Nov 04 2008

Ազդեցությունների պատերազմը Կովկասում. Թուրքիան եւս կորցնողներից է…

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ալ-Սա‎ֆիր» օրաթերթ, Բեյրութ
13 օգոստոսի, 2008թ.
Մուհամմետ Նուրէդդին

Թուրքիան գտնվում է ներկայումս Կովկասում մղվող ազդեցությունների հակամարտության հենց սրտում: Խորհրդային Միության քայքայումից հետո Անկարան տարածաշրջանի հիմնական դերակատարներից է: Խորհրդային Միության փլուզումով նշանավորված ռազմավարական զարգացումները Արեւմուտքին եւ Կովկասում Ռուսաստանի ավանդական ու պատմական մրցակից Թուրքիային աննախընթաց առիթ ընծայեցին տարածաշրջանը վերաձեւելու` այնտեղ ռուսական ազդեցության նվազումն երաշխավորելու համար:

Արեւմուտքն ու Անկարան իրենց փնտրածը գտան Վրաստանում եւ Ադրբեջանում, հետեւաբար աշխատեցին նրանց ուղղությամբ, մինչդեռ չէին կարող աշխատել Հայաստանի ուղղությամբ` Թուրքիայի հետ պատմական հակամարտության պատճառով:

Եվ եթե հաջողությունն ավելի հեշտ եղավ Ադրբեջանում` կրոնական եւ էթնիկ պատճառներով, ապա դա հաջողվեց նաեւ Վրաստանում` Արեւմուտքի եւ Թուրքիայի կողմից որդեգրման շնորհիվ: Իրականում, Թուրքիան ռազմավարական հզոր շահ ուներ Վրաստանն իր կողքը բերելով եւ Ռուսաստանից հեռացնելով:

Դարերի ընթացքում առաջին անգամ առիթ է ստեղծվել, որպեսզի Ռուսաստանը Թուրքիայի ցամաքային հարեւանը չլինի, որով Վրաստանը արգելապատնեշ լինի Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ:

Վրաստանն իրեն դաշնակից շահելով` Անկարան իր դիրքերն ու Հայաստանը բոլոր` թուրքական, ադրբեջանական եւ վրացական կողմերից շրջափակումը շարունակելու իր ձգտումներն ամրապնդեց: Ակնհայտ է` հայերի մեծ փափաքն է, որ Թբիլիսիի արեւմտամետ վարչակարգի փլուզվի:

Նկատի ունենալով, որ հայերը ոչ միայն տիրում են Լեռնային Ղարաբաղին, այլեւ Ադրբեջանից հողեր են գրավել եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ցամաքային ուղիղ կապը կտրել` կարելի է գիտակցել Թուրքիայի համար այն կարեւորությունը, որն ունի վրացական ցամաքային միջանցքը` Ադրբեջան հասնելու համար:

Կասկած չկա, որ Ադրբեջանում եւ Կասպից ծովի ավազանում հայտնաբերված ու առկա էներգակիրների աղբյուրները Արեւմուտքի համար մեծ կարեւորություն ունեն: Ահա այստեղ երեւան է գալիս առանցքային կարեւորությունը Բաքվից Թբիլիսի, ապա թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթատար խողովակի, որը Թուրքիայի համար դարի նախագիծը համարվեց եւ որն ամրապնդում է որպես էներգիայի բաշխման երկրի նրա տեղն աշխարհում: Կա նաեւ Բաքվից Թբիլիսի, այնուհետեւ Թուրքիայում էրզրում նետված երկաթուղագիծը:

Այս նկատառումներով, Անկարան ամրապնդեց իր հարաբերությունները Թբիլիսիի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական ոլորտում: Վրաստանում թուրքական ներդրումները շուրջ 600 միլիոն դոլարի են հասնում եւ օտար պետությունների մեջ չորրորդ տեղն են գրավում: Մեծանում է նաեւ առեւտրի փոխանակության ծավալը, որը շուրջ միլիարդ դոլարի է հասել, ինչը մեծ գումար է, եթե համեմատվի տարածաշրջանում եւ աշխարհում մեծ պետությունների հետ Թուրքիայի առեւտրի փոխանակության ծավալների հետ:

Սակայն այն, ինչ պարզվեց հակամարտության բռնկումից հետո եւ տեղեկատվական միջոցներում այդքան չարտացոլվեց, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական գործակցությունն է: Արդարեւ, Թուրքիան վրացի սպաների է մարզում եւ Թբիլիսի է արտածում ռազմական տարբեր պիտույք` հրթիռներ, ռադարի համակարգեր, զրահապատներ, բեռնակառքեր, ավտոմատ զենքեր: Ու թեեւ ռազմական օժանդակությունների թիվը կարող է մեծ չլինել – հասնում է տարեկան յոթանասուն միլիոն դոլարի – այդուհանդերձ, կարեւորություն ունի Վրաստանի նման փոքր երկրի համար: Դա ի վերջո մի մասն է Արեւմուտքի ու Վրաստանի միջեւ համընդհանուր գործակցության` ռազմավարական դաշնակցությանը մոտեցող «թուրք-ադրբեջանա-վրացական եռանկյունու» ծիրի մեջ:

Իրականում, Թուրքիան շահագրգռված է նաեւ Վրաստանի եւ Կովկասի ժողովրդագրական, էթնիկ եւ կրոնական իրականությամբ: Թուրքական ծագումով բազմաթիվ էթնիկ խմբեր, ինչպես եւ իսլամ հավաքականություններ կան Վրաստանում: Վրաստանի կազմում Աճառիային ինքնավարության շնորհումն ու նրա բնակիչների մշակութային իրավունքների պաշտպանությունը Վրաստանի հետ սահմանագծման Թուրքիայի պայմաններից էին 1921թ. հոկտեմբերի 13-ին, այսինքն` Անկարան այս շրջանի ամբողջական երաշխավորն է, ինչպես է դրությունը նաեւ Կիպրոսում:

Կովկասում թուրքական քաղաքականությունը տատանվում էր դժվար ընտրանքների միջեւ. թուրքական հանրությունը հակված է թիկունք կանգնելու Աբխազիայում, Աճառիայում, Չեչնիայում, Դաղստանում եւ այլուր գտնվող ու իրեն ցեղակից կամ կրոնակից «եղբայրներին», մինչդեռ Ռուսաստանի դեմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու Անկարայի ցանկությունը հակադրվում է ժողովրդային հակումներին:

Իր բոլոր հարեւանների հետ արտաքին հավասարակշռված նոր քաղաքականություն վարող Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն իրականում ժառանգեց Կովկասում Վրաստանին դաշնակցելը, սակայն չձգտեց Ռուսաստանին հանգստացնել` վերջինիս մղձավանջները վերացնելու չափ, այլ բավարարվեց Մոսկվայի հետ իր տնտեսական հարաբերություններն ամրապնդելով. Թուրքիան Ռուսաստանից է ստանում գազի իր ներածումների 70 տոկոսը, ինչը Էրդողանի կառավարությունը կարծում է, թե բավարար է Ռուսաստանի մտավախությունները ցրելու եւ նրա հետ հավասարակշռություն ստեղծելու համար:

Ռուս-վրացական պատերազմի ընթացքում ուշադրություն գրավեցին ռուսական թերթերի, մասնավորաբար «Իզվեստիայի» ուղղած ամբաստանությունները Անկարային, որ վերջինս պատասխանատվություն է կրում վրացական բանակը զինելու համար: Ավելին, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Իրինա Ագրբան Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարային ամբաստանեց Օսեթիայի եւ Աբխազիայի վրա հարձակվելու հարցում Վրաստանին քաջալերելու համար` նրան օժտելով թուրք ժողովրդի վճարած տուրքերով ձեռք բերված զենքերով:

Վրացական պատերազմը հնարավոր է, որ կովկասյան քարտեզը հիմքից փոխի: Էրդողանը դա գիտակցեց առաջին իսկ ակնթարթից, ուստիեւ խոսեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ եւ փորձեց խոսել Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` առանց որ հաջողի դա անել մինչեւ հիմա, թեեւ հետագայում ժխտեց, թե փորձել է Պուտինի հետ կապվել: Էրդողանը Ռուսաստանին ամբաստանեց միջինարեւելյան մի նոր, իրեն հատուկ մի նախագծի իրագործման համար եւ մերժեց Թբիլիսիին ռազմական օժանդակություն տրամադրելու ամբաստանությունը` ասելով, թե Թուրքիան իսկապե/ս Վրաստանին զենք է վաճառել, ճիշտ այնպես, ինչպես նույնինքն Թուրքիայի զենքի ներածումների կարեւոր մի մասը կատարվել է Ռուսաստանից: Էրդողանը կոչ ուղղեց տարիներ առաջ Բալկաններում ստեղծվածի նման մի դաշինք կամ համաձայնություն կնքելու Կովկասում, պայմանով, որ Ռուսաստանը նրա մի մասը լինի:

Կարելի չէ Թուրքիայի ներքին զինվորական զարգացումները Կովկասի իրադրությունից անջատել: Այսպես, Քուրդիստանի բանվորական կուսակցությունն անցյալ շաբաթ պայթեցրեց Բաքու-Ջեյհան խողովակաշարի այն հատվածը, որն անցնում է Թուրքիայի Էրզինջանի շրջանով, ինչի պատճառով նավթի մղումը դադարեցվեց նրանով: Իսկ կուսակցությունը երեկ նույն շրջանում մի ական պայթեցրեց, որը իննը թուրք զինվորների սպանության պատճառ դարձավ:

Թուրք վերլուծաբանները ուշադրություն հրավիրեցին թիրախ ընտրված շրջանի եւ գործողությունների քաղաքական ժամանակի ընտրության վրա` ակնարկելով դրանց կապին Բաքու-Ջեյհան խողովակաշարից Ռուսաստանի դժգոհության հետ: Դիտորդները չգիտեն, թե խողովակաշարին ի՞նչ է պատահելու Թբիլիսիում Արեւմուտքին եւ Թուրքիային համակիր վարչակազմի տապալման դեպքում:

Հակառակ այն ուժեղ հարվածին, որ Թուրքիան մինչ այժմ ստացավ Կովկասում հակամարտության քարտեզի վերափոխումից եւ թուրքական շահերի վրա նրա ազդեցություններից, այդուհանդերձ, Թուրքիայի ներքին կյանքում գերակշռողը զարգացումների հետ իրապաշտորեն վերաբերվելու կոչերն են:

«Հուրրիյեթ» օրաթերթը կարծում է, թե Անկարայի շահերը պահանջում են չեզոքություն պահպանել Կովկասում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության մեջ, թեեւ դա այդքան էլ հեշտ բան չէ:

Իսկ Ֆիքրեթ Բելլան «Միլլիյեթում» գրում է, որ Թուրքիան մի կողմից պետք է պահպանի քառակողմ դաշինքը Ամերիկայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ, մյուս կողմից, աբխազների եւ օսեթների նման կովկասյան ծագումով ժողովուրդների նկատմամբ ավելի զգայնություն դրսեւորի: Նա ավելացնում է, որ Կովկասում «ազդեցության եւ ազգաբնակչության պատերազմը» Թուրքիայի գործը դժվարացնում է, քանի որ էթնիկ հակամարտությունները մեծանում են` փոխանակ մի համընդհանուր նախագծի շուրջ միավորվելու:

Իսկ «Զաման» օրաթերթը կարծում է, թե Սահակաշվիլու սխալ հաշվարկները շատ ծանր հետեւանքներ են ունենալու Վրաստանի համար. ինչ կարծում էր, թե պատերազմով շահելու է, շուռ եկավ իր դեմ, իսկ Ռուսաստանը չի նահանջելու մինչեւ իր բոլոր նպատակները չիրագործի:

Կասկած չկա, որ թուրք-վրացա-ադրբեջանական դաշինքը, ինչպես եւ ամերիկյան ծրագրերը լուրջ ցնցումների ենթարկվեցին, եթե նույնիսկ գործնական ճեղքվածքի չեն մոտեցել: Կասկած չկա նաեւ, թե այս բոլորը լուրջ հետեւանքներ են ունենալու տարածաշրջանի քարտեզի եւ հավասարակշռությունների վրա: Այս բոլոր զարգացումները լավագույն «յուղոտ պատառ» են լինելու վաղը` հինգշաբթի, Ստամբուլ հասնող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ թուրք պատասխանատուների բանակցությունների սեղանի վրա: Այդ բանակցությունների շնորհիվ հնարավոր է, որ է/լ ավելի ամրապնդվի տնտեսական եւ քաղաքական գործակցությունը Անկարայի եւ Թեհրանի միջեւ, ինչը հակասում է ամերիկյան շահերին:

Comments Off on Ազդեցությունների պատերազմը Կովկասում. Թուրքիան եւս կորցնողներից է…

Այս էջում չկա մեկնաբանություններ