Mar 02 2009

Ամերիկյան հետախուզությունը վստահ չէ Սահակաշվիլիի հարցում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Նեզավիսիմայա գազետա», 19 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը` (Независимая газета)
Անդրեյ Տերեխով (Андрей Терехов)

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գնահատական են տվել Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը և համաշխարհային ճգնաժամին

ԱՄՆ-ում հրապարակվել է երկրի անվտանգության կարևորագույն մարտահրավերների մասին Բ. Օբամայի նախագահության օրոք արված առաջին մանրամասն վերլուծությունը: «Հետախուզական ընկերակցության կատարած` սպառնալիքների ամենամյա գնահատումը» կազմում է 45 էջ: Այն ընդգրկում է բոլոր աշխարհագրական տարածաշրջանները: Հատուկ ուշադրության է արժանացել իրավիճակը Պակիստանում, Իրանում և Մերձավոր Արևելքում: Առանձին բաժին նվիրված է Ռուսաստանին:

Երկրի բոլոր 16 հետախուզական ծառայությունները համակարգող, ԱՄՆ-ի Ազգային Հետախուզության տնօրեն Դենիս Բլեերի խոսքով` փաստաթղթի մշակման վրա աշխատել են հազարավոր մասնագետներ: Լուսաբանված են, փաստորեն, բոլոր համաշխարհային խնդիրները` համաշխարհային ճգնաժամի աշխարհաքաղաքական հետևանքները, ահաբեկչությունը, անվտանգության խնդիրն Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, հետխորհրդային տարածաշրջանում ու Աֆրիկայում, անդրազգային (транснациональный) կազմակերպված հանցավորությունը, շրջակա միջավայրը և առողջապահությունը…

Ռուսաստանն առաջին անգամ հիշատակվում է զեկույցի երկրորդ կեսում միայն: Այն ուղղակիորեն ԱՄՆ-ի հակառակորդը չի անվանվում (հետախույզները նշում են, որ ԱՄՆ-ը ներկայումս չունի այնպիսի հակառակորդ, որն, իր ռազմական հզորությամբ, ի վիճակի լինի սպառնալ ԱՄՆ-ի գոյությանը): Փաստաթղթում շարադրված են Ռուսաստանի արտաքին քաղաքականության այն ուղղությունները, որոնք մտահոգում են Վաշինգտոնին, դրանց թվում` Մոսկվայի հարաբերությունների զարգացումը Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի հետ, դեպի Եվրոպա և Արևելյան Ասիա էներգամատակարարումը վերահսկելու Ռուսաստանի փորձերը, ինչպես նաև եվրոպական շուկայում իր ներկայությունը հաստատելու և ընդլայնելու ուղղությամբ Մոսկվայի գործողությունները, մասնավորապես` մյուս խոշոր արտահանողների հետ գազային կարտել ստեղծելու միջոցով:

Զեկույցում ասվում է. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվան ամրացրել է իր սովորական զինված ուժերը` դրանք արտաքին քաղաքականության հուսալի գործիք դարձնելու, իր քաղաքական վերածննդի մասին հայտարարելու և հարևան երկրներին (օրինակ` Վրաստանին) իշխելու նպատակներով»: 2008 թվականի օգոստոսին վրացական բանակի նկատմամբ ռուսական բանակի տարած հաղթանակի մասին փաստաթղթում նշվում է որոշակի զարմանքով, քանի որ դա տեղի ունեցավ` «չնայած ռուսական բանակի թվաքանակի և զորակոչիկների որակի երկարաժամկետ կրճատմանն ու արդիականացման պահանջների բավարարման հարցում առկա դժվարություններին»:

Զեկույցում նշվում է, որ ռուս առաջնորդները դրական են արձագանքել ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր տեղաշարժին: Իհարկե, ի տարբերություն փաստաթղթի մյուս բաժինների, որոնցում հստակ խորհուրդներ են տրվում, այստեղ չի ասվում, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: «Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Վրաստանի անջատական շրջանների և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցերի շուրջ հակամարտությունը, ինչպես նախկինում, բարդացնելու են հարաբերությունները…»,– ամրագրում է փաստաթուղթը: «Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը ձգտում է խնդրի շուրջ լուրջ բանակցություններ սկսել «Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-1» (ՌՀՍ-1) համաձայնագրի ժամկետի լրանալուց հետո, Մոսկվան մշտապես ընդգծում է, որ Վրաստանի և Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կվտանգի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության առկա ռեժիմներն ու (վերահսկողության ապագա ռեժիմի շուրջ – «ՆԳ») բանակցությունները, ինչպես նաև` կարող է հանգեցնել Ռուսաստանի ռազմական հակազդեցությանը և Թբիլիսիի ու Կիևի նկատմամբ ճնշումների ուժեղացմանը»:

Հետախուզությունը «սառեցված հակամարտությունների» շուրջ լարվածության թուլացում չի կանխատեսում: Ընդհակառակը, մատնանշվում է սադրանքների և սխալ որոշումների աճող վտանգը. դրանք կարող են հանգեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ռազմական բախումների վերսկսմանը: Ամերիկացիները հավանաբար չգիտեն, թե ինչպես է զարգանալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության միջև հակամարտությունը, որի արդյունքը կարող է լինել կա՛մ երկրում ժողովրդավարության ամրապնդումը, կա՛մ երկրի հեռացումը ժողովրդավարությունից:

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը շարունակելու է մնալ որպես Կովկասում լարվածության ևս մեկ աղբյուր: «Ադրբեջանը վախենում է մեկուսացումից` Կոսովոյի անկախության հայտարարումից և Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումից հետո, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախանշանների ֆոնի վրա»:

Հոռետեսական կանխատեսումներ են արվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ: Էներգակիրների գների անկումը Ղազախստանին սպառնում է սոցիալական դժգոհությունների առաջացմամբ: Ֆինանսական ճգնաժամի պատճառով, Տաջիկստանում, որը հիմնականում ապրում է Ռուսաստանում աշխատող իր քաղաքացիների դրամական փոխանցումների հաշվին, կուժեղանա ներքին անկայունությունը:

Ընդհանուր առմամբ, ամերիկյան հատուկ ծառայությունները չեն կանխատեսում աշխարհում գոյություն ունեցող որևէ հակամարտության կարգավորում այս տարում: Ինչ վերաբերում է նոր հակամարտությունների առաջացմանը, ապա Վաշինգտոնին ակնհայտորեն անհանգստացնում է Իրանի և Իսրայելի միջև առճակատման հեռանկարը` Թեհրանի միջուկային ձգտումների պատճառով: Զեկույցում հաստատվում է, որ Իրանը 2003 թվականի աշնանը դադարացրել է իր միջուկային ծրագրի ռազմական մասը, և ենթադրվում է, որ առնվազն 2007 թվականի կեսի դրությամբ, պարսիկներն այդ ուղղությունը չեն զարգացրել: «Մենք չգիտենք` մտադի՞ր է արդյոք Իրանը միջուկային զենք արտադրել: Բայց, ամեն դեպքում, այս հնարավորությունը նա չի բացառում… 2010-2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Իրանը տեխնիկապես ունակ կլինի արտադրել բավականաչափ հարստացված ուրան` մեկ ռումբի համար»,- ասվում է փաստաթղթում:

ԱՄՆ-ի շահերին վտանգ է սպառնում նաև Պակիստանի` դաշնային կառավարման տակ գտնվող այն տարածքներից, որտեղ, ըստ ենթադրության, թաքնվում են «Ալ Քաիդայի» առաջնորդները, հյուսիսային Աֆրիկայի երկրներից, որտեղ նույնպես ահաբեկիչներ են գործում, և Եվրոպայից, որտեղ կանխատեսվում է ԱՄՆ-ի դեմ ծայրահեղականների կողմից ահաբեկչական նոր գործողությունների փորձարկում:

ԱՄՆ-ի համար գլխավոր վտանգ նշելով ֆինանսական ճգնաժանը` ամերիկացի հետախույզներն այդպես էլ չպատասխանեցին այն հարցին, թե երբ է անկումը հասնելու անդունդի հատակին:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Organogram Templateգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 12:09

    … [Trackback]…

    […] Read More here: artmamul.ararat-center.org/?p=149 […]…