Jun 06 2008

Թուրքիայից պահանջում են վերադարձնել հինավուրց եկեղեցին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռիլիջս ինթելիջնս», Միացյալ Թագավորություն, 7 մայիսի 2008թ.

Աղբյուրը` (Religious Intelligence)

Ջորջ Քոնգեր (George Conger)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները

Հռոմի կաթոլիկ առաջնորդները կսատարեն Գերմանիայում մզկիթի կառուցմանը, եթե Թուրքիայի կառավարությունը Տարսուսի սբ. Պողոս եկեղեցին վերադարձնի եկեղեցու վերահսկողության տակ և թույլատրի ուխտագնացության կենտրոն կառուցել:

Քյոլնի արքեպիսկոպոս կարդինալ Ջոակիմ Մայսները իր թեմական թերթում հայտնել է, որ մի նամակ է գրել Թուրքիայի նախագահ 1 Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել սուրբ Պողոսի ծննդավայրում կառուցված այդ եկեղեցին՝ որպես եվրոպական համագործակցության դրսևորում:

1920-ական թվականներին, քրիստոնյաներին Փոքր Ասիայից արտաքսելուց հետո, Թուրքիայի կառավարությունը բռնագրավեց սբ. Պողոս եկեղեցին: Այն 70 տարի ծառայել է որպես զինվորական պահեստ, այնուհետև վերածվել թանգարանի: Ի սկզբանե լինելով հայկական եկեղեցի՝ այն վաղ միջնադարում վերածվել է բյուզանդական եկեղեցու:

Թուրքիայի կառավարության հաղորդմամբ` Տարսուսում բնիկ քրիստոնյաներ չեն ապրում, սակայն քրիստոնեության գոյությունն այստեղ ապահովում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու դուստրերի կոչում ունեցող երեք քույրեր և ամերիկյան մոտակա ռազմաբազայի օդաչուները: Եկեղեցում կրոնական արարողություն կարող է կատարվել միայն տեղական իշխանությունների կողմից համապատասխան վճարի դիմաց տրամադրվող արտոնագրի առկայության դեպքում:

Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսները երկրի թուրք բնակչության համար մզկիթ կառուցելուն դեմ չեն, սակայն կարծում են, որ Թուրքիան պետք է փոխի իր կոշտ վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին թերահավատությամբ է վերաբերվել նաև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը:

Եկեղեցին վերադարձնելը «չափազանց կարևոր խորհրդանշական քայլ կլիներ»,- «Շպիգել» ամսագրին ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջկրոնական հարաբերությունների ղեկավար, Համբուրգի եպիսկոպոս Հանս-Յոխեն Յաշկեն: §Եթե Թուրքիայում նշմարվեին քրիստոնյաներին ընդունելու նշաններ, դա շատ դրական դեր կունենար Գերմանիայում թուրքերին ընդունելու հարցում¦:

Մարտ ամսին Քյոլնում տված մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ 2 Էրդողանը հայտարարեց. «Հենց որ եկեղեցին նման խնդրանքով դիմի ինձ, ես հանդես կգամ սատարող հայտարարությամբ, եթե անգամ դա դուր չգա ընդդիմությանը»:

Ակնկալվում է, որ հունիսին քրիստոնյա ուխտավորները Պողոսի ծննդյան տարեդարձը տոնելու նպատակով կայցելեն Տարսուս, որը գտնվում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի մոտ:

Կարդինալ Ուոլթեր Քասպերը, որը նախագահում է Հանուն քրիստոնեական միաբանության պապական խորհուրդը, եկեղեցում ծիսական արարողություն կկատարի այդ տարեդարձի կապակցությամբ:

1920թ.-ին քրիստոնյաները կազմում էին Թուրքիայի բնակչության գրեթե 20 տոկոսը: Այսօր նրանք 0.1 տոկոսից էլ քիչ են: Թուրքիայի կառավարությունը որպես փոքրամասնություններ պաշտոնապես ճանաչում է հայերին, կաթոլիկներին և ուղղափառներին, ինչպես նաև հանդուրժում է անգլիկան և այլ եկեղեցիները, որոնք ծառայում են ներգաղթած համայնքներին 3: Սակայն Թուրքիայի շուրջ 5.000 բողոքականները, որոնք դավանափոխ են եղել իսլամից, գործում են իրավական փակուղում, քանի որ Թուրքիայում առանց կառավարության հավանության որևէ կրոնական համայնք չի կարող գոյություն ունենալ:

Մահմեդական հոգևորականների իրավունքները նույնպես սահմանափակված են. նրանք պարտավոր են իրենց քարոզների բովանդակությունը ներկայացնել պետական մարմիններին: Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը այս կանոնը սահմանել է իսլամը պետության հսկողության ներքո պահելու և կառավարման աշխարհիկ կարգը պահպանելու համար:

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները ևս թերահավատությամբ են վերաբերվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: Այն լարված իրավիճակից հետո, որի պատճառը 2006թ.-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի` իսլամի մասին արած հայտարարությունն էր, կարդինալ Քորմակ Մրֆի-Օ’Քոնորը §Թայմզ¦ օրաթերթին ասել է. «Կարծում եմ` հարցը վերաբերում է Եվրոպային. արդյո՞ք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը կլինի մի քայլ, որը կնպաստի խորքային երկխոսությանը, թե՞ դա կլինի մի շատ մեծ, գերազանցապես իսլամական երկրի ինտեգրում մի մայրցամաքի, որը հիմնականում քրիստոնեական է»:

Քենթրբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Քերին «Թըդեյ» ծրագրին ասել է. «Եվրոպական համայնքի հիմքում անշուշտ պետք է լինի ավելին, քան տնտեսական շահը: Այն պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա»:

2005թ.-ին Բրյուսելում Եվրոպական քաղաքականության կենտրոնին ուղղված իր ուղերձում արքեպիսկոպոս Ռովան Ուիլյամսն ասել է, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանավեճը մտահոգություն է առաջացրել՝ պայմանավորված Եվրոպայի պատմականորեն քրիստոնեական լինելու հանգամանքով: «Եվրոպան այսօր այնպիսին է, ինչպիսին որ կա իր քրիստոնեական պատմության շնորհիվ»,- նշել է նա՝ նախազգուշացնելով, որ եթե եկեղեցին դուրս մնա հանրային բանավեճից, ապա լիբերալ մոդեռնիզմը կվերափոխվի մի այլ կեղծ կրոնի` հիմնված «ժողովրդավարության և հանդուրժողականության համար առաջարկվող համադարմանների մի անորոշ շարանի վրա»:

—————

  1. Պետք է նշվեր` «վարչապետ»: («Արարատ» ՌԿ-ի կողմից)
  2. Տե’ս առաջին կետում տրված ուղղումը: («Արարատ» ՌԿ-ի կողմից)
  3. Թուրքիայի Հանրապետության սահմանադրության համաձայն (1924 թվականի առաջին սահմանադրության 88-րդ հոդվածը, որը դարձել է 1982 թվականին ընդունված սահմանադրության 66-րդ հոդվածը)` ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք: Ավելին` 2005թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը քննարկեց և հաստատեց Անվտանգության խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը», որը դարձյալ ընդգծում է, որ Թուքիայի Հանրապետությունում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ լեզու դրույթները: Փաստաթղթում պահպանվում է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն «ազգությամբ թուրք» համարելու սկզբունքը: Բնական է, որ հետևողականորեն իրականացվող այսպիսի քաղաքականության արդյունքում, վախի և զանազան հալածանքների մթնոլորտում, Թուրքիայի ազգային փոքրամասնություններն աստիճանաբար ձուլվում են (բացառություն են քրդերը, որոնք իրենց ստվարաթիվության ու երկարատև պայքարի շնորհիվ ինքնության վերելք են ապրում): («Արարատ» ՌԿ-ի կողմից)

Comments Off on Թուրքիայից պահանջում են վերադարձնել հինավուրց եկեղեցին

Այս էջում չկա մեկնաբանություններ