Հուն 26 2009

«Ահաբեկչության» մեղադրանքով հարյուրավոր երեխաներ են բանտարկվել Թուրքիայում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քրիսչն Սայնս Մոնիթոր», 26 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Christian Science Monitor
Յիգալ Շլայֆեր (Yigal Schleifer)

2006թ.-ի` ահաբեկչության դեմ օրենքի համաձայն` օրենքից դուրս հայտարարված «Քրդական բանվորական կուսակցությանն» (ՔԲԿ, PKK) աջակցող ցույցերին մասնակցելը հանցանք է համարվում:

Դիարբեքիր, Թուրքիա: Քչերը հանցագործ կորակեին բարձր, ռնգային ձայնով ու քաղաքավարի շարժուձևով 17-ամյա Հեբուն Աքայային, որին դատապարտել են ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեղադրանքով: Բայց Դիարբեքիրի քրեական դատարանն այդպես է որակել: Հանցանքը` օրենքից դուրս հայտարարված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) ազատազրկված ղեկավար Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների դեմ բողոքն է: ՔԲԿ-ն, որին Եվրամիությունը և ԱՄՆ-ը ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել, լայն աջակցություն է վայելում Թուրքիայի` գերազանցապես քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններում:

«Երբեք չէի մտածել, որ բանտ կընկնեմ քար նետելու պատճառով,- ասում է Հեբունը, որը չափահասների բանտում 10 ամիս է անցկացրել` սպասելով իր նախնական դատավարությանը: -Իսկապես բարկանում եմ, երբ մտածում եմ, որ ինձ ուզում են 28 տարվա ազատազրկման դատապարտել միայն քար նետելու համար: Դա անարդար է»: Նրան այժմ ազատ են արձակել` գրավի դիմաց, և նա սպասում է բողոքարկման պատասխանին` որի համաձայն կարող է դատապարտվել յոթ տարվա ազատազրկման:

Հեբունը մեկն է այն հարյուրավոր անչափահասներից (նրանցից ոմանք դեռևս 13 տարեկան են), ովքեր վերջին մի քանի տարիների ընթացքում ձերբակալվել ու բանտարկվել են Թուրքիայում` համաձայն ահաբեկչության դեմ գործող նոր, խիստ օրենքների, որոնք թույլ են տալիս անչափահասներին դատել ինչպես չափահասներին և նույնիսկ ցույցերին մասնակցելու պատճառով մեղադրել նրանց «ահաբեկչական կազմակերպությունների անունից հանցանքներ գործելում»: Քննադատների և իրավապաշտպանների կարծիքով` ահաբեկչության դեմ նոր օրենքները լուրջ թերություններ ունեն և խախտում են երեխաների կալանման մասին միջազգային կոնվենցիաները:

«Հանցանքի և դատավճռի միջև անհամաչափություն կա,- ասում է «Հյումն Ռայթս Ուոչ» (Human Rights Watch) նյու-յորքյան դիտորդական կազմակերպության Թուրքիայի գծով վերլուծաբան Էմմա Սինքլեյր-Ուեբը:
-Այս երեխաների արածը (ինչպես օրինակ` քար նետելը կամ սեփականություն փչացնելը) ահաբեկչական գործողություն համարելը լուրջ խնդիր է»:

«Դու ենթարկվում ես արդարադատության այնպիսի համակարգի, որը քեզ որպես երեխա չի դիտում»,- ավելացնում է տիկին Սինքլեյր-Ուեբը:

Ահաբեկչության դեմ օրենքով մեղադրվում է ավելի քան 1500 անչափահաս

ԵՄ անդամակցությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում Թուրքիան վերանայել է իր քրեական օրենսգիրքը` մոտեցնելով այն եվրոպական և միջազգային չափանիշերին: Սակայն վերլուծաբանների կարծիքով` երկիրը մեկ քայլ ետ է գնացել` 2006թ.-ին փոփոխություններ կատարելով ահաբեկչության դեմ օրենքում, որը թույլ է տալիս 15-ից 18 տարեկան անչափահասներին, եթե նրանց գործած հանցանքը համարվում է, որ առնչվում է ահաբեկչությանը, դատել որպես չափահասների:

Նույն տարում Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանն ընդունեց որոշում, ըստ որի ՔԲԿ-ի աջակցությամբ անցկացվող ցույցերին մասնակցող երեխաների դեմ կարող է հարուցվել այդ կազմակերպությանն աջակցելու կամ դրա անունից գործելու մեղադրանք:

Ըստ թուրք պաշտոնյաների` 2006-2007թթ.-ին ահաբեկչության դեմ օրենքով 1,572 անչափահաս է քրեորեն հետապնդվել, նրանցից 174-ը մեղավոր է ճանաչվել: Դրանից հետո անչափահասների նկատմամբ ևս մի քանի հարյուր դատական գործեր են հարուցվել:

«Դատարանի որոշումը շատ վտանգավոր է օրենքի գերիշխանության և անձի ազատությունների տեսանկյունից»,- ասում է Թահիր Էլչին` դիարբեքիրցի փաստաբան, որը զբաղվում է մի շարք բանտարկված երեխաների պաշտպանությամբ: -Բարձրագույն դատարանի որոշման համաձայն` դատախազներին ապացույցներ պետք չեն հաստատելու համար, որ ինչ-որ մեկը հանցանք է գործել ՔԲԿ-ի անունից: Միայն մասնակցությունը ցույցերին բավարար ապացույց է»:

«Ընդունում ենք, որ այս երեխաները, հնարավոր է` քարեր են նետել, բայց նրանք դա չեն արել ՔԲԿ-ի անունից: Նրանք երեխաներ են»,- ավելացնում է նա:

Թուրքիայի քաղաքականությունը հակասում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի կոնվենցիաներին

Միացյալ Ազգերի Կազմակերպության` Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիայում հատուկ ուշադրություն է հատկացվում անչափահասների ձերբակալության և ազատազրկման հարցին: Ըստ կոնվենցիայի, որը ստորագրել է նաև Թուրքիան` «Երեխայի ձերբակալությունը կամ ազատազրկումը պետք է կատարվի օրենքին համապատասխան, կիրառվի միայն որպես վերջին միջոց և ամենակարճ ժամանակահատվածով»:

Անկարայում ԵՄ պաշտոնյաներից մեկի խոսքով` անչափահասների ձերբակալությունն ու ազատազրկումը «մտահոգության» առիթ է տալիս:

Պաշտոնյան, որը, հաշվի առնելով հարցի զգայունությունը, խնդրել է չհրապարակել իր անունը, ավելացրել է. «Նրանց որպես անչափահասի չեն վերաբերվում, և դա դեմ է միջազգային կոնվենցաներին: Նրանց վերաբերվում են ինչպես ահաբեկիչների, իսկ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ են արել իրենք»:

Նախկինում Բրյուսելը մտահոգություն է հայտնել անչափահասների մասով Թուրքիայի դատական համակարգում առկա թերությունների առնչությամբ: Որպես թեկնածու պետություն` Թուրքիայի գրանցած առաջընթացի մասին անցած տարվա գարնանը հրապարակված ԵՄ զեկույցում ասվում է. «Չնայած անչափահասների մասով դատական համակարգում գրանցված որոշ առաջընթացին` մանկական դատարանների թիվը դեռ բավարար չէ, այս դատարաններում չեն բավականացնում սոցիալական աշխատողները, և վերջիններս աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով»:

Ադանայում, օրինակ, անչափահասների համար նախատեսված դատարանների բացակայության պատճառով` չափահասների դատարաններում են լսում նույնիսկ 15 տարեկանից փոքր երեխաների գործերը, մինչդեռ նրանք, ըստ օրենքի, պետք է դատվեն անչափահասների դատարաններում:

Բանտը մի տղայի մոտ ՔԲԿ-ի նկատմամբ համակրանք է արթնացրել

Թուրք դատախազները պաշտպանում են բողոքի ցույցերում ձերբակալված երեխաների դեմ խիստ պատիժների կիրառումը` նշելով, որ դա քուրդ երիտասարդներին պետության դեմ մոբիլիզացնելու ՔԲԿ-ի ջանքերի դեմ պատասխանն է:

Սակայն «Հյումն Ռայթս Ուոչ»-ից Սինքլեր-Ուեբի կարծիքով` երեխաներին բանտ ուղարկելը կարող է հակառակ արդյունքն ունենալ: «Դա կոշտացնում է երեխաներին և հոգեբանորեն խիստ վնասակար է,- ասում է նա: -Նրանք բանտ են մտնում որպես երեխա, որը պարզապես զվարճանում էր` քարեր նետելով, բայց այնտեղից կարող են դուրս գալ որպես կայացած գրոհայիններ»:

«Եթե ուզում եք գրավել մարդկանց սրտերն ու մտքերը և թույլ չտալ, որ նրանք միանան ՔԲԿ-ին, այս եղանակով դրան չեք հասնի»,- ավելացնում է նա:

Մի դեռահաս, որը ցույցին մասնակցելուց հետո 13 ամիս ազատազրման մեջ է եղել և հիմա գրավի դիմաց ազատ է արձակվել ու սպասում է իր դատավարությանը, ասում է, որ ինքը «փոխվել է» բանտում անցկացրած ժամանակահատվածում:

«Ես ավելի իրազեկ եմ դարձել,- ասում է 16-ամյա տղան, որը չի ցանկացել, որ հրապարակվի իր անունը` իր մոտալուտ դատավարության պատճառով, որի արդյունքում կարող է դատապարտվել յոթ տարվա ազատազրկման»:

«Այն, ինչ սովորեցի բանտում ինքս իմ, քրդերի և ՔԲԿ-ի մասին, արթնացման պես մի բան էր»:

Comments Off on «Ահաբեկչության» մեղադրանքով հարյուրավոր երեխաներ են բանտարկվել Թուրքիայում

Այս էջում չկա մեկնաբանություններ