May 12 2008

Թուրքիա. 12,000-ամյա տաճարային համալիրի հայտնաբերումը կարող է փոխել մարդկության զարգացման տեսությունը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեժիանեթ.օրգ», 4 ապրիլի, 2008թ.
Աղբյուրը` (Eurasianet.org)
Նիկոլաս Բիրչ (Nicholas Birch)

Հայագիտական բացատրությունը` պատմագիտության դոկտոր-պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյանի

Դեռևս մանուկ հասակից Կլաուս Շմիդտը սիրում էր ուսումնասիրել քարանձավներն իր հայրենի Գերմանիայում` հույս ունենալով հայտնաբերել նախապատմական պատկերներ: Երեսուն տարի անց, հանդես գալով որպես Գերմանիայի Հնագիտական Ինստիտուտի ներկայացուցիչ, նա հայտնաբերեց անչափ ավելի կարևոր մի բան` տաճարային մի համալիր, որը մոլորակի վրա եղած ցանկացած նմանատիպ կոթողից գրեթե երկու անգամ ավելի հին է:


«Այս վայրը ցնցող մի բացահայտում է», – ասում է Շմիդտը` կանգնած լինելով մի մենակյաց ծառի տակ` քամահար մի բլրի գագաթին, որը գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանից 35 մղոն դեպի հյուսիս: «Այն պահին, երբ առաջին անգամ տեսա այս վայրը, հասկացա, որ ունեմ երկու ընտրություն` հեռանալ և չասել այդ մասին ոչ ոքի, կամ էլ անցկացնել կյանքիս մնացած ողջ մասն այստեղ աշխատելով»:
Նրա ետևում գտնվում են Անատոլիական սարահարթի [1] առաջին ծալքերը: Առջևում փռված է Միջագետքի հարթավայրը, որն, ասես փոշագույն մի ծով, ձգվում է հարյուրավոր մղոններ դեպի հարավ` հասնելով և անցնելով Բաղդադը: Պորտասարի (Ն. Բիրչն օգտագործում է թուրքերեն Գյոբեքլի թեփե տեղանունը, որը բառացիորեն թարգմանվում է Պորտասար՝ «Արարատ» ՌԿ-ի խմբ.) քարե շրջանակները հենց նրա դիմացն են գտնվում` թաքնված բլրի ելուստի տակ:
Համեմատած Սթոունհենջի` Բրիտանիայի ամենանշանավոր նախապատմական վայրի հետ, նրանք համեստ տեսք ունեն: Պեղած շրջանակներից և ո՛չ մեկի տրամագիծը 30 մետրից չի անցնում (դրանք թվով չորսն են, մինչդեռ հաշվարկներով նրանց թիվը հասնում է քսանի): Հայտնագործությունն աչքի է ընկնում վարազների, աղվեսների, առյուծների, թռչունների, օձերի և կարիճների փորագրություններով, ինչպես նաև դրանց տարիքով: Ժամանակագրված մոտ մ.թ.ա. 9,500 թվականով` այս քարերը 5,500 տարով ավելի հին են քան Միջագետքի առաջին քաղաքները և մոտ 7,000 տարով էլ հին են Սթոունհենջից:
Չհաշված այս շրջանաձև օրինակները և քարերի վրա արված փորագրությունները` այն մարդիկ, ովքեր վեր են խոյացրել այս կոթողը չէին տիրապետում անգամ կավագործությանը կամ ցորեն ստանալու մշակույթին: Նրանք ապրում էին գյուղերում, բայց ոչ թե հողագործներ էին, այլ որսորդներ:
«Ընդունված է համարել, որ միայն հիերարխիկ քաղաքակրթությունները կարող են ստեղծել այսպիսի մոնումենտալ շինություններ, և որ վերջիններս ի հայտ են եկել միայն հողագործության սկզբնավորման հետ մեկտեղ», – ասում է Յան Հոդերը` Ստենֆորդի Համալսարանի մարդաբանության պրոֆեսորը, ով 1993-ից ի վեր ղեկավարել է պեղումները Չատալհոյուկում` Թուրքիայի ամենահայտնի նեոլիթյան վայրում: «Պորտասարն ամեն ինչ փոխում է: Այն իրենից ներկայացնում է մշակված համալիր և նախահողագործական հնավայր: Միայն այս փաստը Պորտասարը դարձնում է հնագիտական ամենակարևոր հայտնագործություններից մեկը բավականին երկար ժամանակահատվածում»:
Այժմ, երբ մի տասնամյակ տևած պեղումներից հետո դուրս է բերվել հնավայրի մի մասը միայն, դժվար է ասել, թե Պորտասարն ինչ նշանակություն է ունեցել այն մարդկանց համար, ովքեր այն կառուցել են: Ոմանք կարծում են, որ այն եղել է պտղաբերության ծեսի վայր` յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում տեղադրված երկու բարձր քարերով, որոնք խորհրդանշում են տղամարդու և կնոջ:
Սա մի տեսություն է, որը խանդավառորեն տարածում է հարևան Ուրֆա քաղաքի զբոսաշրջության կենտրոնը. «Այցելե՛ք եդեմական պարտեզը, – ազդարարում են նրանք, – տեսե՛ք Ադամին և Եվային»:
Շմիդտը թերահավատորեն է վերաբերվում պտղաբերության տեսությանը: Նա համաձայնում է, որ Պորտասարը հավանաբար կիսա-քոչվորական աշխարհի վերջին բարգավաճումն է, որը շատ շուտով պետք է ոչնչացվեր երկրագործության գալուստով և նշում է, որ եթե այսօր այն գրեթե անթերի վիճակում է գտնվում, ապա դա այն բանի շնորհիվ է, որ կառուցողները շինարարության ավարտից անմիջապես հետո այն թաղել են տոննաներով հողի շերտի տակ, կարծես նրա` վայրի կենդանիներով հարուստ աշխարհը կորցրել էր իր ողջ իմաստը:
Այս հնագիտական վայրը, սակայն, զերծ է պտղաբերության խորհրդանշաններից, որոնք հայտնաբերվել են Նոր քարի դարի այլ հնավայրերում, իսկ T-աձև սյուները, որոնք ակնհայտորեն կիսով չափ մարդկային կերպարանք են հիշեցնում, չունեն սեռային պատկանելություն:
«Ես կարծում եմ` այստեղ մեր առջև են աստվածների ամենավաղ պատկերները, – ասում է Շմիդտը մատնանշելով ամենամեծ քարերից մեկը, – նրանք չունեն ո՛չ աչք, ո՛չ բերան և ոչ էլ դեմք: Բայց նրանք ունեն ձեռքեր և դաստակներ: Նրանք կերտողներ են: Իմ կարծիքով մարդիկ, որոնք քանդակել են դրանք, իրենք իրենց տվել են մեծագույն հարցերը, – շարունակում է Շմիդտը – Ի՞նչ է այս տիեզերքը: Ի՞նչու ենք մենք այստեղ»:
Քանի որ այս կոթողների մոտակայքում չկան ո՛չ տների, և ո՛չ էլ գերեզմանների հետքեր, Շմիդտը կարծում է, որ բլրի գագաթը ուխտատեղի է եղել շրջակա համայնքների համար` հարյուրավոր մղոն շառավղով: Նա նշում է, որ ամենաբարձր քարերը բոլորը դեմքով նայում են դեպի հարավ-արևելք` կարծես ուշադրությամբ զննելով հարթավայրերը, որոնց մեջ պարփակված են շատ առումներով Պորտասարից ոչ պակաս արժեքավոր հնագիտական վայրեր:
Դրա օրինակն է այն, որ անցած տարի Հյուսիսային Սիրիայի Ջադ ալ-Մուղարայում աշխատող Ֆրանսիացի հնագետները պեղել էին երբևէ բացահայտված ամենահին որմնանկարը: «Երկու քառակուսի մետր երկրաչափական պատկերներ` կարմիր, սև և սպիտակ գույներով, որոնք փոքր-ինչ հիշեցնում են Պոլ Կլեի [2] կտավները», – մեկնաբանում է Էրիկ Կոքեգնիոտը` Լիոնի համալսարանի հնագետը, որը ղեկավարում է պեղումները:
Կոքեգնիոտը գտնում է, որ Շմիդտի վարկածը, ըստ որի Պորտասարը ծիսակատարությունների, տոնախմբությունների և մտքերի փոխանակման հավաքատեղի էր, բավականին հրապուրիչ է` հաշվի առնելով տեղանքի տպավորիչ դիրքը: Բայց նա նշում է նաև, որ այդ շրջանի հետազոտությունները դեռ շատ նախնական փուլում են գտնվում: «Վաղը մեկը կարող է ինչ-որ մի տեղ հայտնաբերել ավելի նշանակալից մի բան»:
Վեչիհի Օսկայան` Կորպիկտեպեում (որը գտնվում է Տիգրիս գետի վրա, մոտ 120 մղոն Ուրֆայից դեպի արևելք) անցկացվող պեղումների ղեկավարը, կասկածում է, որ այն հազարավոր քարե անոթներ, որ նա հայտնաբերել է 2001 թվականից ի վեր հարյուրավոր 11,500-ամյա գերեզմաններում իսկապես այդ արժեքն ունեն: Բայց նրա ոգևորությունն լցնում է Դիարբեքիրում գտնվող Դիկլ Համալսարանի նրա խիստ գրասենյակը:
«Ապա նայե՛ք այստեղ, – ասում է նա` ցույց տալով նրբորեն փորագրած մի քանդակի լուսանկար, որը պատկերում է կիսամարդ-կիսառյուծ մի կենդանու, – սա սֆինքս է` հազարավոր տարիներ Եգիպտոսից առաջ: Հարավարևելյան Թուրքիա, հյուսիսային Սիրիա… Այս տարածաշրջանը մեր քաղաքակրթության սաղմնավորման ականատեսն է եղել»:

Նիկոլաս Բիրչը Թուրքիայի, Իրանի և միջինարևելյան հարցերի մասնագետ է:
———————-

[1] Այս վայրը գտնվում է ոչ թե Անատոլիական սարահարթում (որը Փոքր Ասիայում է), այլ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում (տե՜ս պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի մեկնաբանությունը)։
[2] Պոլ Կլե (1879-1940) գերմանական ծագման շվեդ նկարիչ:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Բացատրությունը` պատմագիտության դոկտոր-պրոֆ. Է. Լ. Դանիելյանիգրել է 12 Մայիս 2008թ.-ին, ժամը 09:07

    «Արարատ» ՌԿ-ի խնդրանքով, Պորտասարի մասին այս նյութը մեկնաբանում է պատմագիտության դոկտոր-պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյանը

    Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցներում` Հայոց Միջագետքի հարավում` Ուրհա-Եդեսիայից 15 կմ հյուսիս-արևելք գտնվում է Պորտասարի հնավայրը` Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռնանցքներով վանակատի (օբսիդիան) արտահանման ուղիների վրա [*]: Հնավայրը պաշտամունքային նշանակության հետ մեկտեղ վանակատի նետասլաքների արտադրության կենտրոն է եղել և թվագրվում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակով (Klaus Schmidt, Sie bauten die ersten Tempel, München, 2006): Հնավայրի կառույցների սյուները կենդանակերպ քանդակազարդեր ունեն` օձերի, խոյի, ցուլի, վարազի, շան, աղվեսի, կռունկի, առյուծների պատկերներով: Մարդակերպ կերպարները խորհրդանշում են առնականություն և մայրություն: Բնակիչների զբաղմունքը հիմնականում որսը և հավաքչությունն էր. նրանք նաև ունեին ընտանի ոչխար և այծ: Հարակից հնավայրերով Պորտասարը համարվում է կարևոր օղակ միջին քարի դարից նոր քարի դարին անցման փուլում: Համադրությունը Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների, քարե աստղադիտարանների և հնագիտական հուշարձանների հետ վկայում է, որ Պորտասարը Հայոց Միջագետքի հարևան հնավայրերով մտնում է Հայոց վաղագույն քաղաքակրթական զարգացումների ազդեցության ոլորտի մեջ:

    ———————-
    [*]Հայկական լեռնաշխարհը վանակատի արտահանման հնագույն գլխավոր կենտրոնն էր Առաջավոր Ասիայում: Առևտրական ճանապարհներով Հայաստանից վանակատը հասել է Միջերկրական ծովի արևելյան ավազանի և Միջագետքի շրջանները (J. Dixon, J. Cann and C. Renfrew, „Obsidian and the Origins of Trade,“ – Scientific America, 1968, N 218, p. 46):

  2. ygbgnvvllգրել է 30 Հունվար 2012թ.-ին, ժամը 20:11

    vsqkf…

    nrlzwttlo vnnon sglstoi ltli rnxzhcitlucwwbt…