Feb 18 2009

Ժխտողական պետությունը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ինթելիջնս Ռիփորթ», ամառ 2008թ.
Աղբյուրը` (Intelligence Report, Southern Poverty Law Center)
Դեյվիդ Հոլթհաոս (David Holthouse)

«Արարատ» ՌԿ-ի ծանոթագրությունը

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց Ցեղասպանությունը կոծկելու համար

Այս տարվա սկզբին Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը քվեարկությամբ որոշեց, որ Կանադայի այս խոշորագույն քաղաքի բոլոր ավագ դպրոցների աշակերտները պետք է «Ցեղասպանություն. պատմական և ժամանակակից հետևանքները» անունով պարտադիր դասընթաց անցնեն: Դասընթացում հատուկ բաժին կա նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, երբ Թուրքիայի իշխանության կազմակերպած՝ համակարգված և կանխամտածված ոչնչացման հետևանքով ավելի քան մեկ միլիոն հայ զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Շուտով դպրոցական խորհրդի բոլոր անդամները նամակ ստացան Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր Գենթեր Լյուիից, որը հանդիմանում էր նրանց Հայոց ցեղասպանությունը Ողջակիզման հետ նույն շարքում դասելու համար: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ համայնքի ողբերգական ճակատագիրը բացատրվում է «պատերազմի շրջանում խիստ ձախողված անվտանգության միջոցառումներով», քան` «մանրակրկիտորեն կազմակերպված ցեղասպանությամբ»:

Լյուին ամերիկացի գիտնականների, ազդեցություն վաճառողների և ինտերնետային կայքերի օպերատորների ցանցի այն չափազանց ակտիվ անդամներից է, ովքեր ամեն տարի հարյուր հազարավոր դոլարի ֆինանսավորում են ստանում Թուրքիայի կառավարությունից` Հայոց ցեղասպանության հերքումն առաջ մղելու համար: Ցանցն այնքան ազդեցիկ է, որ անցած տարվա աշնանն այն կարողացավ շրջանցել թե՛ պատմական իրողությունը, և թե՛ հսկայական քաղաքական ճնշումը` համոզելով Ամերիկայի օրենսդիրներին և նույնիսկ նախագահին նահանջել բավական երկար ժամանակ իրենց ունեցած քաղաքական դիրքորոշումից:

Նմանատիպ ռևիզիոնիստական պնդումներով է Լյուին հանդես գալիս իր` 2005թ. տպագրված «Հայերի ջարդերն Օսմանյան Թուրքիայում. վիճելի ցեղասպանություն» վերնագրով գրքում, ինչպես նաև` դասախոսություններում, որոնք նա հաճախ կարդում է երկրի տարբեր համալսարաններում: 2007թ. մարտին ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում` զոհված հայերի սահմռկեցուցիչ թիվը նա վերագրեց «ապաշնորհ կառավարմանը» և ընդգծեց. «չպետք է մոռանալ, որ հսկայական տարբերություն կա ապաշնորհության, նույնիսկ այն ապաշնորհության, որը ողբերգական հետևանքներ է ունեցել», և մտադրված զանգվածային սպանությունների միջև:

«1915-1916թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած աղետալի դեպքերն հայերն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն,- ասաց նա: -Թուրքերի մեծ մասն այս դրվագը համարում է պատերազմի շրջանում իրականացված վերաբնակեցում, ինչն անհրաժեշտ էր դարձել հայկական փոքրամասնության դավաճանական պահվածքի պատճառով: Վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, շարունակվում է մոտ 100 տարի, և հարթվելու ոչ մի նշան առայժմ ցույց չի տալիս»:

Բայց միայն հայերը չեն, որ այս սպանդը Ցեղասպանություն են անվանում։ Ըստ հավատ ընծայող պատմաբանների ճնշող մեծամասնության` կատարվածի կարևորագույն մանրամասները էական անհամաձայնության տեղիք չեն տալիս: Ու թեև ցեղասպանությունը հերքելու Լյուիի ձևն ավելի նուրբ է, քան Ողջակիզումը հերքողներինը (որոնք հայտարարում են, թե Օսվենցիմում գազախցիկներ չեն եղել), այն պատմությունը վերաշարադրելու պակաս փորձ չէ:

2005թ. Թուրքիայի կառավարությանը հղած նամակում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (որը բաղկացած է որևէ կառավարության հետ առնչություն չունեցող հարյուրավոր անկախ գիտնականներից, որոնց աշխատանքն ունի տասնամյակների պատմություն և ընդգրկում է բազմաթիվ երկրներ ու ազգություններ) հայտարարել է. «Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում գերիշխող կարծիքը մեկն է»:

«Գիտական ապացույցները վկայում են հետևյալը. 1915թ. ապրիլի 24-ին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, Օսմանյան կայսրության Երիտթուրքերի կառավարությունը ծրագրված ցեղասպանություն սկսեց իր հայ քաղաքացիների` անզեն քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ: Ավելի քան մեկ միլիոն հայ ոչնչացվեց ուղղակի սպանությունների, սովամահության, խոշտանգումների հետևանքով և բռնագաղթի ընթացքում՝ «մահվան ճանապարհներին»: Հայ բնակչության մյուս մասը դիմեց փախուստի` մշտական աքսորի: Այսպիսով` հնագույն մի քաղաքակրթություն բնաջնջվեց իր 2500 տարվա հայրենիքում»:

Կրկնակի սպանություն

Չնայած փորձագետների այս հստակ համաձայնությանը` Թուրքիան քաղաքական լծակներ է օգտագործում և միլիոնավոր դոլարներ ծախսում ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութան հարցը մշուշելու նպատակով և մտահոգող հաջողության է հասնում նույնիսկ կառավարության ամենաբարձր մակարդակներում: Անցած տարվա աշնանը Թուրքիայի կողմից վճարվող լոբբիստները փակեցին Ցեղասպանությունը հիշատակող Կոնգրեսի բանաձևի ճանապարհը` օրենսդիրներին համոզելով փոխել իրենց նախապես հայտարարած դիրքորոշումը: Նույնիսկ նախագահ Բուշը փոխեց իր որոշումը:

Ռևիզիոնիստ պատմաբանները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանությունը և վճարվում են Թուրքիայի կառավարությունից, քաղաքական գործիչների համար ապահովեցին բոլոր այն ինտելեկտուալ պատճառաբանությունները, որոնք նրանց անհրաժեշտ էին պնդելու համար, թե իրենք պարզապես հրաժարվում են պատմություն թելադրելուց, այլ ոչ թե տեղի են տալիս օտար կառավարության ներկայիս շահերին:

«Այս ամենը վաղուց է պատահել, ու չգիտեմ` կարող ենք արդյոք իմանալ` իրականում դրանք ջարդե՞ր էին, ցեղասպանությու՞ն, թե՞ այլ բան»,- հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Մուրթան (դեմոկրատ` Փենսիլվանիայից) իր քվեարկությունը փոխելուց հետո:

«Ամենավերջին բանը, որ պետք է անի Կոնգրեսը, այլևս գոյություն չունեցող կայսրության [Օսմանյան կայսրության] պատմությունը որոշելն է»,- հայտարարեց Ջորջ Բուշը:

Մինչդեռ ցեղասպանագետներն այլ կերպ են դիտում այս հարցը:
«Ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է»,- ասում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Գրեգորի Ստանտոնը: -Դա տուժող խմբին հոգեբանորեն և մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին նույնիսկ իրենց հարազատների մասին հիշողությունից զրկելու շարունակական փորձ է: Հենց դա է Թուրքիայի կառավարությունն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»:

Անցած տարի «Էլի Վիզելի` հանուն մարդկության հիմնադրամ»-ը տարածեց մի նամակ, որում դատապարտվում էր Հայոց Ցեղասպանության մերժումը: Նամակը ստորագրել էին Նոբելյան 53 մրցանակակիրներ, այդ թվում` Ողջակիզմումից վերապրած, քաղաքական ակտիվիստ Վիզելը: Հայոց Ցեղասպանությունը քողարկելու Թուրքիայի 90-ամյա արշավը Վիզելը բազմիցս անվանել է կրկնակի սպանություն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագությունների մասին հիշողությունը:

Բայց այս հարցում նա առաջինը չէր: Դեռևս 1943թ. իրավագիտության պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, որը հետագայում դարձավ Նյուրնբերգյան դատավարության գլխավոր փաստաբան Ռոբերտ Ջեքսոնի խորհրդականը, ստեղծեց «ցեղասպանություն» եզրը` մտքում ունենալով հայերին:

Սթենթոնը, որն ԱՄՆ պետքարտուղարության նախկին պաշտոնյաներից է և հեղինակել է Ռուանդայի գործով միջազգային քրեական դատարան ստեղծելու վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, այս տարվա ապրիլին ելույթ ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` ԱՄՆ Կապիտոլիումում կազմակերպված արարողությանը, որից չորս ամիս առաջ տապալվել էր սպանդի զոհերի հիշատակը ոգեկոչող օրինագծի ընդունումը:

«ԱՄՆ կառավարությունը չպետք է մասնակցի պատմական այնպիսի խորը և կարևոր իրողության քողարկման գործին, ինչպիսին Հայոց Ցեղասպանությունն է, որը Հիտլերը որպես օրինակ օգտագործեց Ողջակիզման իր ծրագրում»,- հայտարարեց Սթենթոնը լսարանի առջև, որտեղ կային Հայոց Ցեղասպաության երեք վերապրածներ, Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ավելի քան 100 անդամներ:

Ներթափանցում գիտական շրջանակների մեջ

Հայոց Ցեղասպանության հիշողությունը սպանելուն ուղղված ջանքերն սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ անապատային գերեզմանոցներում լեշակեր թռչունները դեռ կտցահարում էին զոհերի դիակները: Այդ ժամանակ էր, որ Թուրքիան տարածեց իր առաջին պաշտոնական հայտարարությունը` վստահեցնելով ամբողջ աշխարհին, թե ոչ մի վայրագություն էլ տեղի չի ունեցել: Հայոց Ցեղասպանության հերքման Թուրքիայի սկզբնական ռազմավարությունն այդ ժամանակից ի վեր փոփոխությունների է ենթարկվել. նախ այն հերքում էին ընդհանրապես, հետո վիճարկում էին զոհվածների թիվը, կամ ջարդերի համար մեղադրում էին քուրդ ավազակախմբերին ու մի քանի սրիկա պաշտոնյաների, կամ պնդում էին, թե սպանված հայերը քաղաքացիական պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից կռվողներն էին:

Ցեղասպանության ժխտման նպատակով Թուրքիան սկսեց ԱՄՆ-ի գործերին միջամտել 1930թ., երբ թուրք առաջնորդները ԱՄՆ պետքարտուղարությանը համոզեցին արգելել «Էմ Ջի Էմ» (MGM) տուդիային` նկարահանելու «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա ֆիլմը, որում Հայոց Ցեղասպանության դրվագներ էին պատկերվում:

1982թ. Թուրքիայի կառավարությունը 3 միլիոն դոլար նվիրաբերեց Թուրքագիտության ինստիտուտ հիմադրելու նպատակով` Ջորջթաուն համալսարանում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը զբաղվում է թուրքանպաստ օրակարգի, ներառյալ` Հայոց Ցեղասպանության հերքման առաջմղմամբ: Երեք տարի անց` 1985թ., «Նյու Յորք Թայմզ»-ում, «Վաշինգտոն Փոստ»-ում, և «Վաշինգտոն Թայմզ»-ում Թուրքիան տեղադրեց ամբողջական էջեր զբաղեցնող վճարովի հայտարարություն` ամերիկացի 69 գիտնականների ստորագրած նամակ, որը կասկածի տակ էր առնում Հայոց Ցեղասպանության փաստը: Բոլոր 69 գիտնականներն այդ տարի ֆինանսավորում էին ստացել Թուրքագիտության իստիտուտից կամ Թուրքիայի կողմից հովանավորվող այլ հաստատություններից, ինչպեսին, օրինակ, Անկարայի առևտրային պալատն է, որը Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող կիսա-կառավարական մարմին է:

Թուրքագիտության ինստիտուտն այդ ժամանակից ի վեր խոշոր նվիրատվություններ է ստացել Թուրքիային զենք վաճառող ամերիկյան ռազմական կապալառուներից, ներառյալ` «Ջեներալ Դայնամիքս»-ը (General Dynamics) և «Վեսթինգհաուս»-ը (Westinghouse): Թուրքիան շարունակում է ամենամյա սուբսիդիաներ տրամադրել ինստիտուտին: 2006թ. (սա ամենավերջին տարին է, որի վերաբերյալ հարկային տվյալներ կան), ինստիտուտը 85,000 դոլարի դրամաշնորհներ է տրամադրել գիտնականներին: Հաստատության նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի գործող դեսպան Նաբի Սենսոյն է:

Գիտական շրջանակներում Հայոց Ցեղասպանությունը մերժող այս «ինդուստրիայի» ազդեցության ծավալման առաջին անհերքելի ապացույցը «ժամանեց» 1990թ. Նյու Յորքի Սիթի համալսարանի շրջանավարտների կենտրոնի և Ջոն Լեյ քոլեջի պրոֆեսոր, հոգեբան և հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին հասցեագրված ծրարում: Ծրարում կար նամակ` ստորագրված այն ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նուժեթ Քանդեմիրի կողմից: Դեսպանը բողոքում էր գիտնականի` «Նացիստական բժիշկները. բժշկական սպանություններ և ցեղասպանության հոգեբանությունը» վերնագրով մրցանակակիր գրքում տեղ գտած` Հայոց Ցեղասպանության մի քանի թռուցիկ վկայակոչումների դեմ:

«Հատկապես մտահոգիչ է, որ Ողջակիզման (ողբերգություն, որի հրեշայնությունն ու բարբարոսությունը երբեք չպետք է մոռացվի) գծով խոշոր գիտնականը կարող է այդքան անզգույշ լինել իր մասնագիտական դաշտից դուրս գտնվող հարցի վերաբերյալ հղումներում,- գրել էր Քանդեմիրը: -Մոլորյալ հայ ազգայնականների հրահրած ողբերգական քաղաքացիական պատերազմի և դրա պատճառով և՛ մահմեդականների, և՛ քրիստոնյաների կրած մարդկային տառապանքների համեմատությունը մի ժողովրդի սիստեմատիկ բնաջնջման ծրագրված փորձի հետ, պարզապես անհեթեթություն է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են պատմությանը»:

Արտասովոր ոչ մի բան չկար Քանդեմիրի նամակում: Թուրքական իշխանություններն այն ժամանակ և հիմա էլ պարբերաբար դատափետում են այն գիտնականներին, որոնք գրում են Հայոց Ցեղասպանության մասին:
Լիֆթոնի հետաքրքրությունը, սակայն, շարժեց երկրորդ նամակը, որը թուրք դիվանագետը պատահաբար էր դրել ծրարում: Դա Մերձավոր Արևելքի գծով պատմաբան Հիթ Լոուրիի` Քանդեմիրին ուղղված զեկուցագիրն էր` կետ-առ-կետ շարադրված հուշաթերթիկ, թե ինչպես պետք է «գրոհել» Լիֆթոնի գիրքը, որը Լոուրին անվանում էր «մեր խնդիրը»:

Այդ ժամանակ Լոուրին Թուրքագիտության ինստիտուտի հիմնադիր տնօրենն էր: Նա այդ պաշտոնից հրաժարվեց 1996թ., երբ 20 թեկնածուների միջից ընտրվեց Փրինսթոնի համալսարանի Աթաթուրքի անվան թուրքագիտության ամբիոնի վարիչ` նոր պաշտոն, որը Թուրքիայի կառավարության տրամադրած $750,000 գրանտով ստեղծվել էր Մերձավորարևելյան ուսումնասիրությունների (Near Eastern Studies) ֆակուլտետում:

Փրինսթոնի դասախոսական կազմին միանալուց առաջ, Լոուրին երբեք դասախոսի մշտական աշխատանք չէր ունեցել և որևէ խոշոր հրատարակչատան միջոցով ոչ մի գիտական աշխատություն չէր հրապարակել: Դրա և, ինչպես 1995թ. «Բոստոն Գլոուբ»-ն է բնութագրել` «թուրքական կառավարության երկարամյա լոբբիստ»-ի նրա աշխատանքի պատճառով, նրա նշանակումը փոթորկալից վիճաբանության պատճառ դարձավ: «Փրինսթոնի շրջանավարտներն` հանուն վստահության» կոչվող բողոքի խումբը Լոուրիի նշանակումը դատապարտող հայտարարություն հրապարակեց, որը ստորագրել էին ավել քան 80 առաջատար գիտնականներ ու գրողներ, այդ թվում` Կուրտ Վոնեգութը, Արթուր Միլլերը, Քոռնել Վեսթը, Ջոյս Քառոլ Օութսը, և բազմաթիվ այլ պատմաբաններ ու ցեղասպանագետներ:

Քոլգեյթի համալսարանի Բարոյագիտության և աշխարհի հասարակությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Այրվող Տիգրիսը. Հայոց Ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գրքի հեղինակ Պիտեր Բալաքյանը Լոուրիին անվանել է «օտար կառավարության քարոզիչ»:

2005թ. ելույթ ունենալով Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված Փրինսթոնի գիտաժողովում` Բալաքյանը հռետորական հարց հնչեցրեց. «Կցանկանա՞ր արդյոք համալսարանը, որ նեոնացիստական խմբի հետ աշխատող մեկն իր ֆակուլտետում զբաղվեր Ողջակիզումը կոծկելով»:

Թուրքիայի փոխհարաբերությունները Հայոց Ցեղասպանության մերժումն առաջ մղող ամերիկացի գիտնականների հետ նման են նավթարդյունաբերության և գլոբալ տաքացման իսկությունը հերքող մարգինալ կլիմայագետների միջև հարաբերություններին: Պատճառահետևանքային կապը հստակ չէ: Անհնար է վստահաբար ասել` նրանք այդպիսի հայտարարություններ են անում, որպեսզի վճարվե՞ն, թե՞ վճարվում են, քանի որ նման հայտարարություններ են անում: Շատերն էլ, ովքեր Թուրքագիտության ինստիտուտից գումարներ են ստանում, ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն անում` պաշտպանելու կառավարության վարկածը, թե ինչ է տեղի ունեցել իրենց հայ փոքրամասնության հետ:

Անշուշտ նրանց մի մասն, այդ թվում` Լուիսվիլի Համալսարանում պատմության պրոֆեսոր Ջասթին ՄքՔարթին, աշխատում է այդ ուղղությամբ: ՄքՔարթին պնդում է, թե «այս մտացածին թուրքական ծրագրին» (ինչպես ինքն է որակում) վերագրվող զոհերի թիվը կոպտորեն չափազանցված է, և այդ զոհերը հետևանք են արդարացված ինքնապաշտպանական գործողությունների, որ հրահրել են դավաճան հայերը` պատերազմի ընթացքում Թուրքիայի դեմ վերջինիս թշամիների հետ դավադրություն ծրագրելով:

ՄքՔարթին նաև ընդգծում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունից» առաջ առնվազն մեկ դեպքում հայերն են կոտորել թուրքերին: Այլ խոսքով` նրանք են եղել դրդողները: «Ե՛վ պատմական, և՛ բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, թե ով է սկսել բախումները»,- հայտարարել է ՄքՔարթին 2005թ. ելույթ ունենալով Թուրքիայի Մեծ ազգային ժողովում: «Ավելի քան 100 տարի տևած պատերազմական գործողություններում հայերը և թուրքերը կոտորել են իրար: Պետք է հասկանալ, թե ով է սկսել սպանությունները, որովհետև ագրեսորը հազվադեպ է արդարացվում, մինչդեռ ինքնապաշտպանությունը միշտ է արդարացվում»:

Այնուհետև շարունակելով` նա ասել է. «Եթե նրանք, ովքեր ինքնապաշտպանվում են` անցնելով պաշտպանության սահմանը, և վրեժի են ձգտում, ինչպես սովորաբար տեղի է ունենում պատերազմներում, ապա նրանք պետք է բացահայտվեն ու քննադատվեն: Բայց ամենից շատ պետք է մեղադրել նրանց, ովքեր սկսել են պատերազմը, նրանք, ովքեր իրականացրել են առաջին չարագործությունները և նրանք, ովքեր արյունահեղության պատճառ են դարձել: Հայ ազգայնականները, հայ հեղափոխականներն են սկսել բախումները: Մեղքը նրանց վրա է»:

Թուրքական տեսակետի պարտադրանք

Ֆրանսիայում և Շվեյցարիայում Հայոց Ցեղասպանությունը հերքելը հանցանք է: Թուրքիայում հանցանք է այն հաստատելը:

2005թ. ուժի մեջ մտած` Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով անօրինական է համարվում Թուրքիայի որևէ քաղաքացու կամ բնակչի կողմից Հայոց Ցեղասպանության հաստատումը: Այս օրենքով` «թրքությունը վիրավորելու» մեղադրանքով բազմաթիվ լրագրողներ ու գիտնականներ են դատապարտվել` սկսած Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկից, որը մեղադրվեց հետևյալ հայտարարության համար. «Մեկ միլիոն հայ է սպանվել այս հողերում»: Թուրքահայ թերթի խմբագիր Հրանտ Դինքի դեմ երեք անգամ մեղադրանք է հարուցվել Հայոց Ցեղապանությունը մերժելու Թուրքիայի կառավարության երկարատև քաղաքականությունը քննադատելու համար:

Մինչ օրենքն անկարող էր լռեցնել Դինքին, դա արեցին փամփուշտները: Անցած տարվա հունվարին նա սպանվեց Ստամբուլի կենտրոնում գտնվող իր գրասենյակի մոտ, թուրք ծայրահեղ ազգայնականի արձակած կրակոցից: Հետագայում հրապարակված տեսագրությունում և լուսանկարներում երևում էր, թե մարդասպանն ինչպես է ցնծում Թուրքիայի դրոշի առջև, կողքին ոստիկաններ` լայն ժպիտը դեմքներին:

Դինքի ընկերն ու գաղափարական դաշնակիցը, թուրք ականավոր պատմաբան, սոցիոլոգ, Մինեսոտայի համալսարանի Ողջակիզման և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը, չնայած իր կյանքին սպառնացող լուրջ վտանգին, մասնակցեց Թուրքիայում Դինքի հուղարկավորությանը: Աքչամը, որը Հայոց Ցեղասպանության հարցերով համաշխարհային առաջատար հեղինակություն է, թուրք ծայրահեղ ազգայնականների սպառնալից նշանառության տակ էր հայտնվել 2006թ. նոյեմբերին իր` «Ամոթալի արարք. Հայոց Ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը» վերնագրով գրքի հրապարակումից հետո: Գիրքը փաստացի պատմություն է, որը գլխավորապես հիմնված է Թուրքիայի կառավարական արխիվներից հանված պաշտոնական փաստաթղթերի վրա»:

«Աշխարհի խաղաղության և ճշմարտության համար ավելի լավ կլիներ, եթե քեզ նման կեղտաջրի մանրեները վերացվեին երկրագնդի երեսից,- գրված էր Աքչամին ուղղված տասնյակ անանուն նամակներից մեկում, որոնք նա շարունակում է ստանալ Մինեսոտայում: -Աղոթիր, որ սատանան քեզ տանի շուտով, քանի որ հակառակ դեպքում երկրի վրա քո կյանքը դժոխքի կվերածվի… Ո՞վ եմ ես: Շուտով կիմանաս, Թանե՛ր, շուտով կիմանաս»:

Իրականում թուրք ծայրահեղ ազգայնականները թիրախ են դարձրել բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր, Աքչամի նման, հաստատում են Ցեղասպանությունը: Նրանց կայքէջերից մի քանիսում զետեղված են այդ գիտնականների տան հասցեները, հեռախոսահամարներն ու լուսանկարները:
Ցեղասպանությունը մերժողները հաճախ ընդհատում են Աքչամի դասախոսությունները: 2006թ. նոյեմբերին մի խումբ ծայրահեղ ազգայնականներ հարձակվեցին նրա վրա` Նյու Յորքի Սիթի համալսարանում իր գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Հայոց Ցեղասպանության մերժումը զարգացել է տասնամյակների ընթացքում` վերածվելով բարդ ու ազդեցիկ մեքենայի, որ կարող է մրցակցել նացիստական Գերմանիայի քարոզչության նախարարության հետ,- ասում է Աքչամը: -Այս մեքենան գործում է` հիմնվելով ակադեմիական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների, ահաբեկումների ու սպառնալիքների վրա, որոնք բոլորն էլ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ֆինանսավորվում և աջակցություն են ստանում թուրքական պետությունից: Սա հսկայական արդյունաբերություն է դարձել»:

Համոզելով Կոնգրեսին

Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելու նպատակով, Ամերիկայում Թուրքիայի ծավալած արշավի երկու գլխավոր ճակատներից մեկն գիտական շրջանակներն են: Մյուսը` Կոնգրեսն է:

Թուրքիան` որպես այդ անհանգիստ տարածաշրջանի միակ մահմեդական երկիր, որ ԱՄՆ-ին և Իսրայելին իր դաշնակիցներն է անվանում, իր քաղաքական զգալի ազդեցությունն օգտագործում է` թույլ չտալու, որ ԱՄՆ-ը միանա Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ ճանաչած 22 պետությունններին:

1989թ. ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց ականատեսների արխիվային վկայություններ, որոնք, ըստ Պետքարտուղարության պաշտոնյաների, ցույց էին տալիս, որ «բազմահազար հայեր, հիմնականում անմեղ և անօգնական կանայք ու երեխաներ, մորթվել են»: Նույն տարում ԱՄՆ Սենատին ներկայացվեց Ցեղասպանությունը հիշատակող օրինագիծ: Սակայն Թուրքիան պատասխանեց` արգելափակելով ԱՄՆ նավատորմի նավերի մուտքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող թուրքական ջրային տարածքներ և արգելելով թուրքական տարածքում ԱՄՆ ռազմական բոլոր վարժանքները: Օրինագիծը շատ արագ հօդս ցնդեց:

Անցած սեպտեմբերին հարցը կրկին ի հայտ եկավ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատեց և Կոնգրեսին առաջարկեց պարտադիր ուժ չունեցող բանաձև ընդունել, որը դատապարտում էր օսմանյան թուրքերի` հայերի դեմ իրականացրած զանգվածային սպանությունները: Բանաձևում զոհերի թիվը 1,5 միլիոն էր նշված, իսկ սպանությունները որակվում էին որպես «ցեղասպանություն»:

Այս անգամ Թուրքիան պատասխանեց` հետ կանչելով ԱՄՆ-ում իր դեսպանին ու կանխատեսելով ծանր հետևանքներ: «Հայերի անհիմն պնդումներն ընդունելու դեպքում, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կառաջանան»,- զգուշացրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

«Երեկ Կոնգրեսում ոմանք ցանկանում էին կոշտ խաղ խաղալ,- հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էգմեն Բագիսը: -Վստահեցնում եմ ձեզ, որ Թուրքիան գիտի, թե ինչպես կարելի է կոշտ խաղ խաղալ»:

Հաջորդ օրը Պետքարտուղարության խոսնակ Շոն ՄքՔորմաքը Միացյալ Նահանգների անունից ներողություն խնդրեց Թուրքիայից` հրապարակելով հայտարարություն, որում «ափսոսանք» էր հայտնում հանձնաժողովի գործողությունների համար, որոնք, ինչպես ինքը զգուշացրեց` «կարող են լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում` ԱՄՆ-ի շահերին»:

Պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն իր հերթին դեմ դուրս եկավ բանաձևին և նշեց, որ Իրաքում ԱՄՆ զորքին օդային ճանապարհով ուղարկվող բեռների 70%-ը և զորքի կողմից սպառվող վառելիքի 30%-ն առաքվում է Թուրքիայի տարածքով: Նախագահ Բուշը, թերևս մոռանալով 2000թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը, ըստ որի նախագահ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի, նույնպես բանաձևի դեմ հանդես եկավ:

Մինչ թուրք պաշտոնյաներն սպառնալիքներ էին հնչեցնում, Թուրքիայի կողմից վճարվող լոբբիստները կոնգրեսականներին ու հանձնաժողովներին փող էին բաժանում` քարոզարշավների և քաղաքական գործողությունների համար տրվող նվիրատվությունների տեսքով: Ներկայացուցիչների պալատում, Լուիզիանայից ընտրված Բոբի Ջինդալը (հանրապետական, որը ներկայում Լուիզիանայի նահանգապետն է) և Միսիսիպիից ընտրված Ռոջեր Ուիքերը (ներկայում հանրապետական սենատոր է և ներկայացնում է այդ նահանգը) դադարեցին պաշտպանել բանաձևը և սկսեցին դրա դեմ հանդես գալ, սակայն միայն այն բանից հետո, երբ մոտ $20,000-ական ստացան նախկին կոնգրեսականներ` հանրապետական Բոբ Լիվինգսթոնից և դեմոկրատ Ռիչարդ Գեֆարդթից. վերջիններն այժմ աշխատում են Թուրքիայի վարձած լոբբիստական ընկերություններում, որոնց նպատակն է ճնշել Հայոց Ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր փորձ:

2000թ., դեռևս պաշտոնավարող Գեֆհարդթը հայտարարեց, որ ինքը «հավատարիմ է Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել տալու գործին»: 2003թ. նա համահովանավորեց մի բանաձև, որում «Հայոց Ցեղասպանությունը» նույն հարթության վրա էր դրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում իրականացված Ողջակիզման, Կամբոջայում և Ռուանդայում կատարված զանգվածային սպանությունների հետ: Բանաձևը թուրքական լոբբիի կայծակնային գրոհի (blitzkrieg) հետևանքով անմիջապես տապալվեց:

Պաշտոնը թողնելուց և Թուրքիայի համար լոբբինգ անելու նպատակով տարեկան $1,2 միլիոնանոց պայմանագիրն ընդունելուց հետո, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին առաջնորդի սրտում խորը փոփոխություններ տեղի ունեցան: «Այդ բանաձևի միջոցով Թուրքիային օտարելը կարող է թուլացնել [Մերձավոր Արևելքի] թատերաբեմում իրականացվող գործողություններում կայունություն հաստատելու մեր ջանքերը, և նույնիսկ կարող է ավելի սրել դրությունը»,- «Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյուն»-ին ուղարկած էլեկտրոնային նամակում գրել էր նա: Անցած աշնանը, Հայոց ցեղասպանության խորհրդանշական բանաձևը վիժեցնելուն ուղղված իր ջանքերի շրջանակներում, Գեֆհարդթը թուրք դեսպան Նաբի Սենսոյին ուղեկցում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և այլ դեմոկրատ առաջնորդների հետ հանդիպումներում:

Բոբ Լիվինգսթոնը, որի ընկերությանը 1999-ից ի վեր թուրքական կառավարությունը $12 միլիոնից ավել գումար է վճարել, նույնպես միացավ արշավին: Անցած տարի աշնանը լոբբիստական ջանքերի շրջանակներում (բանաձևի հովանավորներից մեկը` հանրապետական Ադամ Շիֆը` Կալիֆոռնիայից, այդ արշավն անվանեց «ամենասաստիկը, որ ես երբևէ տեսել եմ»), Լիվինգսթոնը թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին Կապիտոլիումում գրասենյակից գրասենյակ էր ուղեկցում»:

Արշավի շրջանակներում, Թուրքիայի կառավարությունն ամերիկյան հեղինակավոր թերթերում ամբողջ էջ զբաղեցնող հայտարարություններ էր տպագրում, որոնք Կոնգրեսի անդամներին կոչ էին անում «աջակցել ոչ թե պատմությունն օրենսդրությամբ ամրագրելուն, այլ այն ուսումնասիրելուն ուղղված ջանքերին»: Դրանք ներառում էին նաև պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուղերձը. «Պատմական այս հանգամանքները պատմաբանների շատ մանրամասն և սթափ ուսումնասիրության կարիքն ունեն», ինչը ենթադրում էր, որ պատմաբանները դեռ պետք է լրջորեն ուսումնասիրեն Հայոց Ցեղասպանությունը:

Ավելի քան 100 մարդ հրաժարվեց նախկինում խոստացած աջակցությունից, և 106 բանաձևն այդպես էլ Կոնգրեսում լիարժեք քվեարկության չդրվեց:

Այդ ժամանակվանից Թուրքիայի կառավարությունը շարունակում է «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու կոչ անել` «1915-1923թթ կատարված դեպքերն ուսումնասիրելու» նպատակով: Առաջարկվող հանձնաժողովը գովազդվում է որպես ճշմարտության և հաշտության ազնիվ փնտրտուքի խողովակ` պատմության վիճելի անցքերի շուրջ վաղուց սպասված միջնորդություն և այս պատմության երկու կողմերին վերջապես հավասարապես լսելու հնարավորության ընձեռում:

Սակայն, այսպիսի ասացվածք կա` սուտը պատմության մյուս կողմը չէ: Սուտը պարզապես սուտ է:
«Երբ խոսքը վերաբերում է Հայոց Ցեղասպանության պատմական իրողությանը` գոյություն չունի հարցի մասին «հայկական» կամ «թուրքական» տեսակետ, ինչպես որ գոյություն չունի Ողջակիզման պատմական իրողության մասին «գերմանական» կամ «հրեական» տեսակետ»,- գրում է Թորբեն Յորգենսենը` Ողջակիզման և ցեղասպանությունների ուսումնասիրության դանիական կենտրոնից: «Գոյություն ունի հարցի գիտական և ոչ գիտական կողմ` ընդունում կամ մերժում»:

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի ծանոթագրությունըգրել է 18 Փետրվար 2009թ.-ին, ժամը 11:57

    Ինթելիջնս Փրոջեկտ (The Intelligence Project)

    «Հարավում աղքատների իրավունքների պաշտպանության կենտրոն»-ի (Southern Poverty Law Center – SPLC) «Ինթելիջնս Փրոջեկտ» (Intelligence Project) ծրագրի նպատակն ԱՄՆ-ում ատելություն սերմանող խմբերի ու ծայրահեղականների գործունեությունը վերահսկելն է:

    Այն նաև հրապարակում է «Ինթելիջնս Ռիփորթ» (Intelligence Report) եռամսյա ամսագիրը, որը Կենտրոնի կողմից հետաքննվող երևույթների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում իրավապահ մարմիներին, լրատվամիջոցներին և հանրությանը:

    Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև իրավապահների ուսուցման դասընթաց, որն օգնում է նրանց հայտնաբերել ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններն ու արձագանքել դրանց:

    «Ինթելիջնս Փրոջեկտ»-ը, որի սկզբնական անվանումը «Կլանվոչ» էր (Klanwatch), ստեղծվել է 1981թ.` որպես արձագանք դրանից երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքին: Ալաբամայի Դեկատուր քաղաքում ընթացող խաղաղ երթի ժամանակ Կլանի (Klan) անդամները հարձակվել էին քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վրա: Սևամորթ Կուրտիս Ռոբինսոնն ինքնապաշտպանության ժամանակ կրակել էր` սպանելով Կլանի անդամներից մեկին: Երբ սպանելու դիտավորությամբ հարձակում իրականացնելու մեղադրանքով բացառապես սպիտակամորթներից բաղկացած ժյուրին մեղավոր ճանաչեց Ռոբինսոնին, «Հարավում աղքատների իրավունքների պաշտպանության կենտրոն»-ը (SPLC) բողոքարկեց դատարանի որոշումը և իր առաջին քաղաքացիական դատական գործը սկսեց Կլանի դեմ:

    Դատավարության ընթացքում կենտրոնի քննիչները վկայություններ գտան, որոնք ջրի երես էին հանում Կլանի գործունեությունը: «Կլանվոչը» ստեղծվեց, որպեսզի գործողություններ ձեռնարկի Կլանի, փոխադարձ հրկիզումների, ծեծի, հրազենի և այլ բռնությունների դեմ, որոնք հիմնականում անուշադրության էին մատնվում իշխանությունների կողմից:

    Չնայած ծրագրի առաջնային նպատակը Կլանի մասին տեղեկություններ հավաքելն էր, ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր գործունեության շրջանակները:
    Այսօր «Ինթելիջնս Փրոջեկտ»-ը դիտարկում է ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները և կենցաղային խնդիրների հողի վրա առաջ եկող թշնամական խմբերին, ներառյալ նեո-նացիստների, ռասիստ սքինհեդների, «Քրիստոնեական ինքնության» հետևորդների, սևամորթ անջատականների և ծայրահեղական գրոհայինների գործողությունները` դառնալով ատելության վրա հիմնված գործողությունների ուսումնասիրության գծով հեղինակավոր մասնագետ ԱՄՆ-ում:

    Քանի որ «Ինթելիջնս Փրոջեկտ»-ի կողմից դիտարկվող` ատելություն քարոզող ամենավայրագ խմբերն այլևս Կլանին չեն առնչվում, 1998թ.-ին ծրագիրը վերանվանվեց «Ինթելիջնս Փրոջեկտ» (Intelligence Project)` «Կլանվոչի» փոխարեն:

    Ատելության հետաքննությունը տանում է դեպի իրավական հաղթանակ

    «Ինթելիջնս Փրոջեկտ»-ի հետաքննությունների շնորհիվ SPLC-ն քաղաքացիական գործեր է հարուցել ռասիստական խմբերի դեմ` ատելության հողի վրա իրականացված հանցանքներում նրանց ունեցած դերի համար: Ծրագրի գործունեության առաջին 17 տարիների ընթացքում SPLC-ի հարուցած դատական գործերի արդյունքում ավելի քան 40 անհատների և սպիտակամորթների ինը խոշոր ռասիստական կազմակերպությունների գործունեություն է կասեցվել:

    Աղբյուրը` «Ինթելիջնս Փրոջեկտ» (The Intelligence Project, Southern Poverty Law Center, http://www.splcenter.org/intel/history.jsp)