Jan 27 2009

Հանրությունը հանգստություն է պահպանում մզկիթների սադրիչ հրկիզումից հետո

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թդեյս զաման», 16-ը դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը`(Today’s Zaman)

Վերջերս Ստամբուլում տեղի ունեցած մզկիթների հրկիզումը, փորձագետների կարծիքով, սադրելու նպատակ էր հետապնդում, սակայն մզկիթ այցելողները վճռականորեն հանգստություն են պահպանում:
Անցած շաբաթ Ստամբուլի ասիական հատվածում անհայտ անձինք ութ մզկիթ հրի մատնեցին: Մզկիթներից յոթն աննշան վնասներ կրեցին, մինչդեռ շաբաթ օրվա հրկիզումն ամբողջովին ավերեց Մեդինե մզկիթը:

Ոստիկանությունում հատուկ խումբ է ստեղծվել հարձակումն իրականացնողներին հայտնաբերելու համար:
Մզկիթների հրկիզումներն սկսվեցին դեկտեմբերի 8-ին Քարթալի Յունուս Էմրե մզկիթից, որին հաջորդեց դեկտեմբերի 10-ի հարձակումը Ումրանիե Հաջի Մեհմետ Շահսուվարողլու մզկիթի վրա: Բայց շաբաթ օրը հինգ մզկիթ հրկիզվեց` բոլորը նույն թաղամասում` Վեյսել Քարանի, Հաջի Աքիֆ Դեմիրչի, Մեդինե, Քյուջուքբաքալքոյ և Դոլայոբա: Կիրակի օրը կրկին նույն տարածքում հրի մատնվեց Մալթեփ Մավիվլեր մզկիթը: Բոլոր մզկիթները գտնվում են պահպանողական հայացքներով բնակիչների թաղամասերում և 20-30 տարվա վաղեմության շինություններ են, դրանցից ոչ մեկում անվտանգության տեսախցիկներ տեղադրված չէին:

Ինչպես երևում է, հարձակումներից ոչ մեկը արհեստավարժների ձեռքի գործ չէ: Օրինակ, Մավիվլեր մզկիթի իմամ Սալիմ Ալբերի վկայությամբ` հարձակվողները փորձել են այրել մզկիթի ներսում գտնվող աթոռներից մեկը: Չնայած այս մեթոդներին` քրեական սոցիոլոգ Հալիլ Իբրահիմ Բահարն ասում է, որ հարձակումների վերաբերյալ առկա նույնիսկ սահմանափակ տեղեկությունները պարզ են դարձնում, որ խոսքը կազմակերպված հարձակումների մասին է:

«Դժվար է մեկնաբանել այս հարձակումները, բայց ակնհայտ է, որ դրանք կազմակերպված են եղել»: Այսքան կարճ ժամանակահատվածում ութ մզկիթի վրա հարձակումը պատահականություն չի կարող լինել: Սա սովորական վանդալիզմ չէ: Եթե այդպես լիներ, հարձակվողները որպես թիրախ կընտրեին հանրային սեփականության այլ օբյեկտներ»,- նշել է նա:

Բահարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է, որ այսպիսի ուժգնության հարձակումներ են իրականացվել մզկիթների դեմ: Նախկինում մզկիթների վրա հարձակվել են կողոպտելու նպատակով, սակայն դրանք երբեք չեն հրկիզվել:

«Հանրությանը սադրելու ամենահեշտ եղանակը նրա կրոնական արժեքներին հարվածելն է: Թերևս կան մեզ անհայտ ինչ-որ արմատական խմբավորումներ: Գուցե ինչ-որ մարդիկ ուզում են, որ հանրությունը կարծի, թե մզկիթները վտանգված են: Գուցե հանցագործները հույս ունեն, որ մզկիթ այցելողները փողոց դուրս կգան` բողոքելու: Սա նման է դավադրության տեսության, բայց հնարավոր է նույնիսկ, որ կան որոշ շրջանակներ, որոնք ցանկանում են ձախողել կառավարության` ալևիների հարցով նախաձեռնությունը»,- ենթադրում է Բահարը, սակայն ընդգծում, որ հանրությունը պետք է հանգստություն պահպանի:

«Երբ նայում ես Թուրքիայի պատմությանը, այն լի է սադրանքներով: Բայց կարծում եմ` մարդիկ պետք է հանգստություն պահպանեն, ուշադրություն չդարձնեն ասեկոսեներին և այս հարձակումերը չդիտեն որպես կրոնի դեմ հարձակումներ»,- ասում է նա:

Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց Թուրքիայի ալևիների համայնքի ներկայացուցիչներին. դա տեղի ունեցավ Թուրքիայի կառավարության նորահռչակ քաղաքականության շրջանակներում, ըստ որի, կառավարությունը պետք է լսի ալևիների պահանջները ու զբաղվի դրանցով, այդ թվում` ջեմևիների (ալևիների աղոթատեղիները) պաշտոնապես ճանաչումը, Կրոնական հարցերով գերատեսչության կողմից ալևի դեդեներին (հոգևոր և համայնքային առաջնորդները) կանոնավոր աշխատավարձ վճարելը (ինչպես դա արվում է սունի իմամների դեպքում) և Թուրքիայում ալևիների դեմոգրաֆիկան տվյալների հիման վրա` Կրոնական հարցերով գերատեսչությունում ալևիների ներկայացված լինելը: «Ջիհան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չնայած հարձակումներին` մզկթի այցելուները հանգիստ են և արդեն սկսել են վնասված մզկիթների վերականգնողական աշխատանքները:

Comments Off on Հանրությունը հանգստություն է պահպանում մզկիթների սադրիչ հրկիզումից հետո

Այս էջում չկա մեկնաբանություններ