Մայ 08 2009

Նալբանդյանը փակում է մամուլի բերանը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ասպարեզ», 6 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Asbarez.com
Արա Խաչատուրյան (Ara Khachatourian)

Իմ գործընկեր Խաչիկ Մուրադյանը, «Արմենիան Ուիքլի»-ի խմբագիրը, չորեքշաբթի օրը հաղորդեց, թե արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հարցազրույց անցկացնելու խնդրանքները, մինչ նա Վաշինգտոնում էր` մերժվել են:

Սա շատ անհանգստացնող է հատկապես այն պահին, երբ պաշտոնական Երևանից տեղեկատվության հոսքն այնքան քիչ է, որ մենք` հասկանալու համար Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»` ստիպված ենք վերծանել Թուրքիայի և Ադրբեջանի քարոզչությամբ համեմված լրատվական հաղորդագրությունները:

Մերժելով հարցազրույցի խնդրանքները, Նալբանդյանը ձեռքից բաց թողեց ոսկե հնարավորություն` այս խիստ կարևոր խնդրի շուրջ խոսելու և այդքան անհրաժեշտ լույս սփռելու առ այն, թե արդյո՞ք այս ճանապարհային քարտեզը ավելին է, քան հետագա բանակցությունները ուրվագծող մի համաձայնագիր, թե՞ այն վնասակար տարրեր է ներառում Հայաստանի համար: Հայաստանի համար դա կարող էր նաև միջոց լինել` այս հարցի շուրջ առաջացած ենթադրություններն ու ապատեղեկատվությունը վերջնականապես հերքելու համար, ու նաև, վերջապես կհաներ գաղտնիության այն քողը, որ շղարշել են բանակցությունները` հատկապես Հայաստանի կառավարության կողմից:

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայ ժողովրդի հետ թափանցիկ և անկեղծ լինելը:

Հայկական մամուլի հետ այս և մեր ընթերցողներին հետաքրքրող այլ խնդիրների շուրջ խոսելու Նալբանդյանի մերժումը` լուրջ հարց է առաջացնում Հայաստանի իշխանությունների որդեգրած ռազմավարության վերաբերյալ և ավելի է մշուշում արդեն իսկ առկա անորոշության մթնոլորտը, որն առաջացել է «ճանապարհային քարտեզի» համաձայնագրի մասին ապրիլի 22-ին արված հայտարարությունից հետո:

Բացի երեք հրատապ հարցերից` արդյո՞ք առկա է համաձայնագիր, որը նախատեսում է Ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչում և Ղարաբաղյան հակամարտության զուգահեռ լուծում, Մուրադյանը, հավանաբար, այլ կարևոր հարցեր էլ ուներ Նալբանդյանին տալու:

Բերենք մի քանի օրինակ.

Եթե Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայտարարված է որպես արտաքին քաղաքական գերակայություն, ինչպե՞ս կարող էր Հայաստանի նախագահը «Ուոլ Սթրիթ Ջորնալին» ասել, որ նա չի խնդրել նախագահ Օբամային ճանաչել Ցեղասպանությունը:

Արդյո՞ք նախագահ Օբաման, փաստորեն, օգտագործել է իր նախընտրական խոստումը որպես սակարկման միջոց` ԱՄՆ շահերի իրականացումն ապահովելու համար:

Այս «ճանապարահային քարտեզի» գործընթացում ի՞նչ դեր է արտգործնախարարությունը նախատեսում Սփյուռքի համար:

Արդյո՞ք Թուրքիայում նոր արտգործնախարարի նշանակումը ազդեցություն կունենա բանակցությունների վրա:

Ինչպե՞ս է պատրաստվում արտգործնախարարությունը վարվել այս հարցում Ղարաբաղի հայերի բարձրաձայնած ընդդիմախոսության հետ և արդյո՞ք նրանց մտահոգությունները նկատի են առնվում Քլինթոնի և մյուսների հետ, այսպես կոչված «արգասաբեր» քննարկումների ընթացքում:

Ինչու՞ է այս գաղտնիությունը:

Քանի դեռ մամուլը դուրս է թողնված այս գործընթացից և ազնիվ երկխոսության որևէ փորձ չի արվում, մեզ մնում է զարմանալ այս և «ճանապարհային քարտեզի» հետ կապված այլ հարցերի վրա:

Ի՞նչ կհարցնեիք Էդվարդ Նալբանդյանին, եթե այդ հնարավորությունն ունենայիք: Կարող եք ազատորեն արտահայտել Ձեր կարծիքը:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Վաղարշակգրել է 08 Մայիս 2009թ.-ին, ժամը 14:11

    Ի՞նչ կհարցնեիք Էդվարդ Նալբանդյանին, եթե այդ հնարավորությունն ունենայիք: Կարող եք ազատորեն արտահայտել Ձեր կարծիքը: ——————————————————————————————— Ես կցանկանաի իմանալ, թե ինչպես կարելի է խաղալ ճատրակ, առանց ճատրա-տաղտակի,- այն էլ պատահական կամ պարտադրված ֆիգուռաներով․․․

  2. Annaգրել է 14 Մայիս 2009թ.-ին, ժամը 07:23

    Ardyok na iren storatsvats u viravorvats chzgats Hayots Tseghaspanutian zoheri hishatakits mek or araj storagrelov ayd hamategh haytararutiune Tseghaspanutiune jkhtogh dahij-turkeri het miasin. Mite, vorpes “divanaget” chzgats, vor da arden isk partutian skizbn er!

    Mi pah, gone mtovi karogh enq nman iravijak patkeratsnel Israeli ev Irani mijev?? Haziv te…