Nov 25 2008
Թուրքիա-Միացյալ Նահանգներ. վերադարձ Քլինթոնի ժամանակներին

«Հուրիյեթ», 7 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Hurriyet)
Բարչին Յինանչ (Barcin Yinanc)
Բարակ Օբամայի` ԱՄՆ նոր նախագահ ընտրվելուց հետո, Թուրքիան և Միացյալ Նահանգները կարող են շրջել իրենց հարաբերությունների ներկա էջը և մտնել համագործակցության նոր ժամանակաշրջան, որ կհիշեցնի Քլինթոնի նախագահության տարիները:
Ընտրություններում Օբամայի հաղթանակն, անկասկած, լավատեսության ալիք է բարձրացրել աշխարհի յուրաքանչյուր անկյունում` երբեմն հասնելով նույնիսկ բերկրանքի: Ժողովրդավարական յուրաքանչյուր հաղթանակ` անկախ թեկնածուից, պետք է որ ցնծությամբ ընդունվեր Ամերիկայից դուրս` խաղաղությանն այդքան վնաս հասցրած` Բուշի ութ տարիների վարչակազմից տուժած լինելով:
Սակայն սխալ կլինի կարծել, թե լավատեսությունը պայմանավորված է միայն հանրապետական վարչակազմից վերջապես ազատվելու ուրախությամբ: Օբամայի արտաքին քաղաքականության տեսլականը ևս նպաստում է աշխարհում տիրող լավատեսությանը, լավատեսություն, որ առնչվում է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագային:
Կա համընդհանուր համոզմունք, թե երկու կողմերի միջև հարաբերություններն ավելի լավ են եղել հանրապետական և ոչ թե` դեմոկրատական վարչակազմերի օրոք: Սակայն աշխարհը փոխվել է, փոխվել են նաև Միացյալ Նահանգներն ու Թուրքիան: Եթե ոչ վաղ անցյալում, Քլինթոնի վարչակազմի օրոք, թուրք-ամերիկյան հարաբերությունները թևակոխել էին իրենց ամենապայծառ ժամանակաշրջաններից մեկն, ապա հանրապետական Բուշի վարչակազմի տարիներին` շատ լուրջ ճգնաժամերի դեմ առան:
Եթե Օբաման կարողանա իրագործել իր տեսլականը, և ակներևաբար, եթե Անկարան կարողանա ըմբռնել այդ տեսլականն ինչպես հարկն է, այդ դեպքում, Օբամայի նախագահության արդեն իսկ առաջին քառորդում այդ հարաբերությունները կարող են հասնել ռազմավարական մակարդակի` հիմնվելով փոխադարձ շահերի և համագործակցության վրա:
Օբամայի արտաքին քաղաքական գերակայություններն աշխարհագրորեն ներառում են տարածքներ, որոնց հարում է Թուրքիան: Բացի այդ, Օբամայի այն տեսլականը, թե ավելի լավ է ներգրավված լինել խնդրի լուծման մեջ, քան լինել ինքը խնդիրը, և կիրառել խաղաղ միջոցներ, և ոչ թե` ուժի գործադրման սպառնալիք, համընկնում է Թուրքիայի սեփական տարածաշրջանային տեսլականին: Անկասկած, նոր վարչակազմն ավելի ուշադիր կլսի Թուրքիայի կարծիքները, քանի որ ստիպված է համագործակցել նրա հետ` աշխարհին առավել սպառնացող գլխացավանքների` Իրանի, Իրաքի, Աֆղանստանի հարցերի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ փակուղային իրավիճակը հաղթահարելու համար:
Օբաման, անկասկած, ավելի բարեհաճ կլինի Իրաքի քրդերի ձգտումների ու պահանջների նկատմամբ: Սակայն մի վարչակազմ, որ ցանկանում է հնարավորինս շուտ լքել Իրաքը, շուտով կգիտակցի, որ չի կարող իրականացնել իր նպատակն` օտարելով թուրքերին և Իրաքի սունիներին ու շիաներին:
Ակնհայտ է, որ կլինեն խնդիրներ, որոնք դժգոհություն կառաջացնեն Թուրքիայի պահպանողական շրջանակներում: Նոր վարչակազմն ավելի քիչ հանդուրժողականություն կցուցաբերի մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ` լինեն դրանք խոսքի ազատության դեմ հալածանքներ թե սահմանափակումներ: Փոքրամասնությունների իրավունքներին առնչվող խնդիրները, մասնավորապես հունական համայնքի` Հալկիի ճեմարանը բացելու խնդրանքը, կվերադառնան երկկողմ հարաբերությունների օրակարգ:
Քրդական հարցի առնչությամբ մենք կսկսենք լսել հայտատարություններ, որոնցում կոչ է արվում մարդասիրական ջանքեր գործադրել` տեղի բնակչությանը հաշտեցնելու համար, և ոչ թե դիմել ռազմական միջոցառումների: Այս բոլոր հարցերը սեղանին էին Քլինթոնի նախագահության շրջանում, սակայն չեն խոչընդոտել ռազմավարական գործընկերությունը:
Հակազդող ռեֆլեքսների փոխարեն, Թուրքիան պետք է բաց լինի այս կոչերին, մինչդեռ Օբամայի վարչակազմը պետք է հիշի, որ չափից շատ ճնշումը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: Այն չպետք է մոռանա, որ Թուրքիան ժողովրդավարացման բարեփոխումներ է ստանձնել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դա խնդիր չէր համարում, և երբ եվրոպական երկրները շարժվում էին հակառակ ուղղությամբ` սահմանափակելով որոշակի ազատություններ` սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ահաբեկչության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանցիների ձեռքով հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչելու Օբամայի խոստմանը` խուճապի մատնվելու կարիք չկա: Ֆուտբոլային դիվանագիտությանը հետևած թուրք-հայկական հարաբերությունների մերձեցման գործընթացն առավել կդժվարացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի` Միացյալ Նահանգների վարչակազմի վրա ճնշում գործադրելու ջանքերը:
Ավելացնենք, որ մի վարչակազմ, որի քաղաքականության հիմքում խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելն է, չի հանդգնի տորպեդահարել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացը` կատարելով այնպիսի քայլ, որի հետևանքով երկխոսությունն անպայմանորեն կտապալվի:
1 մեկնաբանություն
Օբամայի վերջին նշանակումները ցույց են տալիս որ հաջորդ կաբինետը լինելու է համարյա թե Քլինտոնյան ադմինիստրացիայի կրկնությունը: Այնպես որ նույնիսկ եթե Օբաման լավագույն ցանկություններով ուզենա ինչ որ տեղաշարժ ապահովել Ցեղասպանության ճանաչման գործում ապա վստահաբար կարելի է ասել որ նրա շրջապատը դրան ցույց կտա համառ դիմադրություն, Հիլարի Քլինտոնի գլխավորությամբ:
Ինչևէ մի չորս ամսից պարզ կլինի: Եթե այս անգամ էլ Օբաման դրժի իր խոստումը ու չասի Ցեղասպանություն տերմինը ապա կարող ենք փաստել որ պետք է ռազմավարության փոփոխություն: Եվ փոփոխությունը պետք է կատարվի բուն Հայաստանում:
Եթե Հայաստանը շարունակի վարել այս անորոշ ու անհասկանալի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ապա ԱՄՆ-ը ոչ մի խթան չունի փոխելու սեփական դիրքորոշումը: Իսկ եթե Հայաստանի դիրքորոշումը հստակ դառնա, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի ընդունելու որ մեր տարածաշրջանում ինչ որ երկարաժամկետ ազդեցություն ձեռք բերելու գաղտնիքը կայանում է հենց Ցեղասպանության ու ընդանրապես Հայկական հարցի նկատմամբ հստակ դիրքորոշմնա ձևավորումը: