May 26 2008

Արազ Ազիմով. «Պրն Նալբանդյանը դժվար կացության մեջ է, քանի որ փորձում է պաշտպանել կեղծ փաստեր»

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թըդեյ.Ազ», 16 մայիսի 2008թ.

Աղբյուրը` (Today.Az)

«Day.az»-ի թղթակցի խնդրանքով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն իր տեսակետն է արտահայտել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վերաբերյալ մեկնաբանությունների առնչությամբ:

«Կարծում եմ` այդօրինակ վիճաբանություններն անմիտ են, քանզի ակնհայտ է, որ Հայաստանի նորանշանակ նախարարը կարիք ունի հավելյալ ժամանակի` կարգավորման գործընթացի բոլոր հիմնախնդիրներին ծանոթանալու համար: Հայկական կողմի անմիջական արձագանքը և նախարարի հենց այդ մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ Նալբանդյանը դժվար կացության մեջ է հայտնվում, երբ փորձում է պաշտպանել կեղծ փաստեր:

Նալբանդյանը ստում է, երբ խոսում է հանրաքվեի մասին` որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանող համաձայնեցված մեխանիզմ:
Հուսով եմ` դա սեփական կամքով չի անում: Որևէ միակողմանի, չհամաձայնեցված առաջարկ չի կարող համարվել խնդրի կարգավորման համաձայնեցված տարր:

Հիրավի հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մասին խոսելիս, Հայաստանի նախարարը նկատի ունի այս շրջանի երկու համայնքներն էլ` հայերին և ադրբեջանցիներին: Հակառակ դեպքում նրա հայտարարությունը կարող է ընկալվել որպես Լեռնային Ղարաբաղի անդրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտման խրախուսում: Ի դեպ, նախորդ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաճախ է պաշտոնապես հաստատել ադրբեջանցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը:

Պետք է հավելել, որ իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու համար (ինչի մասին որ խոսում է նախարարը), տարածաշրջանի բնակչությանը` և’ հայերին և’ ադրբեջանցիներին, առաջին հերթին հարկավոր է խաղաղություն, կայունություն, անվտանգություն, ստեղծագործ աշխատանքի հնարավորություն և համագործակցություն օրինական պայմաններում: Դժվար է պատկերացնել տարածաշրջանում իրավիճակի նորմալացում շարունակվող բռնազավթման և էթնիկ զտման հետևանքների պահպանման պայմաններում:

Կցանկանայի հուսալ, որ հայկական կողմը սա ընդունելու բավարար քաջություն և քաղաքական կամք կունենա: Համենայն դեպս, եթե պրն Նալբանդյանը նկատի ունի հանրաքվե կոչվող հաջորդ մանիպուլացիան կիրառելը, նման այն մեկին, որ հայկական կողմն իրականացրեց ռազմական դրության պայմաններում, ադրբեջանցիներին դուրս քշելուց հետո, ապա նա ակնհայտորեն հակասում է միջազային մարդասիրական օրենքի նորմերին:

Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը ես արտահայտել եմ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի մասին «Day.az»-ին տված հարցազրույցում: Իր դիրքի նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ, խորհուրդ կտայի իրեն անդրադառնալ Հելսինկյան վերջնական համաձայնագրի (Helsinki Final Act) գլխավոր կանխադրույթներին, որոնք կարգավորման գործընթացի հիմնական փաստաթղթի մաս են կազմում և հաշվի են առնված Մինսկի խմբի համանախագահների կազմած` կարգավորման հիմնական սկզբունքների նախագծում: Դրանից հետո հայկական կողմի համար ավելի դյուրին կլինի ընդունել այն փաստը, որ Ադրբեջանը համաձայն չէ որևէ այլ տարբերակի, քան այն, որ ղարաբաղյան հակամարությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում: Հայկական կողմը նաև չպետք է որևէ թյուրըմբռնում ունենա ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման վերաբերյալ:

Ըստ այդմ, ցավալի է, որ հարցի շուրջ քննարկումները սկսելուց առաջ Նալբանդյանը ցուցադրեց ընդունված նորմերից և հայեցակարգերից հեռացում, ինչը սովորություն է դարձել հայերի համար:

Հայկական կողմի ակնհայտ ճիգերը` կանխելու ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և արագացնելու այդ շրջանի հետագա մեկուսացումը Ադրբեջանի մնացյալ մասից, չի ընդունվի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության կողմից: Տարածքային ծավալապաշտության և էթնիկ թշնամանքի վրա հիմնված Հայաստանի դիրքորոշումը համատեղելի չէ ինչպես ընդունված ընդհանուր սկզբունքների, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրման և զարգացման արդի ձգտումների և միտումների հետ:

One response so far

1 մեկնաբանություն

  1. A. Nazarianգրել է 28 Մայիս 2008թ.-ին, ժամը 06:12

    Ադրբեջանը շարունակում է թմբկահարել «տարածքային ամբողջականության սկզբունքին», որպես միջազգային ընդունված նորմ, մինչդեռ երբեք ձայն չի հանում Թուրքիայի կողմից տասնամյակներ շարունակվող Կիպրոսի անկախ պետության մի մասի զավթման մասին, որն ի դեպ բազմիցս անգամ դատապարտվել է միջազգային հասարակության, այդ թվում, ՄԱԿ-ի Անվտանգության, խորհուրդի կողմից: Ավելին, Ադրբեջանը սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մեջ է մտել Կիպրոսի թուրքական (ասա՝ զավթյալ) բաժնի ղեկավարության հետ, ինչ որ վկայում է մեր հարևան երկրի ղեկավարության հայտարարությունների կեղծ ու անազնիվ բնույթի մասին: Բացի այդ, Ադրբեջանը իր զավթման տակ է պահում Ղարաբաղին պատկանող տարածքներ, ինչպիսին են Դաշտային Ղարաբաղը, Արծվաշենը և այլն, և էտնիկ զտման ենթարկել այդ վայրերի հայ բնակչությանը: Դրան ավելացնենք այն փաստը, որ Արցախյան հակամարտության մասին վերաբերող միջազգային փաստաթղթերում, Ադրբեջանը պարտավորվում է բանակցել Արցախի ղեկավարության հետ, որպես հակամարտության մի կողմ, ինչ որ սակայն, Ադրբեջանը երբեք, ոչ խոսքով և ոչ գործով, չի ընդունել:
    Դեռ չենք խոսում այն մասին, որ Կոսովոյի փաստով, տարածքային ամբողջականության սկզբունքն արդեն իսկ չի կիրառվում միանշանակ և կարող է առարկվել կամ սահմանափակվել հենց նույն միջազգային հասարակության կողմից, որին կեղծաբար վկայակոչում է Ադրբեջանի ղեկավարությունը:
    Հարգանքներով,
    Արսեն Նազարյան
    Հոլանդիա