Feb 24 2009

Իսրայելը, Թուրքիան և ցեղասպանության քաղաքականությունը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Գլոուբ ընդ Մեյլ», 23-ը հունվարի, 2009թ.
Աղբյուրը` (The Globe and Mail)
Ջերալդ Կապլան (Gerald Caplan)

Նախագահ Օբաման (ինձ դուր է գալիս արտասանել այս բառերը) վայրկենապես միավորեց աշխարհը: Գրեթե: Բացառությունների թվում, ինչը շատ քիչ ուշադրության արժանացավ հիմնական լրատվամիջոցների կողմից, Մերձավոր Արևելքի անհանգիստ տարածաշրջանում նախկին հավատարիմ դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սառեցումն է:

Առաջին հայացքից` այս դաշինքն անտրամաբանական կարող է թվալ, սակայն իրականում, ռազմավարական առումով, երկու երկրների համար էլ այն իմաստավորված է: Իսրայելը ձեռք է բերում ջերմ աշխատանքային հարաբերություններ աշխարհի ամենախոշոր մահմեդական երկրներից մեկի հետ` միաժամանակ հարստացնելով իր համար առաջնային կարևորություն ունեցող ռազմարդյունաբերական համալիրը: Օրինակ, հազիվ երկու ամիս առաջ տեղեկություն տարածվեց մի գործարքի մասին, ըստ որի Թուրքիան իր օդուժը վերազինելու նպատակով իսրայելական ընկերություններին $140 մլն է վճարել: Իսրայելի ռազմավարությանը բնորոշ իրատեսության, ռեալպոլիտիկի (realpolitik) իմաստով` սա հասկանալը դժվար չէ: Գրեթե:

Իր հերթին` Թուրքիան ռազմական, տնտեսական և դիվանագիտական օգուտներ է քաղում: Բայց նա ստանում է իր համար խիստ կարևոր ևս մի բան, որը, սակայն, նվազ տեսանելի է, և հետևաբար` դրսի մարդկանց համար դժվար նկատելի: Երկու երկրների միջև կնքված «ֆաուստյան գործարքի» համաձայն` Իսրայելի բոլոր կառավարություններն անխտիր կերպով հրաժարվել են ընդունել, որ 1915թ.-ին Թուրքիայի կառավարությունը պատասխանատու էր իր երկրի հայ փոքրամասնության դեմ ցեղասպանություն նախաձեռնելու համար: Նրանց հաջողվեց սպանել մոտ 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց ու երեխաների:

Պետք է պարզաբանեմ, որ սա Իսրայելի պասիվ դիրքորոշումը չէ: Ընդհակառակը, տարիներ շարունակ իսրայելցիները` մի քանի բավական խիզախ բացառությունները չհաշված, իրականում աշխատել են Հայոց Ցեղասպանության մասին հիշողությունը պահպանելու փորձերի դեմ (այս հարցի վերաբերյալ ամենահեղինակավոր գիրքը իսրայելցի Յաիր Աուրոնի գերազանց աշխատությունն է, որը կոչվում է «Հերքման անհեթեթությունը. Իսրայելը և Հայոց Ցեղասպանությունը», 2003թ.):

Շատերի համար սա գուցե, համաշխարհային բազմաթիվ ճգնաժամերի շարքում, բավականին անհայտ, անկարևոր մի իրադարձություն է: Բայց ընթերցողը պետք է հասկանա, որ Թուրքիայի բոլոր կառավարությունները արդեն մոտ մեկ դար է` ջանք չեն խնայում ցեղասպանության փաստն ինքնին հերքելու համար: Մինչդեռ անկողմնակալ ցեղասպանագետների ճնշող մեծամասնությունը հրապարակավ հաստատել է, որ դա իսկապես ցեղասպանություն է եղել, մեկը 20-րդ դարի սակավաթիվ ցեղասպանություններից (Ողջակիզում և Ռուանդա), որ անհերքելիորեն համապատասխանել են ՄԱԿ-ի` Ցեղասպանության մասին 1948թ. կոնվենցիայի սահմանմանը:
Նույնիսկ 94 տարի անց, Արևմուտքում բնակվող հայերի համար չկա ավելի կարևոր բան, քան համոզելը, որ այլ երկրների կառավարությունները ճանաչեն այն: Թուրքիայի իշխանությունների համար, նույնիսկ 94 տարի անց, չկա ավելի կարևոր բան, քան այդ ճանաչումը կանխելը: Այդ նպատակին հետամուտ Թուրքիայի ամենահզոր դաշնակիցը թերևս Իսրայելն է եղել: Ի վերջո, եթե Ողջակիզման հիշողությունը պահպանողները չեն ընդունում 1915-ը, ինչու՞ ուրիշ որևէ մեկը պետք է ընդունի դա:

Թուրք-իսրայելական գործարքը, սակայն, դուրս է գալիս Իսրայելի սահմաններից: Բացի այն, որ Աշխարհի բոլոր անհավանական երկրներից հենց Իսրայելն է հերքում ցեղասպանությունը, նրան միացել են նաև այլ երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում գործող մի շարք կայացած հրեական կազմակերպություններ: ԱՄՆ-ում, նրանք, ովքեր պնդում են, թե Ողջակիզումը հերքելը հոգեբանորեն հավասարազոր է երկրորդ ողջակիզման, առաջնորդողի դեր են ստանձնել 1915թ. իրականությունը ճանաչելու դեմ նախագահների և Կոնգրեսի նկատմամբ ճնշում գործադրելու գործընթացում: Ամերիկահայերը և նրանց բազմաթիվ աջակիցներն պարբերաբար շրջանառության մեջ են դնում ճանաչման կոչ անող բանաձևեր: Այդ բանաձևերին ընդդիմացողներին սովորաբար առաջնորդում են հրեական կազմակերպությունները: Ոմանք հավատացած են, որ այս խմբերի անդամներն իրականում կատարելապես հասկանում են հարցի ճիշտ և սխալ կողմը: Բայց Իսրայելի ցանկացած և բոլոր կառավարությունների նախաձեռնություններն ուղղորդող մտակառուցվածքը գերիշխում է մնացած ամեն ինչի վրա: Եվ հաջողությամբ: Այս բանաձևը Կոնգրեսում անցկացնելու փորձերը պարբերաբար ձախողվել են, թեև Հայոց Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը կայուն կերպով աճում է, և Ստեֆան Հարփերի շնորհիվ` այժմ այն ընդգրկում է նաև Կանադան:

Հենց այս բավական անհարիր, եթե ոչ` ասնուրբ թուրք-իսրայելական գործարքը դարձավ Գազայի վրա Իսրայելի վերջին հարձակման բազմաթիվ զոհերից մեկը: Կանխատեսել էին դա իսրայելցիները, թե` ոչ, բայց Թուրքիայի կառավարությունը կտրուկ շրջվեց իր նախկին դաշնակցի դեմ` վրեժխնդրությամբ ու գրեթե անզուսպ քննադատությամբ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրեց «անմարդկային արարքներ կատարելում, որոնք կտանեն նրան ինքնակործանման: Վաղ թե ուշ, Ալլահը կպատժի նրանց, ովքեր ոտնահարում են անմեղ մարդկանց իրավունքները»: Պրն Էրդողանն Իսրայելի հարձակումը Գազայի վրա բնութագրեց որպես «վայրենություն» և «մարդկության դեմ հանցանք»:

Իսրայելն այս խոսքերը պաշտոնապես բնութագրեց որպես «անընդունելի», իսկ իսրայելական որոշ լրատվամիջոցներ էլ ավելի բորբոքեցին կրքերը: «Ջերուսալեմ փոստն» իր խմբագրականում գրեց, թե հյուսիսային Իրաքում հազարավոր քրդեր սպանած Թուրքիայի պատմությունից ելնելով` «համոզված չենք, որ Թուրքիան մարդու իրավունքների մասին Իսրայելին դասեր տալու իրավունք է վաստակել»: Իսրայելի փոխարտգործնախարարն էլ ավելի դիպուկ էր. «Էրդողանն ասում է, թե Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում: Այդ դեպքում մենք [Իսրայելը] հայերի հետ կապված իրադարձությունները ցեղասպանություն կճանաչենք»: Ցեղասպանությունը հանկարծ դառնում է աշխարահաքաղաքական խաղազինվոր:

Հեշտ չէ որոշել, թե ով է հաղթողը ցինիզմի այս մրցավազքում: Թուրք սյունակագիր Բարչին Յինանսը սրամտորեն գրել է. «Երբ ապրիլը գա, կարող եմ պատկերացնել, թե [Թուրքիայի] կառավարությունն ինչպես կհրահանգի Իսրայելում իր դեսպանին` մոբիլիզացնելու Իսրայելի կառավարությունը, որպեսզի այն կասեցնի հայերի նախաձեռնությունն ԱՄՆ կոնգրեսում: Ես արդեն լսում եմ, թե ինչպես են որոշ իսրայելցիներ Թուրքիայի դեսպանին ասում, որ գնա Համասին համոզի` լոբբինգ իրականացնել Կոնգրեսում»:

Կռահում եմ, որ ընթերցողներից ոմանք միամտաբար ենթադրում են, թե իրադարձությունը ցեղասպանություն է դիտվում` ելնելով տվյալ դեպքի համար եղած փաստերից: Հիմարություն է: Իրական աշխարհում, դու դա ցեղասպանություն ես որակում, եթե դա քո շահերից է բխում: Հակառակ դեպքում` չես անում: Իրականում, նույն սկզբունքն է գործում ցեղասպանությունը կանխելու հարցում:

Ի՞նչ է կատարվում հիմա: Օբաման` որպես նախագահի թեկնածու, երկու անգամ խոստացավ, որ կճանաչի ցեղասպանության վերաբերյալ հայերի պնդումը: Բայց ութ տարի առաջ նույն կերպ վարվեց նաև Ջորջ Բուշը` նախքան նախագահ ընտրվելն ու թուրքական/հրեական լոբբիին առերեսվելը: Ամերիկահայերն ու նրանց աջակիցներն արդեն հորդորում են Օբամային` կատարելու իր խոստումը: Թուրք-իսրայելական լարված դաշնակցային հարաբերությունների պայմաններում` առաջատար հրեական կազմակերպությունների դիրքրոշումն այս անգամ խիստ անորոշ է դեռ: Ինչպիսին էլ որ լինի արդյունքը, համոզված եղեք, որ վճռորոշ գործոն է լինելու ոչ թե ցեղասպանությունը, այլ` քաղաքականությունը:

Ջերալդ Կապլանը «Աֆրիկայի դավաճանությունը» գրքի հեղինակն է և հաճախ է գրում ցեղասպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Comments Off on Իսրայելը, Թուրքիան և ցեղասպանության քաղաքականությունը

Այս էջում չկա մեկնաբանություններ