Հուլ 03 2009

Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ողջունելի նոր փուլ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ջերուսալեմ Փոստ», 1 հունիսի 2009թ.
Աղբյուրը՝ The Jerusalem Post
Ալեքսանդր Մուրինսոն

Իսրայելն ակտիվորեն փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և հետխորհրդային տարածքի այլ մահմեդական երկրների հետ։ Իսրայելի, Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության և մահմեդական երկրների միջև համագործակցության մոդել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանի Պրահայում մայիսի 6-ին կայացած հանդիպման արդյունքում ձեռքբերվեց համաձայնություն նախագահ Շիմոն Պերեսի Բաքու պաշտոնական այցի մասին։ Պերեսի՝ Ադրբեջան հունիսի վերջին կայանալիք այցը լինելու է նրա ԱՊՀ–ի մահմեդական երկրներ կատարելիք ուղևորության մի մասը։ Նրա այցը Բաքու անցկացվելու է «ամենաբարձր մակարդակով և մեծարանքներով»։

Իրանական մոլլաների վարչակարգի, որը ձգտում է ստեղծել միջուկային զենք և սպառնալ Պարսից Ծոցին, և Իսրայելի միջև աճող լարվածության պայմաններում Իրանի հյուսիսային հարևան՝ աշխարհիկ մահմեդական Ադրբեջան այցելելու Պերեսին արված հրավերը վերահաստատում է այդ երկու երկրների ռազմավարական հարաբերությունները։ Այս երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Ադրբեջանի 1992թ-ի անկախացումից կարճ ժամանակ անց։ Վարչապետ Բենյամին Նետանյահուն աշխատանքային այցով եղավ այստեղ 1997թ-ին՝ Չինաստան այցից իր վերադարձին։

Այս դիվանագիտական ձեռքբերումն իրականացրեց Լիբերմանը, ով ներգաղթել էր Մոլդովայի խորհրդային հանրապետությունից։ Ռազմավարական գործերի նախարար լինելուց ի վեր (2006-2008թթ.) նա հետամուտ է եղել նորանկախ արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների խորացմանը։ Լիբերմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի Հանրապետությանը, որ ռազմավարական կարևոր տեղակայվածություն ունի Կասպից ծովի արևմտյան ափին։ Նա պաշտոնական այցելություն կատարեց Ադրբեջան 2007 թ-ի օգոստոսին։ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևն ու Լիբերմանը քննարկեցին ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացումը։ Լիբերմանը ընդգծեց, որ մտադիր է Բաքու այցելել մոտ ապագայում։

Երկու երկրների միջև հարաբերությունների գլխավոր ոլորտը էներգետիկ անվտանգությունն է։ Ներկայում Իսրայելի նավթի 20%-ը մատակարարում է Ադրբեջանը։ Երկկողմ առևտրում նավթաքիմիկատների բարձր համամասնության արդյունքում Ադրբեջանից ներմուծման ծավալը կազմում է 3,5 մլդ դոլար։ Նաև կան ադրբեջանական բնական գազը Թուրքիայի միջով Հայֆա մատակարարելու ծրագրեր։ Դրա հետ մեկտեղ, երկու կողմերն էլ հետաքրքրվածություն են դրսևորում ընդլայնելու համատեղ համագործակցությունը դեպի նոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, գիտական հետազոտությունները բժշկության բնագավառում և բարձր տեխնոլոգիաները։ Ի նպաստ այս ջանքերի կազմակերպվեց միջոցառումների շարք Ադրբեջանում՝ դեսպան Արթուր Լենքի մասնակցությամբ, ով Բաքվում ներկայացնում է Իսրայելը սկսած 2005թ-ից և ավարտելու է իր պաշտոնավարությունը հուլիսին։

2008թ-ի մայիսին Բաքվում տեղի ունեցավ իսրայել-ադրբեջանական բիզնես համաժողով, որին Իսրայելը ներկայացված էր ի դեմս գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնի։ Մայիսի 18-ին Թել-Ավիվում կազմակերպվեց համաժողով ավելի քան քսան ադրբեջանական կազմակերպությունների և Տնտեսական Զարգացման Նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովի առանցքային մասն Իսրայելի Արտահանման Ինստիտուտի և Արտահանումն ու Ներդրումը Խրախուսող Ադրբեջանի Հիմնադրամի (AzPromo) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր։ Այս համաձայնագիրը համակարգում է երկկողմ առևտուրն ու ներդրումները։ 2009 թ-ին Իսրայելում տեղի կունենա Միջազգային Գյուղատնտեսական Ցուցահանդես (Agritech), որին կմասնակցի նաև ադրբեջանական պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարար Իլհամ Գուլիևի ղեկավարությամբ։

2008 թ-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանը համաձայնվեց Իսրայելից գնել զենք ու զինամթերք։ Սեպտեմբերի 26-ին «Հաարեց»-ը (Haaretz) հայտարարեց, որ Ադրբեջանը կգնի իսրայելյան զենք, ներառյալ զինամթերք, ականանետներ և հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ ռազմական ռադիո սարքավորումներ։ Սա առաջին հրապարակային հաստատումն է երկու երկրների միջև աճող ռազմավարական հարաբերությունների, թեև այդ հարաբերություններն սկիզբ են առել դեռևս Ադրբեջանի անկախության առաջին տարիներին։ Այս քաղաքական քայլը ցուցադրում է Ադրբեջանի նվիրվածությունն արևմտյան կողմնորոշմանը և անկախությունը Մոսկվայից և Թեհրանից։

Իսրայելը փորձում է հիմնել սերտ հարաբերություններ նշված երկրների հետ, քանի որ այս տարածաշրջանի զարգացումները ուժգնորեն ազդում են Մերձավոր Արևելքի կայունության վրա, որը պայմանավորված է աշխարհագրորեն մոտ գտնվելով և գերազանցապես մահմեդական ազգաբնակչության այն թվով, որ ապրում է Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում։ Կասպից շրջանը կարող է պարարտ հող հանդիսանալ մահմեդական արմատականության և միջուկային զենքի տարածման համար։ Այս սպառնալիքները նույնպես համախմբում են Իսրայելին այդ պետությունների վերնախավերի և աշխարհիկ միջին խավի հետ։ Տարածարջանի բնական ռեսուրսներն էլ ավելի գրավիչ են դարձնում այս երկրների հետ համագործակցությունը։

Օբամայի կառավարությունն իմաստուն կլինի, եթե դիտարկի Իսրայելը՝ Նետանյահուի ղեկավարության ներքո, որպես ընդհանրապես Եվրասիայում և մասնավորապես Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարությունն իրականացնելու համար կարևոր ռեսուրս և միջնորդ։ Իսրայելի ազդեցությունը նախկին խորհրդային ճամբարի երկրների և Ռուսաստանի վրա մեծապես ընդլայնվել է Լիբերմանի օրոք, ով այդ երկրների վերնախավերի հետ կառուցեց պաշտոնական և ոչ-պաշտոնական հարաբերությունների մի ընդարձակ ցանց՝ իր ռազմավարական գործերի նախարար եղած ժամանակ։

Պերեսի Ադրբեջան այցելության մասին լուրերն արդեն իսկ տագնապ են առաջացրել Իրանի զինվորականության մոտ։ Մայիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ Իրանի կառավարության ղեկավար Հասան Ֆիրուդաբադին հրապարակայնորեն սպառնացել է Ադրբեջանին` ասելով, որ Իսրայելի նախագահի այցը կլինի «սխալ քայլ»։ Նա ավելացրել է, «Շիմոն Պերեսի այցը նման չէ բարեկամական քայլի՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում»։

Գրողն անկախ վերլուծաբան է, նրա՝ «Թուրքիայի Անտանտն Իսրայելի և Ադրբեջանի հետ. պետության ինքնությունն ու անվտանգությունը Միջին Արևելքում և Կովկասում» գիրքը կհրապարակվի Ռութլեջ հրատարակչության (Routledge) կողմից 2009 թ-ի սեպտեմբերին։

Comments Off on Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ողջունելի նոր փուլ

Այս էջում չկա մեկնաբանություններ