Apr 17 2009

Թուրք-հայկական բանակցությունները տապալման եզրին են

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեյժա դեյլի մոնիթոր», 14 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` Eurasia Daily Monitor, Volume 6, Issue 71
Էմիլ Դանիելյան (Emil Danielyan)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Մոտ մեկ տարի շարունակվող Հայաստան-Թուրքիա բանակցությունները կարող են ապարդյուն դառնալ հիմա, երբ Անկարան կրկին բարձրացրել է երկկողմ կապերի կարգավորման և Ղարաբաղի հակամարտության լուծման փոխկապվածության հին խնդիրը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամիս բազմիցս հստակ ասել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության, իր կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Երևանի հետ և չի բացի թուրք-հայկական սահմանը: Միաժամանակ, Հայաստանում և հատկապես ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում, աճում են Արևմուտքի աջակցությամբ անցկացվող բանակցութուններից հրաժարվելու` նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հորդորները:

Այս բանակցությունների հաջողությունը անխուսափելի էր թվում նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 6-ից 7-ը Անկարա կատարած այցին նախորդած շաբաթների ընթացքում: Ըստ թուրքական և արևմտյան մամուլի հրապարակումների` Հայաստանը և Թուրքիան վերջնական համաձայնության են եկել իրենց լարված հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու և փոխադարձ հետաքրքրության տարբեր հարցեր քննարկելու նպատակով միջկառավարական հանձնաժողովներ ձևավորելու շուրջ: Այս հրապարակումներից մի քանիսը, վկայակոչելով թուրք անանուն պաշտոնյաների, հաղորդում էին, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ապրիլի 6-ին Ստամբուլ կատարած այցի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո: Արդյունքում Ադրբեջանում բարձրացած դժգոհությունը (EDM, 10 ապրիլի) հիմք տվեց ենթադրելու, որ Անկարան և Երևանը իսկապես շատ մոտ էին հեռահար համաձայնագրի կնքմանը:

Էրդողանը կասկածի տակ առավ այսպիսի համաձայնագրի հնարավորությունը, երբ ապրիլի 3-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիան չի կարող «Հայաստանի հարցում առողջ լուծում գտնել», քանի դեռ Ղարաբաղյան վեճը մնում է չլուծված («Թդեյս Զաման», 4 ապրիլի): Նա այս երկու խդիրների փոխկապվածությունը վերահաստատեց ապրիլի 8-ին, որից երկու օր առաջ Անկարայում Օբաման հայտարարել էր, թե թուրք-հայկական բանակցությունները «առաջ են շարժվում և կարող են պտուղ տալ շատ արագ, շատ շուտով»: Թուրքիայի վարչապետն այնքան հեռուն գնաց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջեց Հայաստանին դատապարտել որպես «զավթիչի» և կոչ արեց Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ («Հուրիեթ դեյլի նյուզ», 9 ապրիլի):
Այս հայտարարությունների գործնական ենթատեքստի մասին բոլոր կասկածներն Էրդողանը ցրեց ապրիլի 10-ին, Թուրքիայի հարավում անցկացրած արձակուրդի ընթացքում. «Մենք Հայաստանի հետ վերջնական համաձայնագիր չենք կնքի, մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև չլինի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր»,- հայտարարեց նա լրագրողներին («Անատոլու» լրատվական գործակալություն, 10 ապրիլի): Հաջորդ օրը ադրբեջանական «Զերկալո» թերթում տպագրված հարցազրույցում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հալուք Իփեքն ասել էր, որ թուրք-հայկական սահմանն առնվազն առաջիկա տասը տարիներին ևս փակ կմնա: Իփեքը հերքել էր սահմանի մոտալուտ վերաբացման մասին կարծիքը` որակելով դա հայկական «անազնիվ» քարոզչություն, որը նպատակ ունի սեպ խրել երկու թյուրք ազգերի միջև: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն ավելի խաղաղասեր է, նույնպես ընդգծեց Ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու կարևորությունը, երբ ապրիլի 8-ին «Ֆայնենշլ Թայմզ»-ի հետ հարցազրույցում մեկնաբանություններ արեց թուրք-հայկական հաշտության վերաբերյալ:

Այն, որ թուրք-հայկական երկխոսությունը փակուղի է մտնում, փաստացիորեն ընդունեց Սարգսյանը ապրիլի 10-ի մամուլի ասուլիսում. «Հնարավո՞ր է արդյոք, որ մենք սխալվել ենք մեր հաշվարկներում, և որ թուրքերն այժմ այլ դիրքորոշում կընդունեն և կփորձեն նախապայմաններ առաջ քաշել: Իհարկե, հնարավոր է»,- ասաց նա (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 10 ապրիլի): Հայաստանի առաջնորդը պնդեց, որ Ղարաբաղյան հարցն այդ երկխոսության օրակարգում չի եղել: Անշուշտ, Անկարան ակնհայտորեն պատրաստ էր վերջ տալ թուրք-հայկական հարաբերությունները Ղարաբաղյան խնդրի լուծման` Բաքվի համար ընդունելի տարբերակի հետ կապելու պրակտիկային, երբ անցած ամառ ձեռնամուխ եղավ Երևանի հետ հարաբերությունների վերականգնմանը: Երկու երկրների արտգործնախարարները հազիվ թե բազմաթիվ դեմ առ դեմ հանդիպումներ ունենային, եթե դա այդպես չլիներ:

Իր կողմից Սարգսյանն ազդանշան տվեց, որ սկզբունքորեն իր համար ընդունելի է 1915-1918թթ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը: Թուրք-հայկական հանձնաժողովներից մեկը, որը, հրապարակումների համաձայն, կառավարությունները համաձայնել են ձևավորել, պետք է հենց այդպիսի ուսումնասիրություն կատարեր: Գաղափարը 2005թ. առաջարկեց Էրդողանը և մերժվեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից` որպես թուրքական թակարդ, որի նպատակն է խափանել շատ պատմաբանների կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանություն համարվող դեպքերի` միջազգային ավելի լայն ճանաչումը: Թուրք առաջնորդները չեն թաքցրել, որ օգտագործում են հարաբերությունների նորոգման նպատակով Սարգսյանի վարչակազմի հետ բանակցություններ վարելու փաստը, որպեսզի հետ պահեն Օբամային Օսմանյան կայսրության ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածները որպես ցեղասպանություն բնութագրելու` իր նախընտրական խոստումը կատարելուց:

Բանակցությունների տապալումը, ինչը գրեթե կասկած չի հարուցում, հայ քաղաքական գործիչներին և փորձագետներին ստիպել է կասկածի տակ դնել թուրքերի հետ հաշտության հասնելու հետագա փորձերի խելամտությունը: «Եթե հանկարծ Թուրքիան տեղի տա Ադրբեջանի սպառնալիքներին, և այս բանակցությունները շուտով արդյունք չտան, կարծում եմ, որ հայկական կողմն այլևս չի շարունակի դրանք»,- նշեց Սարգսյանի կոալիցիոն կառավարությունում ներկայացված «Հայ հեղափոխական դաշնակցություն» ազգայնական կուսակցության բյուրոյի ավագ անդամ Գիրո Մանոյանը («Հայոց աշխարհ», 10 ապրիլի): Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նույնպես հորդորեց Երևանին դուրս գալ հաշտեցման գործընթացից, եթե Թուրքիան չդադարեցնի Հայաստանի 16-ամյա շրջափակումը:

Այսպիսի տեսակետները ցույց են տալիս հայկական սփյուռքում, մասնավորապես, ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական համայնքում գերիշխող տրամադրությունները: Համայնքի ականավոր ակտիվիստ և մեկնաբան Հարութ Սասունյանը քննադատեց Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը, փաստորեն մեղադրելով վերջինիս նրանում, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Օբաման հրապարակավ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: «Այս զարգացումները հաշվի առնելով` Հայաստանի կառավարությունը պետք է անմիջապես դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները Թուրքիայի ղեկավարների հետ, որպեսզի նվազեցնի արդյունավետ բանակցությունների պատրանքի շարունակվող շահագործման պատճառած վնասը»,- գրեց Սասունյանը Լոս Անջելեսում տպագրվող «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի` ապրիլի 9-ի համարի խմբագրականում:

Ապրիլի 10-ին Սարգսյանը պնդեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունը շահավետ կարելի է համարել հայկական կողմի համար, նույնիսկ եթե այն որևէ էական արդյունք չունենա: Նրա խոսքով` ամեն դեպքում «Հայաստանն այս գործընթացից դուրս կգա ուժեղացած», որովհետև միջազգային հասարակությունը կասկած չի ունենա, որ «մենք իսկապես պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել [Թուրքիայի հետ]»:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 17 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 09:50

    Այս հոդվածում պատմական իրականության ու միջազգային իրավունքի տեսանկյունից ճշգրիտ «Հայոց ցեղասպանություն» տերմինի փոխարեն օգտագործվում է արևմտյան թուրքամետ լրատվամիջոցներում ընդունված «հայերի զանգվածային սպանություններ» (mass killings of Armenians) լղոզված ձևակերպումը։ Հնարավոր է, որ Է. Դանիելյանի տեքստում փոփոխությունը կատարել են «Յուրեյժա դեյլի մոնիթոր»-ի «ազատ խոսքի» ջատագով խմբագիրները, որովհետև դժվար է հավատալ, որ հայը, առավել ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը, ինչը կարող է հանգեցնել նաև քրեական պատասխանատվության (ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 3971)։ Սակայն, եթե անգամ այդ աղավաղումն իսկապես խմբագրական միջամտության արդյունք է, հեղինակի պատասխանատվությունը որևէ կերպ չի նվազում քանի դեռ ինքն անձամբ հերքում չի պահանջել։

  2. zakգրել է 20 Ապրիլ 2009թ.-ին, ժամը 18:05

    Ահա եվ կամաց-կամաց հայկական սիրողական մակարդակի վրա գտնվող դիվանագիտութությունը սկսեց բարձր լարվածություն ունեցող կաբելի պես ճրթճրթալ: «ՄԻՆՉև ՔԹՆԵՐԸ ՔԱՐԻՆ ՉԳԱ» չեն ֆայմի,ասում էին լուսահոգի մեծերը:Իսկ իրականությունը մնում է որպես իրականություն: Ի՞նչն էր պատճառը,որ Սերժը հաշվարկներ կատարելիս,մի քիչ էլ լսեր այն խելոք մարդկանց,որոնք նրան հետ էին պահում այդպիսի սրնթաց աննորմալ քայլ անելուց,լրատվական միջոցները ուղղակի զանգեր էին խփում,սթափեցնելով նրան,բայց չէ,Red BULL-ի համառությամբ գնաց առաջ,խփելով էս պատին,ջոկեց որ պատ է,հետո սրնթաց շարժվեց դեպի ֆուտբոլի դաշտ,այնտեղ էլ խփին ոտքերին,չհասկացավ,հիմա նոր նոր սկսեց հասկանալ,որ այս պրիմիտիվ ձևով հայ-թուրքական հակամարտության հարց չէն լուծում,այն վերավորակելով հայ-թուրքական հարաբերության:Նա առաջին հերթին պետք է մտածեր ու ելներ այն փաստից,որ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ,ՏԱՍ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ, ՔԱՆ ՂԱՐԱԲԱՂՆ Է ԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՎ ՈՒ ԵՆԹԱՀԱՐՑԵՐՈՎ:Մի՞թե կարելի է կուրության աստիճան տարվել Ղարաբաղով,ու չնկատելու տալ Հայի բուն խնդիրը և ելնելով դրանից,ուսումնասիրել գոնե այս հարյուր տարվա հայկական կողմի կատարած կոպիտ սխալները և ըստ այդմ որոշումներ կայացնել այս կամ այն հարցի շուրջը: Չէ, Սերյոգան(Սերժը) ուղղակի տարվելով ԼՏՊ-ի որդեգրած աննորմալ ու անողնաշար նախընտրական ծրագրի հապճեպ կյանքի կոչումով,ընդունեց ԼՏՊ-ի կողմից թելադրված խաղի կաննոնները, որպեսզի այդպիսով փորձեր թուլացնել ներքին լարվածությունը,ժողովրդին ցույց տալով,որ ինքը ԼՏՊ-ից պակաս չէ,ու ինչ ասում էր ԼՏՊ-ն, իր համար հինգ րոպեի խնդիր է,բայց…Բայց նա հաշվի չառավ մի բան,որ մի բան կնշանակեր այդ հիմար ծրագրերի ի կատար ածելը Լևոնի կողմից,մի ուրիշ բան էր այդ նույնն անելը իր կողմից: Եթե առաջինի դեպքում մոլորյալ էլեկտորատը հույսը դրել էր «Լևոնի խելքի» վրա ու պատրաստ էր նրան նույնիսկ ներել հնարավոր սխալների դեպքում, իր պարագայում այդ էլեկտորատը և մնացած տարակարծիքները, չեն ներելու իրեն և չեն ընդունելու նրա նույնիսկ հաջողությունները,քանի որ ինքը որպես իմպլանտ,ինչքան էլ իր դերը լինի հիվանդի կյանքի փրկությունը,միևնույնն է հիվանդի օրգանիզմը իրեն դուրս է վանելու,երևի ինչ-ինչ անհամատեղելիության սկզբմունքներից ելնելով:Այս ամենի ֆոնի ներքո էլ ասպարեզ են գալիս այսպիսի էմիլ դանիելյաններ ու իչու՞չէ, կասկածի տակ առնում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը,նրան փոխարինելով « Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններ» բառակապակցությամբ:Ի վերջո ումի՞ց ենք նեղանում,եթե ղեկավարությունն ինքն է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը փորձում շրջանցել,նրան տալով երկրորդական նշանակոթյուն ունեցող բառի երանգ: