Jun 25 2008

Ադրբեջանի ավարները խնդրում են Դաղստանի նախագահին պաշտպանել իրենց ադրբեջանացումից

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Կավկազսկի ուզել», 18 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Кавказский узел)
Ահմեդ Մահոմեդով (Ахмед Магомедов)

Այսօր ավարների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն բաց նամակով դիմել է Դաղստանի նախագահ Մուխու Ալիևին: Մուհամեդ Հուսեյնովը` կոմիտեի ակտիվիստներից մեկը, նշել է, որ նամակում շեշտը դրվում է Ադրբեջանում ապրող ավարների կացության վրա: Հուսեյնովի կարծիքով, այսօր խոսք կարող է լինել ավարների բարոյական և ֆիզիկական բնաջնջման մասին:

«Կավկազսկի ուզել»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հուսեյնովը նշել է, որ ավարներն Ադրբեջանում (ընդհանուր թիվը՝ երկու հարյուր հազար մարդ) խիտ բնակվում են իրենց պատմական հայրենիքում` Ադրբեջանի Զաքաթալայի, Բելոկանի և Կախիի շրջաններում:

ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ այդ տարածքները հանձնվել են Ադրբեջանին: Այնուհետև սկսվել է «ավարների բռնի ադրբեջանացման» գործընթացը. Խորհրդային Ադրբեջանում ավարերենի դասավանդումը հանրակրթական հաստատություններում արգելված էր, հեռուստա և ռադիոհաղորդումները բացառապես ադրբեջաներեն էին հեռարձակվում, տարածքն ակտիվորեն բնակեցնում էին ադրբեջանցիներով, և մարդահամարի ու փաստաթղթերի հանձնման ժամանակ ավարներին պարտադրում էին գրանցվել որպես ադրբեջանցի:

Վերակառուցումն («պերեստրոյկա») ու ղարաբաղյան պատերազմը տարածաշրջանի ավարաթափման գործոններ դարձան, երբ Լեռնային Ղարաբաղից այստեղ ներթափանցեց բազմահազար փախստականների բազմությունը, իսկ ղարաբաղյան ճակատ հիմնականում ուղարկում էին զինվորական զինծառայությանն անպատրաստ ավար նորակոչիկներին:

Հուսեյնովը հավաստում է, որ այսօր Զաքաթալայի, Բելոկանի և Կախիի շրջաններում քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներում իշխում են ադրբեջանցիները, և առաջին հերթին՝ Նախիջևանից ներգաղթածները: Մասնավորապես, Զաքաթալայի շրջանի պետական պաշտոնյաների 95%-ից ավելին ադրբեջանցիներ են, մինչդեռ նրանք կազմում են բնակչության ընդամենը 27%-ը:

«Ցանկացած մարդ, ով քննադատել կամ քննադատում է ստեղծված իրավիճակը, վտանգում է սեփական կյանքը»,- նշում է «Կավկազսկի ուզել»-ի զրուցակիցը:

Այսպես, 1996թ.-ին Բաքվի կենտրոնում սպանվել է հաջողակ գործարար, Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) պատգամավոր, ծագումով Զաքաթալայի շրջանից Ալի Անցուխսկին, որը հավակնում էր դառնալ ավար ժողովրդի առաջնորդը: Ավարների ազգային շարժման փոխնախագահի հաղորդմամբ` միայն 1991-1996թթ. սպանվել է մոտ 190 ավար:

Մեծ թվով ավարներ են հայտնվել բանտի ճաղերի հետևում: Ըստ տարբեր միջազգային հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների` նրանց ընդհանուր թիվն այսօր հասնում է 300-ի:

Դաղստանի նախագահին ուղղված նամակում Հուսեյնովը բերում է տարածաշրջանի ադրբեջանացման և ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրականության այլ օրինակներ: Նա պնդում է, որ պատմությունը կեղծվում է. դասագրքերում գրում են, թե Զաքաթալայի, Բելոկանի և Կախիի շրջանները միշտ պատկանել են ադրբեջանցիներին:

Բացի այդ, ըստ Հուսեյնովի` բնակավայրերի և տեղանքների ավարական անունները փոխարինվում են ադրբեջանական տեղանուններով: Մասնավորապես, ավար Խեթավի անունը կրող Խեթավ-ռոսու գյուղը 2008թ.-ին վերանվանվել է Գաթովլար:

Բելոկան քաղաքում պայթեցվել է լեռնցիների նշանավոր առաջնորդ Ումախան Ավարցու հիշատակին կանգնեցվելիք արձանի պատվանդանը: Դրա փոխարեն կանգնեցվել է ադրբեջանցի Նարիման Նարիմանովի արձանը, որը ժամանակին ավարների դեմ իրականացվող բռնաճնշումների նախաձեռնողն էր:

2000թ.-ին Զաքաթալայի շրջանի ղեկավար ադրբեջանցի Ռաֆաիլ Մեջիդովը հրամայեց քանդել Չեչնիայի և Դաղստանի երրորդ իմամ Շամիլի արձանը: Ավարների ակտիվ հակազդեցության շնորհիվ որոշումը չկատարվեց, սակայն 2001թ.-ին արձանը պայթեցրեցին:

2007թ.-ին շրջանի ղեկավարությունը երեք անգամ հանել է ավարական Թանգուտ գյուղի մոտ տեղադրված հետևյալ գրությամբ ցուցանակը. «Այստեղ հանգչում է Լև Տոլստոյի համանուն վիպակի հերոս Հաջի Մուրադը»: Պղծվել է նաև այդ հանրահայտ նաիբ-ավարի գերեզմանը. գերեզմանաքարի վրայից հանվել է Հաջիմուրադի օվալաձև լուսանկարը: Այժմ գերեզմանաքարի վրա երևում են մետաղական գործիքի բազմաթիվ հետքեր:

Ավարների ազգային շարժման նախագահը նշում է նաև, որ ավարները չեն կարողանում գործուն աջակցություն ստանալ ո՛չ Դաղստանից, ո՛չ Ադրբեջանից: 2007թ.-ի գարնանն Ադրբեջանում հյուրընկալվեց Դաղստանից ժամանած պատկառելի մի պատվիրակություն, որն Ադրբեջանի և Զաքաթալայի շրջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ազգամիջյան հարաբերություններում ոչ մի խնդիր չկա:

Բաքվում գործում է Ադրբեջանում Դաղստանի մշտական ներկայացուցչություն, սակայն դրա ղեկավարին` ծագումով ադրբեջանցի Մուհամեդ Կուրբանովին, նույն գերատեսչության աշխատակիցները դաղստանյան ԶԼՄ-ներով բազմիցս մեղադրել են բյուջեի գումարների հափշտակման, պաշտոնական դիրքի չարաշահման, աշխատանքային պարտականությունները չկատարելու, դաղստանատյացության և ադրբեջանապաշտության մեջ:

Իր նամակի վերջում Հուսեյնովը խնդրում է Դաղստանի նախագահին «հնարավորինս ներգործել և ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության ու Բելոկանի, Զաքաթալայի և Կախիի շրջաններում նրա ղեկավար ներկայացուցիչների վրա, որոնք կազմակերպում են ոչ ադրբեջանական նյութական ժառանգության ոչնչացումն ու աշխարհի երեսից ջնջում այն ամենն, ինչը կարող է հիշեցնել այստեղ այլ էթնիկ խմբերի և առաջին հերթին ավարների` այս երեք շրջանների բնիկների, գոյության մասին»:

Ավարների ազգային շարժման ղեկավարը նշում է, որ Ադրբեջանում ապրող ավարները նույնպես նախկինում բազմիցս նույնաբովանդակ նամակներ են ուղարկել հանրապետության ղեկավարությանը, սակայն իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել, թեև վերջիններս, Հուսեյնովի կարծիքով, Բաքվի վրա ազդելու իրական լծակներ ունեն:

Հուսեյնովն այդ լծակներից մեկը համարում է Դաղստանում առկա բազմահազարանոց ադրբեջանական համայնքը, որը պետական մակարդակով պաշտպանված է, քանի որ ունի ադրբեջաներեն լրատվամիջոցներ, մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն և այլն: Բացի այդ, Սամուր գետը, որի ջրհոսքի 96%-ը ձևավորվում է Դաղստանում, և որը, մասնավորաբար, խմելու ջուր է մատակարարում Ադրբեջանի մայրաքաղաքի ամբողջ բնակչությանը, ըստ Հուսեյնովի, նույնպես կարող է Ադրբեջանի իշխանությունների վրա ներգործելու լծակ լինել:

Դաղստանի համապատասխան նախարարությունների պաշտոնյաները «Կավկազսկի ուզել»-ի թղթակցի` Հուսեյնովի նամակը մեկնաբանելու խնդրանքին պատասխանել են, որ դա կանեն մի քանի շաբաթ հետո, երբ անձամբ ծանոթանան Դազստանի նախագահին ուղղված նամակի բովանդկությանը:

Ավելի վաղ «Կավկազսկի ուզել»-ը հաղորդել է, որ Դաղստանի ազգային քաղաքականության, տեղեկատվության և արտաքին կապերի նախարար Էդուարդ Ուրազաևի խոսքով` Ադրբեջանում դաղստանցիների վիճակը քննարկվել է 2007թ.-ին Մուխու Ալիևի` Ադրբեջան կատարած այցի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում:

«Իլհամ Ալիևն այդ ժամանակ հայտարարել է, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը ժամանակ առ ժամանակ փորձում են շահարկել ազգային փոքրամասնությունների թեման: Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ դաղստանցիների բնակավայրերին մեծ ուշադրություն է դարձվում»,- հիշում է Ուրազաևը:

Դաղստանցի նախարարի խոսքով` էթնիկ դաղստանցիների էթնո-մշակութային զարգացման որոշ խնդիրներ, իրոք, կան, սակայն հանրապետության իշխանությունների ունեցած տեղեկատվությունը Դաղստանի պետական մարմինների կողմից կտրուկ միջոցներ ձեռնարկելու հիմքեր չի տալիս:

Comments Off on Ադրբեջանի ավարները խնդրում են Դաղստանի նախագահին պաշտպանել իրենց ադրբեջանացումից

Այս էջում չկա մեկնաբանություններ