Nov 04 2008

Հայաստան. Պետություն, որին արտագաղթը ուժաքամում է և որին սփյուռքը կենդանի է պահում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ալ-Հադարա» արաբերեն եռամսյա, Լոս Անջելես
Գարուն 2008

Երևանում մարդը երեկոյան կարծում է, թե Հարավային Եվրոպայի զբոսաշրջային կոսմոպոլիտ համալիրներից մեկում է գտնվում. Ճաշակավոր հագած տղամարդիկ և կանայք զբոսնում են Աբովյան փողոցում՝ 19րդ դարի շենքերում հանգրվանած մասնավոր հյուրանոցներին զուգահեռ։ Լուսավոր պաստառները խաղատների ճանապարհներն են ցույց տալիս։ Հավկթաձև ու կառավարական շենքերով շրջապատված Հանրապետության հրապարակի սրճարաններում խայտաբղետ մի բազմություն զրուցում է անգլերենով, ֆրանսերենով, արաբերենով ու հայերենով։ Հայկական սփյուռքը սիրում է ինքնացուցադրվել։ Կանադահայ Ալիս Դովլաթյանը օրվա հոգնությունից հանգստանում է քաղաքի տեսարժան վայրերից մեկն եղող «Արմենիա» հյուրանոցի սրճարանում։

Նա մեզ պատմում է, թե ինք վերջին տասը տարիներին ամեն տարի Հայաստան է այցելում։ Հայերը 600 տարի շարունակեցին երազել անկախ երկիր ունենալ, և երազն իրականություն դարձավ։ Սփյուռքի համար, «հայրենիքը» ինչ-որ չափով երաշխիք է, թե իր ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը չեն վերանալու։ Սա է այն պատճառը, որ նրան մղեց նորանկախ հանրապետության կերտմանը մասնակցելու Սովետական Միության փլուզումից հետո։ Սփյուռքը ֆինանսավորեց հիվանդանոցներին ու եկեղեցիներին, կառուցեց ճանապարհներ ու դպրոցներ, համալսարաններն օժտեց համակարգչային սարքերով։ Քաղաքական տեսակետից՝ սփյուռքը և ոչ թե ներսի հայությունը եղավ շարժիչ ուժը։
Օրինակ, Միացյալ Նահանգներում ծնված փաստաբան Րաֆֆի Հովհաննիսյանը երկիր վերադարձավ 1988 թվականին, որը սոցիալական մեծ հեղաշրջումների ժամանակաշրջան էր. պատերազմը նոր-նոր էր սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև և հին վարչակարգը աստիճանաբար փլուզվում էր Երևանում։ Իր վերադարձից մի քանի ամիս անց, Հովհաննիսյանը արտաքին գործերի նախարար դարձավ առաջին անկախ կառավարության մեջ։ Մեզ հետ իր զրույցում նա հիշեց, թե ինք ավելի քան հարյուր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել և նպաստել Ղարաբաղում խաղաղության նախապաատրաստման գործընթացին։
Սփյուռքը հսկայական ազդեցություն ունեցավ նաև մշակույթի բնագավառում։ Օրինակ, բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հելեն Հակոբյանը հայտնում է, թե ներսի հայերն անմիջապես վերցրին այցելուների հագուստի ճաշակը և հրաժարվեցին սովետական արտադրության դժգույն հագուստներից։ Սփյուռքը, մասնավորաբար, դարձավ «արտաքին աշխարհին բացված միակ լուսամուտը» Ղարաբաղի մարզում ընթացած պատերազմի ծանր տարիներին։
Ըստ վիճակագրությունների՝ արտասահմանի հայության մեծագույն մասն ապրում է Ռուսաստանում (երկու միլիոն հոգի), իսկ Արևմուտքի ամենից կարևոր գաղթօջախները գտնվում են Միացյալ Նահանգներում (մեկ միլիոն հոգի) և Ֆրանսիայում (350-400 հազար հոգի)։
Պատմության ինստիտուտից 1  պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանը նշում է, որ Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներից Լիբանանի, Իրանի և Սիրիայի գաղթօջախներն առանձնանում են իրենց աշխուժությամբ։ Օրինակի համար, Լիբանանում լույս տեսնող հայկական թերթերի քանակը գերազանցում է Սովետական Հայաստանում լույս տեսած թերթերին  2 Մշակութային արմատական տարբերություններ կան ֆրանսահայի ու իրանահայի, ամերիկահայի ու լիբանանահայի միջև, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անատոլիայի հայ ժողովրդի բռնագաղթը նրանց բոլորին միավորում է ու ընդհանուր ինքնություն հաղորդում։ Հայկական հավաքական գիտակցության մեջ սա ցեղասպանություն է համարվում։ (2001թ.) սեպտեմբերի վերջին այս երկիր իր այցի ժամանակ, պապը ոգեկոչեց նահատակների հիշատակը և մատուցեց պատարագ, որի ընթացքում աշխարհի հայության ամենահռչակավոր դեմքը՝ Շարլ Ազնավուրը «Ավե Մարիա»-ն երգեց։

Վարչակարգն այսօր նոր ու ինտենսիվ արտագաղթի ալիք է դիմագրավում։

Արդյո՞ք անկախ Հայաստանը առանց ժողովրդի հանրապետության և կորած ու լքված հայրենիքի է վերածվելու։ Հովհաննիսյանի կարծիքով՝ քաղաքական վերնախավին պետք է հարց տալ, թե ինչո՞ւ քաղաքացիներն իրենց իշխանավորների նկատմամբ հավատքը կորցրել են։ Երևանի համալսարանի անցկացրած վիճակագրության համաձայն՝ 1992-1999 թվականներին 800 հազարից մեկ միլիոն հայ (ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ քառորդը) արտագաղթել է։ Սրանց 60 տոկոսը բարձրագույն վկայական ունի, և նրանց մեծագույն մասը աշխատանքային տարիքում է գտնվում։ Փորձագետներն «ժողովրդագրական աղետ» են որակում արտագաղթի այս նոր հոսանքը, որի հիմնական պատճառը գործազրկությունն է։
Սակայն, թվում է, թե հայերը կոռուպցիայով և ավանդական արժեքների վերացումով բնորոշվող ներկա իրավիճակի բարելավման ամեն հույս կորցրել են։ Այս գաղթականների մի մասը փորձում է տնտեսական պատճառներով քաղաքական ապաստան ստանալ Արևմտյան Եվրոպայում կամ Կանադայում, սակայն նրանց մեծ մասը Ռուսաստան է ուղղվում։ Եթե նրանց թիվն ավելացնենք հին սփյուռքի անդամներին, ապա դուրս կգա, որ հայ ժողովրդի կեսից ավելին այսօր Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է ապրում։ Երբ մեկը Երևանը թողնելով հյուսիս ուղղվի, հայկական լեռնային շրջաններում աղքատության ահավոր չափը կտեսնի. Ճանապարհի երկու կողմում ձորաշատ, բայց ծառազուրկ հսկայական տարածքներ կերևան։
Հայաստանն անհիշատակ ժամանակներից ծանոթ է իբրև «քարերի երկիր»։ Քարը տեսադաշտում է ամենուրեք՝ իր սև, մոխրագույն, նարնջագույն և կարմիր գույներով։
1988 թվականին երկիրը հարվածած հզոր երկրաշարժի պատճառով, կործանվեց Սպիտակը, որ Արագած լեռան ստորոտին գտնվող սովետական արդյունաբերական նախկին կենտրոն էր։ Միջազգային կազմակերպություններն այդ ավերակների կողքին նոր շենքեր կառուցեցին, իսկ ամերիկյան կազմակերպություններ ֆինանսավորեցին թիթեղաշեն մի եկեղեցու կառուցումը, ինչը մարդկանց հնարավորություն ընձեռեց թաղելու իրեց մեռելներին։ Այս աղետի պատճառով քաղաքի բնակիչներից ավելի քան չորս հազար հոգի զոհվեց։
Սպիտակի նոր կենտրոնը մարդու վրա առաջին հայացքից այն տպավորությունն է թողնում, որ քաղաքը հաղթահարել է իրեն հարվածած փորձանքին, քանի որ այլևս ավերակներ չեն երևում, քաղաքը Երևանին կապող երկաթուղին նորից է գործում, նաև մի նոր եկեղեցի կա կենտրոնում, իսկ քաղաքապետարանի շենքերը քիչ-շատ զվարթ տեսք ունեն։ Այս քաղաքը իրար գրեթե հաջորդած երեք աղետի ենթարկվեց. երկրաշարժն սկզբում կործանեց տրիկոտաժի, շաքարի և կաթնեղենի ֆաբրիկաները, 1991 թվականին Սովետական Միության փլուզումը ի չիք դարձրեց սոցիալական ապահովության, առողջապահության և թոշակների համակարգերը, իսկ մինչև 1995 թվական տևած Հայաստանի մեկուսացումը Սպիտակին խեղդեց թշվառության մեջ, ինչի հետևանքով քաղաքի բնակչության կեսն արտագաղթեց և միայն ծերերը, երեխաներն ու հաշմանդամները մնացին։
—————–

  1. Բնագրում՝ Պատմության ակադեմիա, որը սխալ է («Արարատ» ՌԿ):
  2. Վլ. Բարխուդարյանին վերագրվող այս տեղեկությունը հիմնովին սխալ է («Արարատ» ՌԿ):

Comments Off on Հայաստան. Պետություն, որին արտագաղթը ուժաքամում է և որին սփյուռքը կենդանի է պահում

Այս էջում չկա մեկնաբանություններ