May 14 2008

Թուրքական ծագում ունեցող ամերիկացիները մտադիր են ամրապնդել իրենց ազդեցությունը Վաշինգտոնում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008թ.
Աղբյուրը` (Eurasianet.org)

Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)

Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ձեռք բերած ազդեցությանը:

Նրանց համակարգված ջանքերն ուղղված են Ամերիկայում թուրքական կազմակերպությունների ամրապնդմանը լայն շարքային անդամություն ապահովելուն, իշխանության ընտրովի մարմիննների ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ իրենց փոխհարաբերությունների կարգավորմանը և բոլոր այն անձանց իրավական պաշտպանությանը, որոնք թուրքամետ դիրքորոշում են քարոզում: Թուրքական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց երկարաժամկետ ռազմավարությունը ներկայացրին ամերիկա-թուրքական հարաբերություններին նվիրված Ամերիկայի թուրքական խորհրդի՝ ապրիլի 14-ին կայացած «Ամերիկայում թուրքական համայնքի հզորացումը» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում:
Խորհրդաժողովի մասնակիցները բազմիցս շեշտեցին, որ իրենց նպատակն է նպաստել Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, այլ ոչ թե հակադրվող դիրքորոշմամբ հանդես գալուն: Սակայն այս քաղաքականությունն ուղղված է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման թուրքական տեսակետի քարոզչության հզորացմանը։ Հայերը և պատմաբանների մեծ մասն այն կոչում են ցեղասպանություն, մինչդեռ թուրքերը՝ ցավալի մարդկային զոհեր պատերազմի հորձանուտում: [Կարդացե’ք «Յուրեյժիա ինսայթ» արխիվում
«Մեր նպատակը հակահայկական, հակահունական, հակաբուլղարական կամ հակաարաբական գործունեությունը չէ: Մենք ձգտում ենք ապահովել հավասարակշիռ մոտեցում Թուրքիային, Հունաստանին, Հայաստանին և Կովկասի ու Մերձավոր Արևելքի մյուս երկրներին վերաբերող հարցերում», – նշել է Լինքոլն ՄըքՔրդին (Lincoln McCurdy) Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահը:

Մեր նպատակն է ամրապնդել թուրքական դիրքորոշումը 1915թ.-ի իրադարձությունների 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդգծել է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը։

Հայերի ցեղասպանության հարցն ամեն տարի Կոնգրեսի քննարկմանն է դրվում, երբ Կոնգրեսի հայամետ անդամները փորձում են այդ իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն ճանաչող բանաձև ընդունել: Սակայն եթե հայերն իրենց նպատակների իրագործման հարցում ապավինում են Միացյալ Նահանգներում իրենց լավ կազմակերպված մեծաթիվ Սփյուռքին, ապա թուրքերն ապավինում են Անկարայի վարձած բարձր վճարվող լոբբիստներին, ինչպես նաև Պենտագոնին, որը պահպանում է Թուրքիայի հետ իր երկարատև ռազմական համագործակցությունը:

Ամերիկայում բնակվող հայերը թվով զգալիորեն գերազանցում են թուրքերին. ըստ Ամերիկայի թուրքական կազմակերպությունների դաշնության նախագահ Կայա Բոցթեփի (Kaya Boztepe), ամերիկահայերի թիվը հասնում է 1.5 միլիոնի, իսկ Ամերիկայի թուրքերինը՝ շուրջ 450.000-ի [1] : Սակայն կան 450.000 ամերիկաադրբեջանցիներ ու ևս 935.000 իրանաադրբեջանական ծագման մարդ, ինչպես նաև ավելի փոքր թվով այնպիսի ազգակից խմբերի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ուզբեկներն ու թաթարները:

«Երբեմն մարդիկ ասում են. «Մեր դեմ պայքարողները շատ են»։ ԱՄՆ-ում 1.5 միլիոն հայ կա, հիմնականում` Կալիֆոռնիայում: Սակայն նրանց կեսից քիչն է նվիրված գործին, որոնցից էլ` կեսից քիչն է իրականում հետամուտ լինում գործին և միայն 50.000-ն է նվիրատվություններ կատարում», – նշում է նա:

Սակայն թուրքամետ լոբբիզմի մի քանի վետերանների ներկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ առնվազն ներկայումս ջանքերը գործադրվում են վերին շրջանակներում, այլ ոչ թե շարքային բազմաթիվ անդամների մասնակցությամբ: Նախկին ամերիկյան դիվանագետ ՄըքՔըրդին (McCurdy) Ամերիկա-թուրքական խորհրդի նախկին նախագահն է և գլխավոր տնօրենը: (Այս խորհուրդը կազմված է ամերիկյան և թուրքական քաղաքական ու գործարար շրջանակների ազդեցիկ ներկայացուցիչների խմբերից): Լիդիա Բորլենդը (Lydia Borland), որն օգնում է Ամերիկայի թուրքական կազմակերպություններին Կոնգրեսի հետ իրենց հարաբերությունները բարելավելու հարցում, ներկայումս խորհրդի գործադիր վարչության անդամ է և մինչև անցյալ տարի, ըստ Սենատի տվյալների, գրանցված էր որպես Ամերիկա-թուրքական գործարար խորհրդի պաշտոնական լոբբիստ:

«Թուրքական ծագում ունեցող ամերիկացիների համար ամենամեծ արգելքն նրանց այն համոզմունքն է, թե նրանք իբր չեն կարող ինչ-որ բան փոխել»,- խորհրդաժողովում շեշտել է Բորլանդը:

Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը ողջ երկրով մեկ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների համար սեմինարներ է անցկացնում՝ նպատակ ունենալով սովորեցնել, թե ինչպես իրենց խնդիրը ներկայացնեն քաղաքական գործիչներին, ԶԼՄ-ներին և հանրությանը: Մինչ այժմ համագումարն անց է կացրել նմանատիպ 19 սեմինար և նախատեսում է անցկացնել ևս 11-ը:

Համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը (Nurten Ural) ընդգծել է, որ իրենց նպատակն է ձևավորել «ԱՄՆ-ում թուրքական այնպիսի համայնք, որն ինքնավստահ է, ակտիվ զբաղվում է հասարակությանն իրազեկելով և իր գաղափարների քարոզչությամբ՝ չվախենալով պնդել սեփական տեսակետները»:

Վերջին 18 ամիսների ընթացքում ստեղծվել են ԱՄՆ քաղաքական գործողությունների առաջին երկու թուրքական հանձնաժողովները, որոնք զբաղվում են դրամահավաքով՝ թուրքամետ քաղաքական գործիչներին սատարելու համար: Ըստ ՄըքՔըրդիի, որը նաև Թուրքական կոալիցիայի ԱՄՆ քաղաքական գործողությունների հանձնաժողովի գանձապետն է, 2007թ.-ի հունվարից սկսած այդ հանձնաժողովը, ինչպես նաև և Թուրք-ամերիկյան ժառանգության քաղաքական գործողությունների հանձնաժողովը 660.000 դոլար են հավաքել Կոնգրեսի թեկնածուների համար:

Այս կազմակերպությունները ջանքեր են գործադրում նաև առ այն, որ Կոնգրեսում մի թուրքական ծագումով ամերիկացի ընտրվի: «Մենք պետք է Կոնգրեսում թուրքական ազգության ներկայացուցիչ ունենանք, ավելի ճիշտ՝ երկուսը՝ մի դեմոկրատ և մի հանրապետական»,- ասել է ՄըքՔըրդին: «Վստահ եմ, որ դա իրականություն կդառնա երկու տարուց»:

Թուրքական խմբերին առայժմ հաջողվել է ավելացնել Կոնգրեսի թուրքական խմբակի (Congressional Turkish Caucus) անդամների թիվը: Ներկայումս խմբակն ունի 77 անդամ, որոնց թիվը միայն 2006թ.-ի ընտրություններից հետո համալրվել է 15-ով:

Թուրքական լոբբիստական խմբերն ուշադրությունը սևեռել են հատկապես Կոնգրեսի սևամորթ անդամների վրա։ Կոնգրեսում Սևամորթների խմբակի (Congressional Black Caucus) 12 անդամներ, ըստ Լիդիա Բորլանդի, նաև Թուրքական խմբակի անդամ են:

Թուրքական խմբերը փորձում են նաև դաշինք ձևավորել Միացյալ Նահանգներում բնակվող այլ էթնիկ խմբերի, մասնավորապես՝ Բոսնիայի մահմեդականների, մակեդոնացիների և ալբանացիների հետ: «Մենք կարծում ենք, որ հատուկ կապ պետք է ստեղծվի այն համայնքների հետ, որոնց հետ Թուրքիան ընդհանուր պատմական հարաբերություններ և մշակութային ազգակցություն ունի»,- նշում է Գյուլեր Կոկնարը (Guler Koknar)՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի փոխնախագահը, որը կրթաթոշակներ է տրամադրում այս էթնիկ խմբերին պատկանող ուսանողներին` Թուրքիայում սովորելու նպատակով:

Ամերիկայի թուրքական կոալիցիան կրթաթոշակներ է տրամադրում նաև ԱՄՆ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Օրինակ՝ կոալիցիան 2000 դոլար ճանապարհածախսի վճարման դրամաշնորհ է տալիս Թուրքիայում սովորել ցանկացող աֆրո-ամերիկացի ուսանողներին: «Սրանք արտասահմանում կրթություն ստացող ամենաանապահով, ամենաքիչ արտոնություններ ունեցող խմբերն են, ինչն, մեր կարծիքով, ամոթալի է: Ինչպես գիտեք, աֆրո-ամերիկյան ընկերակցությունը վերելք է ապրում. թռիչքաձև և արագընթաց աճում է նրա դերը հասարակության մեջ, ինչպես նաև բարձրանում է նրա արդյունավետությունը»,- գտնում է Կոկնարը: «Այս ծրագրի հաջողությունն այնքան մեծ է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում լատինաամերիկացիներին և Ամերիկայի բնիկներին նրանում ընդգրկելու համար»,- նշել է Կոկնարը:

—————————————————-

[1]ԱՄՆ-ում ապրող հայերի թիվը միտումնավոր ուռճացված է՝ Թուրքիային զոհի կարգավիճակում ցուցադրելու նպատակով . – «Արարատ» ՌԿ խմբ.

Խմբագրի ծանոթագրությունը. Ջոշուա Կուչերան (Joshua Kucera) անկախ լրագրող է Վաշինգտոնում, մասնագիտանում է Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի երկրների անվտանգության հարցերում:

Comments Off on Թուրքական ծագում ունեցող ամերիկացիները մտադիր են ամրապնդել իրենց ազդեցությունը Վաշինգտոնում

Այս էջում չկա մեկնաբանություններ