May 23 2008
Թուրքիային չպետք է տեղ տալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում

«Կալիֆոռնիա Կուրիեր», 8 մայիսի, 2008թ.
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան (Harut Sassounian)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Թուրքական կառավարությունն ամբողջ աշխարհը տակնուվրա է անում` փորձելով իր տեղն ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Անկարան գործի է դրել բոլոր անպատշաճ միջոցները, օրինակ՝ երրորդ աշխարհի պետություններին կաշառելը` նրանց քվեն շահելու նպատակով:
Թուրքիայի այս խարդախությունները բացահայտել է «Ջեյմսթաուն Ֆաունդեյշն» հիմնադրամի կողմից հրապարակվող «Եվրասիա Դեյլի Մոնիթորը»:
Այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ը կընտրի հինգ երկիր` Անվտանգության խորհրդի հինգ ռոտացիոն տեղերը լրացնելու համար: Տարածաշրջանը (ԱԽ-ում` «Արևմտյան Եվրոպա և մյուսներ» խումբը) ներկայացնելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամները քվեարկությամբ կընտրեն երկու երկիր հետևյալ երեք թեկնածուներից՝ Թուրքիա, Ավստրիա և Իսլանդիա:
Թուրքիան վերջին անգամ Անվտանգության խորհրդին անդամակցել է 1961թ.-ին: Թուրք պաշտոնյաներն այս տեղի համար լոբբինգ են իրականացնում 2004թ.-ից ի վեր` 2008թ. հոկտեմբերի 16–ին նախատեսված ընտրություններից գրեթե հինգ տարի առաջ: Հաջողության դեպքում 2009թ.-ի հունվարի 1-ից Թուրքիան երկու տարի ժամկետով կանդամակցի Անվտանգության խորհրդին:
Իր երկրի համար քվեներ ապահովելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը «մեկը մյուսի հետևից հանդիպումներ է ունեցել աշխարհի մի շարք հեռավոր անկյունների անհայտ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- նշել է Գարետ Ջենկինսը մայիսի 16-ին «Եվրասիա Դեյլի Մոնիթոր»-ում:
Ապրիլ ամսվա ընթացքում Նաուրուի, Վանատուի Հանրապետության, Սողոմոնյան կղզիների, Մարշալյան կղզիների, Քուկի, Թուվալուի, Պապուա Նոր Գվինեայի, Պալաուի Հանրապետության, Ֆիջիի, Միկրոնեսիայի, Սամոայի և Տոնգայի առաջնորդները ժամանեցին Ստամբուլ` մասնակցելու այս երկրների հետ Թուրքիայի գրեթե գոյություն չունեցող կապերը բարելավելուն նվիրված համաժողովին: Դրան հաջորդել է նույն ամսվա ընթացքում Մալդիվի արտգործնախարար Աբդուլլահ Շահիդի հրավերը Անկարա` իր թուրք գործընկերոջ հետ քննարկումներ անցկացնելու համար, հայտնում է Ջենկինսը:
Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Անվտանգության խորհրդին նշանակում է, որ այդ երկիրը կշահի թե՛ դիվանագիտական և թե՛ քաղաքական առումներով, որն էլ իր հերթին կբարձրացնի երկրի վարկանիշը և ազգային արժանապատվությունը, ասում է Ջենկինսը:
Անվտանգության խորհրդին անդամակցելու իր քարոզարշավը Թուրքիան սկսել է դեռևս 2004թ.-ի հունիսին, երբ ակնկալում էր Իսլամական համաժողովի կազմակերպության անդամների աջակցությունը` կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթաժողովի ժամանակ:
2006թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաներն այցելեցին 30 երկրներ` նրանց աջակցությանը հետամուտ: 2006թ.-ի սեպտեմբերին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները գնաց Կուբա` Չմիավորման շարժման երկրների (Non-Aligned Movement) 1 գագաթաժողովին մասնակցելու համար: Հավանայում Թուրքայի դեսպանատան` Կարիբյան երկրների ղեկավարների համար կազմակերպած նախաճաշ-հանդիպումից հետո Սեներն ասաց թուրք լրագրողներին. «Ես երբևէ չէի լսել նրանցից շատերի անունները, բայց նրանք բոլորը քվե ունեն ՄԱԿ-ում»: Նախընտրական լոբբինգի ջանքերը շարունակվեցին 2007թ.-ին. այդ ընթացքում թուրք պաշտոնյաներն այցելեցին ևս 27 երկրներ:
2006թ.-ին Թուրքիան 700 միլիոն դոլարի օգնություն հատկացրեց մի շարք զարգացող երկրների: Նա 20 միլիոն դոլար տրամադրեց փոքր պետություններին՝ իրենց պարտքերը ՄԱԿ-ին մարելու համար, որպեսզի նրանք չզրկվեն քվեարկելու իրավունքից` հօգուտ Թուրքիայի: 2007թ.-ին Թուրքիան հիմնեց 15 միլիոն դոլար կապիտալով հիմնադրամ` աջակցելու համար թերզարգացած փոքր կղզի-պետություններին: Ավելին, Թուրքիան առաջին անգամ հարաբերություններ հաստատեց Մարշալ և Քուկ կղզի-պետությունների հետ:
Աֆրիկյան երկրների քվեն ապահովելու համար Թուրքիան այժմ 10 նոր դեսպանատներ է բացում՝ Անգոլայում, Չադում, Գանայում, Կամերունում, Կոտ Դիվուարում, Մադագասկարում, Մալիում, Մոզամբիկում, Նիգերում և Տանզանիայում: 2005թ.-ին Թուրքիան դաձավ Աֆրիկյան միության դիտորդ անդամ: 2008թ.-ի մարտին հայտարարեց, որ 50 միլիոն դոլար է հատկացնում մի շարք աֆրիկյան երկրների զարգացման հիմնադրամներին: Իսկ 2008թ.-ի օգոստոսին՝ ՄԱԿ-ի ընտրությունից ընդամենը երկու ամիս առաջ, Թուրքիա-Աֆրիկա համագործակցությանը նվիրված համաժողով է հրավիրելու Ստամբուլում:
Թուրք պաշտոնյաները հանկարծ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել բնապահպանական խնդիրների հանդեպ` հաշվի առնելով գլոբալ տաքացման պատճառով փոքր կղզի-պետություններին սպառնացող վտանգը` օվկիանոսային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով նրանց հեղեղման հավանականությունը: Անցյալ ամիս Ստամբուլում որոշ կղզի-պետությունների առաջնորդների հետ հանդիպելուց հետո արտգործնախարար Բաբաջանը հայտարարեց գլոբալ տաքացման և օվկիանոսային ջրերի բարձրացման դեմ պայքարելու իր կառավարության որոշման մասին: Իրականում Թուրքիան այն հատուկենտ պետություններից է, որը դեռ չի ստորագրել 1997 թվականի «Կլիմայի փոփոխության մասին» Կիոտոյի արձանագրությունը:
Թուրքիան չպետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցի, քանի որ այդ երկիրը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է և սպառնալիք է իր հարևան երկրների խաղաղությանն ու անվտանգությանը:
Բոլոր նրանք, ովքեր կապեր ունեն ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնյաների հետ, պետք է մերկացնեն Թուրքիայի «ձայներ գնելու» փորձերը և հորդորեն այդ երկրների պատվիրակներին չքվեարկել Թուրքիայի օգտին: Փոխարենը, նրանք պետք է պաշտպանեն Ավստրիայի և Իսլանդիայի թեկնածությունները, որոնք իրոք ժողովրդավար երկրներ են և բոլոր առումներով անհամեմատ առաջ են Թուրքիայից:
—————–
- Միջազգային կազմակերպություն է, որի անդամ պետություններն իրենց չեն համարում պաշտոնապես որևէ իշխող բլոկի կողմ կամ դեմ: Հիմնադրվել է 1955-ին և 2007թ.-ի դրությամբ ուներ 118 անդամ: Ըստ Հավանայի 1979թ. հռչակագրի` կազմակերպության նպատակը իմպերիալիզմի, գաղութատիրության, ցեղապաշտության, սիոնիզմի, օտար սպառնալիքների, բռնազավթման, գերիշխանության և գերտերությունների դեմ պայքարում ազգային անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը պաշտպանելն է: Կազմակերպությանն անդամակցող երկրները կազմում են ՄԱԿ-ի անդամ պետությունների գրեթե 1/3-ը և աշխարհի բնակչության` 55%-ը: (Տե’ս նաև` http://www.nam.gov.za): («Արարատ» ՌԿ-ի կողմից) ↩
Comments Off on Թուրքիային չպետք է տեղ տալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում