Jul 18 2008

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Վաշինգթոն փոստ», 10 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (Washington Post)
Էլեն Նիքմեյր (Ellen Knickmeyer)

Մինչև ոչնչացվելը, հրազենավորները մուտքի առաջ սպանել են երեք ոստիկանի

Թուրքիան երկրով մեկ ուժեղացրել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը օդամուղ (պոմպային) հրացաններով ու ատրճանակներով զինված մի խումբ անձինք Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության դիմաց կրակ են բացել` սպանելով երեք թուրք ոստիկանի, տեղեկացրել են պաշտոնական աղբյուրները:

Թուրք ոստիկանները հինգ րոպե տևած կրակահերթով սպանել են երեք հրազենավորի: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեսիր Աթալայը հայտնել է, որ իշխանությունները փնտրում են չորրորդ անձին, ով հանցավոր խմբի երեք անդամներին մեքենայով բերել է հյուպատոսության մոտ և հավանաբար դեպքի վայրից հեռանալիս վիրավորվել է:

Հարձակումն «ակնհայտ ահաբեկչական գործողություն էր»,- Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հայտարարել է ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը:

Հարձակման թիրախ են դարձել հյուպատոսության մուտքի մոտ գտնվող հսկիչ անցակետի ոստիկանները: Հյուպատոսության շենքը բարձր սպիտակ պատերի հետևում է, զառիթափ բլրի վրա` որտեղից հեռվում երևում է Բոսֆորը: Չորս հանցագործները, զենքերը թաքցրած, ավտոմեքենայով մոտեցել են Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր ստանալու համար հերթի կանգնածներին և մոտակա սրճարանների հաճախորդներին, հայտնել են վկաները:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ տեսախցիկը տեսագրել է հանցագործներից մեկին` թե ինչպես է նա իջնում մեքենայից և դեսպանատան հսկիչ անցակետից 50 մղոն հեռավորությունից կրակում ավտոտեսուչի վրա: «Հարձակվողը թաքցրել էր հրազենը մինչև ավտոտեսուչի գլխին կրակելու պահը»,- «ՍԻ ԷՆ ԷՆ-Թուրք» հեռուստաընկերությանը հաղորդել է իրադարձություններին ականատես Երկութ Յուկզելը:

Հրազենավորները այնուհետև վազել են դեպի հսկիչ անցակետը` կրակահերթ բացելով անվտանգության թուրք ծառայողի և մեկ այլ ավտոտեսուչի վրա:

Անվտանգության երկու թուրք աշխատակիցներ պատասխան կրակ են բացել` սպանելով բոլոր զինյալներին:

Վկաները պատմել են լրատվական գործակալություններին և հեռուստատեսություններին, որ միջադեպին ներկաները նետվում էին մեքենաների տակ կամ մարմնով ծածկում իրենց երեխաներին: Մի մարդ նույնիսկ մտել էր սրճարանի սառնարանի մեջ:

Հարձակումից հետո ոստիկանության ծառայողների մարմիններն ընկած էին հյուպատոսության դիմացի մայթին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Խորապես վշտացած եմ ահաբեկիչների հարձակման հետևանքով նահատակված մեր ոստիկանների համար»:

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը շնորհակալություն է հայտնել Թուրքիային` իրենց «հյուպատոսության դիմաց անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարության արագ ու համարժեք արձագանքի համար»:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Աթալայը հայտնել է, որ մինչև չորեքշաբթի ուշ երեկոյան ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, և որ բոլոր ահաբեկիչները ազգությամբ թուրքեր էին:

Սա առաջին հարձակումն էր Ստամբուլում դիվանագիտական կառույցի վրա 2003թ.-ից ի վեր, երբ «Ալ Քաիդան» ռումբեր պայթեցրեց Մեծ Բրիտանիայի հյուպատոսության և բրիտանական Էյչ Էս Բի Սի բանկի մոտ, երկու սինագոգի մոտ իրականացրած պայթյուններից հինգ օր հետո: Այդ հարձակումների հետևանքով ավելի քան 60 մարդ էր զոհվել:

Թուրքերի անհանգստությունները սկսվել են վերջերս 21 մարդու` ներառյալ երկու նախկին գեներալների ձերբակալումից հետո, որոնք մեղադրվում են երկրի իսլամական ուղղվածությամբ կառավարության դեմ հեղաշրջում ծրագրելու մեջ: Իշխանությունները քիչ մանրամասներ են հրապարակել ենթադրվող հեղաշրջման մասին, սակայն կառավարությանը մոտ լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ ծրագիրը նպատակ ուներ իրականացնել արյունալի հարձակումներ, որոնք պետք է ռազմական հեղաշրջման դրդապատճառ դառնային:

Իր հերթին, արևելյան Թուրքիայում մի նահանգապետ չորեքշաբթի օրը հայտնել է, որ քուրդ անջատողական ապստամբներն առևանգել են երեք գերմանացի լեռնագնացների: Քրդական բանվորական կուսակցության համար, որը 1980-ականներից պայքարում է թուրքական ուժերի դեմ, այս առևանգումը ոչ սովորական մարտավարություն է:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 18 Հուլիս 2008թ.-ին, ժամը 13:14

    Ինձ թվում է այսպես կոչված «ալ-քաիդա»-ի ակտիվացումը հենց այս պահին, ձեռնտու չէ իսլամիստ Էրդողանին և ձեռնտու կարող է լինել քեմալականներին:
    Ըստ երևույթին քեմալականները զգալով որ կորցնում են հենարանը երկրի ներսում ու նաև կանխազգում են որ շուտով կսկսեն կորցնել նաև վերահսկողությունը պետական համակարգում, դիմում են ծայրահեղ քայլերի որպեսզի ԱՄՆ-ին ներքաշեն այս գործընթացների մեջ որպես իրենց աջակից: