Jul 22 2008

Թուրքիան և հեղաշրջման արվեստը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քուվեյթ Թայմզ», 10 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (Kuwait Times)
Ռալֆ Բոուլթն (Ralph Boulton)

Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հեղաշրջման արվեստը մանրակրկիտ կերպով մշակվում է, հարմարեցվում դարաշրջանի ոգուն` տասնամյակների ընթացքում ձևավորելով իր սեփական առեղծվածային բառապաշարը` «Հուշագրի հեղաշրջում», «Պոստմոդեռնիստական հեղաշրջում», «Դատական հեղաշրջում», «Էլեկտրոնային հեղաշրջում»: Այսօր թուրքական մամուլը (հիմնականում կառավարամետ թերթերը), մեծ ախորժակով կլանում է «Ձեռնոց», «Շիկահեր աղջիկ», «Լուսնի լույս» անվանումներով հեղաշրջման ծրագրերի մասին պատմող հեքիաթները և բազմաթիվ էջեր է տրամադրում «Էրգենեքոն» ծածկանունով ընդհատակյա խմբավորմանը:

Երկու պաշտոնաթող հրամանատար, ովքեր ենթադրաբար վերոհիշյալ խմբի անդամներ են, ձերբակալվեցին զինվորական թաղամասի իրենց բնակարաններում, ինչը քաղաքացիական իշխանությունների կողմից բավական համարձակ քայլ էր իր արտոնյալ կարգավիճակը նախանձախնդրորեն պահպանող թուրքական բանակի նկատմամբ: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդների կարծիքով` այս ձերբակալություններով վարչապետը վրեժ է լուծում իսլամիստական նկրտումների մեղադրանքով իր «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը փակելու` Թուրքիայի պահպանողական դատական իշխանության փորձերի համար:

Ընդդիմադիր «Հուրիեթ» թերթի խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքը մտահոգություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ իշխանություններն արհամարհում են երկրում տեղի ունեցող դատական գործընթացները: Եթե այդպես է, գրում է նա, «ապա մեզանից ոչ ոք այլևս չի կարող հանգիստ լինել: Մեզանից յուրաքանչյուրին կարող են ոււղղակի դուրս բերել իր տնից և կալանքի տակ պահել»: Հուլիսյան տոթ գիշերները թերևս հանգիստ չեն նաև Էրդողանի համար, որին դատարանը սպառնում է արգելել զբաղվել կուսակցական քաղաքականությամբ:

Որոշ հեղաշրջումներ հիմնովին ցնցել են Թուրքիան, մյուսներն ավելի նուրբ փոփոխություններ են առաջացրել: Սակայն բոլոր այդ հեղաշրջումները հարված են հասցրել Թուրքիայի ժողովրդավարությանը: 1960թ. զինվորական հեղաշրջման հետևանքով կախաղան հանվեցին երկրի վարչապետն ու երկու այլ նախարարներ: Վերջին հիսուն տարիներին հեղաշրջման չորս փորձ այդ երկրում ավարտվել է կառավարության տապալումով: Թուրքիայի քաղաքական բանահյուսությունը հարուստ է նաև այլ դավադրություններով, որոնցում ենթադրաբար ներգրավված է «Խորքային պետությունը». այն անվտանգության ծառայություններում, զինվորական, դատական և քաղծառայության համակարգերում ընդգրկված ռազմատենչ ազգայնականների քողարկված միաբանություն է:

Թերևս դա կապ ունի նաև Թուրքիայի ժողովրդավարության հետ, որն ասես նեղ կածանով առաջ սողացող գնացք լինի: Մի կողմում անդունդն է, պառակտման և քաոսի վախը, որ բազմաթիվ թուրքեր կրում են իրենց մեջ, մյուսում` հզոր Փաշաների կամ գեներալների սարսափազդու բարձունքը: Յուրաքանչյուր նեղ շրջադարձում այն կամ քերծվածք է ստանում կամ անվստահ ու երերուն ընթացքով շարունակում է շարժվել առաջ:

Այսօր էլ Թուրքիան հայտնվել է մի այդպիսի շրջադարձում: Փաշաները թուրք զինվորականի իրենց դիտանկյունից համարում են, որ Թայիփը մոլորեցնում է ազգին: Էրդողանի հակառակորդների կարծիքով` իսլամիստներն այսօր կարողանում են անարգել թափանցել դատաիրավական, քաղծառայության, բուհական և նույնիսկ նախագահական և անվտանգության ծառայությունների համակարգ: Վտանգի առկայությունն առավել ակնհայտ է դարձնում բուհերում մահմեդական գլխաշորերը թույլատրելու` «Արդարություն և բարգավաճում» կուսակցության նախաձեռնությունը:

Էրդողանը հերքում է, թե ինքը երկիրը շարիաթի օրենքներով կառավարելու նկրտումներ ունի: Տնտեսական լիբերալներից, կենտրոնամետներից, ազգայնականներից ու կրոնական պահպանողականներից կազմված նրա կուսակցության քաղաքական կուրսը լիովին արևմտամետ է (թերևս ավելի արևմտամետ քան այն «աշխարհիկ» կուսակցությունները, որոնց «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը 2002թ. ընտրությունների արդյունքում առաջին անգամ զրկեց իշխանությունից), ինչի շնորհիվ կուսակցությունը ձեռք է բերել միջազգային հեղինակություն, հզորացրել է տնտեսությունը և նվաճել ժողովրդի աջակցությունը:

Ահա այստեղ` Էրդողանի հաջողության ու ժողովրդականության հիմքում, ընկած է Փաշաների երկընտրանքը: Փաշաները, որոնց շատերը դիտում են որպես աշխարհիկ կարգի վստահելի պահապաններ, հեղաշրջումներ կամ միջամտություն իրականացնելիս` երբեք ժողովրդի կամքին կոպտորեն չեն բռնացել: 1971թ. «Հանրաքվեի հեղաշրջումը» ամիսներ տևած քաղաքական բռնությունից հետո հանգստություն բերեց միլիոնավոր մարդկանց: Զինված ուժերի հրամանատարը վարչապետին գրեթե վերջնագիր ներկայացրեց` վերականգնել կարգը կամ բանակը կկատարի իր սահմանադրական պարտքը: Վերջնագիրն աշխատեց: Վարչապետը հրաժարական տվեց և ձևավորված ժամանակավոր կառավարությունն ուժային բանակի վերահսկողությամբ վերականգնեց կարգը:

1980թ. Ձախակողմյան ուժերի և ազգայնականների միջև բռնկված փողոցային մարտերին հաջորդեց «Սեպտեմբերի 12-ի» հեղաշրջումը: Գործի դրվեցին տանկերը, փողոցներում վերականգնվեց խաղաղությունը, քաղաքական գործիչներին ձերբակալեցին և պահեցին կալանավայրերում՝ մինչև կրքերի հանդարտվելը: Մինչև 1990-ականները տանկերը փողոց դուրս բերելն պակաս ընդունելի էր: Այդուհանդերձ, Փաշաներն ստիպված էին կրկին գործի անցնել` իսլամիստական գաղափարներ տարածող կառավարությունից Աթաթուրքի աշխարհիկ պետությունը պաշտպանելու համար: Այսպես սկիզբ առավ 1997թ. «Պոստ-մոդեռնիստական հեղաշրջումը»:

Վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը տեղի տվեց գործարարների, դատական համակարգի, լրատվամիջոցների հետ համատեղ բանակի նախաձեռնած քարոզչության ճնշմանը: Եթե կենտրոնական երթուղիներով նույնիսկ տանկեր էին անցնում, ապա միայն որպես նախապոստմոդեռնիստական օրերի մասին առողջ հիշեցում: Ոմանց կարծիքով ժողովրդավարությունն առավել ամուր կլիներ, եթե Փաշաները զսպեին իրենց և թույլ տային, որպեսզի Էրբաքանն իր սեփական հիմարության պատճառով անկում ապրի:

Էրդողանի դիրքերն ամեն դեպքում ավելի ամուր են: Ընտրվելիս` Էրբաքանը միայն քսան տոկոս աջակցություն էր վայելում, մինչդեռ Էրդողանը 2007թ ընտրությունում 47 տոկոս աջակցություն ապահովեց Գլխավոր շտաբի հետ ունեցած վիճաբանությունից հետո, որը որակվեց որպես «Էլեկտրոնային հեղաշրջում»: Ապրիլի 27-ին կեսգիշերից քիչ առաջ Զինված ուժերի գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքէջում հայտարարություն տեղադրեց, որում Էրդողանին նախազգուշացնում էր Աբդուլլահ Գյուլին, որն Էրդողանի աջ ձեռքն էր, նախագահ նշանակելու դեմ:

Հաջորդ օրը Էրդողանն անհավանական քայլ արեց, նա հրապարակավ, թեև քաղաքավարությամբ, բանակին նկատողություն արեց: 2007թ. ընտրություն նշանակելու որոշումը համարձակ նախաձեռնություն էր, որն ամրապնդեց նրա դիրքերը: Գյուլն ընդունված կարգի համաձայն զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Գլխապտույտ իրադարձություններ: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի ժամանակներում բանակին դիպչելը հղի է պառակտման վտանգով` ոչ միայն ներազգային և քաղաքական, այլ նաև պառակտում հենց բանակի ներսում:

Երկու գեներալներին ձերբակալելու նպատակով զինվորական տարածք ներխուժած ոստիկանների պատկերը չափազանց ցավոտ էր, թեև լիովին համապատասխանում էր օրենքին: Դավադրության տեսաբանները, որոնք, ի դեպ, մեծ թիվ են կազմում Թուրքիայում, կարծում են, որ ստեղծված իրավիճակից «Խորքային պետությունը» դուրս բերելու համար առաջին հերթին հարկավոր է Էրդողանին զրկել իր գլխավոր զենքից`ժողովրդականությունից: Ահա այստեղ է, որ անհերքելի ճշմարտություն է թվում «Էրգենեքոն»-ի գոյության մասին ենթադրությունը, չնայած որոշ փաստեր դեռևս ճշտման կարիք ունեն:

Թերթերը գրում են բողոքի զանգվածային ցույցերի, ահաբեկչական հարձակումների և հրաձգության` այս ամիս նախապատրաստվող ակցիայի մասին, որը պետք է երկիրը մատնի քաոսի և ժողովրդին Էրդողանի դեմ տրամադրի: Այսօր Ստամբուլում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության դեմ կատարված զինված հարձակման հետևանքով երեք ոստիկան ու երեք զինյալ զոհվեց: Այդ դեպքում բանակը փաստորեն կազատվի ներքին բանավեճից և ստիպված կլինի միջամտել` երկիրը փրկելու նպատակով: Էրդողանը կհեռանա, երկիրը կազատվի իսլամիզմի սպառնալիքից իսկ բանակը կվերադարձնի վերջին վեց տարիներին կատարված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում կորցրած իր արտոնյալ դիրքը:

Նշենք, որ Էրգենեքոն անվան արմատները գալիս են թուրքականության խորքից: Թուրքական դիցաբանությունում Էրգենեքոնը խորհրդավոր մարգադաշտ էր, որտեղ մոտ չորս դար թակարդված և աշխարհից մեկուսացած բնակվում էին հին թուրքերը, մինչև գորշ գայլը գաղտնի անցուղիով դուրս բերեց նրանց: Բարգավաճելու հնարավորություն ստացած թուրքերն այնուհետև սկսեցին հաղթել իրենց թշնամիներին և իրենց տեղը զբաղեցրեցին որպես արժանապատիվ ազգ:

Էրդողանը պետք է իմանա, որ եթե նա անտեսի զգուշությունը և չափից դուրս շատ ենթարկվի իր իսլամիստական թևին, գրեթե կասկած չկա, որ ժողովուրդը, մասնավորապես ձևավորվող միջին խավը, նրա դեմ կշրջվի: Խաղն այդպիսով կավարտվի: Փաշաների գործը քաղաքական գործիչների չարիքները որսալն է։ Բայց փորձելով ուղղորդել զարգացումները` նրանք միաժամանակ գիտակցում են, որ առճակատման արդյունքում կջախջախվի երկրի տնտեսությունը: Գլխավոր շտաբից այն կողմ` մութ գաղտնարաններում կլինեն մարդիկ, ովքեր պակաս զուսպ են: Լավ կլիներ, եթե կառավարությունը, բանակը, դատարաններն ու մեկնաբանները աշխատեին զսպել նրանց:

Comments Off on Թուրքիան և հեղաշրջման արվեստը

Այս էջում չկա մեկնաբանություններ