May 05 2008

Հայաստանի հրեշտակները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Դը Օսթրելիան» (The Australian)
Վիգեն Բաբկենյան
25 ապրիլի, 2008 թ.

Երբ ավստրալիական զորքերը 1915թ.-ի ապրիլի 25-ին Գալիպոլի ժամանեցին, Թուրքիայում տեղի էր ունենում պատմական նշանակության մեկ այլ իրադարձություն` հայերի ցեղասպանությունը: Գալիպոլի ժամանումը տեղի ունեցավ Ստամբուլում հայ առաջնորդների զանգվածային ձերբակալություններից մի օր անց, ինչը հայտնի է որպես ցեղասպանության սկիզբ:

«Ի վերջո, ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը», Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերն են` Հոլոքոստի զազրելի ոճրագործությունը սկսելոււց առաջ:

Հայերին հիշում են մի խումբ ավստրալիացիներ, ովքեր օգնության ջանքերի առաջին շարքերում էին, սակայն նրանց պատմությունները հիմնականում թաքցվել են: Ոչ մի ավստրալիացի պատմաբան որևէ ուշադրություն չի դարձրել այս նշանավոր ավստրալիացիների վրա, ում մասին մոռացվել է` «մոռացված ցեղասպանության» հետ միասին:

Օրինակ` Էդիթ Գլանվիլը Հեյբըֆիլդից, Սիդնեյ, կորցրեց որդուն` Լեյին, առաջին գումարտակից, որը զոհվեց Գալիպոլիի մարտում: Այսպես սկսվեց նրա արտառոց ճանապարհը հայ ժողովրդի հետ:

Գլանվիլը խաղաղության տարիների առաջին կին դատավորն էր Նյու Սաութ Ուելսում (ՆՍՈւ) և Ավստրալիայում հիմնադրել է ինչպես Քվոտա, այնպես էլ Սորոպտիմիստ ակումբները: Առավել ուշագրավ է այն, որ նա 1922թ.-ից ՆՍՈւ- ի Հայ օգնության ֆոնդի պատվավոր քարտուղարն է և դարձավ մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 100.000 դոլար (այսօրվա արժեքով շուրջ 19 միլիոն դոլար) արժողությամբ պաշարների ձեռքբերման խթանող ուժը:

Օգնության ֆոնդի մյուս անդամների թվում էին Չարլզ Լոյդ Ջոնսը`ABC-ի առաջին նախագահը, Օսկար Լայնզը` ՆՍՈւ-ի բանկի գլխավոր կառավարիչը: Գլանվիլն այնքան էր մտահոգված հայերի վիճակով, որ ի վերջո մի հայ որբի որդեգրեց:

Նախկին Մենզիզ կառավարության նախարար և բրիտանական գերագույն հանձնակատար Թոմաս Ուայթը I համաշխարհային պատերազմի ժամանակ գերի էր Թուրքիայում: Որպես հայերի ցեղասպանության վկա` նա ավելի ուշ վերադառնալով հայրենիք միացավ հայերին օգնելու ջանքերին:

Մեկ ուրիշ հայտնի ավստրալիացի`Ադելեիդի միաբանության եկեղեցու (այժմ` միավորող եկեղեցի) պատվելի Ջ. Ե. Քրեսուելը, 1920թ.-ին Օվկիանիայի հայ օգնության ֆոնդի ազգային քարտուղարն էր:

1923թ.-ին ականտես լինելով Սիրիայում հայ գաղթականների վիճակին` Քրեսուելն ասել է. «Այստեղ 6000-ից ավելի մարդ կա: Այս քարանձավների ներսում տեսարանները բառերով նկարագրել հնարավոր չէ: Չկան համարժեք բառեր նկարագրելու այն տառապանքը, որ բաժին է ընկել այս խեղճ մարդկանց»:

Նա վերահսկում էր նավահանգստից նպատակատեղ օգնության ծրագրերի իրականացումը, այդ թվում` Անթիլիասում, Լիբանան, Ավստրալիայի կողմից ֆինանսավորվող մանկատան հիմնումը ցեղասպանությունից փրկված 1700 երեխաների համար:

Այդ վայրը հայերի համար այժմ սրբագույն վայրերից մեկն է` Կիլիկիայի կաթողիկոսությունը:

1918թ.-ին Սիդնեյի քաղաքապետ Ջեյմս Սմիթը հիմնադրեց Հայ օգնության ֆոնդը, որում ընդգրկված էին հանրահայտ բարեգործներ և գործարարներ, ինչպես օրինակ` Գրիֆիթ եղբայրները` Ավստրալիայում թեյի և սուրճի խոշորագույն մատակարարողներից մեկը, և Էլիոթ եղբայրները` պետության ամենախոշոր դեղագործական խմբերը:

Հիմնադրամը, շատ սիդնեյցիների օգնությամբ, հարյուր հազարավոր դոլարներ հավաքեց հայերին օգնելու համար, այդ ամենն այն ժամանակ, երբ ավստրալիացիներն այդքան շատ բան էին զոհաբերում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Անգամ վարչապետ Բիլի Հյուզը խոստացավ, որ անվճար բեռներ կտրամադրվեն միության շոգենավերի կողմից` հիմնադրամին նվիրաբերելու համար:

Սրանք ավստրալիական առատաձեռնության, հույսի և բարոյական պարկեշտության հարյուրավոր պատմություններից սոսկ մի քանի հայտնի դարձածներն են: Ռոբերտ Մանի խոսքերով` «Համաշխարհային պատմության մեջ Դարդանելի արշավի և հայերի ցեղասպանության միջև սերտ կապ կա»:

Ուստի, երբ խորհում ենք այն խիզախ ավստրալիացիների մասին, ովքեր այդ հեռավոր ափերում ցամաք դուրս եկան, եկեք հիշենք նաև այն ավստրալիացիներին, ովքեր կորցրեցին իրենց սիրելիներին և իրենց սրտերի բարության շնորհիվ կարողացան փրկել ուրիշների:

Վիգեն Բաբկենյանը Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ավստրալիական ինստիտուտի տնօրենն է:

Comments Off on Հայաստանի հրեշտակները

Այս էջում չկա մեկնաբանություններ