Jun 01 2009

Մենսոյան. Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը Հայաստանի համար ճանապարհային քարտեզ է դեպի մոռացում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Հայրենիք», 18 մայիսի, 2009թ.
Աղբյուրը` hairenik.com
Մայքլ Մենսոյան (Michael Mensoian)

«Կարգավորման ճանապարհային քարտեզը» Հայաստանի համար ճանապարհային քարտեզ է դեպի մոռացում: Ընթացող բանակցություններում գաղտնիությունը գուցե անհրաժեշտ է, բայց, հաշվի առնելով Թուրքիայի առավելությունը, ինչպես նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կտրուկ հայտարարությունները` միակ եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ բանակցությունները հայերի համար նպաստավոր չեն:

Թուրքիան շարունակում է համառորեն նախապայմաններ առաջադրել, որոնք, Երևանի կողմից ընդունվելու դեպքում, լուռ համաձայնություն կդառնան առ այն, որ Ցեղասպանության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղի շարունակվող անկախության հարցերը չեն կանգնելու հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Կասկած չկա, որ Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխի ցեղասպանության հարցում և չի լքի իր դաշնակից Ադրբեջանին: Ե՛վ Անկարան, և՛ Վաշինգտոնը գիտեն, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ` Ադրբեջանին իր ուղեծիր բերելու համար: Ակնհայտ է, որ «Նաբուկո» գազատարի նախագծին հավանություն են տվել բոլոր մասնակից երկրները: Արդյունքում, այս խողովակաշարով Կենտրոնական Ասիայի գազը Կասպից ծովի հատակով կհասնի Եվրամիություն: Հայաստանն այս նոր տնտեսական նախաձեռնության մեջ որևէ մասնակցություն չի ունենա: Բավական ճշգրիտ պատկերացնելով, թե Հայաստանն ինչ գին կարող է վճարել հարաբերությունների կարգավորման դիմաց` ի՞նչ օգուտներ է Երևանը կարծում, որ կարող է ստանալ դրանից:

Սահմանի բացման արդյունքում զգալիորեն կմեծանա ապրանքաշրջանառությունը: Դժբախտաբար, դա հիմնականում ապրանքների միակողմանի հոսք կլինի` Թուրքիայից Հայաստան: Թե ինչպես է 18 մլրդ ԱՄՆ դոլար համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) ունեցող Հայաստանը մտադիր մրցել 800 մլրդ ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Թուրքիայի հետ, դժվար է պատկերացնել: Արդյունքում, Հայաստանը ոչ միայն կդառնա Թուրքիայի ներքին շուկայի մի մասը, այլև կախվածություն ձեռք կբերի Թուրքիայից` իր հիմնական արդյունաբերական ապրանքների ոլորտում: Այսպիսի զարգացումը իրապես կարող է գործազրկության աճի և արտադրողականության նվազման պատճառ դառնալ, քանի որ Թուրքիան ավելի լավ է դիրքավորված` իր արտադրական հզորությունները հզորացնելու և անհրաժեշտ աշխատուժ ներգրավելու համար: Բացի դրանից` կա իրական հավանականություն, որ հայ ձեռներեցները կարտագաղթեն Թուրքիա, որտեղ տնտեսական հնարավորություններն ավելի մեծ են, քան Հայաստանում: Հաշվի առնելով, թե ինչ առատությամբ ու բազմազանությամբ կհեղեղեն հայկական շուկան «պատրաստված է Թուրքիայում» կնիքը կրող ապրանքները, կառաջանա առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ, որում Թուրքիան կլինի պարտատեր պետությունը: Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներից քչերն են, որ Թուրքիայում չեն արտադրվում ավելի մեծ ծավալներով, ինչը սահմանափակում է Հայաստանից նշանակալի ծավալներով ապրանքների հոսքը դեպի Թուրքիա: Սա՞ է արդյոք այն օգուտը, որ Երևանը մտածում է ստանալ կարգավորումից: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում հայկական դրամն, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր արժեքը որպես նախընտրելի արժույթ և դրան կփոխարինի թուրքական լիրան:

Հայաստանի տնտեսության ներկա ներուժը կսահմանափակվի, քանզի դրա զարգացումը կախված կլինի թուրք ձեռնարկատերերից, որոնք Երևանի նկատմամբ Անկարայի քաղաքական նպատակների ազդեցության տակ կլինեն: Կարգավորումը չի վերացնի Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող հանգամանքները: Եվ առավել կարևորն այն է, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսական նշանակության նախաձեռնությունները կխափանվեն Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տնտեսական գերիշխանության պատճառով:

Քաղաքական առումով, Հայաստանը կպահպանի իր անկախ կարգավիճակը: Սակայն միջազգային ասպարեզում Անկարան իր ազդեցությունը կունենա Հայաստանի նախաձեռնությունների վրա: Հեռավոր անցյալից մի եզր փոխառելով, նշենք, որ Հայաստանի նախագահը սատրապից ավելին չի լինի: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին (պատմական Արցախին), նրա ապագան տխուր կլինի: Որպես նախապայման, Հայաստանից պահանջում են զոհաբերել իր եղբայրների և քույրերի փաստացի անկախությունը: Խեղկատակություն կլինի, եթե Երևանը համաձայնի: 7000 ազատամարտիկները պակաս նահատակներ չեն, քան 1,500,000 անմեղ հայ տղամարդիկ, կանայք և երեխաները, որոնք սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի կառավարության և Աթաթուրքի թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության ժամանակ: Կարո՞ղ է արդյոք որևէ բան արդարացնել Երևանին Ղարաբաղը լքելու հարցում: Իսկ Ցեղասպանության նահատակներին լքելու հարցու՞մ:

15 տարվա ընթացքում ղարաբաղցիները հաղթահարել են խոչընդոտներ, որոնք շատերին անհաղթահարելի էին թվում: Նրանք ձևավորել են ժողովրդավարական կառավարություն, մինչդեռ Ադրբեջանը դեռ պահպանում է խորհրդային ոճի ավտորիտար կառավարման համակարգը: 1923թ.-ին Հայաստանի կարծիքը չհարցրեցին, երբ բոլշևիկները պատմականորեն հայկական Արցախն ու Նախիջևանը հարկադրաբար տվեցին Ադրբեջանին: Թույլ տալ, որ Արցախը վերադարձվի Ադրբեջանի վերահսկողության տակ, անազնիվ է: Սա իրապես կարող է լինել այն պահը, երբ Հայաստանի համար խիստ անհրաժեշտ է որոշել` արդյո՞ք ինքն ուզում է դառնալ ենթարկվող հարևան, թե՞ ընդունել մարտահրավերը, որքան էլ որ ծանր լինի այն, պաշտպանելու իր ապագան ու նաև` Արցախի անկախությունը: Գուցե ասեք` դա ավելի հեշտ է ասել, քան անել: Համաձայն եմ: Այդուհանդերձ, կարգավորումը Հայաստանը կդարձնի վասալ պետություն: Ինչո՞վ է այն տարբերվելու Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից:

Հնարավոր չէ չնկատել Հայաստանի հարցում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության երկակիությունը: Գործող դեմոկրատական վարչակազմը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, առաջարկում է, որ Թուրքիան մասնակցություն ունենա Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Եվ բոլորովին վերջերս ԱՄՆ-ը նվազեցրեց 2010 բյուջետային տարում Հայաստանին հատկացվող օգնության ծավալը և մեծացրեց Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Ինչպես ասում են, միայն հիմարն է շարունակում խաղալ` իմանալով, որ խաղաքարտերն իր դեմ են:

Մեր լոբբիստական կազմակերպությունների ղեկավարները կրկին սխալ են ընկալել քաղաքական դաշտը, իրավիճակը: Ցեղասպանության ճանաչման զգայական հարցի համար չէ, որ պետք է կռիվ տալ հիմա: Մինչ Կոնգրեսի Հայկական խումբը ջանասիրաբար աշխատում է Ցեղասպանության ճանաչման համար լրացուցիչ աջակցություն գտնելու ուղղությամբ, միջազգային ասպարեզում հայերը պարտվում են Հայաստանի և Ղարաբաղի ապագայի համար մղվող «պատերազմում»: Հնարավոր է, որ միջազգային քաղաքականության մաքիավելյան աշխարհում ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Ցեղասպանության բանաձևը, իսկ նախագահ Օբաման դժկամությամբ ստորագրի այն, ինչը կուղեկցվի անվնաս հայտարարությամբ, որն էլ Թուրքիան կդատապարտի հանրային ցասման պատշաճ մակարդակով: Շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են այս հնարավորությունը` չնայած թուրքամետ լոբբիստական կազմակերպությունների մշտական ճնշմանը: Թուրքիան դրա դիմաց Օբամայի վարչակազմից կկորզեր վերջինիս աջակցությունը` Հայաստանի հետ ընթացող բանակցություններում և Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու հարցում: Սա կդառնար Թուրքիայի պարգևավճարը, միևնույն ժամանակ` կծառայեր ԱՄՆ-ի աշխարհառազմավարական շահերին:

Սահմանափակ քաղաքական կապիտալ ունեցող հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնք գործում են Միացյալ Նահանգներում, պետք է խոսեն միասնական ձայնով և պայքարեն մեկ խնդրի համար: Ցեղասպանության ճանաչումն այն պայքարը չէ, որը պետք է այսօր մղել: Կոնգրեսի Հայկական խմբի ջանքերը պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն, որպեսզի անմիջական տնտեսական և ռազմական օգուտներ բերեն Հայաստանին և Ղարաբաղին:

Այն մասին, թե ինչ ավարտ կունենան կարգավորման բանակցությունները, կարելի է ենթադրել թուրք առաջնորդների հրապարակային հայտարարություններից և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունից: Այն պահից, երբ Հայաստանն ընդունի նախապայմանները, որ առաջ են քաշվում կարգավորման (կամ դրան փոխարինող ուրևէ այլ մեղմասացության) համար, Երևանը որևէ հիմնավոր պատճառ չի ունենա հավատալու, թե Անկարան շարժառիթ կամ նույնիսկ կարիք կունենա քննարկելու այն օրինական հարցերը, որոնք երկար տարիներ բաժանել են երկու երկրներին: Իսկ ի՞նչ կլինի այն երկրների հետ, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Կաջակցեն արդյո՞ք նրանք Հայաստանին, եթե կարգավորումից հետո Հայաստանը փորձի ստիպել Թուրքիային քննարկել վերադարձի, փոխհատուցման, ճշգրտման և, այո, ճանաչման օրինական պահանջները: Միանշանակ` ո՛չ: Կարգավորումը Հայ դատի վերջն է, դա նաև վերջն է այն արդարության, որին ձգտել է հասնել հայերի մի քանի սերունդ: Եկեք չասենք, թե սա հոռետեսական տեսակետ է, միայն այն պատճառով, որ այն չի համապատասխանում նրան, ինչին մենք ուզում ենք հավատալ: Սա իրավիճակի օբյեկտիվ գնահատական է` հիմնված առկա փաստերի վրա: Եկեք բոլորս հուսանք` Երևանը կգիտակցի, որ կարգավորումը հայ ժողովրդի համար համադարման չէ: Ընդհակառակը, այն կործանարար է Հայաստանի ազգային շահերի և նրա ապագա անվտագության համար:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Аrmenianգրել է 11 Հունիս 2009թ.-ին, ժամը 16:14

    А у нас разве есть настоящая власть. У нас нет ПРЕЗИДЕНТА, он просто УПРАВЛЯЮЩИЙ. гаваракан полуграмотный человек, который мало понимает в политике и не может да и не и не хочет защищать наши национальные интересы…