թե` Հայկական հարցը նվազեցված է որպես միայն «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածների» խնդիր, նույնիսկ` ոչ որպես Ցեղասպանության ճանաչման հարց: Ոչ մի հիշատակում չի արվում այն մասին, որ առնվազն հայերն այդ «զանգվածային կոտորածները» կոչում են Ցեղասպանություն և որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք երկրների, կազմակերպությունների և գիտնականների կողմից: Սակայն, մինչդեռ հոդվածագիրն այս համատեքստում չի հիշատակում Ցեղասպանություն բառը, հաջորդ իսկ նախադասությամբ շտապում է անուղղակի հերքել այն` շեշտելով, թե «Թուրքերը նշում են, որ սպանվել են նաև մեծ թվով մահմեդականներ և հերքում են ցեղասպանությունը»: Խնդրից անտեղյակ ընթերցողին մնում է միայն ենթադրել, որ կատարվածը երևի ցեղասպանություն էր, որը հերքում են թուրքերը:
Վերոբերյալ պարբերության մեջ առկա է թուրքական ժխտողական քարոզչության ևս մեկ դրույթ. ըստ շարադրանքի` հայերի «զանգվածային ջարդերն» իրականացրել են «օսմանյան թուրքերը», այլ ոչ թե` Օսմանյան Թուրքիան: Այս թեզը շրջանառության մեջ դնելով և այն ամրապնդելով միջազգային հասարակական կարծիքում` Թուրքիան և նրա շահերը սպասարկող արևմտյան այսպիսի ԶԼՄ-ները փորձում են ի սպառ հանել Թուրքիա պետության վրայից Հայոց ցեղասպանության մեղքն ու պատասխանատվությունը` դա վերագրելով անորոշ, սահմանման և ճշտորոշման չենթարկվող, միջազգային օրենքի սուբյեկտ չհանդիսացող, հետևաբար նաև` քրեական պատասխանատվության չենթարկվող մարդկային խմբի:
Հոդվածագիրը հավատարիմ չի մնում անաչառ լրագրության սկզբունքին նաև Արցախյան հակամարտությունը մեկնաբանելիս: Ըստ այդմ էլ, հոդվածում գլխիվայր շրջված է Արցախյան հակամարտության և Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ մղվող թշնամական քաղաքականության պատճառահետևանքային կապը:
Հեղինակն ասես գովասանքի է արժանացնում Թուրքիայի նախագահ Գյուլի` Հայաստան այցելելու փաստը, ինչն ընթերցողը ենթադրաբար պիտի ընկալի իբրև բարի կամքի դրսևորում առ Հայաստան և հայ ժողովուրդ: Բնականաբար չի նշվում, որ այս պարագայում բարի կամքի դրսևորումը (այն էլ` անհարիր, չարդարացված) ոչ թե Թուրքիա պետության կամ նրա նախագահ Գյուլի, այլ Հայաստանի կողմից էր, քանի որ վերջինս թույլ տվեց, որ իր ժողովրդի դեմ Ցեղասպանություն գործած և այն ժխտող ու չպատժված դահիճ երկրի նախագահը ոտք դնի զոհի երկիր` պղծելով Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը: Այսինքն, կրկին գլխիվայր շրջված են զոհի և դահճի դերերը:
Ընդհանրապես, ինչպես այս, այնպես էլ միջազգային մամուլի բազմաթիվ նմանատիպ հրապարակումներում շարունակ շեշտվում ու գովասանքի են արժանանում միայն Թուրքիայի կողմից իբր Հայաստանին արվող, իրականում` գոյություն չունեցող բարի կամքի դրսևորումները: Չեն հիշատակվում և չեն դրվատվում հայկական կողմի բարի կամքի դրսևորման օրինակները (ինչպիսին է` Գյուլին Հայաստանում ընդունելու փաստը) և նույնիսկ ՀՀ իշխանությունների ոչ մի կերպ չարդարացված զիջումները և դրանք անելու պատրաստականության դրսևորումները: Այս իրողությունը ևս պետք է հուշի պաշտոնական Երևանին, որ ազգային և պետական արժանապատվությունը ոտնահարող անհարիր քայլերով (առավել ևս` անթույլատրելի, կործանարար զիջումներով) Արևմուտքին հաճոյանալու ջանքերը զուր են ու չարդարացված: Դրանք նույնիսկ չեն գնահատվում արևմտյան մամուլում, էլ ուր մնաց, որ դրանք գնահատեն նրանց պետական գործիչները կամ կառույցները:
Հոդվածում թուրք-ադրբեջանական հարաբերություններում բնական գազի գործոնն այնպես է ներկայացվում, որ ասես` եթե չլիներ Թուրքիայի` ադրբեջանական գազից կախվածությունը, ապա Թուրքիան կմեղմեր իր դիրքորոշումը Արցախյան հարցում կամ կապաշրջափակեր Հայաստանը: Սա թյուիմացություն է և հայ-թուրքադրբեջանական հակամարտության զուտ հատվածական, ընտրողական ու միագործոն «վերլուծություն»: Հայ-թուրքադրբեջանական հակամարտությունն անհամեմատ ավելի լուրջ, ծավալուն ու բարդ է, քան ադրբեջանական գազով և Նաբուկո գազատարի շահագործմամբ Թուրքիայի հետաքրքրվածությունը:
Եվ վերջապես, հերթական անգամ մեջբերվում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրում` այն, որ Թուրքիան չի «բացի» Հայաստանի հետ սահմանը, մինչև վերջինս չդադարեցնի Արցախի «բռնազավթումը»: Սա թուրք պաշտոնյաների վերջին շրջանում խնդրի առնչությամբ արված բազմաթիվ հայտարարություններից մեկն է միայն. եղել են նաև դրան հաջորդող նույնաբովանդակ հայտարարություններ, մասնավորապես` Լեհաստանի Գդանսկ քաղաքում համալսարանականների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ:
Ի՞նչ հիմքերով է պաշտոնական Երևանը շարունակում պնդել` մոլորեցնելով հայ ժողովրդին` թե իբր հայ-թուրքական միջպետական վերջին «զարգացումներն» ընթանում են առանց նախապայմանների, և թե իբր Արցախի խնդիրը Հայաստանին ներկայացվող թուրքական նախապայմանների մաս չի կազմում: