Aug 04 2008

Պայմանական ագրեսորը հարձակվում է Հայաստանի վրա

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Գազետա», 30 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (Gazeta)
Դենիս Թելմանով (Денис Тельманов)

Մեկնարկեցին Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Ռուբեժ 2008» համատեղ զորավարժությունները:

ՀԱՊԿ-ի Մոսկովյան կենտրոնակայանում երեկ մեկնարկեց կազմակերպության վերջին տարիների խոշորագույն հրամանատարա-շտաբային «Ռուբեժ 2008» համատեղ զորավարժության երկրորդ փուլը: Հինգշաբթի օրը, մինչեւ երեկո, ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների օպերատիվ խմբերը կմշակեն կազմակերպության անդամ-երկիր Հայաստանին արտաքին ագրեսիայից պաշտպանելու գործողության ծրագիր: Օգոստոսի վերջին ծրագրված զորավարժությունների երրորդ եւ չորրորդ փուլերում նախատեսվում է այդ մարտավարական որոշումների գործնական կիրառում:

ՀԱՊԿ-ի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Լատիպովը երեկ հայտնել է, որ զորավարժությունների սցենարը նախատեսում է պայմանական ագրեսորի հարձակումը Հայաստանի վրա: Ըստ այդմ, այդ պայմանական ագրեսորը նման չէ ո’չ ՆԱՏՕ-ին, ո’չ էլ Հայաստանի հարեւան որևէ երկրի:

«Մենք նկատի ենք ունեցել տարածաշրջանային մասշտաբի զինված հակամարտության տիպային օրինակ: Որպես հակառակորդ դիտարկվում են ժամանակակից զինտեխնիկայով հագեցած տիպային զինված ուժեր»,- «Գազետայի» թղթակցին պարզաբանել է Լատիպովը:

Լայնածավալ զորավարժությունները, հրաձգությունը և պայմանական թշնամու ոչնչացումը տեղի կունենան ուսուցման երրորդ եւ չորրորդ փուլերում` օգոստոսի 18-ից 22-ը: Դրանք կանցնեն ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ` Հայաստանում մշտական հիմունքներով տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ: Զորավարժությունների մասնակիցներն արդեն տեղավորվել են Երեւանից 40կմ հեռավորության վրա` Մարշալ Բաղրամյանի անվան պոլիգոնում:

Նույն ժամանակահատվածում, Երեւանում կգումարվի ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը, որտեղ կամփոփվեն «Ռուբեժ»-ի արդյունքներն ու կքննարկվեն առկա խնդիրները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մյուս տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով` խնդիրներից մեկը դաշնակից երկրին օգնություն տրամադրելու հարցում որոշում կայացնելու ցածր արագությունն է: Ըստ Սեմերիկովի` խնդիրը խոստանում են լուծել մինչ խորհրդի նիստը:

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ կարծարծվի նաեւ այն հարցը, որ «Ռուբեժ»-ի զորավարժությունների փուլն անցկացվի ոչ թե ամեն տարի, այլ` երկու տարին մեկ անգամ: Մնացած ժամանակահատվածում առաջարկվում է ուժերը կենտրոնացնել կենտրոնակայանների միջեւ համագործակցության զարգացման վրա: ՀԱՊԿ-ի անդամների մեծամասնությունն արդեն հավանություն է տվել այս գաղափարին, այնպես որ, նման ծավալի հաջորդ համատեղ զորավարժությունները կարող են տեղի ունենալ միայն 2010 թվականին:

Առաջին անգամն է, որ «Ռուբեժ»-ի շրջանակներում անցկացվում են միաժամանակ ռազմավարական, օպերատիվ եւ մարտավարական գործողություններ: Բացի այդ, առաջին անգամն է, որ միացյալ ուժերը զորավարժություններ են անցկացնում ՀԱՊԿ-ի Կովկասյան տարածաշրջանում: Դրան մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի շուրջ 4 հազար զինծառայողներ:

Եվս մեկ առանձնահատկություն. «Ռուբեժ-2008»-ը հաջորդում է ռուսական խոշոր` «Կովկաս-2008» զորավարժություններին, որոնք ներկայում տեղի են ունենում նույն տարածաշրջանում: Դրան մասնակցում է ավելի քան 8000 զինծառայող: Եւ առաջին անգամ, նույն տարածաշրջանում, ՀԱՊԿ-ի զորավարժություններից անմիջապես հետո, , սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 21-ը Հայաստանում նախատեսված է ՆԱՏՕ-ի` Համատեղ Աղեղ/Նիզակակիր-2008 զորավարժությունը` 21 երկրներից ավելի քան հազար զինծառայողների մասնակցությամբ:

«Ռուբեժ»-ի կազմակերպիչները վստահեցնում են, որ ռազմավարական երկու հակառակորդների շահերի բախման խնդիր չկա. Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշելու` ում հետ բարեկամանա:

«ՆԱՏՕ-ի զորավարժություններում Հայաստանի զինված ուժերի մասնակցությունն, աձամբ ես, գնահատում եմ որպես հերթական ուսումնական փուլ: Թող սովորեն, կատարելագործեն իրենց պատրաստվածությունը»,- հայտարարել է Սեմերիկովը: «Կյանքը ցույց է տալիս, որ մենք, միեւնույնն է, պետք է լուծենք համատեղ խնդիրներ, ցանկանում ենք մենք դա, թե` ոչ: Միանշանակ է, որ մենք ՆԱՏՕ-ն չենք դիտարկում որպես հակառակորդ»:

Comments Off on Պայմանական ագրեսորը հարձակվում է Հայաստանի վրա

Այս էջում չկա մեկնաբանություններ