Jul 23 2008

«Բերգմանի» արահետով դեպի Հյուսիսային Կովկաս

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Նեզավիսիմոյե վոեննոյե օբոզրենիե», 27 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Независимое военное обозрение)
Վլադիմիր Ռոշչուպկին, Աննա Ցուրկան (Владимир Рощупкин, Анна Цуркан)

Անկարայի շահերը հետխորհրդային տարածքում և Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը

Հեղինակների մասին` Վլադիմիր Ռոշչուպկին, քաղաքական գիտությունների թեկնածու, Աննա Ցուրկան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ասպիրանտ

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներից մեկը միջազգային ասպարեզից Օսմանյան կայսրության հեռացումն էր: Սակայն ներկայիս Թուրքիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները կարծես չեն հրաժարվել մեծապետական հավակնություններից, ինչն արտահայտվում է XX և XXI դարերի սահմանագծին:

ԽՍՀՄ փլուզումից հետո նրա հարավային հարևանի լրատվամիջոցներում ավելի հաճախ սկսեցին երևան գալ հայտարարություններ, որ Կովկասը Մեծ Թուրանի կազմավորման, այսինքն` Թուրքական կայսրության վերածննդի բանալին է` «Ադրիատիկից մինչև նախկին Չինական մեծ պարիսպ» սահմաններով: Ընդ որում` գլխավոր խնդիրը պետք է լիներ հետխորհրդային տարածքի պետությունների ինտեգրացման կանխումը և, հնարավորության դեպքում, Ռուսաստանի ներկայիս սահմաններից հարավ տարածաշրջաններում Մոսկվայի ազդեցության թուլացումը:

ՏԱՐԻՆԵՐԸ՝ ԽԱՌՆԱԿ, ՆԱԽԱԳԾԵՐԸ՝ ՀԱՎԱԿՆՈՏ
Հիշեցնենք, որ Կենտրոնական Ասիայի հետխորհրդային հանրապետությունների մեծամասնությունը, որտեղ իսլամ են դավանում (բացառությամբ Տաջիկստանի), և Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի մի շարք ժողովուրդներ` ադրբեջանցիները, կումիկները, նոգայները, կարաչայցիները, էթնիկ թյուրքեր են: Անկարայում և Ստամբուլում որոշակի ուժեր մտապահում են դա, ինչպես ժամանակին Օսմանյան կայսրության փայլատակման դարաշրջանի սուլթաններն ու վեզիրները: Իբր ինչո՞ւ չփորձել միավորել այդ ժողովուրդներին և պետությունները կրոնա-էթնիկական հիմքի վրա:

Նման ծրագրեր առաջադրվում էին ռուսական պետության թուլացման ժամանակահատվածներում և ոչ միայն: 60-ական թվականների վերջին Բոսֆորի ափի մզկիթների հովանու ներքո «թյուրքական ժողովուրդների համախմբման ձգտելու» պատրվակով արծարծվում էր Թաթարստանի և Բաշկիրիայի` մեկ հանրապետության մեջ միավորման գաղափարը: Բայց այդ փորձը չէր կարող հաջողությամբ պսակվել: Կային նաև այլ ծրագրեր` թյուրքական Կարաչաևո-Բալկարյան համադաշնության, Կումիկական և Նոգայական հանրապետությունների և անգամ Տուվինո-Խակասական համադաշնության ստեղծում:

Դրանք դեռ միջանկյալ պլաններ էին Ռուսաստանից անկախ նոր պետության երևան գալու ճանապարհին: Նպատակ կար, որպես առաջին փուլ, կազմավորել Հյուսիսային Կովկասի իսլամական համադաշնություն: Դրանում, պանթյուրքիստական գործիչների ծրագրի համաձայն, ենթադրվում էր ներառել Հյուսիսային Կովկասի բոլոր սուբյեկտները, Ռոստովի մարզի, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերի որոշ հատվածներ: Չեչնիայի գերիշխող դերով:

Քանի որ ՌԴ-ի համար խառնակ 90-ական թվականներին անգամ վերոնշյալ հավակնոտ նախագծերն անմիջապես և բացահայտ իրականացնելն այնքան էլ հեշտ չէր, սկզբում ձեռնարկվում էին առաջին հայացքից անվնաս, բայց այդ նույն ձգտումներն արտացոլող միջոցներ. կովկասյան ընդհանուր շուկայի, Կովկաս-Թուրքիա առևտրա-արդյունաբերական պալատի, Միջազգային կովկասյան ներդրումային բանկի, Կովկասյան միջնորդ դատարանի, Կովկասյան խորհրդարանի ստեղծում: Իբր դրանք կապահովեն տարածաշրջանի կայունությունը, կբարձրացնեն բնակչության կենսամակարդակը և կհամախմբեն հանրապետությունները` «կապելով» նրանց կովկասյան միասնական տարադրամով: Այս բոլոր նախագծերի հիմքում թուրքական տնտեսական մոդելն էր:

Հյուսիսային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտման պատճառը նաև այն է, որ այն չի կարող գոյատևել առանց արտասահմանից ստացվող էներգակիրների: Վերլուծաբանների կարծիքով` դրանով է նաև բացատրվում այն, թե ինչու էր Թուրքիան ոչ պաշտոնական մակարդակով անջատողական միտումներ հրահրում Ռուսաստանի հարավում և պաշտպանում ՌԴ-ի կազմից Չեչնիայի դուրս գալու ձգտումը:

Պետք է խոստովանել, որ ոչ միայն Կիսալուսնի երկիրն էր Չեչնիա ուղարկում փող, զինամթերք և մարդկիկ: Այդպես էին վարվում Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Իրանը և մի շարք այլ պետություններ: Օրինակ, ոչ անհայտ Սալման Ռադուևը հաստատում էր, որ բացի Թուրքիայից, զենք է ստացել Պակիստանից, Սուդանից, Ադրբեջանից և հենց Ռուսաստանից (նկատի ուներ քրեական կառույցները):

Հատկանշական է, որ վերը թվարկված իսլամական երկրների հետ միասին Ռուսաստանից Հյուսիսային Կովկասն անջատել գաղտնի ձգտում էին նաև որոշ եվրոպական երկրներ, որոնք շահագրգռված են, որ էներգամատակարարումը «բազմազանեցված» (դիվերսիֆիկացված) լինի, ինչը կարելի էր իրականացնել` ձեռք բերելով վերահսկողություն կասպիան տարածաշրջանում: Ընդ որում` ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների, ներառյալ Թուրքիայի, գործողությունների ազատությունը զգալի չափով պայմանավորված է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից/ով: Հետևաբար, եթե ոչ Վաշինգտոնի օժանդակությամբ, ապա իմացությամբ է Թուրքիան փորձում իր թաքուն ծավալապաշտական քաղաքականությունը վարել Կովկասում:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ, ԲԱՅՑ ԵՂԵԼ ԵՆ
Եթե 90-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից կարելի էր լսել Հյուսիսային Կովկասի բարեկամ ժողովուրդներին օգնելու կոչեր, ապա արդեն 90-ականների կեսերից Թուրքիայի ղեկավարությունը խուսափում էր այդ մասին պաշտոնապես որևէ հայտարարություն անել: Բայց Մեծ Թուրանի ստեղծման գաղափարներն այդպես էլ մնացին Թուրքիայի որոշ քաղաքական կուսակցությունների ծրագրերում, օրինակ` Մեծ միության կուսակցության, Ազգայնական շարժման կուսակցության, որն, ի դեպ, ներկայացված է Թուրքիայի խորհրդարանի կազմում: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է օգտագործել իր հատուկ ծառայությունները` պաշտոնապես չհայտարարված, բայց հետապնդած նպատակներին հասնելու համար:

Այսօր Թուրքիայում գործում են երեք հիմնական, միմյանցից անկախ հատուկ ծառայություններ` Ազգային հետախուզական խորհուրդ (MILLО ISTIHBARAT TEЄKILВTI-MIT), Ազգային ոստիկանությունը և Ազգային ժանդարմերիան (MILLО GENDARMERIE): Սրանցից բացի, առանձնանում է Գլխավոր շտաբին առընթեր ռազմական հետախուզությունը: Բայց, այդուամենայնիվ, գերիշխող դիրքում է Ազգային հետախուզական խորհուրդը: Հենց նա է կոորդինացնում ազգային բոլոր հետախուզական գերատեսչությունների աշխատանքները: :

Այստեղ տեղին է հիշել, որ դեռ այն ժամանակ, երբ դեռ գոյություն ուներ Ռուսական կայսրությունը, գործում էր Հատուկ կազմակերպությունը (TEЄKILВT-I MAHSUSA), որն ակտիվորեն հավաքագրում էր ռուսաստանցի երիտասարդ մուսուլմաններին: Նրանց օգնությամբ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ թուրքերին հաջողվեց ստեղծել մի անբողջ շարք ընդհատակյա ազգայնական կազմակերպություններ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Պետերբուրգը, Կազանը, Ուֆան, Իրկուտսկը, Տոմսկը և Բաքուն, ինչպես նաև սկզբնական կազմակերպությունների ցանց` այլ տարածաշրջաններում: Այդ կենտրոնների նպատակն էր մուսուլմանների շրջանում ռուսների նկատմամբ ատելություն սերմանելը և նրանց ապստամբության դրդելը, որը կհանգեցներ Մեծ Թուրանի առաջացմանը: Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին նացիստական Գերմանիան և Թուրքիան քայքայիչ և դիվերսիոն աշխատանք էին կատարում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում: 1942 թվականին նրանց աջակցությամբ ստեղծվեց Չեչենա-լեռնաբնակների ազգային սոցիալիստական կուսակցության կոմիտեն: Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչներից, ովքեր գերմանացիներին գերի էին ընկել, ստեղծվում էին դիվերսիոն խմբեր` ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Հանրահայտ փաստ. Հյուսիսային Կովկասում գործում էր գերմանական հատուկ դիվերսիոն «Բերգման» գումարտակը, որի մեջ կային զգալի թվով թուրք գործակալներ: Այդ վարժեցված դիվերսիոն խմբավորումներին մարդիկ էր տրամադրում նաև Թուրքիայի չերքեզական սփյուռքը:

Որոշ գնահատականներով, հետխորհրդային տարածքում թուրքական հետախուզության գործակալներն աշխատում են դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար կառույցների քողի տակ:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՐԱՆՔ ԳՈՐԾՈՒՄ
Զբաղվելով ողջ Կովկասով` թուրքական հետախուզությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նրա առավել խնդրահարույց հատվածի` Չեչնիայի վրա: Թուրք գործակալները ղեկավարում էին բանդիտական խմբավորումների նյութատեխնիկական ապահովումը, ահաբեկչական գործողություններ կատարելու համար գործակալների հավաքագրումն ու պատրաստումը:
«Անկախության մարտիկների» համար միջոցների հավաքումը Թուքիայում կատարվում էր անթաքույց: Մամուլում բերվում էին այսպիսի փաստեր. Ստամբուլի համալսարանի մոտ չեչենական դրոշով մի կրպակ կա, որտեղ ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել «անհավատների դեմ պատերազմի» համար: Բացի այդ, Թուրքիայում աշխատում են հյուսիսկովկասյան մոտ 80 կազմակերպություն, որոնք նույպես մասնակցում են անջատողականների համար միջոցների հավաքմամբ: Այդ փողերն ուղարկվում էին ոչ թե պետական կառույցների, այլ տարբեր մասնավոր հիմնադրամների միջոցով, որոնք առաջվա պես գործում են Սև ծովի այն կողմում:

Փողի և զենքի ստացման մյուս ուղիներն անցնում են Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով, երկրներ, որոնք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեն: Եթե Վրաստանն այդ սցենարում հանդես էր գալիս որպես փոխաբեռնման կետ, ապա Ադրբեջանում չեչեն անջատողականներին, որպես «հավատակիցների», օգնությունը քողարկվում էր կանաչ դրոշով: Անգամ ստեղծվել էր կիսալեգալ կառույց, որը զբաղվում էր անօրինական զինված խմբավորումներին տեխնիկայով աջակցելու հարցերով:

Բեռների կանոնավոր տարացում կազմակերպելու փորձեր ձեռնարկեց թուրքական հայտնի «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպությունը: Հատկանշական է, որ այն դեռևս 1948 թվականին ստեղծել է նացիստական հետախուզության նախկին գործակալ Թյուրքեշը:

Երբեմն ԶԼՄ-ներ էին թափանցում տեղեկություններ ծայրահեղականների հետ թուրքական հետախուզության կապի մասին: Ավելին, անգամ հաստատվում է, որ Ազգային հետախուզական խորհուրդ, ոչ միայն համակրում է «Գորշ գայլերին», այլև օգտագործում է նրանց տարբեր հատուկ գործողություններում: Մանրամասն մշակվել էին Չեչնիային բեռների մատակարարման երթուղիների զանազան տարբերակներ` ցամաքով, օդով, ջրով: Եթե զենքն ու զինամթերքը տեղափոխվում էին Թուրքիայից, ապա ընտրում էին կա’մ ծովային ճանապարհը, որը նաև ավանում էին «աբխազական» (ծովով Թուրքիայց Սուխում, հետո ուղղաթիռներով` անհրաժեշտ վայրը), կա’մ ինքնաթիռներով` Ստամբուլ-Անկարա-Նախիջևան-Սումգայիթ երթուղով:

Ռուսաստանի թյուրք ժողովուրդների մեջ թուրքական ազգայնական գաղափարների տարածման գործին ակտիվորեն մասնակցում են թուրքական որոշ ձեռնարկություններ, առաջին հերթին` շինարարական, որոնք նաև «տանիքի» դեր են կատարում թուրք գործակալների համար, օրինակ, Ազգային հետախուզական խորհրդի աշխատակիցներ Հաքը Մութլուդողանի և Ներսին Ուսլուի համար:
Թուրքական կրոնա-ազգայնական «Նորջուլար» աղանդը 90-ական թվականներին Ռուսաստանում տարածել էր տարբեր կազմակերպությունների մի ամբողջ ցանց. «Սերհաթ», «Էֆլյակ», հիմնադրամներ «Տորոս», «Տոլերանս» և «Ուֆուկ»: 2003 թվականին «Սերհաթի», որը տնօրինում էր բաշկիրա-թուրքական մի շարք լիցեյներ, գործունեությունը դադարեցվեց: Ռուսաստանից արտաքսվեցին ծայրահեղական «Նորջուլար» ուսմունքը քարոզող թուրք քաղաքացիներ: Այդ աղանդի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` առաջնորդներ, դատապարտվեցին (Նեֆտեկամսկի լիցեյի տնօրեն Օմար Կավակլին և Օկտյաբրսկի «Յակտի Յուլ» պանսիոնատի հիմնադիր Չալիշկան Սեյդին):

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների` Թուրքիայի տարածքում գործում էին գրոհայինների պատրաստման հենակետեր: Հայտնի են մի քանի այդպիսի վարժական կենտրոններ` Իզմիրում, Ստամբուլի արվարձանում, Անկարայի և Տրաբզոնի մերձակայքում: Չեչենների առաջին խումբը Թուրքիա մեկնեց 1991 թվականի մարտին: Նրանում կար 50 մարդ, որոնցից շատերը հետագայում` չեչենական պատերազմի ժամանակ, շատ մեծ դեր կատարեցին (օրինակ, Բասաևը, Ալբակովը, Գելաևը, Մադագովը, Մումատակաևը, Մերժուևը ուրիշներ):

Ռուսաստանի հարավում անջատողական շարժումներին աջակցմանն ակտիվորեն մասնակցում էր Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող Կովկասի ժողովուրդների համադաշնությունը (ԿԺՀ), որի հիմնական նպատակն էր ՌԴ-ի կազմից Հյուսիսային Կովկասի դուրսբերումը: Չեչնիայում պատերազմի ժամանակ այդ կազմակերպությունն ակտիվորեն աջակցում էր անջատողականներին: Եթե 90-ական թվականների առաջին կեսին` Ռուսաստանում առավել անկայունության պահին, համադաշնության ղեկավարությունը կարողանար համախմբել լեռնական ժողովուրդներին ներկայացնող բոլոր քաղաքական ուժերին և ստեղծել Լեռնային Հանրապետություն, ապա Դաշնության կենտրոնը կհայտնվեր հյուսիսկովկասյան սահմանամերձ տարածքների անջատման իրական սպառնալիքի առջև: Բայց ԿԺՀ-ի առաջնորդների անձնական հավակնությունները և նրանց միջև խոր հակասությունները ոչ միայն քաղաքականության բնագավառում, այլև Էթնոտարածքային հիմնախնդիրների շուրջ, խանգարեցին նման ծրագրերի իրականացմանն ու հանգեցրին կազմակերպության քաղաքական նշանակության աստիճանական թուլացմանը:

ԿԺՀ-ն օգնեց չեչենների առաջին խմբին մեկնել Թուրքիա` տալով նրանց կեղծ անձնագրեր, որոնցով նրանք կարողացան թռչել Ստամբուլ: Թուրքիայի տարածքում խմբի ղեկը ստանձնեց վայնահյան սփյուռքը, որը չեչեններին հասցրեց Անկարային մոտ մի զինվորական ավան, որտեղ անցկացվում էին պարապմունքները: Դասընթացն ավարտելուց հետո խումբն ուղարկվեց Գրոզնի` Ջոհար Դուդաևի հետ հանդիպելու: Մշտապես տեղի էր ունենում Անկարայի մերձակայքում վերապատրաստվող գրոհայինների ռոտացիա: Ըստ իտալական հատուկ ծառայությունների հայտի դարձած տվյալների` Թուրքիայում ընդհանուր առմամբ պատրաստություն է անցել 5 հազար գրոհային:

Թուրքիայից բացի, գրոհայինների պատրաստման վարժական կենտրոններ (հիմա դա դժվար է պատկերացնել) կային նաև Ադրբեջանի տարածքում: Այսպես, Ապշերոնի շրջանի Գյուզդեկ ավանի հենակետում, ուր հաճախ էր հյուրընկալվում Շամիլ Բասաևը, պատրաստություն է անցել 2 հազար գրոհային: Այդպիսի հենակետերում «դասախոսական կազմը» ներկայացնում էին թուրք զինվորականները: Վարժական կենտրոնների կազմակերպիչներ և գաղափարական ոգեշնչողներ դարձան «Գորշ գայլերի» ադրբեջանական կազմակերպության գործակալները` իրենց ղեկավար Համիդովի գլխավորությամբ:

ՀՅՈՒՍԻՍԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
XIX և XX դարերի ընթացքում Թուրքիայում ձևավորվեց բավական մեծ կովկասյան սփյուռք: Այդ գործընթացի սկիզբը դրվեց 1863 թվականին, երբ Ռուսական կայսրության իշխանությունների թաքուն հավանությամբ Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի ժողովուրդների ներկայացուցիչները սկսեցին արտագաղթել (մահաջիրություն) Թուրքիա: Փախստականների հիմնական զանգվածը նավերով 1864 թվականին ժամանեց Ստամբուլ և Սամսուն: Որոշ տվյալներով` 1884 թվականին մահաջիրների թիվը հասնում էր 2 միլիոնի: Հյուսիսային Կովկասից Թուրքիա հաջորդ մեծ արտագաղթերը եղան 1878 թվականին և XX դարի 20-ական թվականների սկզբին ու 40-ական թվականներին:

Օսմանյան կայսրությունում Հյուսիսային Կովկասից բոլոր վտարանդիներին անվանում էին չերքեզներ: Օսմանյան կայսրության կառավարությունը նրանց օգտագործում էր Անատոլիայի ամայի հողերի մշակման, սահմանների պահպանության համար, Բարձր Դռան իշխանության դեմ պայքարող ժողովուրդների դեմ պատժողական արշավների ժամանակ, օրինակ` 1876 թվականին բուլղարների հակաթուրքական ելույթների ժամանակ: Կովկասից գաղթածներին բնակեցնում էին Օսմանյան կայսրությունից կախվածություն ունեցող Մերձավոր Արևելքում:

Չերքեզական սփյուռքի զգալի մասը (ներառյալ չեչենները), բացի Թուրքիայից, բնակություն հաստատեց նաև Հորդանանում, Սիրիայում, Լիբիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում: Թուրքական հատուկ ծառայությունները նրանցից հավաքագրում էին գրոհայիններ, լրտեսներ և դիվերսանտներ, որոք գործում էին Ռուսաստանի տարածքում:

XX դարի սկզբին Հյուիսային Կովկասից արտագաղթածները Թուրքիայում ստեղծեցին մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Պետք է հատուկ նշել երկրի քաղաքական կյանքին յուրատեսակ լոբբիի՝ Կովկասա-չեչենական համերաշխության կոմիտեի մասնակցությունը, որին աջակցում էին տարբեր քաղաքական կուսակցություններ: ԽՍՀՄ փլուզումից հետո նրա գործունեությունը, որն ուղղորդվում էր քաղաքական ուժերի կողմից, ստացավ արմատական բնույթ:

Դա հատկապես ակնառու դրսևորվեց Չեչնիայի իրադարձությունների ժամանակ: Օրինակ, վերոնշյալ կոմիտեն նյութական և բարոյական օգնություն էր ցուցաբերում չեչեն անջատողականներին: Չեչնիա մեկնեցին մեծ թվով կամավորներ՝ հյուսիսկովկասյան վտարանդիների հետնորդներ: Թուրքական «Նոկտա» քաղաքական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ դուդաևյան կազմավորումներում կռվում էին մոտ 2 հազար թուրք մոջահեդներ:

ԳԱՂՏՆԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ
1991 թվականից սկսած՝ Ռուսաստանում բռնվել են տասնյակ պատրաստված թուրք հետախույզներ: Միայն 1995 թվականին բռնվեցին Իսհակ Կասպը, Քամիլ Օզ Թյուրքը և Հուսեյնը: Երեքին էլ կալանավորել են սահմանն անցնելիս: Նրանք ապահովում էին կապը չեչեն զինյալների և Ազգային հետախուզական խորհրդի միջև, տեղեկություններ էին հաղորդում կենտրոն եւ ստանում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու սարքավորումներ: Իսհակ Կասպը, ի դեպ, Թուրքիայում ապրող էթնիկ չեչեն էր, Կովկասա-չեչենական համերաշխության կոմիտեի անդամ, որն էլ նրան երաշխավորել է թուրքական հետախուզությանը: Այնպես որ «Բերգման» գումարտակի արահետը խոտով չի ծածկվել…

1996 թվականին կալանավորվեցին Օզթյուրք Ռամազն ու Օզերդեմ Հյուսեյն Բենգյուչը, որոնք ներկայացել էին որպես «Սաբահ» թերթի լրագրողներ: Նրանք գաղտնի տեղեկություններ էին հավաքում Չեչնիայում իրադրության վերաբերյալ սադրիչ հոդվածներ հրապարակելու համար:

2000 թվականին կրկին կալանավորվել են Ազգային հետախուզական խորհրդի մի քանի գործակալներ՝ Իլհան Դումանը, Ահմեդ Հումուս Եմերը, Իյյաս Քուշը, Մօլլա Հասան Իլդիլմերը: Նրանցից առաջինը տեղեկություններ էր հավաքում և անգամ փորձել էր ներթափանցել ռուսական հատուկ ծառայություններ, մյուսները Խատաբի հրոսակախմբում կռված զինյալներ էին: Ռուսաստանի հանդեպ թուրքական հատուկ ծառայություների կողմից այդպիսի ուշադրություն չի նկատվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Ոչ անհայտ Խատաբը 1999 թվականի վերջին կոչ էր անում բոլոր մուսուլմաններին մասնակցել ջիհադին: Կոչին արձագանքեցին նաև երիտասարդ թուրքերը: 2004 թվականին թուրք գրոհայիններին հիմնականում գերի չէին վերցնում, այլ ոչնչացնում էին հատուկ գործողությունների ընթացքում: Վերջին թուրք գրոհայինը՝ Ալի Սոյթեքին Օլուն, ինչպես հաղորդվել է, մեր երկրի տարածքում կալանավորվել է 2005 թվականի դեկտեմբերի 29-ին (այսինքն՝ ընդամենը երկու տարի առաջ): Դատելով նրա ցուցմունքներից՝ Ռուսաստանում գործում է օտարերկրյա քաղաքացիների մի խումբ, որը ահաբեկչական գործունեություն է ծավալում:

Բացի այդ, նույն հաջողությամբ են գործում օտարերկրացի վարձկաններ պատրաստող հենակետերը: Օրինակ, Օլուն դիվերսիոն պատրաստություն է անցել 35 թուրք քաղաքացիներից բաղկացած խմբի կազմում, որի հրամանատարն էր թուրք Աբու Զառը:

1991 թվականի սկզբից և մինչև մեր օրերը հետախուզա-դիվերսիոն պատրաստություն անցած մարդկանց թիվն աննշան նվազել է: Թուրքիայում գրոհայիններ պատրաստող դպրոցների գոյության 16 տարիների ընթացքում այս գործի նկատմամբ հետաքրքրությունը գործնականում չի նվազում: Պետք է, սակայն, նշել, որ քաղաքական տեսանկյունից մեր հարավային հարևանի հետ հարաբերություններ պահպանելու նպատակով ռուսաստանյան իրավասու ատյանները ոչ միշտ են վերոհիշյալ փաստերը հրապարակում՝ հույսը դնելով թուրքական կողմի խոհեմության վրա: Չէ՞ որ ընդհանուր առմամբ մենք նորմալ պաշտոնական հարաբերություններ ունենք Անկարայի հետ: Այլ հարց է, որ այնտեղ ինչ-որ մեկը չարաշահում է Մոսկվայի այդպիսի մոտեցումը:

Պետական մակարդակով թուրքական ղեկավարությունը երբեք չի ընդունում, որ իր երկրի տարածքից քայքայիչ գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության դեմ: Ռուսաստանի մասին արտահայտությունները բավական զգուշավոր են, և, որպես օրենք, կոնկրետ հարցադրումներին թուրք քաղաքական գործիչները խուսափում են ուղղակի պատասխանել՝ հայտարարելով, իրադրությունը Կովկասում ՌԴ-ի ներքին գործն է, բայց արգելել իրենց քաղաքացիներին կռվել այնտեղ իրենք չեն կարող:

Սակայն Անկարայի հատուկ ծառայությունների գործողությունները ուղղակիորեն ցույց են տալիս, որ Թուրքիայում որոշակի ուժեր ուժեղացնում են անջատողական տրամադրությունները և խրախուսում քայքայիչ գործունեությունը Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում:

Երբեմն քաղաքական նկատառումերով թուրքական հատուկ ծառայությունների գործողությունները կրում են բարդ և հակասական բնույթ: Օրինակ, 1996 թվականի հունվարին չեչեն ահաբեկիչները թուրքական Տրապիզոն նավահանգստում զավթել էին ռուսական «Ավրասիա» լաստանավը: Ինչպես հետագայում հաղորդվեց, նավի վրա էին Ազգային հետախուզական խորհրդի աշխատակակիցներ Շյուքրյուն և Էրթան Ջուշկունը: Այդ գործողության ընթացքում Ստամբուլում տեղի էին ունենում հանրահավաքներ՝ ի աջակցություն չեչեն անջատողականների՝ Ռուսաստանի կառավարությանը նրանց հետ խաղաղ բանակցություններ սկսելու և Պերվոմայսկոյե գյուղի մերձակայքում շրջապատված Սալման Ռադուևի հրոսակախմբի համար միջանցք բացելու կոչերով:

Բայց Ռուսաստանի հետ բացահայտ բախման մեջ մտնել Թուրքիան չէր կարող: Այդ իրավիճակում նրա հատուկ ծառայությունները գործեցին արևելյան նրբությամբ և գլխավորը՝ կոշտությամբ: Երբ լաստանավը ահաբեկիչներով և պատանդներով ժամանեց Ստամբուլ, նրա ազատագրման գործողությունը ղեկավարող՝ Ազգային հետախուզական խորհրդի ղեկավար Կոկսալը և Ազգային ժանդարմերիայի պետ Սերհարդին, ինչպես նաև Ազգային հետախուզական խորհրդի Տրապիզոնի հարցերով բաժանմունքի պետ Գենչը հրամայեցին պատանդ վերցնել հանցագործների ընտանիքներին: Հաշվարկը ճիշտ դուրս եկավ՝ նրանք հանձնվեցին:

Չեչեն գրոհայինների մյուս խոշոր գործողությունը, որն ըստ որոշ մեկնաբանների եթե ոչ ուղղակի, ապա անուղակիորեն կապվում է թուրքական հատուկ ծառայությունների հետ, 2001 թվականի մարտի 15-ին ռուսաստանյան Տու-154 ինքնաթիռը Սաուդյան Արաբիա փախցնելն էր: Հիմնական կատարողները չեչեններ էին՝ Սուպյան և րիսխան Արսաևերն ու Մագոմեդ Ռիզաևը: Մեդինայի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը գրոհելու ժամանակ զոհվեց երեք մարդ, այդ թվում ուղեկցորդուհի Յուլիա Ֆոմինան և Թուրքիայի քաղաքացի:
Այդ ժամանակ բոլոր թուրք ուղեւորներին ստուգել չհաջողվեց, որովհետև նրանցից մի քանի տասնյակ մարդ անմիջապես թռան Անկարա: Բայց զավթված ինքնաթիռի տեսաժապավենով և ուղեկցողների վկայություններով ճանաչվեց լաստանավի գործողության արդեն հիշատակված մասնակից Էրթան Ջուշկունը: Շուտով՝ 2001 թվականի ապրիլի 22-ին, Ստամբուլի կենտրոնում, «Սվիսհոթել» հյուրանոցում ահաբեկիչները 12 ժամ պատադ էին պահում 120 կենվորների: Նպատակը նույնն էր՝ փորձել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որը ստիպված էր կոշտ միջոցներ ձեռնարկել չեչեն անջատողականների դեմ:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Մինասգրել է 31 Հուլիս 2008թ.-ին, ժամը 09:41

    Ռուսներին տեղն է,ինչ էլ որ անի թուրքը ռուսին մեկ է ռուսը չի հիշելու:Ռուսների մոտ բացակայում է պատմական հիշողություն կոչվածը: