May 09 2008

Ընտրություններից հետո Ադրբեջանը Հայաստանին ուրիշ աչքով է նայում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեյժիա դեյլի մոնիթոր», 30 ապրիլի, 2008թ.

Աղբյուրը` (Eurasia Daily Monitor)
Ֆարիզ Իսմայիլզադե (Fariz Ismailzade)

«Ադրբեջանում ժողովրդավարությունն առնվազն պակաս վատ վիճակում չէ, քան Վրաստանում, բայց Հայաստանի հետ համեմատությունը գրեթե անհնարին է»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը (Khazar Ibrahim) (www.day.az, 29 ապրիլի): Հայտարարությունն արվել է Հայաստանում նախագահական ընտրությունների և երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խարխլված վիճակի պատճառով: Այս շրջադարձը Ադրբեջանին կարծես տվել է ավելի շատ ինքնավստահություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական հույսեր:

Միջազգային հանրությունը տարիներ շարունակ ժողովրդավարական զարգացումները Հայաստանում ավելի բարձր է գնահատել, քան Ադրբեջանում: Հեղինակավոր կազմակերպությունների, օրինակ՝ Հերիթիջ ֆաունդեյշընի (Heritage Foundation), Ֆրիդըմ հաուսի (Freedom House) և այլոց գնահատականները վկայում էին, որ Հայաստանն առավել մեծ առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության ուղղությամբ, քան Ադրբեջանը: Թեև այդ վարկանիշային գնահատականների համար կիրառված մեթոդաբանության և ցուցանիշների վերաբերյալ լուրջ կասկածներ կային, սակայն հասարակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, ընդհանուր առմամբ, կարծես վստահում էր դրանց:

Սա մի շարք բացասական հետևանքներ է ունեցել Ադրբեջանի և տարածաշրջանային անվտանգության համար: Մի կողմից` շատ օտարերկրյա կառավարություններ և միջազգային կազմակերպություններ արդարացրել են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումը (occupation of Nagorno-Karabakh by Armenia) այն հանգամանքով, որ Հայաստանն ավելի բարձր ժողովրդավարական չափանիշների է բավարարում: Միացյալ Նահանգների Կոնգրեսն անգամ բացեիբաց հայտարարել էր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կողմնակից է՝ մեջբերելով վերջինիս մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, թեև պատժամիջոցների պաշտոնական տեքստը ոչ մի առնչություն չուներ ներպետական զարգացումների հետ, այլ կապված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական դրության հետ:

Սակայն, հիմա իրավիճակը կարծես փոխվել է: Այն, ինչն ակնկալվում էր, այսինքն՝ լինելու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից իշխանության սահուն փոխանցում իր ամենամոտ քաղաքական դաշնակից վարչապետ Սերժ Սարգսյանին, դարձավ 1991թ. երկրի անկախությունից ի վեր քաղաքական իրարանցման ամենալուրջ իրադարձություններից մեկը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Սարգսյանն ստացել էր քվեարկողների 52 տոկոսից մի փոքր ավելի ձայն, ընդ որում ընդդիմությունը պնդում էր, որ անհրաժեշտ էր երկրորդ փուլ: Ընդդիմությունը բողոք բարձրացրեց: Ոստիկանությունն ու բանակը դաժանորեն արձագանքեցին: Բերվեցին տանկեր և ցուցարարների դեմ փամփուշտներ գործածվեցին՝ ութ մարդ սպանվեց և 100-ից ավելին ծանր վիրավորվեց: Քոչարյան-Սարգսյան ռեժիմը ռազմական դրություն սահմանեց և ձերբակալեց ընդդիմության 200 ակտիվիստների: Երկրում ԶԼՄ-ների, այդ թվում՝ ինտերնետի, գրաքննություն սահմանվեց:

Իրավիճակը լրջորեն վնասել է Հայաստանի հեղինակությանը արտերկրում: Նորվեգիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները և այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն, իրենց խոր ափսոսանքն են հայտնել երևանյան իրադարձությունների առնչությամբ և Հայաստանի իշխանություններին կոչ արել կիրառել ժողովրդավարական միջոցներ երկրում քաղաքական երկխոսության և համաձայնության հասնելու համար:

Այս վերջին զարգացումները հանգամանալից վերլուծելիս պարզ է դառնում, որ դրանք չեն առանձնանում Հայաստանի հետխորհրդային շրջանի պատմության մյուս դրվագներից: Քաղաքական նպատակներով բռնությունների կիրառումը Հայաստանի քաղաքական ասպարեզում հաճախ հանդիպող բնորոշ գիծ է: 1997թվականին՝ այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հեղաշրջումը, որին սատարում էին նաև պաշտպանության և անվտանգության նախարարները, Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեց հրաժարական տալ: 1999թ. զինված անձինք ներխուժեցին խորհրդարան՝ սպանեցին խորհրդարանի խոսնակին, վարչապետին, վեց ուրիշ պատգամավորների և պետական պաշտոնյաների: Դեռևս հայտնի չէ, թե ով էր կանգնած այդ զինված անձանց հետևում և նրանք ինչի էին փորձում հասնել: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, այս պետական բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը նախկին նախագահ Քոչարյանին առավել հզորացնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղության հաստատման գործընթացը վիժեցնելու նպատակ էր հետապնդում: Հայաստանի պատմության մեջ քաղաքական նպատակներով բռնությունների և ահաբեկության կիրառման այլ օրինակներ եւս կան:

Հայաստանում նմանատիպ հակաժողովրդավարական զարգացումները՝ բռնությունը և ընդդիմադիր ակտիվիստների դաժան ճնշումը, մի շարք առումներով բացասաբար կանդրադառնան երկրի և տարածաշրջանի ապագայի, այդ թվում՝ քաղաքական կայունության, տնտեսական բարեկեցության և ժողովրդավարության վիճակի վրա: Սակայն ամենամեծ հարվածը Հայաստանին կհասցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացի մասով:

Քաղաքական կայունություն ձեռք բերած Ադրբեջանն աշխարհում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 35 տոկոս (տնտեսական զարգացման նախարարության վեբկայք), պահպանում է լիարժեք անկախություն իր արտաքին քաղաքականության հարցում (ունենալով շատ լավ, բայց հավասար հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ) և շարունակում է առաջընթաց ապահովել քաղաքական ազատությունների և ժողովրդավարական չափանիշների հարցում:

Մյուս կողմից՝ Հայաստանը թե՜ քաղաքականապես և թե՜ տնտեսապես համարյա լիարժեք կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, էլ ավելի է մեկուսանում տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ ծրագրերից, շարունակում է ունենալ խնդիրներ տնտեսության ու առևտրի ոլորտում և արդեն ապացուցել է, որ երկրում ժողովրդավարության վիճակը զգալիորեն վատթարացել է:

Այսպիսի պայմաններում Ադրբեջանի ինքնավստահությունն արագորեն մեծանում է, և հավանական է, որ սա նաև ազդեցություն կունենա բանակցությունների գործընթացի վրա: Ադրբեջանն այլևս չի համարի իրեն «երկրորդ կարգի» երկիր, իսկ կարողությունների զարգացումը կպարտադրի առավել սկզբունքային դառնալ: Այս ամենը նաև Հայաստանի նկատմամբ լրացուցիչ միջազգային ճնշումների կհանգեցնի, քանի որ այդ երկրում ժողովրդավարական չափանիշների կտրուկ անկումը գնալով ավելի է զայրացնում Արևմուտքին:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. Դիտորդգրել է 13 Մայիս 2008թ.-ին, ժամը 06:59

    Այս նյութը վկայում է, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամերը բուժիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վրա։ Փաստորեն, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն արձանագրում է իր երկրի համար 2 կարևոր ձեռքբերում` Հայաստանում մարտի մեկի իրադարձություններից հետո և դրանց արդյունքում: Առաջին, Հայաստանի «օգնությամբ» Ադրբեջանը որոշ չափով ձերբազատվեց իր ոչ-ժողովրդավարական «երկրորդ կարգի երկիր» լինելու բարդույթից: Երկրորդ, Ադրբեջանը ձեռք բերեց լրացուցիչ ինքնավստահություն (ասել է թե` անզիջողականություն) Ղարաբաղյան ճակատում: Երբ այսպիսի ահազանգ հնչեցնում էին հայ հասարակության սրտացավ հատվածները, ծայրահեղ ընդդիմությունը հայտարարում էր, թե դա ընդամենը Ղարաբաղյան խաղաքարտի շահարկում է իշխանության կամ իշխանամետ ուժերի կողմից: Ադրբեջանցի պաշտոնյայի այս խոստովանությունը պիտի որ փարատի մեր հասարակության կասկածներն առ այն, թե ում շահերին են իրականում ծառայում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն հետևողականորեն ապակայունացնեղները:

  2. Bagraduniգրել է 13 Մայիս 2008թ.-ին, ժամը 22:13

    I agree with “Ditort”‘s observations fully. The damage done by the extremist opposition in Armenia during the elections can not be over-estimated and is nothing short of treason – almost entirely corresponding to a Turkish-Azeri-US agenda.

    However the Azeri FM spokesman’s analysis does have a large element of wishful thinking! In any case “35% GDP growth” is absurd when there is hyper-inflation in the country – probably over 25%, reducing Azerbaijan’s real GDP to around 10%, most of which is being wasted on military prestige programmes.

    On the other hand Armenia’s major handicap is its being a “dead-end” in terms of its isolation from international transport routes exacerbated by Turkish blokade and the situation around Nakhijevan.

    With Nakhijevan and javakhk Armenia will easily become a gateway to Europe for Iran as well as a gateway to the Middle East for Russia and Europe.

    In that case the proposed “Kars-Tbilisi-Baku” line will become nothing more than a side line or a railway to no where!

  3. disability tax creditգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 14:23

    … [Trackback]…

    […] Informations on that Topic: artmamul.ararat-center.org/?p=13 […]…