Sep 17 2008

Սա Հայաստանը չէ, գյավու՛ր

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թրքիշ Դեյլի Նյուզ», 6 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Turkish Daily News)
Յուսուֆ Քանլի (Yusuf Kanli)

Առավոտյան ժամի, Անկարայի կենտրոնում, մի փաստաբան փորձել է զգուշացնել երթուղային տաքսու վարորդին, որ վերջինս դադարեցնի ավտոմեքենան վտանգավոր ձևով վարել: Երթուղային տաքսու վարորդը կանգնեցրել է իր մեքենան և դուրս եկել: Ձեռքին դանակ` նա տաք լեզվակռվի է բռնվել փաստաբանի հետ. ինչպե՛ս է փաստաբանը համարձակվում բարեկիրթ վարվեցողության խուրհուրդներ տալ իրեն: Նա նկատել է, որ փաստաբանը ծխախոտ է ծխում: Առավոտյան ժամը 10:30-ն էր: Մի քանի օր է, ինչ սկսվել էր Ռամադանի սուրբ ամիսը՝ պասի ամիսը: «Սա Հայաստանը չէ, դո՛ւ, գյավուր»,- բղավել է երթուղային տաքսու վարորդը և սկսել դանակի կոթով ծեծել փաստաբանին (փառք Աստծո` կարողացել է գոնե այդ աստիճան զսպել զայրույթը)… Սա, իհարկե, առանձին և միանշանակ` մասնավոր դեպք էր, որը չպետք է ընդհանրացնել և վերագրել Թուրքիայի ողջ հավատացյալ մահմեդական բնակչությանը:

Փաստաբան Էրդալ Գյուզելը ցնցված էր… Նա ընդամենը ցանկացել էր երթուղային տաքսու վարորդին զգուշացնել, որ վերջինս դադարեցնի փոխել երթուղագծերը նման վտանգավոր ձևով` խախտելով երթևեկության բոլոր կանոնները, ասես նա ճանապարհների արքան է… Բայց, փաստաբանի մեքենայի առաջ իր մեքենան կտրուկ արգելակելուց հետո (այնքան կտրուկ, որ փաստաբանը հազիվ էր կարողացել խույս տալ երթուղային տաքսու հետևամասին հարվածելուց), երթուղային տաքսու վարորդը դուրս է եկել իր ավտոմեքենայից և տեսելով, որ «մյուս վարորդը», որ իր «տիրապետությունն էր հաստատել ճանապարհներին», ծխախոտ էր ծխում Ռամադանի օրը, «խախտելով» արևածագից` արևամուտ պաս պահելու մահմեդականների սովորույթը, բղավել էր. «Սա Հայաստանը չէ, գյավու՛ր» և ծեծել նրան:

Փաստաբանը չհասկացավ` ինչ տեղի ունեցավ: Նա կարծում էր, թե ապրում է աշխարհիկ ժողովրդավարական հասարակարգում, որտեղ չկան կրոնական օրենքներին չենթարկվող մարդկանց փողոցներում փայտերով ծեծող «կրոնական ոստիկաններ», և որտեղ մարդիկ իրենք են որոշում, թե ինչ անել կամ չանել` քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Որպես փաստաբան, նա իհարկե հավատում էր, թե ապրում է մի երկրում, որտեղ «գյավուր» (ոչ մահմեդականներին ուղղված ստորացուցիչ և վիրավորական արտահատություն) բառի գործածումն արգելված էր և լուրջ խախտում էր համարվում դեռևս 1856թ.-ին ընդունված Բարեփոխումների մասին հրամանագրով:

Առանձին դեպքերի հեղեղ
Այն, ինչի միջով անցավ փաստաբան Գյուզելն, իհարկե, առանձին և մասնավոր դեպք էր… Քաղաքային ոստիկանությունը երկու շաբաթ առաջ Անկարայի Քեչիորեն թաղամասում ծեծել էր մի խանութպանի այն հիմնավորմամբ, որ վերջինս իր մթերային խանութը (որտեղ նաև ոգելից խմիչքներ էր վաճառում) չէր փակել 23:00-ին` ինչպես հրահանգված էր: Այդ մթերային խանութը թաղամասի այն քիչ խանութներից էր, որտեղ ոգելից խմիչքներ էին վաճառվում: Խանութպանը, որի մոտ, ստացած վնասվածքի պատճառով առաջացել էր բանավոր խոսքի խեղում, իհարկե պետք է հաշվի առներ, որ վարչապետի տունն այնտեղից մի քանի հարյուր մետրի վրա էր գտնվում, և որ քաղաքային ոստիկանությունն անելու էր ամեն հնարավորը` վարչապետին գոհացնելու համար… Այն, ինչ պատահեց մթերավաճառի հետ, իհարկե «շրջապատի ճնշումը» չէր, այլ` «մասնավոր պատահար, ինչը չպետք է ընդհանրացնել»…

Ստամբուլում մի խումբ 20-ամյա տղաներ մի ամառային երեկո գարեջուր էին խմում և կատակներ փոխանակում` քայլելով քաղաքի հին կամուրջներից մեկով: Քաղաքային ոստիկանությունը միջամտում է` «փրկելու թաղամասի պատիվն ու հպարտությունը»:

Երիտասարդ տղաները տեղի չեն տալիս… Նրանք հրաժարվում են դադարեցնել զվարճանքը, քանզի համոզված էին, որ ոչ մի հանցանք չեն գործել: Մոտակա խանութների սեփականատերերն ու դեպքի վայրում հայտնված մի քանի քաղաքացիներ փորձում են մեղմել տղաների և քաղաքային ոստիկանների միջև լարվածությունը: Նրանց բոլորին ծեծում են, խանութներն էլ` ավերվում են… Իհարկե, սա նույնպես մասնավոր դեպք է, որ չպետք է ընդհանրացվի:

«Աղջկա աշտարակ»-ին (Maiden Tower) նայող` ձկնային ուտեստների մի գեղեցիկ ռեստորան… Այն քաղաքապետարանի սեփականությունն է և մինչև վերջերս ղեկավարվում էր մասնավոր ձեռնարկության կողմից: Այժմ Ստամբուլի քաղաքապետարանը վերցրել է այն, վերանորոգում է և շուտով կհանձնի շահագործման` որպես «քաղաքապետարանին պատկանող` ձկնային ռեստորան, որը բաց է հանրության համար»: Սակայն, արդյո՞ք մյուս ռեստորանները բաց չեն հանրության համար: Ի՞նչ անհրաժեշտություն կա նշելու, թե դա լինելու է «քաղաքապետարանին պատկանող` ձկնային ռեստորան, որը բաց է հանրության համար»: Այս սահմանումը առանցքային նշանակություն ունի… Եթե այն «բաց է հանրության համար», նշանակում է` այնտեղ ալկոհոլ չի մատուցվելու… Թեև կառավարությունը զբաղված է պետությանը պատկանող ամեն ինչ սեփականաշնորհելով, քաղաքական իսլամի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող տեղական ինքնակառավարման մարմիններն «ազգայնացնում են» ռեստորաններն ու դարձնում դրանք «հանրության համար բաց» վայրեր… Եվ իհարկե, այսպիսի դեպքերը ընդհանրացնելու հիմքեր չկան… Առանձին դեպքեր են, այդքանը:

Ինչևէ, եկեք հուսանք, որ Աբդուլա Գյուլի այսօրվա այցը «Գյավուր Հայաստան» ինչ որ դրական նպատակի կծառայի, ավելին, քան երկու նախագահների` միասին ֆուտբոլային խաղ դիտելը:

Comments Off on Սա Հայաստանը չէ, գյավու՛ր

Այս էջում չկա մեկնաբանություններ