Jan 10 2009

Ադրբեջանի նավթն այլևս կարևոր չէ միջազգային շուկայի համար

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Արմենիան ռիփորթեր», 10 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The Armenian Reporter)
Թաթուլ Հակոբյան (Tatul Hakobyan)

«Ադրբեջանի նավթն այլևս կարևոր չէ միջազգային շուկայի համար»,- ասում է փորձագետը.
Պետրոս Թերզյանն ընդգծում է, որ Բաքվի եկամուտները դեռ բարձր կլինեն

Միջազգային շուկայում նավթի մեկ բարելի գինն այսօր $147 ռեկորդային բարձր մակարդակից նվազել է մինչև մոտ $40: Սա մեծ հարված է նավթ արդյունահանող երկրների, այդ թվում` Հայաստանի անմիջական հարևաններ Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև` Ռուսաստանի համար:

Ինչպես դեկտեմբերի 9-ին նշել է Փարիզի «ՊետրոՍթրեթիջիզ» խորհրդատվական և հրատարակչական ընկերության (PetroStrategies Consulting and Publishing) նախագահ Պետրոս Թերզյանը, նավթի միջազգային շուկայի համար Ադրբեջանը պակաս կարևոր է դարձել, քան նախկինում էր, քանի որ նվազել են նավթի սպառման ծավալներն ու գինը:

«Երբ նավթի պահանջարկը միջազգային շուկայում գերազանցում էր առաջակը, սև ոսկու յուրաքանչյուր կաթիլը կարևոր էր»,- նշել է պրն Թերզյանը: Այսօր, երբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման հետևանքով նավթի պահանջարկը զգալիորեն զիջում է արդյունահանման ծավալներին, իրավիճակն այլ է: Նավթային աշխարհի համար այլևս կարևոր չէ` Ադրբեջանն արդյունահանում է նավթ, թե ոչ, քանի որ Ադրբեջանի պաշարները մեծ չեն, և միջազգային շուկայի համար այդ երկիրը փոքր քանակությամբ նավթ է արդյունահանում:
Պրն Թերզյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի հյուրն էր և դասախոսություն է կարդացել «Նավթի տնտեսագիտությունն ու քաղաքականությունը Կովկասում» թեմայով: Նախ նա խոսել է նավթի միջազգային ռեսուրսների մասին, ապա կենտրոնացել Կասպից ծովի և Ադրբեջանի պաշարների վրա:

Պրն Թերզյանը նշել է, որ նավթի միջազգային պաշարների 75 տոկոսը վերահսկվում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կողմից, մինչդեռ կազմակերպության անդամ հինգ երկրները` Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Իրաքը վերահսկում են միջազգային պաշարների ավելի քան 60 տոկոսը:

Կանխատեսումները, թե Ադբեջանը 2-րդ տեղում կլինի` Սաուդյան Արաբիայից կամ Քուվեյթից հետո, չիրականացան: «Տասներկու ընկերություններ կամ ընկերությունների խմբեր $1 մլրդ-ի ներդրում կատարեցին` նավթի նոր պաշարներ գտնելու նպատակով, սակայն անկարող էին նույնիսկ մեկ բարել նավթ գտնել Ադրբեջանում»,- ասել է բանախոսը:

«Նրանք նավթ գտան Կասպից ծովում, սակայն` Ղազախստանի հատվածում` Քաշագանում: Միջազգային շուկայի համար կարևոր է Կասպից ծովի ավազանը, բայց Ղազախստանն, այլ ոչ թե` Ադրբեջանը,»,- ընդգծել է պրն Թերզյանը:

Կասպիական նավթի պաշարները կազմում եմ համաշխարհային պաշարների միայն չորս տոկոսը: Դրանց մեծ մասը գտնվում է լճի ղազախական հատվածում:

Այսօր հաշվարկված է, որ Կասպից ծովի ողջ ավազանում նավթի պաշարները կազմում են 48 մլրդ բարել: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նավթի ընդհանուր պաշարն այս շրջանում 200 մլրդ բարել է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը մոտ $5 մլրդ-ի եկամուտ է ստացել նավթի արտահանումից: Միևնույն ժամանակ, սակայն, այդ երկիրը $5 մլրդ է ծախսել ներդրումներ կատարած կազմակերպությունների պարտքերը վերադարձնելու համար: Միայն 2009-ին է Ադրբեջանն ակնկալում լուրջ եկամուտներ ստանալ նավթի արտահանումից ու սկսել իր «նավթային եկամուտների ոսկեդարը»:

«Նավթի գնի անկումը հիասթափեցրել է Ադրբեջանին»,- նշել է պրն Թերզյանը: Միաժամանակ, նա ավելացրել է, որ Ադրբեջանը կշարունակի առավելագույն ծավալով արդյունահանումը մինչև 2015-2020թթ: Եթե նավթի մեկ բարելի գինը մնա այսօրվա մակարդակի վրա` $40, Ադրբեջանը տարեկան $7 մլրդ-ի եկամուտ կունենա: Եթե նավթի մեկ բարելն արժենա $50, Ադրբեջանի տարեկան եկամուտը կհասնի $10 մլրդ-ի: Եթե նավթն արժենա $75, Ադրբեջանը կարող է ստանալ մինչև $16 մլրդ-ի եկամուտ, իսկ եթե մեկ բարելի գինը լինի $100, Ադրբեջանի եկամուտը կհասնի $23 մլրդ-ի:

Սրանք, իհարկե, աննշան թվեր չեն մի երկրի համար, որն ունի 8 մլն բնակչություն և զինվում է` սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

Պրն Թերզյանի խոսքով` մի շարք պատճառներով 2002-2004թթ նավթի սպառման տեմպերը երեք անգամ աճեցին, իսկ 2005թ. աշխարհում արդյունահանված նավթն ամբողջությամբ սպառվեց: Դրա արդյունքում նավթի միջազգային գներն աճեցին և գագաթնակետին հասան այս ամռանը, երբ նավթի մեկ բարելը վաճառվում էր $147-ով:

«Եթե արդյունահանման ներկա ծավալները պահպանվեն, ածխի համաշխարհային պաշարները կսպառվեն 164, գազի պաշարները` 65, իսկ նավթի պաշարները` 41 տարի հետո»,- նշել է պրն Թերզյանը:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Reise Urlaub buchenգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 13:57

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=128 […]…