Nov 18 2008

Ադրբեջան. Մոսկվան ճնշում է գործադրում Բաքվի վրա

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«ՅուրեյժիաՆեթ», 4 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը՝ (EurasiaNet)
Ստիվեն Բլանկ (Stephen Blank)

Վրաստանում ունեցած ռազմական հաջողությունն ամրապնդելու նպատակով` Ռուսաստանը սկսում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Մոսկվայի նպատակն է` ստիպել Բաքվին շարժվել Կովկասի անվտանգության և էներգակիրների համակարգի վերակազմավորման` իր իսկ մշակած մեծ ծրագրին համահունչ:

Մոսկվայի գլխավոր ցանկությունը, թերևս, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում նվազագույնի հասցնելն է, նույնիսկ` այն իսպառ վերացնելը: Այժմ, երբ Վրաստանն անկյուն է մղվել, իսկ Հայաստանն էլ Մոսկվայի գրպանում է, թվում է, թե Ադբեջանն է Կրեմլի հավակնոտ ծրագրերի իրականացման բանալին:

Բաքվի ամենազգայուն կետն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, ուստի զարմանալի չէ, որ Ռուսաստանը հենց այդ ուղղությամբ է առավելագույն ճնշումը գործադրում: Ինչպես ընդգծվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, Կրեմլը պարզաբանեց, որ չի հանդուրժի հիշյալ տարածքային վեճն ուժով կարգավորելու որևէ փորձ: Ռուսաստանն իր միջնորդական ջանքերն այնպես է ծրագրել, որ Բաքվում դրանք դիտվեն որպես այնպիսի առաջարկ, որն Ադրբեջանի առաջնորդները չեն կարող մերժել:

Ուժի հնարավոր կիրառումից հրաժարվելու մասին Մոսկվայի պնդումները (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը նոյեմբերի 2-ին ստորագրել են այսպիսի հայեցակարգ արտացոլող հռչակագիր) կտրուկ կրճատում է Բաքվի այլընտրանքները: Ինչ խոսք, Մոսկվայի` հարցն ուժով լուծելուն հակադրվելը կարող է բազմաթիվ հիմնավորումներ ունենալ, բայց, միևնույն ժամանակ, Բաքվի համար երևի դա է իր կորցրած տարածքները երբևէ վերականգնելու միակ իրատեսական հնարավորությունը: Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը սահմանափակել է Ադրբեջանի բանակցային հնարավորությունները` դնելով վերջինիս ծայրաստիճան անշահեկան վիճակում:

Քանի որ Ղարաբաղյան հիմնահարցի առանցքային կետերը (մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը և խաղաղապահ ուժերի տեղակայումը) դեռևս հեռու են կարգավորումից, Մոսկվայի գագաթաժողովի արդյունքները կարող են նախկինում արդեն համաձայնեցված հարցերը վերստին քննարկման առարկա դարձնել: Վերջին հաշվով, Ռուսաստանի համար միևնույնն է, թե այդ չլուծված հարցերն ինչպիսի լուծումներ կստանան, քանի դեռ խաղաղություն հաստատելու համար բանակցային անժամկետ գործնթացը բխում է Մոսկվայի շահերից. դա Կրեմլին տալիս է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի վրա ճնշում գործադրելու լծակ:
Մոսկվայի ճնշումը Բաքվի վրա չի սահմանափակվում լոկ Ղարաբաղյան խնդրով: Ըստ շրջանառվող լուրերի` Մոսկվան ցանկանում է ռազմական բազա տեղակայել Ադրբեջանում (այսինքն` ապահովել առավել ընդլայնված ու երկարատև ներկայություն Քաբալայի ռազմաօդային բազայում), և ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանի տնտեսության մեջ: Մասնավորապես, Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանն ընդգրկել Կրեմլի` կասպյան էներգակիրների ծրագրերում: Այս նպատակը լրացուցիչ հրատապություն է ստացել այն պատճառով, որ ներկայումս Ռուսաստանը, Իրանը և Քաթարը լրջորեն ուսումնասիրում են բնական գազի արդյունահանման միջազգային քարթել ստեղծելու հնարավորությունները, և որ Թուրքմենստանի գազի հանքավայրերի ծավալները համաշխարհային նշանակություն ունեն: Ադրբեջանը` Կասպից ծովի ավազանի մեկ այլ խոշորագույն գազարդյունահանող երկիր, միակ խոչընդոտն է Ռուսաստանի կողմից անդր-կասպյան էներգակիրների հոսքը մենաշնորհելու ճանապարհին:

Մոսկվան, ակնհայտ է, որ իրեն բավարարված չի զգա, մինչև չվերահսկի անվտանգության հարցերում Բաքվի դիրքորոշումները, ներառյալ` զինամթերքի վաճառքը, սպաների վերապատրաստումը, Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգի մշակմանն ու ռազմական դոկտրինի վերաձևակերպմանը: Եվ այս ամենն այնպես, որ հնարավոր դառնա Բաքվի սերտ համագործակցությունը Մոսկվայի գերիշխանության տակ գտնվող Համատեղ անվտանգության պայմանգրի կազմակերպության հետ, ինչպես նաև` նորելուկ Կասպիական տնտեսական համագործակցություն կազմակերպության հետ: Ակնհայտ է, որ այս խաղում գլխավոր մրցանակն այն է, որ ադրբեջանական էներգակիրները հոսեն ռուսական խողովակաշարերով, որի արդյունքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը կկորցնի իր ռազմավարական նշանակությունը: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Բաքուն խելամտորեն փոխեց իր էներգակիրների մի մասի հոսքը ԲԹՋ երթուղուց դեպի ռուսական խողովակաշարերը: Այժմ Մոսկվան ձգտում է այս տեղաշարժը դարձնել մշտական:

Պարզ է, որ Ռուսաստանի բոլոր նշված նախաձեռնությունների հանրագումարային վերջնանպատակը Ադրբեջանի ինքնիշխանությունը սահմանափակելն ու Բաքուն Մոսկվայի ազդեցության դաշտի մեջ ներառնելն է, ինչպես նախագահ Դմիտրի Մեդվեդևն է նախատեսել օգոստոսի 31-ին: Նման քաղաքականությունը լավագույնս արտահայտում է Մոսկվայի երկար տարիների ջանքերն` ընդգրկելու ԱՊՀ երկրները Կրեմլից վերահսկվող զանազան կազմակերպությունների մեջ և դուրս մղելու արևմտյան պետությունները Կովկասից ու Միջին Ասիայից:

Ե՛վ Վաշինգտոնում, և՛ եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես` Բեռլինում, քաղաքականություն մշակողներին պետք է մեծապես մտահոգի Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը խարխլելու Կրեմլի անսքող ցանկությունը: Ռուսաստանի կողմից ճնշումներն, անկասկած, շարունակվելու են և հավանաբար ավելի կուժեղանան՝ արևմտքից համապատասխան հակազդեցության բացակայության պարագայում: Միացյալ Նահանգների և Եվրամիության համար առաջիկա շաբաթների և ամիսների անհետաձգելի խնդիրը պետք է դառնա միասնական դիրքորոշման որդեգրումը, ինչը ցույց կտա Ադրբեջանի և Կասպից ծովի ավազանի մյուս պետությունների ղեկավարներին, որ իրենք միայնակ չեն Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում:

Խմբագրի ծանոթագրություն. Ստիվեն Բլանկն ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս է: Այս հոդվածում արտահայտված տեսակետները չեն արտացոլում ԱՄՆ բանակի, պաշտպանության նախարարության կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Gerasգրել է 18 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 17:48

    Отход от темы…. но полезная статья.

    Правительство Армении рассматривает три возможных маршрута железной дороги Иран-Армения
    На сегодняшний день обсуждается три предварительных проекта железной дороги Иран-Армения – длиной 373, 443 и 447 километров. Об этом в беседе с журналистами заявил министр транспорта Армении Гурген Саркисян. Министр подчеркнул, что предварительно выбран самый длинный 447-километровый проект. Маршрут проекта – армяно-иранская граница – Джермук – Мартуни – Гавар. “Финансовые оценки пока относительны”, – отметил он. По словам министра, сроки строительства зависят от того, насколько активным будет финансирование, но, по предварительным подсчетам, реализация проекта может занять 5 лет.

    Ранее на совместной с премьер-министром Армении Тиграном Саркисяном пресс-конференции по поводу открытия филиала Азиатского банка развития в Армении президент банка Харухико Курода отметил, что транспортная связка имеет важное значение для Армении. “Лучшая возможность помочь развитию экономики Армении – развитие транспортной инфраструктуры. Мы уже обсуждаем с правительством возможность финансирования строительства железной дороги Иран-Армения”, – отметил Курода. Премьер-министр Армении Тигран Саркисян также подчеркнул важность развития инфраструктуры. Он отметил, что правительство уже приняло решение о сверхважном значении железной дороги Иран-Армения, и подчеркнул, что опыт, знания и финансирование АБР окажут существенную помощь в осуществлении проекта.

    (Это дело обязательно нужно довести до логического конца, тост надо его достроить.
    Японии за это огромное спасибо. А если у большого северного соседа финансовые проблемы, это уже его проблемы.
    Она потихонечку дает задний ход по этому делу, ну и пусть………………………………..)

  2. Birthrightգրել է 19 Նոյեմբեր 2008թ.-ին, ժամը 04:26

    Հոդվածի հեղինակը նշում է. «Ինչ խոսք, Մոսկվայի` հարցն ուժով լուծելուն հակադրվելը կարող է բազմաթիվ հիմնավորումներ ունենալ, բայց, միևնույն ժամանակ, Բաքվի համար երևի դա է իր կորցրած տարածքները երբևէ վերականգնելու միակ իրատեսական հնարավորությունը»:

    Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի կողմից կրկին անգամ պատերազմի սանձազերծման խրախուսում, արդարացում և հավանություն: Ադրբեջանի ագրեսիան արդարացնող և քաջալերող նման մեկնաբանությունների պակաս չկա արևմտյան մամուլում, այն էլ այն դեպքում, երբ Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս` երբեք չի փաստվում, որ Արցախն ապօրինաբար է հանձնվել Ադրբեջանին, և որ վերջինս ցեղասպան պատերազմով է պատասխանել արցախահայության` Հայաստանի հետ վերամիավորվելու ԽԱՂԱՂ, ԱՐԴԱՐ և ՕՐԻՆԱԿԱՆ պահանջին:
    Այդ կարգի մեկնաբանություններն անհանդուրժելի՛ են, քանի որ հարվածում են մեր ազգային անվտանգությանը, մեր գոյության իրավունքին, որ վտանգված է, հետևաբար պետք է արժանանան հայկական կողմի համապատասխան արձագանքին ու գնահատականին:
    Փոխարենն, այս աղբյուրները պիտի հասկացնեն Ադրբեջանին (և տեղեկացնեն միջազգային հանրությանը), որ նա պետք է հաշտվի այն տրամաբանության և օրենքի հետ, որ չի կարելի վերազավթել այն, ինչն իրեն չի պատկանում, և որ պատերազմ սանձազերծած Ադրբեջանը պետք է կրի նաև այդ պատերազմի հետևանքները և ենթարկվի իրավական ու քաղաքական պատասխանատվության: