Jan 20 2009

Դրժված խոստումներ և հասունացող ողբերգություն

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ինդիփենդնթ», 27 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Independent.ie)
Ռոբերտ Ֆիսկ (Robert Fisk)

Հայերը կարող են պարզել, որ մինչև ապրիլ «Թայմզ»-ի` «տարվա մարդ» Օբաման կմտքափոխվի «ցեղասպանություն» բառը կիրառելու հարցում:

Եթե լրագրությունն, ինչպես ես եմ ենթադրում, մարդկության անշրջահայացության արձանագրումն է, ուրեմն 2008թ. վերջն ապացուցում է իմ տեսակետը: Եկեք սկսենք այն մարդուց, որը չի պատրաստվում փոխել Մերձավոր Արևելքը` Բարաք Օբամայից, որն անցած շաբաթ դարձավ «Թայմզ» ամսագրի «տարվա մարդը», ինչը կանխատեսելի էր: Սակայն ամսագրում տեղ գտած երկարաշունչ ու խիստ ձանձրալի հարցազրույցում Օբաման ընդամենը մեկ նախադասություն է նվիրում արաբ-իսրայելական հակամարտությանը. «Տեսնենք` արդյոք կկարողանանք շարունակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության` առնվազն զրույցների շուրջ գրանցված առաջընթացը»:

«Շարունակել առաջընթա՞ցը»: Ի՞նչ առաջընթաց: Համասը և Պաղեստինի Ինքնավարությունը կանգնած են հերթական քաղաքացիական պատերազմի շեմին, Բենիամին Նեթանյահուն հավակնում է Իսրայելի վարչապետի պաշտոնին, Իսրայելի կառուցած հրեշավոր պատը շարունակում է կանգնած մնալ, հրեական գաղթավայրերը շարունակում են նոր արաբական հողեր գրավել, իսկ պաղեստինցիները դեռ հրթիռներ են արձակում Սդերոտի վրա: Եվ Օբաման կարծում է, թե «առաջընթաց» կա, որը պետք է շարունակե՞լ:

Ենթադրում եմ, որ այսպիսի իմաստազուրկ խոսքերը նրա ապագա պետքարտուղարի անպարզ մտքերի արգասիքն են: «Առնվազն զրույցներում» արտահայտությունը մաքուր հիլարի-քլինթոնական է. դրա իմաստն ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտության «շուրջ» գրանցվող առաջընթացի մասին էժանագին արտահայտությունը էլ ավելի անհասկանալի է: Իհարկե, եթե Օբաման խոսեր արաբական հողերում հրեական բնակավայրերի կառուցմանը վերջ տալու, Համասի, ինչպես նաև` Պաղեստինի Ինքնավարության հետ հարաբերությունների, հակամարտության երկու կողմերի նկատմամբ արդարության ու դրան զուգահեռ` պաղեստինցիերի և իսրայելցիների անվտագության ապահովման մասին, այդ դեպքում նա գուցե կկարողանար իրականում ինչ-որ բան փոխել:

Օբամայի երդման արարողությունից հազիվ երեք ամիս անց նա առողջ դատողության հետաքրքիր քննություն կհանձնի, երբ ստիպված կլինի պահել իր տված փոքրիկ խոստումը: Այո, դա անիծյալ ապրիլ 24-ի Հայոց Ցեղասպանության հիշատակումն է, երբ հայերը հիշում են իրենց 1,5 միլիոն սպանված հայրենակիցներին` 1915թ. այն օրը, երբ առաջին հերթին հավաքեցին հայ մտավորականներին, արվեստագետներին և այլոց ու մահապատժի ենթարկեցին:

Բիլ Քլինթոնը հայերին խոստացավ, որ այն «ցեղսպանություն» կանվանի, եթե նրանք օգնեն իրեն ընտրվել: Նույնն արեց Ջորջ Բուշը: Նույնն արեց և Օբաման: Առաջին երկուսն, ընտրվելուց հետո, չպահեցին իրենց խոստումը և «ցեղասպանություն» բառի փոխարեն ապավինեցին «ողբերգություն» բառին, որովհետև վախենում էին բոլոր մռլտացող թուրք գեներալներից, իսկ Բուշի դեպքում` վախենում էին նաև Թուրքիայի տարածքով անցնող ԱՄՆ ռազմական մատակարարման երթուղիների համար` «ճանապարհները և այլն», ինչպես ասում էր Ռոբերտ Գեյթսը: Ճակատագրի հեգնանքով, որն ամենաուշագրավներից է պատմության մեջ, սրանք նույն այն «ճանապարհները և այլն»-ն էին, ուր 1915թ.-ին անխուսափելի մահվան էին քշում հայերին:

Այնպես որ, գրազ եմ գալիս, որ մինչև ապրիլի 24-ը Օբաման իր համար կպարզի, որ «ցեղասպանությունը» «ողբերգություն» է:

Այս ամսվա սկզբին Ստամբուլ մեկնելիս` աչքի անցկացրեցի «Թուրքական ավիաուղիների» կողմից ուղևորներին բաժանվող ամսագիրը, որտեղ մի հոդված գտա Թուրքիայի պատմական Խարբերդի (Harput) շրջանի մասին:

Հոդվածում Խարբերդը նկարագրվում էր որպես «Ասիայի բնական պարտեզ» և «ճանաչված հանգստավայր»: Եվ դու պետք է մի լավ պրպտես միտքդ` հիշելու, որ Խարբերդը քրիստոնյա հայերի ցեղասպանության կենտրոնն էր, այն քաղաքը, որտեղից Լեսլի Դևիսը` խիզախ ամերիկացի հյուպատոսը Խարբերդում, հազարավոր մորթված հայերի մասին ականատեսի իր հաղորդագրություններն էր ուղարկում: Բայց այս ամենը թերևս կփչացներ «բնական պարտեզ»-ի ազդեցությունը: Դա մի քիչ նման է նրան, որ զբոսաշրջիկներին հրավիրես Լեհաստանի Օսվենցիմ քաղաք` չնշելով, որ դրա գերմանական անունը Աուշվից է:

Բայց մեր օրերում, բոլորս կարող ենք վերաշարադրել պատմությունը: Օրինակ` Նիկոլա Սարկոզին. նա ոչ միայն հաճոյանում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, այլև շողոքորթում է Ալժիրի սարսափելի առաջնորդ Աբդելազիզ Բուտեֆլիկային, որը հենց նոր է «ձևափոխել» Ալժիրի սահմանադրությունը, որպեսզի իրեն երրորդ անգամ պաշտոնավարելու հնարավորություն ընձեռի: Խորհրդարանական ոչ մի քննարկում տեղի չի ունեցել, պարզապես 529 պատգամավորներից 500-ը բարձրացրել են իրենց ձեռքերը: Եվ ինչպե՞ս արձագանքեց դրան Սարկոն. «Ավելի լավ է Բուտեֆլիկան, քա՛ն Թալիբանը»: Չմոռանանք, որ Ալժիրի բանակի որոշ նախկին սպաներ հայտնաբերեցին, որ գաղտնի զինծառայողներ ու ալժիրցի իսլամիստներ (Սարկոյի ասած` «Թալիբանը») ներգրավված են եղել 1990-ականներին գյուղերում իրականացված դաժան կոտորածներում:

Ինչ վերաբերում է «գաղտնի»-ին, ես ապշած էի, երբ տեղեկացա ուսուցման այն համակարգի մասին, որ անցել են Մետրոպոլիտենի ոստիկանական ծառայության տղաները, որոնք մետրոյում սպանել են Շառլ դը Մենեսեսին: Ոստիկանության նախկին սպա Բրայան Փադիկի խոսքով` անձնասպան ահաբեկիչներին «վերաբերող» գաղտնի կանոնները Մետրոպոլիտենի ոստիկանական ծառայությունը մշակել է «Իսրայելի փորձագետների օգնությամբ»: Ի՞նչ: Ովքե՞ր էին այդ, այսպես կոչված` «փորձագետները», որոնք բրիտանացի ոստիկաններին խորհուրդ էին տալիս, թե ինչպես պետք է քաղաքացիների վրա կրակել Լոնդոնի փողոցներում: Նույն այն մարդիկ, ովքեր հետախուզման մեջ գտնվող պաղեստինցիների՞ն են սպանում Արևմտյան ափում և Գազայում:

Չէի ասի, թե խաղաղության մեր քաջարի պատվիրակ լորդ Բլեերն այդ մասին ասելու շատ բան կունենար: Չմոռանանք, որ նա այն մարդն է, որի միակ ծրագրված այցը Գազա չեղյալ հայտարարվեց, երբ «իսրայելցի այլ փորձագետներ» զգուշացրեցին նրան, որ նրա կյանքը կարող է վտանգվել: Ինչևէ, հիմա էլ նա թերևս նախընտրում է Եվրոպայի նախագահ լինել` մի բան, որով Սարկոն ուզում է պարգևատրել նրան: Կարծում եմ` հենց այդ պատճառով էլ Բլեերն այդպիսի շողոքորթող հոդված է տպագրել «Թայմզ»-ի նույն այն համարում, որում Օբաման տարվա «մարդ» էր ճանաչվել: «Երբեմն Նիկոլա Սարկոզին բնության տարերք է հիշեցնում»,- քծնում է Բլեերը: Բլեերը հիմա կասի՞ մեզ, թե մտադիր է մասնակցել Օբամայի հետ «զրույցներին»` Մերձավոր Արևելքում «գրանցված առաջընթացը շարունակելու համար»:

Comments Off on Դրժված խոստումներ և հասունացող ողբերգություն

Այս էջում չկա մեկնաբանություններ