Jul 07 2008

Ռուս-ադրբեջանական հարաբերություններ. զարգացման նոր փուլ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեժիան հոմ» վերլուծական-տեղեկատվական ռեսուրս կենտրոն, 19 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Eurasian Home analytical and information resource)
Ալեքսեյ Մալաշենկո, Ալեքսեյ Վլասով, Ռասիմ Մուսաբեկով, Ռաշադ Ռզակուլիև
(Alexey Malashenko, Alexey Vlasov, Rasim Musabekov, Rashid Rzaquliyev)
Մոսկվա-Բաքու (Moscow-Baku)

Ալեքսեյ Մալաշենկո, Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի գիտաշխատող, ծրագրի համանախագահ

2008 թվականը շատ կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ այս տարի այնտեղ նախագահի ընտրություն է անցկացվելու: 2008 թվականը առանցքային տարի է ողջ Հարավային Կովկասի համար: Ռուս-կովկասյան հարաբերություններում կարող են նոր հորիզոններ բացվել, և սա վերաբերում է Վրաստանին, Ադրբեջանին և նույնիսկ Հայաստանին: Կարծում եմ, որ Ռուսաստանն ու կովկասյան պետությունները ավելի լավ կհասկանան իրար` չնայած Մոսկվայի և Թբիլիսիի միջև ներկայիս լարված հարաբերություններին:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա, կարծում եմ, դրանք կզարգանան Ադրբեջանի արտաքին քաղաքականության և տնտեսական հարաբերությունների զանազանակերպման (դիվերսիֆիկացիա) շրջանակներում: Ռուսաստանում դրան աստիճանաբար վարժվում են, հասկանում են, որ այս նորանկախ պետությունները ղեկավարվում են իրենց ազգային շահերով, այլ ոչ թե կարոտաբաղձության զգացումով:

Մոսկվան և Բաքուն կշարունակեն վարժվել միմյանց: Որոշ հարցեր հիվանդագին կընդունվեն: Օրինակ, Մոսկվան չի ընդունի, որ նոր նավթամուղներն ու գազամուղները Ադրբեջանով անցնեն:

Կողմերը մեծ հույսեր են կապում Ռուսաստանի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Համենայն դեպս, նրա խոսքին հատուկ չեն խիստ հայտարարությունները, որոնք լսում էինք նախկինում: Սա, անկասկած, դրական երևույթ է:

Կարևորն այն է, թե ինչպես կլուծվեն տարածքային հակամարտությունները: Այս տարի արմատական որոշումներ չեն կայացվի: Չգիտեմ, թե դրանք երբ կկայացվեն: Սակայն ես զգում եմ, որ պրագմատիզմն աստիճանաբար իրենն անում է:

Կարելի է ասել, որ նախկինում Ռուսաստանը կարող էր օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը` կողմերի վրա ներգործելու համար: Սակայն կարծում եմ` այժմ հավանական է, որ այդ երկրներն օգտագործեն հակամարտությունը Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու համար. օրինակ, երբ ասում են, որ եթե Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ, ապա Ադրբեջանը կմերձենա Արևմուտքի հետ:

Ալեքսեյ Վլասով, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մոսկվա

Դժվար թե արդարանան այն փորձագետների հույսերը կամ մտավախությունը, թե Ռուսաստանում իշխանափոխությունից հետո Կրեմլի արտաքին քաղաքականությունը արմատապես կփոխվի: Նախագահության երկրորդ ժամկետում Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը մոտ ապագայում կշարունակվի:

Որքանո±վ է դա առնչվում Հարավային Կովկասին: Իմ կարծիքով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն սահմանել խաղի նոր կանոնները, որոնք պետք է հստակ ձևակերպված լինեն` կապված ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում իրավիճակի դինամիկ փոփոխման հետ:

Քաոսային գործընթացները, որոնք Կոսովոյի նախադեպից հետո առավել կակտիվանան, Ռուսաստանի Դաշնության չհավասարակշռված ռազմավարության արդյունք են: Պարզ չէ` արդյո՞ք պետք է առաջնորդվենք «փակ հայեցակարգով», այն է` Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում, որտեղ Ռուսաստանը հանդես կգա որպես միջնորդ, թե± պետք է որդեգրենք «բաց ռազմավարություն» և հայտարարենք, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն որոշակի շահեր ունեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Այս դեպքում, խաղի կանոնները պետք է մշակենք Արևմուտքի քաղաքական գործիչների հետ բանակցությունների ընդհանուր սեղանի շուրջ:

Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մեջ դիտվում են ոչ հետևողական գործողություններ. այդ պատճառով էլ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը տարբերվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ քաղաքականությունից:

Ռասիմ Մուսաբեկով, քաղաքագետ, Բաքու

Կովկասում հակամարտությունների չկարգավորման դեպքում, հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև և Ռուսաստանի հետ դժվար թե կայունանան: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի հետևանքների վերացումը: Այդ ագրեսիան հանգեցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև այն տարածքի զավթմանը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հայերից վեց անգամ ավելի բնակչություն էր ապրում:

Կարծում եմ, որ սա ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտն է: Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք այդ հարաբերություններն էապես բարելավվել և առավել պրագմատիկ են դարձել: Տնտեսական հարաբերությունների ներուժը չի սպառվել: Ադրբեջանը Հարավային Կովկասում ամենախոշոր շուկան է: Շատ ադրբեջանցիներ են խոսում ռուսերեն:

Անդրադառնալով անվտանգության հարցերին` նշենք, որ Ադրբեջանը չի փորձում խնդիրը հասցնել լրատվամիջոցների գզվռտոցի մակարդակի: Կարծում եմ, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքուն չարձանագրի Մոսկվայի վերաբերմունքի փոփոխություն` դեպի Արևմուտք և ՆԱՏՕ Ադրբեջանի ընթացքը կասեցնելը չափազանց դժվար կլինի:

Անցյալում է մնացել այն փուլը, երբ Ռուսաստանը փորձում էր կանխել Ադրբեջանի կողմից Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների շահագործումը: Շրջանցելով Ռուսաստանը` Ադրբեջանն իրականացրել է նավթի և գազի շահագործման և դեպի համաշխարհային շուկաներ դրանց արտահանման մի շարք լայնամասշտաբ ծրագրեր: Այսօր նավթի և գազի արտահանման միջազգային շուկայում Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի մրցակիցը, թեև ոչ այնքան լուրջ մրցակից:

Ներկայումս Բաքվի հետ հարաբերությունների բարելավման այլ հեռանկարներ կան: «Գազպրոմ»-ը հետաքրքրված է ադրբեջանական գազի ձեռքբերումով: Դա տրամաբանական է, և հնարավոր է այս հարցի շուրջ գործնական բանակցություններ վարել:

Այսօր էներգակիրների մատակարարման տրանսկասպիան նախագծերի հարցում դիրքորոշումների բախում է նկատվում: Եթե Ադրբեջանը համաձայնության գա Ղազախստանի և Թուրքմենստանի հետ` դժվար կլինի կանխել հետագա զարգացումները: Եթե կան նշված էներգետիկ ռեսուրսների սպառողներ և մատակարարներ, այս նախագծերի իրականացումը գրեթե անհնար կլինի կանխել:

Ռաշադ Ռզակուլիև, Սոցիալական զարգացման հիմնադրամի ղեկավար, Բաքու

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկենք եվրասիական քաղաքականության ձևավորման համատեքստում: Հենց Ռուսաստանն է կատարում եվրասիական տարածքում նոր, արդարացի կարգ ձևավորողի դերը: Այս առումով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կարևոր և լուրջ նշանակություն կունենա աշխարհաքաղաքական մեծ խաղում:

Եթե Ռուսաստանը չկարողանա կասեցնել արտաքին ուժերի կողմից եվրասիական տարածքի մասնատումը, ապա առնվազն Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում:

Անցյալի փորձը թույլ չի տալիս հուսալ, թե Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի նկատմամբ: Կարծում եմ` Ադրբեջանն ինքը պետք է մտահոգված լինի իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ: Համոզված եմ, որ Ադրբեջանն ի վիճակի է լուծել այս խնդիրները, կամ ի վիճակի կլինի լուծել դրանք մոտ ապագայում:

Խնդիրն այլ է. համաշխարհային քաղաքականությունը ձևավորում են մի խումբ պետություններ: Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է շարունակի գիտակցել, որ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր երկրի, այլ նաև այն հսկայական տարածքի համար, որը մշակութային կապերով և պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ: Հարավային Կովկասում կարգուկանոնի պահպանումը պետք է բխի Ռուսաստանի ազգային շահերից:

Նյութը պատրաստվել է «Ռուս-ադրբեջանական հարաբերություններ. զարգացման նոր փուլ» Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ փորձագետների արտահայտած կարծիքների հիման վրա: Հեռուստակամուրջը կազմակերպել էր «ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը 2008թ. մայիսի 13-ին:

Comments Off on Ռուս-ադրբեջանական հարաբերություններ. զարգացման նոր փուլ

Այս էջում չկա մեկնաբանություններ