May 21 2008

Հայերը ցանկանում են վերադառնալ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քըրդիշ Գլոբ», Էրբիլ, Իրաք, 14 մայիսի, 2008
Աղբյուրը` (Kurdish Globe)

Խիդր Դոմլ (Khidhr Domle)

Կրոնական ծայրահեղականության վախը ընկճում է հայերին:

Որպես էթնիկ փոքրամասնություն հայերը Իրաքում այլևս չեն ցանկանում իրենց դուստրերին դպրոց ուղարկել, քանի որ նրանց վերստին տիրել է կենաց վախը:

Նարսիկ Ղարիբը հիշում է Թուրքիայի իրականացրած հայերի կոտորածը. նա տագնապի մեջ է, որովհետև Իրաքում մոլոգնում է կրոնական ծայրահեղականությունը, իսկ Թուրքիան Քրդստանի մարզում ռազմական գործողություններ է սանձազերծում:

Նրա կարծիքով թուրքական սահմանի վրա իրականացվող գործողությունների նպատակը միջազգային հանրությանն ապակողմանորոշելն է` Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու համար:

«Քրդստանի մարզի սահմանակից շրջանները ռմբակոծելու գլխավոր պատճառը Թուրքիայի իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին Կոնգրեսի զեկույցն է»,-ասում է Ղարիբը, Ավզրուք Միրիի գյուղապետը: Ավզրուքը Տիգրիս գետի մոտ է գտնվում` Դըհոք քաղաքից 40կմ արևմուտք: «Մենք դեռևս սարսափի մեջ ենք, քանի որ Իրաքում էթնիկ փոքրամասնությունները վտանգված են, և առկա է կրոնական ծայրահեղականությունը»,- ավելացնում է նա:

«Մեր վիճակը լավ է այստեղ, բայց կան ընտանիքներ, որ չեն կարողանում հեշտությամբ փող վաստակել, մի քանիսն էլ իրենց տներն են թողել Բաղդադում: Սակայն ՔՄԿ-ն (Քրդստանի Մարզային Կառավարություն) որոշ ընտանիքների բնակարաններ է հատկացրել»,- ասում է Ղարիբը հայ լուսավորչական համայնքի Սբ. Վարդան եկեղեցում:

Ավելի քան հարյուր հայ ընտանիքներ են ապրում Ավզրուք համայնքում: Մինչև 1980-ականները նրանք բոլորն էլ այստեղ են բնակվել, այնուհետև տեղափոխվել Բաղդադ և այլ քաղաքներ: Վերադարձել են 1991թ.-ից և 2003թ.-ից հետո:

Տեր Արթոն Խալաթյանը Բաղդադում աշխատել է ավելի քան տասը տարի, իսկ հիմա Ավզրուք Միրիում է և ցանկանում է վերադառնալ Թուրքիա:

«Հուսով ենք վերադառնալ մեր հողերը, սակայն Թուրքիան ո՛չ ճանաչում է հայերին և ո՛չ էլ թույլ տալիս մեր մայրենի լեզվով խոսել»,- ասում է Խալաթյանն ու ավելացնում. «Որպես էթնիկ փոքրամասնություն, հայերը վտանգի մեջ են, և նրանց զգալի մասը գաղթել է. նրանք լքել են Բաղդադը և ուղղություն վերցրել դեպի Սիրիա, Հորդանան, Եվրոպա, մի մասն էլ` Հայաստան: Մինչև 2003թ.-ը ավելի քան 20.000 հայեր էին ապրում Բաղդադում: Նրանցից շատերն են հեռացել Իրաքից. նրանք փախել են Բասրայից, Կիրկուկից և Մոսուլից: Ներկայումս մոտավորապես 1.000 հայեր կան Զախոյում, 1.000-ն էլ` Դըհոքում»:

1915թ.-ին Թուրքիան զանգվածաբար կոտորեց հայերին: Այսօր էլ նրանք քաջ գիտակցում են, թե որքան վտանգավոր է իրենց վիճակը Բաղդադում: «Մեզ այստեղ ապահով չենք զգում ու նաև վախենում ենք մեր դուստրերին դպրոց ուղարկել»,-ասում է Ֆորիա Կիֆորկը: «Երբ հայկական եկեղեցին ենթարկվեց ահաբեկչությունների, մենք որոշեցինք հեռանալ Բաղդադից»:

«Այստեղ մենք շատ քիչ հնարավորություններ ունենք: Օրինակ, ցանկանում ենք պահպանել մեր լեզուն, սակայն մեր երեխաները քրդերեն և արաբերեն են սովորում, իսկ հայերեն` ընդամենը մեկ ժամ: Ժամանակին մեր երեխաները հայկական դպրոց էին հաճախում»,- ավելացնում է Կիֆորկը: Այստեղի կառավարությունը նրանց վատ չի վերաբերվում, պարզաբանում է նա, սակայն կրոնական ծայրահեղականությունը սարսափեցնում է նրանց:

Comments Off on Հայերը ցանկանում են վերադառնալ

Այս էջում չկա մեկնաբանություններ