Oct 14 2008

Ո՛չ իմ անունից

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Արմենիան Ուիքլի», հատոր 74, թիվ 39, 4 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը՝ (The Armenian Weekly)
Կարեն Եգբարյան (Garen Yegparian)

Աղմուկի, ցույցերի, վերլուծությունների տարափի ու առավել ևս` գաղտնիության քողի տակ են հայտնվել Հայաստան-Թուրքիա (ուշադրություն դարձրեք, չեմ գրում` հայ-թուրքԱԿԱՆ) հարաբերություններն այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստան այցելելու հրավերը:

Անտարակույս, Թուրքիայի և Հայաստանի միջև պետք է հարաբերություններ հաստատվեն: Դրանց բնույթն ու մակարդակը կսահմանվեն ԵՐԿԱՐԱՏԵՎ բանակցություններից հետո, գոնե այդպես էի կարծում ես մինչև վերջերս:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանություն գործած պետության և այդ պետության իրականացրած ոճրագործության զոհերի զավակների մի մասի համար տուն-հանգրվան հանդիսացող պետության միջև ընթացող բանակցությունների բովանդակությունը գաղտնիությամբ է սքողված, ակամայից հարց է ծագում` ինչու՞ ոչ բացեիբաց: Ի՞նչ են թաքցնում: Ի՞նչ են զիջում:

Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ժառանգել է վերջինիս դիվանագիտական փորձառության ողջ պահոցը, խորամանկությունն ու տաղանդը: Միջազգային քաղաքականության խառնաշփոթի ու վայրիվերումների հետ առնչվելու ևս ինը տասնամյակներն է՛լ ավելի են հարստացրել Թուրքիայի դիվանագիտության զինանոցը: Չմոռանանք, որ այս դիվանագիտական կառույցը միմյանց դեմ հանեց կայսերական Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու նրանց հասնել հավակնողներին: Այնուհետև, նա «նավարկեց» ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի նեղուցներում: Եթե այս մարդիկ այժմ Հայաստանի հետ բանակցություններ են վարում, ապա նրանց խոշոր հաղթանակ է սպասում: Ցավոք, մեր կողմը դեռևս չի հասել դիվանագիտական դիվայնության ու հնարամտության նման մակարդակի, այն պարզ պատճառով, որ ասպարեզից դուրս ենք եղել բավականին երկար ժամանակ:

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի վեհաժողովում արտասանած իր ճառում Սարգսյանը գրեթե չհիշատակեց այս հիրավի պատմական բանակցությունների ու ցեղասպանության, նաև` փոխհատուցումների ու հողերի մասին, որ Թուրքիան պարտք է մեզ: Այո, նա մի փոքր ավելի երկար արծարծեց ցեղասպանության հարցը Նյու Յորքում իր պատվին կազմակերպված ընթրիքին արտասանած իր ելույթում: Սակայն այս ամենում ծեծված մտքերից ավելին ոչինչ չկար:

Մինչդեռ, ցեղասպանության «հարցին» անդրադառնալու նպատակով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու անպտուղ ձեռնարկումը դեռևս սեղանին է: Եթե այս բանակցություններից Թուրքիան դուրս գա նշված մարմնի ստեղծման մասին համաձայնությամբ, ապա նա ԽՈՇՈՐ հաղթանակ տարած կլինի: Սփյուռքի հիսուն տարվա ջանքերն` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը, գրեթե ի չիք կդառնան: Եթե Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ մեկն այդ հարցով դիմի որևէ իրավական, միջազգային, օրենսդրական մարմնի կամ որևէ առաջնորդի, ի պատասխան կլսի. «Չէ՞ որ Հայաստանն ու Թուրքիան միասին փորձում եմ գլուխ հանել խնդրից: Ես չեմ կարող խառնվել»: Իհարկե մենք կարող ենք տալ տարաբնույթ երկարաշունչ ու առարկայական պատասխաններ: Սակայն սկսելու ենք ծայրաստիճան անբարենպաստ դիրքերից:

Առկա է նաև միջազգային հանրության ճնշումը Սարգսյանի վրա` նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո: Այս ամենին ավելացրեք Վրաստանի ֆիասկոն, Ադրբեջանի` սուսեր թափահարելն ու Մերձավոր Արևելքում տիրող ընդհանուր անկայունությունը, և կստանաք անչափ վտանգավոր և սպառնալիքներով հղի իրավիճակ: Հիմա էլ այս իրավիճակը զուգակցեք բանակցությունների գաղտնիության հետ և չեք կարող չհարցնել. «Ի՞նչ է կատարվում»:

Նույնիսկ ռամկավարների հրատարակած մի վերլուծության մեջ մատնանշվում են այս հանգամանքներից մի քանիսը, իսկ այդ կուսակցությունն առանձնապես աչքի չի ընկնում կոշտ դիրքորոշմամբ:

Այսպիսով, եթե փոխհատուցումների և Սևրի պայմանագրի (Վիլսոնյան Հայաստանով հանդերձ) շուրջ քննարկումներ սկսելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հրաժարվել ցեղասպանության հարցից՝ Արցախի հարցում զիջումների, սահմանի բացման և երկկողմանի միջպետական այլ խնդիրների դիմաց, ես ասում եմ. «Ո՛չ իմ անունից»: Ես չեմ լիազորել որևէ մեկին, առավել ևս` այն կառավարությանը, որը ներկայացնում է մեր` տուժածներիս (Ցեղասպանությունը վերապրածների և մեր հողերի ու ունեցվածքի ժառանգորդների) հստակ փոքրամասնությունը, խոսելու իմ անունից, էլ չեմ ասում` զիջելու ծնունդով ինձ վերապահված իրավունքը: Եկեք նաև չմոռանանք, որ միայն վերջերս, այն էլ` հսկայական ջանքեր թափելուց և դժվարություններ հաղթահարելուց հետո, մեզ արտոնվեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը. մինչդեռ դա պետք է միանգամայն դյուրին ու մատչելի լիներ` մեզ հասանելիքն ու ծնունդով մեզ վերապահված իրավունքի բաղկացուցիչ մասը:

Եկե՛ք բոլորս, հեռախոսով թե գրավոր, դիմենք Հայաստանի Հանրապետության տեղական ներկայացուցիչներին` դեսպանատներին, հյուպատոսություններին, առաքելություններին և այլ պատվիրակությունների: Եկե՛ք պատվիրենք նրանց` տեղի չտալ: Եկեք օգնենք նրանց լինել աներեր: Եկե՛ք պահանջենք մեզ հասանելիքը: Եկե՛ք ասենք. «Մի՛ խառնվեք փոխհատուցման ու մեր հողերի նկատմամբ մեր իրավունքների հարցերին, և որ նույնքան կարևոր է՝ մեր արժանապատվությանը, ասել է թե՝ ցեղասպանության ճանաչման հարցին: Մի՛ խառնվեք սփյուռքի գործերին»:

Comments Off on Ո՛չ իմ անունից

Այս էջում չկա մեկնաբանություններ