Jul 10 2008

Թուրք-հայկական հարաբերություններ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ», 5 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)

Նորման Սթոունի նամակը «Էկոնոմիստ»-ի խմբագրին «Կովկասյան պանրի շրջան» հրապարակման առնչությամբ

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի պատասխան նամակը

Պարոն, հաճելի է կարդալ («Կովկասյան պանրի շրջան», մայիս 24), որ թուրք և հայ գործարարները, փակ սահմանի պայմաններում էլ փորձում են ինչ-որ բան նախաձեռնել, թեկուզ խորհրդանշական` պանրի համատեղ արտադրության ծրագրի տեսքով: (Դա «Գրույեր» տեսակի պանիր է, որը հավանաբար հայտնի է ցարական Ռուսաստանի ժամանակներից և վատը չէ):

Այս երկու երկրները միմյանց կարիքն ունեն: Հյուսիսարևելյան Թուրքիայում վերջին տարիներին վիճակը բարելավվում է` Բաքվի նավթամուղի և նախատեսվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շնորհիվ, սակայն ավելի կբարելավվի, եթե բնականոն առևտրական հարաբերություններ հաստատվեն: Մյուս կողմից, Հայաստանը միայն ցամաքային սահմաններով փոքր երկիր է, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Էստոնիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեկ քառորդն է, և որտեղ անկախությունից ի վեր բնակչության սրընթաց նվազում է արձանագրվել (նրանց մի մասը գաղթել է Ստամբուլ): Ակներև է, որ համագործակցությունն անհրաժեշտ է:

Սակայն հայկական սփյուռքը թունավորում է այդ հարաբերությունները` համառորեն ստիպելով այս կամ այն երկրի օրենսդիր մարմնին, Կոնգրեսից մինչև Քարդիֆի քաղաքային խորհուրդ, 1915 թվականի ողբերգական իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն: Այնինչ, այդ ժամանակաշրջանի և տարածաշրջանի հարցերով բազմաթիվ մասնագետներ, սկսած Բեռնարդ Լյուիսից (Փրինսթոնի համալսարան), վերապահումով են մոտենում հարցին` արդյո՞ք «ցեղասպանությունը» ճիշտ որակումն է այն ողբերգության, որն ինչ-որ չափով սադրել են ժամանակի հայ ազգայնականները: Խնդրի ամենահակիրճ սահմանումը «The Chatham House Version»-ում տվել է հանգուցյալ Էլի Կեդուրին` Լոնդոնի տնտեսագիտության համալսարանից: Սա, ինչպես թուրքական կառավարությունն է պնդում, պատմական հարց է, որը պետք է թողնել պատմաբաններին: Համոզված եմ, որ հայ գործարարները, որոնք փափագում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, լիովին կհամաձայնեն ինձ հետ:

Նորման Սթոուն

Օքսֆորդ


Թուրք-հայկական հարաբերություններ, հունիս 14
«Էքոնոմիստ», 14 հունիսի 2008թ.

Աղբյուրը` (The Economist)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի պատասխան նամակը

Պարոն, Նորման Սթոունի նամակում բազմաթիվ անճշտություններ կան: «Այդ ժամանակաշրջանի և տարածաշրջանի հարցերով բազմաթիվ մասնագետները», որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որի կիզակետը 1915 թվականն էր, իրականում սակավաթիվ են, և նրանց գրեթե բոլորի անունները Ն. Սթոունը թվարկել է: Մինչդեռ իրերն իրենց անուններով կոչողների թվում են հեղինակավոր` Ցեղասպանությունների հարցերով զբաղվող գիտնականների միջազգային ընկերակցությունը (1997թ. և 2005թ.), Հոլոքոստն ուսումնասիրող 126 գիտնականներ (2001 թ.), Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելը և շատ ուրիշներ:

Սխալ է կարծել, թե ուղղակիորեն ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքի հայերն են միայն հետամուտ ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հայաստանի Հանրապետության նպատակն է հասնել ճանաչմանը և առաջին հերթին` Թուրքիայի կողմից: Դա ոչ միայն մեր բարոյական պարտավորությունն է, այլև անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման և անվտանգության ապահովման համար: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը չի պահանջում, որ ցեղասպանության ճանաչումը սահմանների բացման և հարաբերությունների հաստատման նախապայման դառնա:

Իրոք, բազմաթիվ հայեր հեռացել են երկրից, մասամբ` Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ցամաքային ուղիների շրջափակման պատճառով: Սակայն «բնակչության թվի կտրուկ նվազում» ասվածը ճշգրիտ պատկերի արտացոլումը չէ. ներկայումս հայրենիք վերադարձող հայերն ավելի շատ են, քան հայրենիքից հեռացողները: Իսկ ՀՆԱ-ի մասին` վերջին 6 տարիների ընթացքում կայուն, երկնիշ աճ է արձանագրվել, առանց նավթի ու գազի պաշարների:

Ճիշտ է նաև, որ հայ գործարարները կշահեն բաց սահմաններից և համագործակցությունից, այնպես, ինչպես իրենց թուրք գործընկերները: Սակայն նրանց համար դժվար կլինի դա անել պատմության հաշվին. գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի ազգականներ սպանվել են Արևմտյան Հայաստանում կամ վտարվել այնտեղից: Ուստի, մենք կարծում ենք, որ սահմանը պետք է բացվի, և առևտուրը պետք է սկսվի, իսկ խնդիրները կարող են լուծվել դրանից հետո` միջկառավարական և հասարակական բանավեճի շրջանակներում:

Ձեր ընթերցողները թերևս քաջատեղյակ են, որ այսօր շատ երկրներում 1915 թվականի Ցեղասպանության շուրջ ընթացող բանավեճը ոչ թե Ցեղասպանության եղելության շուրջ է (դրա համար բավարար ապացույցներ կան), այլ` թե որքանով ճանաչումը կազդի Թուրքիայի` տարբեր դեմ կամ կողմ գործողություններում, ժամանակի և տարածության մեջ, Արևմուտքի դաշնակցի հետ իրենց հարաբերությունների վրա:
Վահե Գաբրիելյան
Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան

One response so far

1 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 10 Հուլիս 2008թ.-ին, ժամը 14:40

    Ինչքան մտածում եմ հայ-թուրքական հարաբերությունների մասին գալիս եմ այն եզրակացության որ իրավիճակը տեղից շարժելու համար մենք հայերս պետք է սկսենք թուրքերին ուղղված թուրքալեզու քարոզչություն առ այն.
    1. Որ Ցեղասպանության ճանաչմանը այլընտրանք չկա: Վաղ թե ուշ Թուրքիան պետք է ընդունի այդ փաստը որպեսզի առաջ շարժվի:
    2. Ցեղասպանության ճանաչումը բխում է Անատոլիայի բնակչության շահերից, որոնք այսօր էլ գտնվում են ճնշված վիճակում իշխող վարչախմբի կողմից:
    3. Ցեղասպանության չճանաչումը ձեռնտու է միմիայն այսօրվա իշխող քեմալական վերնախավին որը թաքցնելով անատոլիական ժողովրդներից իր անցյալը կերտել է կեղծ լեգենդ փրկիչ Աթաթուրքի մասին որը իբր փրկեց թուրքերին, բայց որը իրականում դարձրեց Անատոլիայի ժողովուրդներին ուղղակի Արևմտյան տնտեսական համակարգի պարզունակ կցորդ: Եվ չնայած այն բանի որ Թուրքիան արդեն 80 տարի է չի տեսել պատերազմներ, միևնույն է իր տնտեսական զարգացումով չի դարձել տարածաշրջանային տնտեսական հեգեմոն, այլ ուղղակի մնացել է տրանսպորտա-հումքային կցորդ:
    4. Թուրքիան ինչքան էլ ռազմական հզորություններ կուտակի միևնուն է կմնա Գաղափարախոսական առումով շատ խոցելի պետություն: Քանի դեռ առկախ է Ցեղասպանության հարցը ցանկացած պետություն կարող է ազդեցություն ձեռք բերել Թուրքիայի վրա շահարկելով Ցեղասպանության հարցը: Իսկ Գաղափական խոցելիությունը նշանակում է նաև տնտեսա-ռազմական խոցելիություն: Այսպիսով Թուրքիան այլևս երբեք չի կարողանա դառնալ հզոր երկիր քանի դեռ չի ընդունել Ցեղասպանությունը: