Jun 09 2008

Քաղաքական ցնցումներ Ստամբուլում. Թուրքիայի նոր ձախերի վերելքը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Շպիգել», 7 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Der Spiegel)
Դանիել Սթայնվորթը (Daniel Steinvorth)` Ստամբուլից

Թուրքիայում մայիսյան խռովությունների ակտիվացումից հետո, Ստամբուլում իշխանության համար պայքարի մեջ է մտել ևս մեկ խումբ: Աշխարհիկ պետության կողմնակից քեմալականներից և պահպանողական մահմեդականներից բացի, այժմ իրենց ձայնը լսելի են դարձնում նաև աշխատավորները և ձախերը:

Ստամբուլն ու Անկարան հակոտնյա քաղաքներ են: Թեև Բոսֆորի ափին գտնվող կոսմոպոլիտ քաղաքը Թուրքիայի մայրաքաղաքը չէ, սակայն Թուրքիայի փայլփլող ցուցափեղկն է: Մայրաքաղաքն Անկարան է, որը գտնվում է երկրի գյուղական սարահարթերի սրտում, և չնայած որոշ չափով արդիականացվել է, սակայն հեռու է երկրային աշխույժ մետրոպոլիա լինելուց: Երկու քաղաքների միջև տարբերությունները երբեք այդքան ակնբախ չեն եղել, որքան մայիսի 1-ին՝ աշխատավորների և կարմիր դրոշների օրը:

Մինչ Ստամբուլի կենտրոնը սուզվում էր արցունքաբեր գազի ամպերի մեջ, Անկարան տոնում էր իր փառապանծ անցյալը: Ստամբուլում ջրանետներով ու մահակներով զինված ոստիկանությունը բախվեց հազարավոր ցուցարարների հետ: Նույն ժամին Անկարայում, ազգային հեռուստատեսային ցանցի պատվիրակությունը լուռ ակնածանքով ծաղկեպսակ էր դնում ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանին:

Աղմկոտ ուղղաթիռները պտտվում էին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակի վրա, իսկ 350 կմ (219 մղոն) դեպի արևելք զինվորները շքերթի էին մասնակցում, ջինջ երկնքի տակ ամենուր լսելի էր շեփորների ձայնը:

Պատահական չէր, որ հենց այդ օրը Թուրքիայի երկու երեսն էլ ի ցույց դրվեց: Աթաթուրքի ցուցադրական հուշարձանը, որը գտնվում է Անկարայի կենտրոնում, Թուրքիայի փոթորկալից ամենօրյա քաղաքական կյանքը ճնշելու և մոռացության տալու կատարյալ վայր էր, թեկուզ և կարճ ժամանակով: Ալեկոծությունն առավել ակնհայտ էր փոթորկված Ստամբուլում, որտեղ էլ տեղի ունեցավ վերջին տարիների ամենակատաղի փողոցային մարտերից մեկը:

Ի՞նչ է կատարվում Թուրքիայում: Մի քանի շաբաթ շարունակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գործունեությունն արգելող չարաբաստիկ միջնորդագիրը կաթվածահար էր արել երկրի քաղաքական կյանքը: Պահպանողական իսլամական AKP-ի և դատական ու զինվորական համակարգերում ներկայացված աշխարհիկ քեմալականաների աջակիցների միջև ակներևաբար կան անհաշտ տարաձայնություններ:

Բացի այդ, բանակը դեռևս շարունակում է պատերազմել արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինված միավորումների դեմ:
Հիմա, երբ PKK-ն դուրս է եկել հյուսիսային Իրաքից, հակամարտությունը կենտրոնացել է Թուրքիայի ներսում` քուրդ բնակչության ահագնացող դժգոհության պայմաններում:

Վիճակը ծանրացնում է այն, որ Էրդողանի կառավարության դեմ զայրացած աշխատավորների դժգոհությունը բորբոքվել է և ոչ սոսկ անցյալ հինգշաբթի տեղի ունեցած մայիսմեկյան խռովություններից ի վեր: Աշխատավորների և քաղաքացիական ծառայողների ահագնացող դժգոհության պատճառ է դարձել սոցիալական նպաստները կտրուկ կրճատելու կառավարության որոշումը «Վախենում եմ,- ասաց հայտնի կենսուրախ հեռուստահաղորդավար Մեհմետ Ալի Բիրանդը` արտահայտելով իր միլիոնավոր հեռուստադիտողների տրամադրությունը: -Կարծում եմ` առաջին անգամն է, որ Թուրքիան մասնատման իրական վտանգի առջև է կանգնած»:

Խնդիրն այլևս տրամագծորեն հակառակ երկու աշխարհահայացքների (մեկը` խիստ աշխարհիկ, մյուսը` խիստ կրոնական) միջև չէ: Երկու ճամբարները տարաձայնություններ ունեն նաև տնտեսության հարցերում. քեմալականները վախենում են կորցնել իրենց արտոնությունները, իսկ պահպանողական մահմեդականները, որ իրենց հարստությունը ձեռք են բերել առանց կառավարության օգնության, հիմա իշխանության ավելի մեծ բաժին են պահաջնում:

Մայիսյան խռովությունների լարվածությունը ցույց է տալիս, որ ձևավորվում է մի երրոդ ճամբար` բաղկացած հիասթափված բանվոր դասակարգից և գրեթե մոռացված թուրք ձախերից: Թուրքական համազգային «Հուրիյեթ» օրաթերթի թղթակից Թուֆան Թուրենչը սա դրական զարգացում է համարում: Թուրենչը հավատացած է, որ ըստ էության սա նույնիսկ կարող է հաջողություն բերել Թուրքիային ժողովրդավարության հարցում: «Վերջին ընտրությունների ժամանակ արհմիությունների մեծ մասը դեռևս հավատարիմ էր AKP-ին: Սակայն սոցիալական անհավասարության մակարդակը վատթարացել է, հատկապես Էրդողանի` գործարարությանը սատարող
Քաղաքականության պատճառով»: «Ազատականներն ու ձախերը»,- ասում է Թուրենչը, «կարող են նոր հուզումներ առաջացնել քաղաքական մրցակցության դաշտում»:

Սակայն այս խմբերը առաջնորդի խնդիր ունեն. ձախերը չունեն խարիզմատիկ առաջնորդներ: Արդյունքում, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) ցայսօր կարողացել է համեմատաբար հաջողությամբ ներկայացնել աշխատավորների շահերը: Կուսակցությունը 1923թ.-ին հիմնադրել է ոչ այլ ոք, քան նույն ինքը՝ Թուրքիայի մեծ հայր և քաղաքական գործիչ Աթաթուրքը:

«Պաշտպանել հանրապետությունը և աշխարհիկ արժեքները»

Ընդամենը մեկ շաբաթ առաջ 69-ամյա իրավաբան Դենիզ Բայքալը (Deniz Baykal) վերընտրվեց CHP-ի նախագահ: Մամուլում մերթ` դժգույն, մերթ` ամբոխահաճ բնութագրվող Բայքալն իր վերջին արշավում շեշտը դրել էր կրոնապետության և Թուրքիայի աստիճանական իսլամականացման ենթադրյալ վտանգի վրա:

Սոցիալական քաղաքականությունը, կրթություն ստանալու հավասար հնարավությունները և ձախերին հատուկ այլ հարցեր գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել CHP-ի օրակարգից: «Այս կուսակցությունն ընտրվում է պատմական և մշակութային պատճառներով»,- ասում է հասարակագետ Սենչեր Այաթան: «Հանրապետության և աշխարհիկ արժեքների պաշտպանության հարցում այն ամենավստահելին է»:

Այնուամենայնիվ, CHP-ն դեռևս Սոցիալիստական ինտերնացիոնալի (Socialist International) անդամ է՝ սոցիալ-ժողովրդավարական և աշխատավորական կուսակցություններին միավորող համաշխարհային հովանոցային կառույց, որն, ի թիվս այլոց, ընդգրկում է Մեծ Բրիտանիայի աշխատավորական ու Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցություններին և Ֆրանսիայի սոցիալիստներին: Կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես «բնածին սոցիալ-ժողովրդավարական» և ամենակարևորը՝ որպես Թուրքիայի կուսակցություններից ամենաեվրոպականը:

«Մենք ենք ճանապարհ հարթել դեպի Արևմուտք»,- ասում է CHP-ի 67-ամյա փոխնահագահ Օնուր Օյմենը: «Մի՞թե էրդողանի նման մարդը եվրոպական արժեքներ է ներկայացնում. մարդ, որը կարծում է, թե մարդասպանն, իսլամական օրենքով, կարող է ներման արժանանալ զոհի ընտանիքի կողմից»: Օյմենն ասում է, որ երբեք չի հոգնում Եվրոպայի իր ընկերներին բացատրելուց, թե որքան կարևոր է ունենալ իրենց շեմին կանգնած աշխարհիկ Թուրքիա: Բացի այդ, նա հավելում է, որ «չափավոր իսլամիստներ» գոյություն չունեն. «Նրանք, ովքեր հավատում են Ղուրանին, կիսով չափ չեն հավատում, այլ հավատում են ամբողջությամբ»:

CHP-ի առաջնորդն անհանգստացած է, որ Եվրամիությունը փոքր-ինչ այլ կերպ է ընկալում իրողությունը և Էրդողանի` կրոնական հասարակությունը և աշխարհիկ պետությունը համատեղելու գիտափորձը համարում հաջողված: Բացի այդ, Բրյուսելի և Թուրքիայի ավանդական իսլամական կուսակցության փոխհարաբերություներն արդեն անկայուն հիմքերի վրա են:

Եվրամիությանն անդամակցելու հետ կապված լարվածություն

Եվրամիության (ԵՄ) ընդլայման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնն արդեն սպառնացել է անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնել, եթե դատարանը AKP-ն արգելելու վճիռ կայացնի, ինչը խորհրդարանի աշխարհիկ խմբակցությունը կողջուներ: Բացի այդ, Եվրոպայի վստահությունը Թուրքիայի հանդեպ ամենևին էլ չամրապնդվեց այն բանից հետո, երբ քեմալականները համառորեն պայքարեցին, որպեսզի թույլ չտան բարեփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, ըստ որի «թրքությունն անարգելը» հանցագործություն է: Բրյուսելի երկարատև քննադատությունից հետո Էրդողանի կառավարությունն օրենքն ի վերջո անցյալ շաբաթ որոշ չափով մեղմացրեց: Անցյալում, հատկապես լրագրողներն ու գրողները, բազմիցս դատարանի առջև են կանգնել այնպիսի արգելված թեմաների անդրադառնալու համար, ինչպիսիք են հայերի և քրդերի դեմ հալածանքները: Նրանց շարքում են եղել 2006թ.-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը և թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը, ով 2007թ.-ին սպանվեց Ստամբուլում:

Ապագայում ևս «թուրք ազգի» նսեմացումը կշարունակվի հանցանք համարվել, որի համար, սակայն, առավելագույն բանտարկության ժամկետը երեք տարուց կդառնա երկու տարի: Թեև մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներն այս օրենսդրական բարեփոխումը համարում են ցուցադրական, ազգայնական ընդդիմադիր կուսակցություններն այն դիտում են որպես Թուրքիայի անկման սկիզբը: Այս քայլն, ըստ խորհրդարանում CHP-ի պատգամավորների և նրանց ծայրահեղ-աջ դաշնակիցների, բացում է թուրքական պետությունն անարգելու փականքները:

Սակայն ապագան ցույց կտա, թե վերածնված ձախերին որքան հեռուն կհաջողվի գնալ առօրյա քաղաքական կյանքում:

Փաստը, որ մայիսի 1-ին Ստամբուլում արտակարգ դրություն էր, և որ զբոսաշրջիներին պատել էր «պատերազմի կիզակետում» լինելու մղձավանջային զգացումը, հուսախաբության և հիասթափության աստիճան վկայում է, որ գործող կուսակցությունները գուցե այլևս չկարողանան իրավիճակը վերահսկել, հատկապես՝ արգելքների և բռնության միջոցով:

Արհմիութենական երեք հովանոցային կազմակերպություններին` «Դիսք», «Թյուրք Իզ» և «Քեսք», արգելել էին մայիսի մեկին Ստամբուլում ցույց կազմակերպել: Ոստիկանների մշտարթուն ներկայությունը խափանեց ցույց կազմակերպելու նրանց փորձերը` չնայած արգելքին: Արցունքաբեր գազ կիրառելով՝ ոստիկաններն անգամ արհմիության շենք մտան:

Սա արդեն չափից դուրս էր անգամ CHP-ի համար, որն առանձնապես արհմիութենամետ չէ: Խորհրդարանում CHP-ի պատգամավոր Ալի Օզփոլաթը խիստ վրդովվել էր. «Չի կարելի մարդկանց հետ այդպես վարվել»:

ԵՄ-ն քննադատում է ցուցարարների դեմ Թուրքիայի գործողությունները

Երեքշաբթի օրը Եվրամիությունը մեղադրել է Թուրքիայի ոստիկանությանը մայիսմեկյան երթի ժամանակ ցուցարարների դեմ չափից ավելի ուժ կիրառելու մեջ: Անկարա կատարած այցի ժամանակ Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնը ուժի կիրառումը բնութագրել է որպես «անհամաչափ» և դատապարտելի: «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք արել գործել եվրոպական օրենքի և գործելակերպի շրջանակներում և հարգել արհմիությունների իրավունքները՝ ԵՄ չափանիշներին համապատասխան»,- նշել է Ռեհնը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են պաշտոնական հետաքննություն կատարել, նաև` որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի: Իր կուսակիցների առջև ելույթի ժամանակ Էրդողանն ընդունեց, որ «սխալներ» են թույլ տրվել, բայց նաև սուր քննադատության ենթարկեց ցուցարարների շարքերում գտնվող «ծայրահեղականներին», ովքեր, նրա պնդմամբ, հարձակվել են անվտանգության ուժերի ծառայողների վրա և թշնամանք ցուցաբերել «ոստիկանների նկատմամբ»: Ներկայումս Թուրքիան ԵՄ-ի անդամ դառնալու համար բանակցային գործընթացի մեջ է:

Գերմաներենից թարգմանեց Քրիստոֆեր Սուլթանը (Christopher Sultan):

Comments Off on Քաղաքական ցնցումներ Ստամբուլում. Թուրքիայի նոր ձախերի վերելքը

Այս էջում չկա մեկնաբանություններ