Nov 24 2008

Մեզ համար որևէ խոչընդոտ չկա

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Բի Բի Սի Թրքիշ սրվիս», 28 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` BBC Turkish Service
Մուրատ Բայքարա (Murat Baykara)

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԲիԲիՍի թուրքական ծառայությանը տված հատուկ հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար որևէ խոչընդոտ չի տեսնում։

«Չեմ կարող չասել, որ Թուրքիայի հետ մեր հաշտեցումից ոչ բոլորն են գոհ»։ Սակայն որպես երկու երկների առաջնորդներ` պատրաստ ենք արտասովոր որոշումներ ընդունել»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ ասում էր այս խոսքերը` հատկապես նկատի ունենալով հայկական սփյուռքը, արդյո՞ք կարող է ասել, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը մոտ է։ Երկօրյա աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նալբանդյանի հետ մեր հատուկ հարցազրույցում հենց այս հարցի պատասխանն էինք փնտրում։

Ինչպես հայտնի է, երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը սկսվել են նախագահ Աբդուլլահ Գյուլի հոկտեմբերի 6-ի այցելությամբ՝ ֆուտբոլային դիվանագիտությամբ։

Այդ օրերին Թուրքիան, Վրաստանի ճգնաժամի պատճառով, մեջտեղ բերեց Կովկասյան պլատֆորմի առաջարկը, և Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոտեմբերի 26-ին հանդիպեցին Նյու Յորքում։ Հիմնական հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման որոնումն իրականացվելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարագավորման որոնմանը զուգահեռ։ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց այսպես՝ «Կտրականապես՝ ոչ»։

«Մինսկի համար այլընտրանք չենք փնտրում»

«Երեք նախարարների հանդիպումը հարգարժան Բաբաջանի միտքն էր։ Այն առաջարկվեց Երևանում մեր հանդիպման ընթացքում, Թուրքիայի` Կովկասյան հարթակի մասին առաջարկի քննարկման նպատակով։ Ես էլ ասացի՝ ինչո՞ւ ոչ։ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում միայն խոսեցինք Կովկասյան պլատֆորմից»։

«Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրները Մինսկի գործընթացում ենք ներառում։ Սա միջազգային հանրության կողմից աջակցություն վայելող ազդեցիկ կառույց է։ Եվ նոր անիվ հորինելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ կարիք ունենք»։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարի նշած Մինսկի խումբը կյանքի կոչվեց 1994թ., Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարից հետո՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո, որին անդամակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Չնայած մի շարք դիտորդներ մտածում են, որ 14 տարվա ընթացքում բոլորվին ճանապարհ չի հարթվել, սակայն Էդվարդ Նալբանդյանն այս հարցում դրական է արտահայտվում։

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումները կաշխուժանան։ Սակայն այս ամենը չի առնչվում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն սկսվել է, և այս հարցում ես վերին աստիճանի լավատես եմ»։

«Ռուսաստանի կեցվածքը դրական է»

Երևանի կառավարության այս մոտեցումը ինչպե՞ս է գնահատում տարածաշրջանի ամենաուժեղ դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Երբ մտածում ես, որ Ռուսաստանն այստեղ 2 բազա և 2 հազար զինվոր ունի, այդ հարցը ձեռք է բերում կարևոր նշանակություն։

Ինչպե՞ս պետք է մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդ Մեդվեդևի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև նախաձեռնած հանդիպումը` որպես նոր սկզբի համար նախադրյալներ ստեղծելու նախաձեռնություն։ Ըստ Հայաստանի Արտաքին գործերի նախարարի` Կրեմլը նույնպես խնդրի լուծման նպատակով է միջնորդել այդ հանդիպումը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը միշտ կառուցողական է եղել։ Չպետք է մոռանալ, որ 1994թ. զինադադարի համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ է իրականացվել։ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության մեկ այլ օրինակ էլ 2001 թվականն է։ Ֆրանսիայի, հատկապես նախագահ Շիրակի ներգրավմամբ` շատ մոտ էինք արդյունիքին»:

«Սակայն Ադրբեջանն այն մերժեց։ Նախագահ Հեյդար Ալիևն ասաց, որ Ադրբեջանի հասարակությունը դրան պատրաստ չէ»։

«Ադրբեջանում մթնոլորտը վտանգավոր է»

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԲիԲիՍի թուրքական ծառայությանը տված հատուկ հարցազրույցում հոռետեսություն արտահայտեց թերևս միմիայն Ադրբեջանի հասարակության հարցում։

«Ադրբեջանի հասարակությունն այժմ լուծմանը պատրաստ չէ՞» մեր հարցին Նալբանդյանը հետևայլ պատասխանը տվեց.

«Ցավոք, Ադրբեջանում արվող հասարակական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 30 %-ը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը։ Սա շատ վտանգավոր է: Հայաստանում պատերազմին կողմնակից անգամ մեկ մարդ չեք կարող գտնել։ Չեմ կարծում, որ ուրիշ մի երկրում էլ կգտնեք։ Սա ռազմատենչ քարոզչության արդյունք է»:

«Ըստ իս՝ Հարավային Օսիայի իրադարձությունները, Ադրբեջանի կառավարության շրջանում սառը ցնցուղի ազդեցություն ունենալով` կարող են նպաստել ադրբեջանցիների կողմից ռազմատենչ քարոզչության դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, քաղաքական լուծմանը»։

«Թուրքիայի և մեր առջև որևէ խոչընդոտ չկա»

Գալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին` անձամբ նախագահ Սարգսյանի կողմից ասվել է, որ Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի։ Սարգսյանը դրական է վերաբերվում Թուրքիայի` 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով հիմնելու խնդրին։

Թուրքիան էլ, դրա դիմաց` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություն հաստատելու կամք է դրսևորում։

Երկու երկրերի միջև դեռևս քննարկման ենթակա Լեռնային Ղարաբաղի խնդրից բացի որևէ խնդիր չկա՞։ Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ ոչ։

«Ենթադրում եմ, որ մեր հարաբերությունների կարգավորման համար որևէ իրական խոչընդոտ չկա։ Նախ և առաջ, սպասում ենք մեր հարաբերությունների կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը։ Դրանից հետո էլ, կողմ ենք միջպետական հանձնաժողովների ստեղծմանը, որտեղ կարող են քննարկվել երկկողմ հարաբերություններում առկա բոլոր խնդիրները»։

«Սփյուռքի գործոնը»

Թե՛ Թուրքիայում և թե՛ Հայաստանում մի շարք մարդկանց հուզում է հետևյալ հարցը. ինչպե՞ս համոզել հայկական Սփյուռքին։ Արտաքին գործերի նախարար Նալբանդայնը հարցը չի թերագնահատում, սակայն ընդգծում է, որ իրենք ունեն անհրաժեշտ խիզախությունը։

«Սփյուռքն իր բնակչությամբ 2/3-րդ-ով գերազանցում է Հայաստանին։ Ինչպես չենք անտեսում Հայաստանի կամ թուրք հասարակության տեսակետները, այնպես էլ չենք անտեսում Սփյուռքի տեսակետները»։

«Չեմ կարող չասել, որ Թուրքիայի հետ մեր հաշտեցումը չի կարող երջանկացնել բոլորին։ Ենթադրում եմ, որ երկու երկրների առաջնորդներն ստանձնելու են պատասխանատվություն և մեր ժողովուրդների ու մեր տարածաշրջանի շահերի համար կընդունենք արտասովոր որոշումներ»։

One response so far

1 մեկնաբանություն

  1. Aramգրել է 24 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 18:59

    турки просто хотять в очередной раз вшибать клин между разними частями армянского народа, натравливая груг против друга. Мы должны быть только едины и ниделимы. они просто играют на противоречиях которые к сожелению у нас есть.