Oct 30 2008

Դիրքը և երիցս դիրքն է Կովկասի համար պայքարի բանալին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ֆրանս Պրես», 26 հոկտեմբերի 2008թ.
Սղբյուրը՝ (Agence France Presse)
Միշել Մենվիլ (Michael Mainville)

Հին ասացվածք կա. «Եթե դիրքդ լավն է, դուռդ թակող երկրպագուներ շատ կլինեն»: Կարծես թե ասված է համաշխարհային անշարժ գույքի մաս կազմող Հարավային Կովկասի մասին:

Սեպի նման խրված Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև` արևմուտքի շուկաները արևելքի էներգակիրների աղբյուրներից բաժանող մի լեռնային, դժվարանցանելի հողակտորի վրա գտնվող Հարավային Կովկասի հանրապետությունները ռուս-վրացական պատերազմին հաջորդած ժամանակահատվածում հյուրընկալեցին խիստ կարևոր անձանց (VIP) մի ամբողջ շարք:

Վերջին ամիսներին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին այցելեցին Հայաստան, Ադրբեջան կամ Վրաստան` խթանելով տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու իրենց երկրների ջանքերը:

Վերլուծաբանների կարծիքով` այցելուների այս առատ հոսքն արտացոլում է տարածաշրջանի յուրահատուկ ռազմավարական դիրքը:

«Իր ողջ պատմության ընթացքում Կովկասը եղել է պայթյունավտանգ տարածաշրջան, ուր հատվում են արևելքն ու արևմուտքը»,- ասում է Թբիլիսիի «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի վերլուծաբան Շալվա Լազարիշվիլին:

Վեր խոյացող լեռնագագաթների և հինավուրց փլատակների հանգրվան Կովկասը երկար ժամանակ եղել է օտար կայսրությունների տիրապետության տակ՝ պարսիկներից հետո օսմաններ, հետո ռուսներ:

Երբ 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանի երեք երկրներն անկախություն ձեռք բերեցին, Միացյալ Նահանգները երևան եկավ որպես նոր դերակատար այդ թատերաբեմում:

Լինի՛ դա Հայաստանին ցուցաբերվող շոշափելի արտաքին օգնության, թե՛ Ադրբեջանի նոր էներգետիկ նախաձեռնություններին աջակցելու, կամ թե՛ Վրաստանի արևմտամետ ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին սատարելու եղանակով՝ մեկ բան պարզ է, որ Վաշինգտոնը վերջին տարիներին զգալիորեն ներխուժել է կովկասյան տարածաշրջան:

Միացյալ Նահանգները ներգրավվել է նաև Կովկասի անվտանգության հարցերում` ֆինանսավորելով զանազան ծրագրեր, այդ թվում՝ սարքավորումների արդիականացում Ադրբեջանում և զինվորականների ու անվտանգության ոլորտի այլ աշխատակիցների վերապատրաստում Վրաստանում:

Սակայն, որպես տարածաշրջանում նոր ուժ` ԱՄՆ-ի ձեռքբերումները, վերլուծաբանների կարծիքով, փխրուն են, իսկ պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ այն ուժը, որի հետ հարկավոր է հաշվի նստել:

«Ռուսաստանի ներկայությունը Կովկասում 200 տարվա պատմություն ունի, այն բոլորից լավ գիտի, թե ինչպես է պետք գործել այնտեղ»,- ասել է Մոսկվայի «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Միխեևը: «Մշակութային և պատմական համատեքստը չափազանց կարևոր է, իսկ Հյուսիսային Կովկասը պատկանում է Ռուսաստանին: Այս բոլոր գործոնները վերջինիս դարձնում են ուժեղ դերակատար»,- նշել է նա:

Օգոստոսի 8-ին Ռուսաստանը զորքեր ուղարկեց Վրաստան՝ կասեցնելու Մոսկվայի հովանավորյալ, ապստամբ Հարավային Օսիան զենքի ուժով ետ վերցնելու վրացիների փորձը: Ռուսական զորքերը գրավեցին երկրի որոշ մեծ հատվածներ, բայց հետո ետ քաշվեցին դեպի Հարավային Օսիա և Աբխազիա` մեկ այլ ապստամբ շրջան:

Հակամարտությունից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություններ` արժանանալով միջազգային հանրության խիստ քննադատությանը:

Ըստ վերլուծաբանների` հակամարտությունն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը: Նախատեսելով Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայել 7 600-հոգանոց զորք` Ռուսաստանը գրավում է կարևորագույն ռազմական դիրք Կովկասյան լեռներից դեպի հարավ: Սակայն առավել կարևորը թերևս այն է, որ Մոսկվան հասկացրել է բոլորին, որ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար պատրաստ է դիմել վճռական, հնարավոր է նաև` վտանգավոր քայլերի:

«Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին Վրաստանին և նրա հարևաններին, որ Կովկասը մնում է Ռուսաստանի համար առաջնային կարևորության տարածաշրջան»,- նշում է Լազարիշվիլին:

Փորձագետները, սակայն, համոզված են, որ տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու համար «մեծ խաղը» դեռ հեռու է իր ավարտից:

Չնայած ընդդիմության բարձրացրած աղաղակին` Սահակաշվիլին, ըստ ամենայնի, դեռևս ամուր է նստած իշխանության ղեկին և իր կառավարությունը շարունակում է վայելել արևմուտքի աջակցությունը, այդ թվում` չորեքշաբթի օրն արված` 4,55 մլրդ ԱՄՆ դոլարի (3,5 մլրդ եվրո) չափով օգնության խոստումը:

Էներգակիրներով հարուստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին 2-րդ անգամ իր վերընտրվելն ապահովելուց հետո էլ պիտի կարողանա հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստան-արևմուտք առճակատման իրողության պայմաններում: Ադրբեջանը հսկայական օգուտներ քաղեց արևմուտքի աջակցությունը վայելող խողովակաշարերի միջանցքից, որով Կասպից ծովի նավթն ու գազը տեղափոխվում են եվրոպական շուկաներ, բայց և կարողացավ շարունակել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Հայաստանը մնում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցը տարածաշրջանում. Հայաստանում տեղակայված է ռուսական գլխավոր ռազմական բազա, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը նաև ԱՄՆ արտաքին օգնության ամենախոշոր հասցեատերերից մեկն է` շնորհիվ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի:

Ըստ վերլուծաբաների` իր դիրքերը վերահաստատող Ռուսաստանին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային և անկայուն Իրանին մոտ լինելու հանգամանքները խիստ կարևոր են դարձնում այս տարածաշրջանն` իր աշխարհաքաղաքական դիրքով, որը հնարավոր չէ անտեսել:

«Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունն աճում է»,- ասել է Ստոքհոլմի «Կենտրոնական Ասիա և Կովկասի ինստիտուտ և մետաքսի ճանապարհի ուսումնասիրությունների ծրագիր» հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Սվանտե Կորնելը:

«Խնդիրը 200 տարվա ռուսական տիրապետությունից հետո տարածաշրջանի ելքն է դեպի արտաքին աշխարհ: Խնդիրը Կասպից ծովի էներգետիկ պաշարներն արևմուտք փոխադրելն է: Խնդիրը անդրմայրցամաքային առևտրի հնարավորությունն է»:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Аramգրել է 17 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 18:21

    SOS !!!

    Согласно ряду сообщений, азербайджан в России закупил высокоточный оперативно-тактический ракетный комплекс
    9К79 “Точка-У” с дальностью действия 120 км. После поставок из Украины 12 реактивных систем залпового огня “Смерч” калибра 300 мм (площадь поражения 60 гектаров, дальность полета реактивного снаряда 70-90 км!!!!) на вооружении азербайджанской армии это уже второй комплекс, обладающий значительными поражающими возможностями и дальностью действия.

    (Армении нужно вооружатся, вооружатся и еще раз вооружатся, а что мы делаем не известно. Для усиления Армии ничего не надо жалет. Безопасность стоит дорого……. но она того стоит.)