Jan 09 2009

ԱՄՆ-ի ճանապարհը` Թուրքիայի միջով

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քրիսչն սայնս մոնիթոր», 8 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The Christian Science Monitor)
Երկու երկրները ռազմավարական ընդհանուր խնդիրներ ունեն. նրանք պետք է ավելի սերտորեն համագործակցեն:

ԱՄՆ 44-րդ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրությունը Թուրքիայի հեռավոր գյուղերից մեկի բնակիչները նշեցին 44 ոչխար զոհաբերելով: Դա փոքրիկ ժեստ էր հեռավոր երկրում, որը, սակայն, մեծ իմաստ էր պարունակում` հարաբերությունները բարելավելու հույս:
Հարցումները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ի դաշնակից և Մերձավոր Արևելքի ուժային կենտրոն այս երկրում ԱՄՆ-ի վարկանիշն ամենացածրերից է ամբողջ աշխարհում: Դրա գլխավոր պատճառը 2003թ. Իրաքի վրա հարձակումն է ու դրա հետ կապված խնդիրները: Օբամայի գալիք վարչակազմը պետք է ջանա բարելավել կապերն այս աշխարհիկ մահմեդական ժողովրդավարության հետ, և ավելի մեծ օգուտներ ստանալ Թուրքիայի դերից տարածաշրջանում, ուր համընկնում են երկու երկրների շահերը:
Թուրքիայի հյուսիսում ավտորիտար Ռուսաստանն է և կովկասյան պետություններն` իրենց սառեցված ու թեժ հակամարտություններով: Արևելքում էներգակիրներով հարուստ Կասպից ծովի ավազանն է, Իրանն` իր միջուկային ծրագրով, և Իրանից այն կողմ` Աֆղանստանը: Հարավում ընկած են տարածաշրջանի երկու անհանգիստ երկրները` Իրաքն ու Սիրիան:
Մայրաքաղաք Անկարան որդեգրել է երկրի սահմաններին «զրո խնդիրներ» ունենալու հավակնոտ նպատակ և փորձում է դառնալ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման միջնորդ:
Օգոստոսին, երբ Մոսկվան ներխուժեց Վրաստան, Անկարան տարածաշրջանային երկխոսություն առաջարկեց, սակայն Վրաստանը չցանկացավ խոսել ռուսական «արջի» հետ, որը քիչ էր մնում ամբողջությամբ կուլ տար նրան:
Թուրքիայի միջնորդությամբ Սիրիան և Իսրայելը բանակցություններ են սկսել Գոլանի բարձունքների շուրջ: Անցած շաբաթ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ Թուրքիայում բանակցություններ կայացան Պակիստանի և Աֆղանստանի առաջնորդների միջև:
Եվ վերջապես Թուրքիան ձեռք է մեկնում Հայաստանին` չնայած 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի վերաբերյալ վիճահարույց պատմությանը: Այժմ էլ այն իր միջնորդությունն է առաջարկում ԱՄՆ-ի և Իրանի միջև, և ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (որն Իրանի խնդրով բանակցությունների հիմնական պլատֆորմն է) ժամանակավոր անդամ:
Թուրքիան առաջարկել է իր տարածքը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար այլընտրանքային գազամուղ կառուցելու համար, զգալիորեն ընդլայնել է առևտուրը հարևանների հետ և մոտ մեկ տասնյակ դեսպանատներ է բացում Աֆրիկայում:
Կարող եք այս դիվանագիտական և տնտեսական ծավալապաշտությունը «Օսմանյան կայսրության մեղմ տարբերակ» (Ottoman Lite) անվանել:
ԱՄՆ-ը շատ բան կարող է շահել Թուրքիայի աճող դերից` ներառյալ տարածաշրջանը վերափոխելու ունակ շրջադարձն Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններում, որոնք նախագահ Օբամայի կողմից լուրջ խթանի կարիք ունեն: Կարևոր կլինի Թուրքիայի դերը նաև Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո: Անկարան ԱՄՆ-ին մեղադրում է հյուսիսային Իրաքում տեղակայված քուրդ ահաբեկիչների` Թուրքիայի վրա հարձակումները դադարեցնելու նպատակով բավականաչափ ջանքեր չգործադրելում:
Նույնիսկ եթե երկու երկրները հաղթահարեն լարվածությունն իրենց հարաբերություններում, հետագա ճանապարհը նույնքան զառիվեր կլինի, որքան Թուրքիայի մայրաքաղաքի ռելիեֆն է:
ԱՄՆ ընտրությունների ընթացքում թուրքական հեռուստատեսությունը համակված էր մտավախությամբ, որ ԱՄՆ նոր կոնգրեսը` պրն Օբամայի օրհնությամբ, հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձև կարող է ընդունել: Թուրքիան համառորեն հերքում է ցեղասպանության մասին պնդումը: Սակայն սևեռվելով այս խնդրի վրա` Թուրքիան ցեղասպանության հարցի շուրջ վեճը դարձնում է Ամերիկայի խնդիրը, մինչդեռ իրականում այն Թուրքայի լուծելիք խնդիրն է: Ցեղասպանության խնդրի մասին Թուրքիայի սևեռուն միտքը հիշեցնել է տալիս նաև նրա այլ խնդիրների, այդ թվում` մարդու իրավունքի չարաշահումների մասին:
Մյուս կողմից ԱՄՆ-ը չպետք է ակնկալի, թե Թուրքիան մեխանիկորեն դաշնակից կլինի, ինչպես սառը պատերազմի տարիներին էր: Ռուսաստանը դարձել է Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերը, իսկ իշխող իսլամական կուսակցությունը տարածաշրջանի իր մահմեդական եղբայրներին այսօր ավելի հարազատ է համարում:
Արևմուտքի հանդեպ իր նվիրվածությունը Թուրքիան փորձում է հավասարակշռել հարևանների հանդեպ նոր ուշադրությամբ: Սա, անշուշտ, խաբուսիկ հավասարակշռություն է, բայց դրանից կարող է շահել նաև Վաշինգտոնը:

Comments Off on ԱՄՆ-ի ճանապարհը` Թուրքիայի միջով

Այս էջում չկա մեկնաբանություններ