Dec 08 2008

Ֆիլմն Աթաթուրքին իջեցնում է պատվանդանից

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ֆայնենշլ Թայմզ», 11 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Financial Times)
Դելֆին Սթրոս և Ֆունջա Գյուլեր Անկարայից (Delphine Strauss and Funja Guler in Ankara)

Երկուշաբթի առավոտյան ժամը 9:05 Թուրքիայի ամբողջ տարածքում լսվում էին շչակների ձայները, երթևեկությունը կանգ էր առել, դրոշները խոնարհված էին` ի նշան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 70-րդ տարելիցի, որը, որպես ժամանակակից հանրապետության հիմնադիր, խորին հարգանք է վայելում Թուրքիայում:
Հազարավոր ուսանողներ և հիմնարկությունների աշխատակիցներ ամբողջ օրը հերթ էին կանգնել, որպեսզի զինվորական երաժշտության և Աթաթուրքի ելույթների ձայնագրությունների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեն և ծաղիկներ դնեն Անկարայում Աթաթուրքի դամբարանին` Անիթքաբիրին: Բայց չնայած ամենամյա հագեցած արարողություններին և Աթաթուրքի համատարած դիմանկարներին` այս ամիս վիճաբանության առիթ է հանդիսացել նոր նկարահանված մի ֆիլմ, որն ազգային հերոսին պատկերում է որպես հարբեցող, ծխամոլ և կնամոլ, որին կեղեքում են կասկածներն ու մարդկային թուլությունները: Վավերագրական ֆիլմը, որում բնօրինակ տեսագրություններն ու լուսանկարները համադրված են դերասանական խաղի հետ, կրում է առաջնորդի մանկության անունը` Մուստաֆա, այլ ոչ թե հետագայում նրան պատվավոր անունը` Աթաթուրք (նշանակում է «թուրքերի հայր»): Ֆիլմն ընդգծում է Աթաթուրքի քաղաքական հաջողությունները, բայց նաև պատկերում է նրան որպես միայնակ, հավակնոտ տղայի, ընտանիքում` ձախողված մարդու, և առաջնորդի, որին հիասթափեցնում է Թուրքիայի արդիականացման դանդաղ ընթացքը, և ծեր մարդու, որին մտահոգում է իր թողած ժառանգությունը:
Փաստերը, որոնց շուրջ հյուսված է ֆիլմը, հայտնի են և անվիճելի: Սակայն դրանց ներկայացման ձևը խիստ զայրացրել է կոշտ քեմալականներին, իսկ ամենածայրահեղ քննադատներն այն Թուրքիայի վարկաբեկմանն ուղղված միջազգային դավադրության մաս են անվանել:
Ռեժիսոր Քան Դունդարին ավելի կոնկրետ դժգոհություններ են ներկայացրել` սկսած նրանից, որ ֆիլմում մանուկ Աթաթուրթի դերը մարմնավորել է հույն դերասան, մինչև ֆիլմում օգտագործված լուսանկարը, որում առաջնորդը չափից դուրս կարճահասակ է երևում: Այլ քննադատներ այս վավերագրական ֆիլմը որակել են որպես լավ հաշվարկված կոմերցիոն հնարք, որը, սակայն, այժմ հակառակ արդյունքն է տալիս:

Փայտարդունաբերողի որդուց` թուրքերի հայր
● Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ծնվել է 1881թ. Հունաստանի Սալոնիկ (ներկայում` Thessaloniki) քաղաքում: Փայտարդյունաբերողի որդին հաճախում էր ռազմական դպրոց, հետագայում` ռազմական ակադեմիա` Ստամբուլում:
● Իր ռազմական հեղինակությունը նա վաստակեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ. գլխավորելով թուրքերի պաշտպանությունը Դարդանելի նեղուց ներխուժած դաշնակիցների դեմ:
●1919թ. նա հեղափոխական շարժում սկսեց Անատոլիայում` դիմադրություն կազմակերպելով դաշնակիցների պարտադրած հետպատերազմյան խաղաղ կարգավորման դեմ: Հաջող արշավը, մասնավորապես, Զմյուռնիան գրավելու հույների փորձերի դեմ, հնարավորություն տվեց նրան ապահովել խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության վերանայում:
●1922թ. օսմանյան սուլթանությունը վերացվեց, հաջորդ տարին Աթաթուրքը դարձավ նոր ձևավորված աշխարհիկ հանրապետության նախագահը: Նրա միակուսակցական իշխանությունը շարունակվեց մինչև նրա մահը` 1938թ.:

● Նրա իրականացրած բարեփոխումներից է կանանց էմանսիպացիան, իսլամիստական պետական հաստատությունների փոխակերպումն աշխարհիկ մարմիների, ինչպես նաև արևմտյան օրենքների, հագուստի, օրացույցի և այբուբենի ներմուծումը:
● «Աթաթուրք» անունը, որը նշանակում է «թուրքերի հայր», նա ընդունեց 1935թ., երբ Թուրքիայում ներմուծվեց ազգանունների համակարգը:
Ջեք Ֆարչի

Ուսուցիչները, որոնց մտահոգում է շեղումը պատմության պաշտոնական շարադրումից, դադարեցնում են դպրոցներից կազմակերպվող հաճախումները կինոթատրոններ:
«Մուստաֆա»-ն վախեցրել է կորպորատիվ հովանավորներից մեկին` բջջային հեռախոսակապի օպերատոր «Թուրքսելին», որին ակնհայտորեն անհանգստացնում է բաժանորդների բարկությունը: «Այս ֆիլմն Աթաթուրքին չի պատկերում որպես հերոս, որպես այս երկրի փրկիչ: Մինդեռ դա հենց այն էր, ինչ մենք ուզում էինք,- ասել է «Թուրքսելի» ներկայացուցիչը, երբ նրան խնդրել են բացատրել հովանավորությունը դադարեցնելու ընկերության որոշումը:
Ֆիլմը սատարողներն ասում են, որ այն թարմ օդ է` համեմատած պաշտոնական դպրոցական ծրագրերում կարծրացած` Աթաթուրքի կյանքի մասին պատմող վերամբարձ, մակերեսային տարբերակի: Հայտնի լրագրող Մեհմետ Ալի Բիրանդի խոսքով` ֆիլմը քննադատողներն ավելի շուտ «Աթաթուրքի եղերերգություն» էին ցանկանում, քան այն առավել իրատեսական դիմանկարը, որը ներկայացվել է նրանց: «Ինձ դուր եկավ Քան [Դունդարի] ներկայացրած «Մուստաֆան»` իր թուլություններով, իր սիրային պատմություններով,… մթությունից վախով: Նա ինձ ավելի շատ դուր եկավ, քան նրա արձանները»:
Պրն Դունդարը, որի նախկին աշխատանքներն իրենց աշխարհայացքով բացառապես աշխարհիկ են եղել, ասում է` վիճաբանությունը ցույց է տալիս, որ մարդիկ կարոտ են Աթաթուրքի թողած ժառանգության վերաբերյալ բանավեճերի:
«Սա նման է նրան, ասես ականապատ դաշտում լինես,- ասում է նա: -Ես դաշտ մտա և պայթյուն առաջացրի: Բայց կարծում եմ` պայթյունը արդյունքը դրական է լինելու… որովհետև այս ֆիլմը պաշտոնական վարկածից դուրս է»:
Բանավեճի հիմքում վախն է, թե Աթաթուրքի ժառանգությունն` ամփոփված ազգայնականության, աշխարհիկության և կենտրոնացված պետության ամուր սկզբունքների վրա հիմնված Սահմանադրության մեջ, վտանգված է իշխող կրոնամետ կուսակցության և աճող միջին խավի կողմից:
Երկուշաբթի Անիթքաբիր այցելած մարդկանցից շատերը եկել էին իրենց աջակցությունը հայտնելու հին քեմալականությանը` ի նշան իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) դեմ բողոքի, որին կասկածում են կրոնը հանրային կյանք ներմուծելու դավադիր ծրագրերում:
Աթաթուրքի հսկայական դիմանկարի ծայրերից մեկը Սերդահ Հոսի ձեռքում էր, որը Biz Kac Kisiyiz («Քանիսն ենք մենք») հակակառավարական հասարակական կազմակերպության անդամ է: Ֆիլմը նրա մեջ կասկածներ էր առաջացրել. «Ֆիլմում նա նման է բռնապետի, ինչը ճիշտ չէ»:
50-ի մոտ մի կին հայտարարեց. «Ուզում ենք ցույց տալ, որ պաշտպանում ենք Աթաթուրքի սկզբունքները: Ես ֆիլմը դեռ չեմ դիտել ու չեմ էլ ուզում դիտել` կրկնել իմ կարդացածս քննադատությունից հետո»:
Սակայն ավելի կրոնասեր այցելուները, ցույց տալով թուրք հաարակության մեջ առկա հակասությունները, դամբարանին մոտենում էին բացահայտորեն աղոթելով առաջնորդի համար, ով ինքն աթեիստ լինելով` դրել էր աշխարհիկ հանրապետության հիմքը:
Ֆիլմը դիտելու մեծ ցանկություն ուներ մի ուսանող` Բուրաքը: Նա ասաց, որ եկել է «ցույց տալու, որ մենք գնում ենք Աթաթուրքի ճանապարհով: Նա դամբարան էր եկել դեղին վերնաշապիկներ կրող 1000 հոգանոց խմբի հետ, ովքեր «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն էին` ևս մեկ թուրքական հաստատություն, որը մոլեռանդ նվիրում է ներշնչում:

Comments Off on Ֆիլմն Աթաթուրքին իջեցնում է պատվանդանից

Այս էջում չկա մեկնաբանություններ