Jul 30 2008

Արդյո՞ք Թուրքիան «սխալված հանրապետություն» է

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թրքիշ դեյլի նյուզ», 19 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (Turkish Daily News)
Մուստաֆա Աքյոլ (Mustafa Akyol)

Սևան Նիշանյանի կարծիքով` թուրքերը պետք է առերեսվեն իրենց պատմության հետ ու կասկածի տակ առնեն այն: «Ի տարբերություն Պորտուգալիայի կամ Իսպանիայի` Թուրքիան այդպես էլ չհաշտվեց իր տոտալիտար անցյալի հետ»,- ասում է նա:

Արժե հանդիպել Սևան Նիշանյանին: Ծագումով հայ Թուրքիայի քաղաքացին, որը փլիլիսոփայություն է ուսումնասիրել Յեյլի համալսարանում և քաղաքագիտություն` Կոլումբիայի համալսարանում, այժմ թուրքերեն լեզու և պատմություն է դասավանդում Ստամբուլի Բիլգիի համալսարանում: Նախկինում նա Թուրքիայում զբոսաշրջության թեմայով մի քանի գիրք է գրել, բոլորն էլ ընթերցողների կողմից դրական գնահատականի են արժանացել: Սակայն պրն. Նիշանյանի հեղինակած վերջին գիրքը նրան հասարակության թշնամի դարձրեց անսասան քեմալականների աչքերում: Պրն. Նիշանյանը խիզախորեն պնդում է, որ քեմալականությունն ըստ էության նույնն է, ինչ մենք սովորաբար հասկանում ենք` ֆաշիզմ ասելով:

Խոսքն այն գրքի մասին է, որը պրն. Նիշանյանը վերնագրել է “Yanlış Cumhuriyet: Atatürk ve Kemalizm Hakkında 51 Soru” (Սխալված հանրապետություն: 51 հարց Աթաթուրքի և քեմալականության մասին): Գրքի 440 էջերում պրն. Նիշանյանը կազմաքանդում ու հերքում է Թուրքիայում բոլորի կողմից ընդունված և կասկածի տակ չդրվող դոգմաները: Նրա կատարած պատմության վերանայման հիմքում այն փաստարկն է, թե Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մտածված է բռնապետություն հիմնադրել և երբեք էլ ժողովրդավարություն հաստատելու նպատակ չի ունեցել: Այլ կերպ ասած` Թուրքիայի հանրապետությունն ի սկզբանե «սխալված» էր:

Պատմության վերանայում

Պրն. Նիշանյանի գիրքը հատկապես լայն ճանաչում ստացավ մոտ մեկ ամիս առաջ` «Թարաֆ» օրաթերում տպագրված նրա մեկ էջանոց հարցազրույցից հետո: Հարցազրույցի հեղինակը միտք շարժող և սկանդալային իր աշխատանքներով հայտնի` «Թարաֆ»-ի լրագրող Նեշե Դյուզելն էր: «Թուրքիայի հանրապետությունը պարզապես անցում էր սուլթանությունից ժամանակակից բռնապետության, և ժողովրդավարության հետ ոչ մի կապ չուներ»,- նկատել է նա լրագրողի՝ տկ. Դյուզելի հետ զրույցում: Իրականում, ժողովրդավարական համակարգը Թուրքիայում սկսել էր զարգանալ Օսմանյան կայսրության տիրապետության վերջին տասնամյակներում, երբ խորհրդարանը ողջունում էր գաղափարների, ինքնության և քաղաքական կուսակցությունների բազմազանությունը: Քեմալականների վարչախումբն ազատվեց ոչ միայն Սուլթանից, այլև ամբողջ քաղաքական ընդդիմությունից` հիմնելով մեկ մարդու իշխանություն:

«Ես ծանոթացել եմ Աթաթուրքի իշխանության գալուց հետո նրա բոլոր ելույթներին ու հարցազրույցներին»,- ասում է պրն. Նիշանյանը: «Այդ հազարավոր էջերում ժողովրդավարության մասին խոսվում է միայն վեց անգամ` երկուսն օտարերկրացիներին ուղղված հայտարարություններում, մյուսները «ժողովրդավարությունը լավ բան է, բայց…» կարգի մեկնաբանություններում»:

Բայց մի՞թե այդ ժամանակ Թուրքիան պատրաստ էր ժողովրդավարության: Արդյո՞ք նա անգրագետ, հետամնաց ու «չլուսավորված» ազգ չէր, որը ժամանակակից մտածողությամբ ինքնիշխան նորափոխողի (modernizer) կարիք ուներ: Մի՞թե Թուրքիայում չէր կատարվի նույնը, ինչ պատահեց Աֆղանստանում, եթե քեմալականների հեղափոխությունը «չփրկեր» երկիրը:

Քեմալականները, այդ թվում նաև այս էջերում գրող իմ մի քանի գործընկերներ, սովորաբար այսպիսի ստանդարտ փաստարկներ են բերում: Սակայն պրն. Նիշանյանը նրանց հետ համաձայն չէ: «14-րդ դարից ի վեր Թուրքիան մահմեդական աշխարհի ամենազարգացած և ուժեղ մասն էր, որն ամենից շատ էր կրում արևմտյան ազդեցությունը»,- նշում է նա` վկայակոչելով օսմանյան կայսրության, այսինքն` նախաքեմալական շրջանի տպավորիչ նվաճումները` 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի բարեփոխումները: Ֆեմինիստական շարժումից մինչև արևմտյան գիտության, տեխնոլոգիաների ու իրավական համակարգի ներմուծումը, «Թուրքիան նորափոխած 80-90 տոկոս բարեփոխումների արմատները գալիս են Օսմանյան դարաշրջանից»:

Իհարկե, Աթաթուրքը ցանկանում էր որպեսզի նորափոխությունը (modernization) շարունակվի և առաջ էր տանում այդ գիծը, սակայն նա, ըստ պրն. Նիշանյանի, մի քանի սխալ քայլեր է արել: «Լեզվական հեղափոխությունը», օրինակ, աղքատացրեց Թուրքիայի մշակույթը: Օսմաներենը, արաբերենից և պարսկերենից քոչվոր շրջանի թուրքերենի մեջ ներմուծված փոխառությունների շնորհիվ, չափազանց մշակված ու բարդ լեզու էր դարձել: Լեզուն «օտար» տարրերից զտելու քեմալականների նախաձեռնության արդյունքում շուտով տեղի ունեցավ բառապաշարի նեղացում, համապատասխանաբար նաև` մտավոր նահանջ:

Պրն. Նիշանյանը քննադատում է նաև Թուրքիայում Աթաթուրքի և իր հետևորդների հիմնած ինքնակոչ աշխարհիկության բռնատիրական բնույթը: Նրա կարծիքով` սա որոշ առումով նման է խորհրդային մոդելին, քանի որ արմատախիլ արվեցին բոլոր կրոնական հաստատությունները: Բայց քեմալականները ձգտում էին նաև կրոնը ծառայեցնել պետության շահերին, այդ պատճառով նրանք ձևավորեցին պետության կողմից վերահսկվող կրոնական համակարգ: «Իրական նպատակն աշխարհիկությունը չէր, այլ բացարձակ քաղաքական իշխանության ձեռքբերումն ու ամրապնդումը»,- ասում է պրն. Նիշանյանը:

Նույն նպատակով քեմալականների վարչախումբը ձևավորեց, պրն. Նիշանյանի բնութագրմամբ, քաղաքական հավատամքով պայմանավորված քաղաքացիության համակարգը.

«Նրանք, ովքեր ընդունում էին քեմալականների հավատամքը, ընդունվում էին որպես քաղաքացիներ, մյուսներին դավաճան էին համարում: Այս մոտեցումը, որը նաև հայտնի է որպես «Աթաթուրքի ազգայնականություն», իրականում 1920-ականներին բնորոշ դասական ֆաշիզմի դրսևորում էր: Շատ նման էր այդ տարիների Իտալիայի վարչակարգին… Նույն Աթաթուրքի ազգայնականությունն էր կանգնած նաև ոչ-մահմեդականների սեփականության առգրավման ու Թուրքիայից նրանց վտարման գործողությունների հետևում: 1930-ականներին ազգայնականությանն ավելացավ նույնիսկ կենսաբանական ռասիզմը»:

Թերևս պատահական չէ, որ ժամանակակից Թուրքիայում քեմալականների Ժողովրդական հանրապետական կուսակցությունը, կամ CHP-ն, որը Թուրքիայում հիմնական ընդդիմադիր ուժն է, կտրականապես դեմ է երկրի ոչ-մահմեդական համայնքների իրավունքներն ընդլայնելու նպատակով ցանկացած բարեփոխմանը: Շատերի կարծիքով` CHP-ի կողմից այսպիսի այլատյացության (xenophobia) դրսևորումը շեղում է Աթաթուրքի «ժամանակակից» ճանապարհից: Սակայն եթե պրն. Նիշանյանը ճիշտ է, ուրեմն խնդիրը կապված է ոչ միայն այսօրվա Ժողովրդական հանրապետական կուսակցության, այլև այդ կուսակցության
քաղաքական ավանդույթների հետ:

Առերեսում անցյալի հետ

Բայց եթե այդպես է, ուրեմն ինչպե՞ս պետք է զարգանա Թուրքիան: Ինչպե՞ս կարող է այն շարժվել դեպի ազատական (liberal) ժողովրդավարություն: Նիշանյանի կարծիքով` մենք` թուրքերս, նախ պետք է առերեսվենք մեր պատմության հետ ու կասկածի տակ առնենք այն: «Ի տարբերություն Պորտուգալիայի, Իսպանիայի և Հունաստանի` Թուրքիան այդպես էլ չի հաշտվել իր ամբողջատիրական (totalitarian) անցյալի հետ»,- հիշեցնում է նա: «Այդ ամբողջատիրական անցյալը, որն անմահացել է Մուստաֆա Քեմալի կուլտը պաշտամունքով, շարունակում է ապրել»:

Այո, այն դեռ կենդանի է և շատ կենսունակ: Այն քաղաքական կուսակցությունները, որոնք համարձակվում են շեղվել սխալ արմատներից, փակվում են, իսկ մտավորականները, որոնք կասկածի տակ են առնում այս տաբուները` զրպարտվում: Օրինակ, պրն. Նիշանյանը թուրքական լրատվամիջոցներում անձնավորված հարձակումների թիրախ է դարձել այն օրից, երբ լույս տեսավ նրա գիրքը: Քեմալական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում ոչ թե նրա փաստարկներն են, այլ նրա ընտանեկան կյանքում հայտնաբերված տհաճ փաստերը: Նույն վերլուծաբանները քեմալականնների այլ հակառակորդներին անվանում են դավաճաններ, «Սորոսի կողմից ֆինանսավորվող» սադրիչներ, «իմպերիալիզմի» ծառաներ և նմանատիպ այլ որակումներ են տալիս:

Ցավոք, եթե հանրապետությունն իսկապես «սխալված» էր, հանգիստ կարելի էր ասել, որ նրա «զավակներն» էլ «ճիշտ» ուղու վրա են: Նրանք պարզապես հավատարիմ են իրենց «հայրերից» ժառանգած սկզբունքներին:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Արամէգրել է 30 Հուլիս 2008թ.-ին, ժամը 02:53

    Այն որ քեմալականների աներկբա գերիշխանության դարաշրջանը մոտենում է իր ավարտին դա ակնհայտ է: Բայց դրանից ավտոմատ կերպով չի բխում այն, որ Թուրքիան կդառնա ժողովրդավար ու ազատական երկիր ինչպիսին Հունաստանն է կամ Պորտուգալիան: Ընդանրապես այսօր ժողովրդավարական համակարգերը բուն Եվրոպայում դառնում են անկայուն ու բարդ կառավարելի: Այսինքն հույս տածել որ բազմաքանակ մահմեդական Թուրքիան, որտեղ կան բազմաթիվ ներքին ուժեղ լարումներ կարող է դառնալ ժողովրդավար երկիր շատ միամիտ է:
    Ինչպես տեսնում ենք քեմալական ֆաշիզմին միակ ռեալ այլընտրանքը դա իսլամիզմն է: Առայժմ: Ապագայում միգուցե կհայտնվեն նոր Դինքեր, որոնք կփոխեն Թուրքիայի քաղաքական մթնոլորտը, իսկ մինչ այդ մենք պետք է փաստենք, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի հանդեպ ահավոր հարված էր ոչ միայն Հայ ժողովրդին այլ նաև էլ ավելի ջախջախիչ հարված էր Եվրոպական դեմոկրատիայի արևելք տարածվելու տեսլականին: Եվ այսօր Եվրոպան քաղում է, ու դեռ ավելի շատ է քաղելու այդ մեծ քաղաքակրթական Կատաստրոֆայի հետևանքները:

  2. Ավիգրել է 08 Օգոստոս 2008թ.-ին, ժամը 03:49

    Աթաթուրքի քաղաքականությունը,իմ կածիքով,ի սկզբանե ոչ մի կապ չուներ ժողովրդավարության հետ,այն պարզապես պատրվակ էր 1-ին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի համար ստեղծված վիճակը,մասնավորապես Թուրքիայի մասնատումը կասեցնելու համար,և պետք է ասել որ ցավոք,այն հաջողվեց: