May 12 2008

Հայաստանը հայտարարում է, որ, չնայած բռնություններին, կարող է ապահովել տնտեսական աճի թիրախները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռոյթերզ», 4 մայիսի, 2008թ.
Աղբյուրը` (Reuters)
Ռեպորտաժը՝ Էնդրյու Հեյի (Andrew Hay), խմբագրումը` Նիք Էդվարդսի (Nick Edwards)

Հայաստանը կարող է 2008 թվականին ապահովել տնտեսական աճի թիրախները, կիրակի օրը հայտարարել է բարձրաստիճան պետական պաշտոնյան՝ թերագնահատելով այն մտավախությունները, որ ընտրություններին հաջորդած փողոցային ընդհարումների պատճառով օտարերկրյա ներդրողները հայտնվել են երկմտանքի մեջ:
Հայաստանում մարտին տեղի ունեցած զանգվածային խռովությունների զոհ է դարձել տասը մարդ, և Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ բռնությունը կարող է վտանգել երկրի՝ 2008թ. 10 տոկոս տնտեսական աճի թիրախը:


«Աճի նվազման պատճառ չեմ տեսնում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահրամ Ղուշչյանը՝ Ասիական զարգացման բանկի Մադրիդում կայացած տարեկան ժողովում զեկուցելիս:
Ղուշչյանի կարծիքով, Հայաստանում մասնավոր ներդրումները չեն տուժել՝ ոստիկանության և նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկել պահանջող ընդդիմադիրների միջև փողոցային մարտերի հետևանքով:
«Շատ ներդրողներ էին մեզ հետ աշխատում մինչև ընտրությունները և նույն ներդրողները ընտրություններից հետո էլ Հայաստանում են»,- ասել է Ղուշչյանը:
Հայաստանի տնտեսությունն աճում է երկնիշ թվերով. սա նպաստել է աղքատության նվազմանը, բայց և 2007թ. գնաճը հասցրել 4.4 տոկոսի:
Հայաստանի Կենտրոնական բանկը 2008թ. սահմանել է 4 տոկոս գնաճի թիրախ։ ԱՄՀ-ն ասում է, որ ծովային սահմաններ չունեցող երկրում դրամավարկային քաղաքականությունն առավել խստացնելու կարիք կարող է լինել՝ հաշվի առնելով սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների համաշխարհային բարձրացումը:
Ղուշչյանը նշել է, որ միգուցե գնաճը փոքր-ինչ գերազանցի կենտրոնական բանկի թիրախը, սակայն Հայաստանը կարող է խուսափել տոկոսադրույքների հետագա կտրուկ բարձրացումներից, եթե երկրի արժույթը՝ դրամը, արժևորվի ևս 2-3 տոկոսով, և օտարերկրյա ներդրումները շարունակեն մնալ կայուն:
«Դա կարելի է ապահովել այս ճանապարհով, այլ ոչ թե տոկոսադրույքները փոխելով»,- ասել է նա: «Գնաճը կարող է լինել 4 կամ 5 տոկոս. կարծում եմ, որ սա դժվար տարի է լինելու ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար»:
Գնաճի չափերն ավելանում են համաշխարհային մասշտաբով՝ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների աճին զուգընթաց:
Մանիլայում գտնվող Ասիական զարգացման բանկը 67 անդամ երկրների սեփականությունն է, որոնցից 48-ը` Ասիայի տարածաշրջանից: Այն տարածաշրջանում աղքատության դեմ պայքարի իր առաքելությունն իրականացնում է քաղաքականության շուրջ երկխոսությունների, վարկերի, կապիտալում ներդրումներ կատարելու, երաշխիքների, դրամաշնորհների և տեխնիկական աջակցության միջոցով:

Comments Off on Հայաստանը հայտարարում է, որ, չնայած բռնություններին, կարող է ապահովել տնտեսական աճի թիրախները

Այս էջում չկա մեկնաբանություններ