May 22 2008

Մեկուսացման է մղվում ոչ թե Հայաստանը, այլ՝ Թուրքիան

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռեֆերանս» օրաթերթ, 15 մայիսի, 2008 թ.
Աղբյուրը` (www.referansgazetesi.com)
Այդըն Սեզեր

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները

2007թ. սկզբին տեսանք, որ մեր երկիրը թևակոխել է հարևանների հետ խնդիրները ոչ թե «զրոյի հավասարեցնելու», այլ դրանք «շատ խնդրահարույց» դարձնելու փուլ : Արևմուտքում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի` Կիպրոսի հարցով պայմանավորված արգելափակման, հարավ-արևելյան շրջաններում ահաբեկչության և այլ երկրների խորհրդարաններում այսպես կոչված ցեղասպանության ճանաչման պես հիմնարար խնդիրները մեզ ներքաշում են շատ վտանգավոր ընթացքի մեջ: Հարևանների հետ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը, հակառակ դրա հաջող իրականացման պնդումներին, պատին է բախվել բառիս բուն իմաստով: Սակայն չենք կարող անտեսել, որ այս խնդիրներն անմիջականորեն բխում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների «որակից»: Հիմա արդեն միանգամայն ակնհայտ է դարձել, որ հարևանների նկատմամբ որդեգրած քաղաքականությունն անհնար է իրականացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կամքին հակառակ:

Որքան էլ մեր արտգործնախարարը ԱՄՆ-ի օրակարգում գտնվող հայկական բանաձևը համարի կարևորագույն խնդիրներից երկրորդը, իմ կարծիքով Հայկական հարցը մյուսների համեմատ ավելի առաջնային է. գուցեև «առիթ» է հանդիսանալու այլ խնդիրների լուծման համար: Հարգարժան Գյուլն ասում է. «Աշխատում ենք միջոցառումներ ձեռնարկել: Թուրքիան ուշադրության կենտրոնում է պահելու հայկական բանաձևը: Այդ հարցում անհրաժեշտ է միշտ զգոն լինել, որովհետև բանաձևի անցկացումը կարող է բազմաթիվ այլ ընդգրկուն հարցեր առաջացնել: Այլընտրանք չունենք, քան կանխարգելել»:

2007թ.-ից ի վեր, Եվրամիությունն էլ ավելի է զարգացնում հարաբերությունները նոր հարևանության քաղաքականության մաս կազմող Հայաստանի հետ: Այսուհետ Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի հետաքրքրությունները համալրվելու են «գործողությունների ծրագրով»: Չպետք է նաև մոռանալ, որ Թուրքիայի հետ դեռևս անդամակցության բանակցությունները շարունակող ԵՄ-ն մեր երկրից ակնկալում է հարևանների հետ հիմնախնդիրների կարգավորում:

Կովկասում Հայաստանին «մեկուսացնելու» ենթատեքստով վերջինիս առջև սահմանները փակելու գործընթացի հետևանքով առաջացավ ֆիզիկապես Ռուսաստանի, իսկ բարոյապես՝ Արևմուտքի ազդեցության տակ գտնվող ներկայիս Հայաստանը: Սփյուռքի (Արևմուտքի) հաջող ձեռնարկումների արդյունքում դեպի մեկուսացում մղվեցինք մենք, այլ ոչ թե Հայաստանը: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ը հերթագրվել է:

Մինչդեռ նախորդ տարիներին անձամբ Ալփարսլան Թյուրքեշի վարած գաղտնի հանդիպումների ելակետը կանխարգելումն էր այն քայլերի, որոնք, մեկուսացնելով Հայաստանը, նրան կգցեին տարածաշրջանային ուժերի գիրկը: Հանդիպումներում քննարկվել էր սահմանների բացմանն ու Հայաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմանն ուղղված խնդիրների մի ամբողջ շարք[2] :

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը, ինչպես նաև մեր երկրի համար այդ նախագծի օգուտները, խիստ չափազանցված են մատուցվել թուրքական հասարակական կարծիքին: Մինչդեռ, հարևանության համապարփակ քաղաքականության տեսանկյունից գնահատելիս, ակնհայտ է դառնում, որ հարևաններից մեկի անտեսմամբ իրականացված այս նախագիծը Հայաստան-Թուրքիա փոխկախվածությունն ապահովող ամենապատեհ առիթն էր: Փորձ է արվում Հայաստանը շրջանցել նաև Կարս-Վրաստան-Ադրբեջան երկաթուղու նախագծում, ինչպես ենթադրվում էր «Շահդենիզի» բնական գազը Վրաստանով մեր երկիր հասցնելու պարագայում:

ԱՄՆ Սենատը պատնեշեց Միջին Ասիա ներթափանցման ճանապարհին Թուրքիայի համար առանցքային նշանակություն ունեցող վերոհիշյալ երկաթուղու ֆինանսավորման որոնումները: Համարելով Հայաստանը շրջանցելու միջոցով վերջինիս մեկուսացվածությունն էլ ավելի խորացնելու դրսևորում` Հայկական լոբբին այդ ծրագիրը որակեց որպես «Հայաստանի դեմ ուղղված տնտեսական ապօրինի շրջափակման նախաձեռնություն»: Անհրաժեշտ է, որ Թուրքիան` Ադրբեջանի հետ համաձայնեցված, միջազգային հանրությանն անհապաղ ներկայացնի նախաձեռնությունների այն փաթեթը, որը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների կարգավորմանը: Այս փաթեթով կարելի է հետապնդել սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների թուլացման նպատակ [3] և հավանաբար շահել ԵՄ-ի համակրանքը, նույնիսկ՝ աջակցությունը:

Հայկական սպառնալիքը պատեհ առիթի վերածելու համար, փաթեթը պետք է հագեցնել դրական դրույթներով: Չմոռանանք, որ հակառակ առկա լարվածության սրությանը, Թուրքիան այն միակ երկիրն է, որն ապրելու և աշխատելու հնարավորություն է ընձեռել երկրում ապօրինի գտնվող հայ աշխատուժին: [4]

———————————-

[1] Հարևանների հետ առկա խնդիրները զրոյին հավասարեցնելը վարչապետ Էրդողանի տարածաշրջանային քաղաքականության հիմնադրույթն է: Համենայն դեպս, այդ մասին ինքը` Թուրքիայի վարչապետն է բազմիցս հայտարարել: («Արարատ» ՌԿ-ի կողմից)
[2] Խոսքն Ալփասլան Թյուրքեշի` Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ ունեցած հանդիպումների մասին է: Տեր-Պետրոսյանը «գորշ գայլերի» առաջնորդի հետ հանդիպել է 1993թ.-ի մարտին, Փարիզում, իսկ Լիպարիտյանը` 1994թ.-ին Գերմանիայում Թուրքիայի դեսպանատանը: Այս գաղտնի հանդիպումների որոշ մանրամասներին թուրքական թերթերն անդրադարձել են 12 տարվա ուշացումով միայն: («Արարատ» ՌԿ-ի կողմից)
[3] Պետք է փաստել, որ Թուրքիան վաղուց ի վեր իրականացնում է Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները թուլացնելու և վատթարացնելու հետևողական ջանքեր. դրա դրսևորումներից մեկը հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմի շրջանակներում բազմաբնույթ կեղծ ու ստահոդ թեզերով Սփյուռքի վարկաբեկման փորձերն են Հայաստանում և հակառակը: Սրա թարմ օրինակներից է վերջերս մի թուրք պատգամավորի Հայաստան կատարած այցից հետո արած այն հայտարարությունը, թե իբր Հայաստանի ժողովուրդը և ղեկավարները գիտակցում են, որ Սփյուռքը վնասում է իրենց շահերին (Կարդացե’ք «Սփյուռքը վնասում է Հայաստանի ժողովրդին» հոդվածը Արտմամուլի տեսության այս էջում` http://artmamul.ararat-center.org/?p=5 : («Արարատ» ՌԿ-ի կողմից)

[4] Թուրքիան ամենևին էլ միակ երկիրը չէ (թեև ցավոք` դրանց շարքում է), ուր վերջին երկու տասնամյակի ընթացքում արտագնա աշխատանքի են մեկնել ՀՀ քաղաքացիներ: Հայաստանից աշխատանքային միգրանտներ շատ ավելի մեծ թվով կան Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, արևելյան ու արևմտյան Եվրոպայի երկրներում և այլուր: Ինչ վերաբերում է Թուրքիայում ներկայումս ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիներին` վաղուց ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունն այս հարցում հանդես գա խիստ և հստակ քաղաքական դիրքորոշմամբ` հրապարակայնորեն ետ կանչելով Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին: Այս քաղաքական հորդորին չանսալու դեպքում այդ անձինք պետք է գիտակցեն, որ ՀՀ-ն պատասխանատվություն չի կրում Թուրքիայում նրանց անվտանգության համար: Այդպիսով, մի կողմից, վերջ կդրվի հայ-թուրքական հարաբերությունների իմիտացիայում Թուրքիայի քաղաքական շրջանակների` այս գործոնը շահարկելու, մյուս կողմից էլ` այն որպես նենգասպառնալիք (շանտաժ) ժամանակ առ ժամանակ Հայաստանի դեմ կիրառելու փորձերին: («Արարատ» ՌԿ-ի կողմից)

One response so far

1 մեկնաբանություն

  1. hbfbiwevtգրել է 30 Հունվար 2012թ.-ին, ժամը 20:12

    fnuea…

    vmptrvdvv firii bbpnppr topc aicudeqfsdrugwo…