Jul 08 2008

Հրամանատարները համապատասխանեցնում են ժամացույցները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Դիֆենս ընդ սիքյուրիթի» (Ռուսաստան), 23 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Defense and Security, Russia)
(Թարգմանված է անգլերեն համառոտումից: Բնագիրը տե’ս «Ռոսիյսկիե վեստի»-ի կայքէջում, 19 հունիսի 2008թ.):
Դմիտրի Յերմոլաև (Dmitry Yermolaev)

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկեցին երկու երկրների զինված ուժերի բարեփոխումների համաժամանակեցման (սինխրոնիզացիա) խնդիրները: Առաջին աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանել է Մոսկվա: Նա բանակցություններ է վարել իր պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ: Նախարարները քննարկել են ռազմական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում սպասվող բարեփոխումների խնդիրները:

Հայաստանը շարունակում է ապրել ծայրահեղ պայմաններում, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությամբ և այն ծանր աշխարհաքաղաքական իրավիճակով, որում երկիրը հայտնվել է Խորհդային Միության փլուզումից հետո: Իրավիճակը վատթարանում է հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բազմաթիվ տարիների քաղաքական և դիվանագիտական ջանքերի ձախողման պատճառով: Ուստի բնական է, որ Հայաստանն ապավինում է Ռուսաստանին և այն երկրներին, որոնց հետ տարածաշրջանային շահերի առումով չունի խնդիրներ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan – IPAP) շրջանակներում նույնպես բնական է: Այն կարելի է դիտել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելիչ գործոն: Գրեթե բոլոր հայ վերլուծաբանները համաձայն են, որ նման ռազմական գործողություններ միանգամայն հնարավոր են որոշակի հանգամանքներում: Այդ պատճառով բանակի ռազմական պատրաստվածության պահպանումը առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար:

Մոսկվայում Օհանյանն իր պաշտոնակցի հետ քննարկեց հայկական բանակում և Ռուսաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների համաժամանակեցման խնդիրները: Այդ բարեփոխումներն անհրաժեշտ են երկու երկրների զինված ուժերի ռազմավարական համատեղելիությունն ապահովելու համար:

Հայաստանի տարածքում կա ռուսական ռազմական բազա: Այն համալրված է ռուսական սպառազինության նոր տեսակներով, և այդ բազայում զորավարժություններ են անցկացվում հայկական բանակի հետ համատեղ: Բաքուն հավանություն չի տալիս սրան և կասկածում է, որ Մոսկվան «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարում: Ամեն դեպքում, Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի (Conventional Forces in Europe Treaty – CFE) անդամ միակ երկիրն է, որն սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ երկրի: Նրանց համատեղ գործողությունների նպատակահարմարությունը պայմանավորված է ընդհանուր աշխարհառազմավարական տարածության և երկու երկրների պետական շահերի դեմ ընդհանուր վտանգի գործոնների առկայությամբ: Այդ պատճառով Հայաստանը հատուկ ռազմավարական կարևորություն ունի Կովկասում Ռուսաստանի ռազմա-քաղաքական շահերի համար: Եվ Ռուսաստանն էլ ազգային շահերի առումով կարևորագույն երկիր է Հայաստանի համար:

Comments Off on Հրամանատարները համապատասխանեցնում են ժամացույցները

Այս էջում չկա մեկնաբանություններ